Հայք 15 | Հայ ժողովրդին հարկավոր է ունենալ հայկական կողմնորոշում

1990-ի մայիսի 20-ին տեղի ունեցան Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունները, որոնց շուրջ ակտիվ պայքար ծավալվեց Հայոց համազգային շարժման և իշխող Կոմկուսի միջև: «Հայք» թերթի 1990-ի մայիսի 19-ի համարում հրապարակված ՀՀՇ թեկնածուների այն ժամանակվա նախընտրական տեսակետներից ներկայացնում ենք Ստեփան Ղարագեբակյանինը: 

* * *

Ստեփան Ղարագեբակյան

Մաթեմատիկոս, ՀՀՇ խորհրդի անդամ (Աբովյան քաղաքի Շինարարների N111 օկրուգ)

Երկու տարվա ազգային-ազատագրական պայքարը մեկ անգամ ևս համոզեց մեզ, որ ժողովուրդը գոյության իրավունք է ձեռք բերում ոչ թե ապավինելով ուրիշին, այլ հույսը դնելով իր վրա, հզորանալով քաղաքական, տնտեսական և հոգևոր ոլորտներում։ Հայ ժողովրդին հարկավոր է վերջապես ունենալ հայկական կողմնորոշում, ստեղծել իր իշխանությունը, իր տնտեսությունը և հանդես գալ ինքնուրույն։

Գերագույն իշխանությունը պետք է իսկապես ժողովրդի կամքը լինի։ Այն հանրապետությունում պետք է պատկանի ժողովրդի կողմից դեմոկրատական ճանապարհով ընտրված պառլամենտին՝ Գերագույն խորհրդին։ Տեղական խորհուրդները պետք է լինեն տեղական իշխանության լիարժեք մարմիններ՝ օժտված տեղական ինքնավարությամբ։

Անհրաժեշտ է իրականացնել արմատական դեմոկրատական վերափոխումներ, հաստատելով բազմակուսակցական համակարգ և բացառելով որևէ կուսակցության մենաշնորհը իշխանության կառավարման և գաղափարախոսության ոլորտում։

Տնտեսական քաղաքականության նպատակը հայկական անկախ պետության գոյատևման հիմքերի տեղծումն է, որի համար նախ պետք է վերացնել միակողմանի կախվածությունը  ԽՍՀՄ տնտեսական համակարգից և, օգտագործելով հանրապետության ողջ պոտենցիալը, մշակել տնտեսական ճգնաժամից դուր գալու ծրագիր ու հետևողականորեն իրականացնել դրանք։


ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N15, 19 մայիսի, 1990թ․

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ