G7 գագաթնաժողով. Ի՞նչ համաձայնության են եկել երևելի ժողովրդավարները

Համատեղ կոմյունիկեում «Մեծ յոթնյակը» խոստանում է լուծել պատվաստանյութերի հասանելիության անհավասարության, կլիմայի փոփոխության և համաշխարհային հարկերի խնդիրները։

Կինը նկարում է «Մեծ յոթնյակի» նշանը «Ապստամբություն ընդդեմ բնաջնջման» շարժման դրոշի կողքին` Սենթ Իվեսում (Քորնուոլ) գագաթնաժողովի ժամանակ:

G7 երկրների ղեկավարները եռօրյա գագաթնաժողովն ավարտեցին մի խումբ տարաբնույթ  նախաձեռնություններով, որոնց թվում էին՝ առավել աղքատ երկրները կորոնավիրուսի դեմ պատվաստելու պարտավորությունը, խոշոր կորպորացիաների կողմից հարկերի իրենց արդարացի բաժինը վճարելու խոստումը և կլիմայական փոփոխությունը հաղթահարելու ծրագիրը՝ տեխնոլոգիաների և գումարի համադրման միջոցով։

Մեծ Բրիտանիայի հարավարևմտյան Քորնուոլ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ավարտին հանրությանը ներկայացրած համատեղ հաղորդագրությամբ Մեծ յոթնյակի երկրների առաջնորդները՝ Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ, փորձեցին ցույց տալ, որ համավարակի և Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անկանխատեսելիության հետևանքով խարխլված միջազգային համագործակցությունն  այլևս վերականգնված է։

Ի մի բերենք գագաթնաժողովի հիմնական նախաձեռնությունները․

Մեկ միլիարդ պատվաստանյութի չափաբաժին

Մեծ յոթնյակը պատվախնդիր խոստումներ տվեց, ինչպես օրինակ՝ պատվաստանյութերի չափաբաժինները կիսել քիչ հարուստ ազգերի հետ, որոնք հրատապ դրա կարիքն ունեն։ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը գագաթնաժողովի ավարտին մամլո ասուլիս էր անցկացրել, նշեց, որ խումբը իր վրա պարտավություն կվերցնի տրամադրելու  պատվաստանյութերի առնվազն 1 միլիարդ չափաբաժին, որի կեսը կլինի ԱՄՆ-ի կողմից, իսկ 100 միլիոնը՝ Բրիտանիայի:

Խոստացված դեղաքանակներից շատերը կհասնեն COVAX-ի միջոցով, որը պատվաստանյութերի գնման համաշխարհային համակարգ է, որի հովանավորն են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Gavi դաշինքը։

Այս խոստումը բոլորովին նոր ռեսուրսներ չի ներկայացնում, և նվիրատվությունը շատ քիչ է այն ներարկումների քանակից, որոնք անհրաժեշտ են աղքատ ազգերին լիովին պատվաստելու համար։ Բացի այդ` ծրագիրը չի լուծում բաշխման բացթողումները, որոնք կարող են դժվարացնել չափաբաժինների տրամադրումը։

ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը և առողջապահության այլ պաշտոնյաներ ողջունեցին պատվաստանյութի տրամադրման խոստումը, սակայն նշեցին, որ դա բավարար չէ։ Նրա խոսքով՝ համավարակն իսկապես վերջ տալու համար անհրաժեշտ է 11 միլիարդ չափաբաժին պատվաստել աշխարհի բնակչության առնվազն 70 տոկոսին մինչև 2022 թվականի կեսերը:

«Մենք ավելիի կարիքն ունենք և հնարավորինս շուտ»,- ասել է Թեդրոսը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա կին Քերի Ջոնսոնը լուսանկարվելու համար կեցվածք են ընդունում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա ամուսնու՝ Յոախիմ Սաուերի հետ Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ, Քարբիս Բեյում (Քորնուոլ)։

«Թափանցիկ հետաքննություն»

Մեծ յոթնյակը նաև կոչ արեց Չինաստանին համագործակցել ՄԱԿ-ի առողջապահական գործակալության հետ՝ հետաքննության «թափանցիկ» երկրորդ փուլի ժամանակ, որը վերաբերում է կորոնավիրուսի համավարակի ծագմանը:

«Մենք… կոչ ենք անում իրականացնել Չինաստանում ենք այժմեական, թափանցիկ, փորձագետների կողմից ղեկավարվող և գիտության վրա հիմնված՝ այդ թվում ԱՀԿ-ի կողմից համախմբված COVID-19-ի ծագման 2-րդ փուլի ուսումնասիրություն, ինչպես խորհուրդ է տրվում փորձագետների զեկույցում»,- նշել է խումբը իրենց վերջնական հայտարարության մեջ:

Կլիմայական փոփոխության դեմ քայլերի ակտիվացում

Կլիմայական փոփոխությունը Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների վերջին օրվա բանակցությունների կիզակետն էր, որոնք պաշտոնապես աջակցում են հավաքական գործողությունների աճին՝ լուծելու շրջակա միջավայրի ճգնաժամը:

«Պարտավորվում ենք… մինչև 2030թ. կիսով չափ կրճատել վերջին երկու տասնամյակների մեր հավաքական արտանետումները, 2025թ.-ին ավելացնել և բարելավել կլիմայական ֆինանսավորումը և մինչև 2030թ.-ը պահպանել կամ պաշտպանել մեր ցամաքի և օվկիանոսների առնվազն 30 տոկոսը»,- ասվում է համատեղ կոմյունիկեում:

Յոթ ղեկավարները նաև համաձայնեցին ավելացնել իրենց աջակցությունը՝ բավարարելու տարեկան 100 մլրդ դոլար ծախսերի ժամկետանց խոստումը, որ միտված է օգնելու աղքատ երկրներին նվազեցնել ածխածնի արտանետումները և պայքարել գլոբալ տաքացման դեմ, սակայն ակտիվիստների խոսքերով՝ երաշխավորված գումարային խոստումները բացակայում են։

Ծրագրերի հետ միասին, որոնք նախատեսված են զարգացող երկրներում ենթակառուցվածքների ֆինանսավորման աճին նպաստելուն և դեպի վերականգնվող ու կայուն տեխնոլոգիաներ անցմանը, աշխարհի յոթ խոշորագույն զարգացած տնտեսությունները կրկին խոստացան իրականացնել կլիմայական ֆինանսների նպատակակետը:

Սակայն կլիմայական խմբերն ասում էին, որ նման խոստումները մանրամասների պակաս ունեն։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսնակն ասել է, որ առանձին ազգերից ակնկալվում է սահմանել աճի չափանիշները «համապատասխան ժամանակին և կարգով»:

Մաքս Լոուսոնը` Oxfam International-ի անհավասարության քաղաքականության բաժնի ղեկավարը, նշել է, որ «անընդունելի է, որ Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների մեծ մասը բաց է թողել կլիմայական ֆինանսավորման վերաբերյալ նոր խոստումներ տալու հնարավորությունը»:

«Զարգացող երկրները առաջընթաց էին փնտրում նշյալ ճակատում Գլազգոյում կլիմայական նշանակալից բանակցություններից առաջ: Կանաչ զարգացման ծրագրերի նոր ֆինանսավորման վերաբերյալ աղոտ խոստումները չպետք է շեղեն այս նպատակից»,- ասաց նա։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ողջունում է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին և առաջին տիկին Ջիլ Բայդենին Մեծ Բրիտանիայի Քարբիս Բեյում՝ նախքան Մեծ յոթնյակի գագաթնաժողովի համար լուսանկարվելու կեցվածք ընդունելը։

Համաշխարհային նվազագույն հարկ բազմազգ կորպորացիաների վրա

Որոշումը բոլորովին կանխատեսված էր այն բանից հետո, երբ հունիսի սկզբին ֆինանսների նախարարները հայտնեցին իրենց աջակցությունը համաշխարհային նվազագույն հարկը առնվազն 15 տոկոսով մեծ բազմազգ ընկերությունների վրա դնելը՝ փորձելով կանգնեցնել կորպորացիաների՝ հարկերից խուսափելու համար հարկային ապաստարաններից օգտվելը և այդպիսով որոշ երկրների՝ շատ անհրաժեշտ տարեկան եկամուտները թալանելը։ Առաջարկն այժմ կհաղորդվի G20 ազգերի հանդիպման ժամանակ Իտալիայում հաջորդ ամիս։

Ռուսաստանը և կիբերհարձակումները

Հարուստ ազգերը պահանջում էին, որ Ռուսաստանը քայլեր ձեռնարկի նրանց դեմ, ովքեր կիբերհարձակումներ են իրականացնում և օգտագործում դրամաշորթ ծրագրեր, և կոչ էին անում հետաքննություն անցկացնել Ռուսաստանի հողի վրա քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ հետաքննել և արժանահավատորեն բացատրել քիմիական զենքի օգտագործումը իր հողի վրա, վերջ դնել անկախ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների դեմ նրա՝ համակարգված բռնի գործողություններին և բացահայտել, տապալել և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կատարում են դրամաշորթային ծրագրահարձակումներ, չարաշահում վիրտուալ արժույթը՝ փողեր լվանալու և այլ կիբերհանցագործությունների համար իր սահմանների ներսում»,- ասվում է Մեծ Բրիտանիայում ղեկավարների գագաթնաժողովի ավարտից հետո հրապարակված հաղորդագրության մեջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա կինը՝ Քերի Ջոնսոնը, լուսանկարվելու կեցվածք են ընդունում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ Քարբիս Բեյում (Քորնուոլ, Մեծ Բրիտանիա):

Պատերազմի անհապաղ դադարեցում Եթովպիայում

Մեծ յոթնյակը նաև կոչ արեց անհապաղ վերջ դնել Եթովպիայի Տիգրայ շրջանում տեղի ունեցող զինված գործողություններին:

«Մենք խորապես մտահոգված ենք Եթովպիայի Տիգրայ շրջանում ընթացող հակամարտությամբ և մարդասիրական մեծ ողբերգության մասին լուրերով»,- ասված է հաղորդագրության մեջ: «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զինված գործողությունները, ապահովել անխոչընդոտ մարդասիրական օգնության մուտքը դեպի բոլոր նշյալ տարածքներ և անհապաղ դուրս բերել էրիթրեական զորքերը»:

Նոյեմբերին տարածաշրջանում բախուներ սկսվեցին կառավարական զորքերի և տարածաշրջանի նախկին իշխող կուսակցության՝ Տիգրայի ժողովրդական ազատագրական ճակատի (TPLF) միջև: Հակամարտության մասնակցեցին նաև հարևան Էրիթրեայի զորքերը, որպեսզի աջակցեն Եթովպիայի կառավարությանը:

Մարտահրավեր Չինաստանին

Երևելի ժողովրդավարությունների ղեկավարներն ասում են, որ իրենք միասին կաշխատեն մարտահրավեր նետել Չինաստանի «ոչ շուկայական տնտեսական սովորույթներին» և կոչ անել Պեկինին հարգել մարդու իրավունքները Սինցզյանում և Հոնկոնգում:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ցանկանում էր համոզել կրտսեր ժողովրդավար ղեկավարներին ներկայանալ ավելի միասնական ճակատով, որպեսզի տնտեսապես մրցակցեն Պեկինի հետ և խստորեն քննադատեն Չինաստանի «ոչ շուկայական քաղաքականությունը և մարդու իրավունքների ոտնահարումները»։

Մեծ յոթնյակի կոմյունիկեն նշում է. «Ինչ վերաբերում է Չինաստանին և մրցակցությանը համաշխարհային տնտեսության ոլորտում, մենք կշարունակենք խորհրդակցել հավաքական մոտեցումների շուրջ՝ մարտահրավեր նետելով ոչ շուկայական քաղաքականությանը և գործելակերպին, որոնք վնասում են համաշխարհային տնտեսության արդար և թափանցիկ գործունեությունը»:

Առաջնորդները նաև նշել են, որ առաջ կմղեն իրենց արժեքները՝ կոչ անելով Չինաստանին հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները Հոնկոնգի կիսաինքնուրույն քաղաքում և Սինցզյանում, որտեղ Պեկինին մեղադրում են ույղուրական փոքրամասնության դեմ մարդու իրավունքների լուրջ ոտնահարման մեջ։

Բնօրինակի հեղինակ՝ Al Jazeera News


Թարգմանիչ՝ Սոնա Նաղդալյան (Sona Naghdalyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: