1990-ի մայիսի 20-ին տեղի ունեցան Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունները, որոնց շուրջ ակտիվ պայքար ծավալվեց Հայոց համազգային շարժման և իշխող Կոմկուսի միջև: «Հայք» թերթում հրապարակված ՀՀՇ թեկնածուների այն ժամանակվա նախընտրական տեսակետներից՝ ընտրովի կներկայացնենք մի քանիսը: Ներկայացնում ենք «Հայքի» 1990-ի մայիսի 19-ի համարում հրապարակված Երջանիկ Աբգարյանի կարճ նախընտրական խոսքը:
* * *
Երջանիկ Աբգարյան
ՀՀՇ վարչության անդամ (N33 օկրուգ)
Մենք գտնվում ենք ազգային-ազատագրական պայքարի փուլում եւ մեր ազգային բոլոր ռեսուրսները պետք է ներդնենք այդ պայքարից հաղթանակով դուրս գալու համար։ Ազգը կարող է ինքնավստահ լինել, երբ ունի կենսական անհրաժեշտ տարածքներ։ Իրենց հերթին կենսական անհրաժեշտ տարածքները առավել ապահով են լինում, երբ ունենում են բնական պաշտպանական բնագծեր։ Արեւելքում մեզ համար որպես այդպիսին կարող է ծառայել Կուր-Արաքսյան միջագետքը, որը հնուց ի վեր եղել է Հայոց արեւելից սահմանը։ Թշնամական որեւէ ոտնձգություն պատժելու, ինչպես նաեւ ազգային կենսական տարածությունների ապահովման համար մեզ պետք է կարգապահ եւ մարտունակ պրոֆեսիոնալ ազգային բանակ։ Մենք հույս չպետք է դնենք տարերային ինքնապաշտպանական ջոկատների վրա, այլ արագորեն պետք է ստեղծենք ժամանակակից բանակ, որն ի վիճակի կլինի վարել մասշտաբային գործողություններ։ Դրա համար պետք է ամրապնդել մեր ազգի միասնությունն ու համախմբվածությունը, ժողովրդի եւ ղեկավարության ձգտումների ներդաշնակությունը։ Նոր պառլամենտի առաջնահերթ խնդիրն է օրինական հիմքեր տալ ազգային բանակի ստեղծմանը։
ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N15, 19 մայիսի, 1990թ․
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ