Ապրիլի 26-ին լրանում է Չեռնոբիլի աղետի 35-րդ տարելիցը: Մենք հայացք ենք նետում՝ իմանալու, թե իրադարձության վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների պատկերումներում ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, և ինչու է տեղացիների համար կարևոր պատմել իրենց պատմությունը:
1986թ.-ի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորը պայթեց վաղուց հասունացած և վատ մշակված անվտանգության համակարգի փորձարկման արդյունքում:
Ռադիոակտիվ նյութն արագորեն տարածվեց Խորհրդային Ուկրաինայում և Բելառուսում՝ հասնելով նույնիսկ մինչև Արևմտյան Եվրոպա: Մինչ օրս այն համարվում է պատմության մեջ վատագույն միջուկային աղետը և մինչև 2011 թվականի Ֆուկուշիմայի միջուկային աղետը միակ միջադեպն էր, որը պահանջում էր միջուկային իրադարձությունների միջազգային սանդղակում տագնապի ամենաբարձր մակարդակը:
Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը մեկի սահմաններում: Այդ դրությամբ մարդիկ արթնանում էին մոտակա Պրիպյատ քաղաքում, շատերն արդեն հիվանդացել էին ուժեղ գլխացավերով, անվերահսկելի փսխումով և հազով։ Բնակիչները դեռ պետք է պարզեին, թե ինչ էր տեղի ունեցել:
Ապրիլի 27-ին՝ առավոտյան ժամը 11-ին, վթարից մոտ 36 ժամ անց, տարհանման ջանքերն արդեն ընթացքի մեջ էին: Բնակիչներին ասվել էր, որ վերցնեն միայն խիստ անհրաժեշտը. նրանց ասել էին, որ կկարողանան օրեր անց վերադառնալ իրենց տները:
Կեսօրին՝ ժամը երեքին մոտ, 53,000 մարդ տարհանվել էր Կիևի շրջակա տարբեր գյուղեր, ևս մի քանի հարյուր հազար մարդ տարհանվեց հաջորդ օրերի և շաբաթների ընթացքում:
Ոչ ոք այդպես էլ չվերադարձավ Պրիպյատ, որը մինչ օրս մնում է որպես ուրվականների քաղաք:
«Լուծարողների» 600,000 հոգանոց խումբ մոբիլիզացվեց՝ աջակցելու տարհանումներին և ախտահարված տարածքների վնասազերծմանը: Խորհրդային պաշտոնյաները համառ լռությամբ էին արձագանքում ողջ իրավիճակին. մինչև մեկուկես օր անց տարհանման մեկնարկը, ընդհանրապես պաշտոնական հաստատում չկար:
Պաշտոնապես վթարին անմիջականորեն վերագրվող պատճառներով միջադեպից հետո` չորս ամսվա ընթացքում, 31 մարդ է մահացել, որոնցից երկուսը նախնական պայթյունի արդյունքում մահացածներն են: Հաջորդ 20 տարվա ընթացքում գրանցվել է ևս 19 մեծահասակի և ինը երեխայի մահվան դեպք, ենթադրաբար, Չեռնոբիլից ստացված ճառագայթումից:
Այնուամենայնիվ, գնահատումները տարբեր են. ոմանք կարծում են, որ ողջ Եվրոպայում երկարատև կտրվածքով զոհերի թիվը 16,000 է:
Աղետը գրավեց և պահեց աշխարհի ուշադրությունը, ինչպես ոչ մի այլ արդյունաբերական վթար պատմության մեջ: Համեմատության համար՝ Չեռնոբիլի դեպքից շուրջ երկու տարի առաջ Հնդկաստանի Բհոպալ քաղաքում թունաքիմիկատների գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառով, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է 3,787 մարդ: Քչերն են հիշում դա:
Չեռնոբիլի դեպքի մնայուն կարևորության հիմնական պատճառը (բացի նրանից, որ այն ազդեց Եվրոպայի և ոչ թե Հնդկաստանի ենթամայրցամաքի վրա) միջուկային Արմագեդոնից աշխարհի վախի բյուրեղացումն էր՝ բորբոքված երկու միջուկային գերտերությունների գաղափարական բախումով:
Չեռնոբիլի էկրանավորումը
Աղետի դեպքից ի վեր` Չեռնոբիլը նաև ներկայացվել է ժողովրդական մշակույթի անհամար գործերում։
Երաժիշտները՝ Դեյվիդ Բոուիից մինչև Քրաֆթվերկ և Ատլանտայից ռեփ դուետ Աութկաստ, բոլորն էլ անդրադարձել են աղետին: 2007 թ.-ին Call of Duty: Modern Warfare տեսախաղը Չեռնոբիլի աղետից հետո ծնված սերնդի ուշադրությունը հրավիրեց լքված Պրիպյատում իրագործվող առաքելությանը։
2019-ին HBO-ն թողարկեց մինչև այժմ Չեռնոբիլի ամենահաջողված պատկերավորումը: Հինգմասանոց փոքր ֆիլմաշարը՝ Չեռնոբիլը, դարձավ համաշխարհային ֆենոմեն: Ներկայումս այն ամենաբարձր գնահատված հաղորդումն է կինոյի և հեռուստատեսության վարկանիշային աղյուսակը ներկայացնող Ինտերնետային ֆիլմադարան կայքում:
HBO-ի «Չեռնոբիլը» հատու հայացք է՝ ուղղված այն փաստին, թե ինչպես է աղետն ազդել հասարակ մարդկանց կյանքի վրա: Այն նաև նկարագրում է, թե ինչպես կարող են անիրավասությունը, ամբարտավանությունն ու ոչ թափանցիկ հաստատությունները աղետալի հետևանքներ թողնել, իսկ Կոմունիստական կուսակցության հետադեմ բյուրոկրատները ներկայացված են որպես գլխավոր չարագործներ՝ ի հակադրություն հասարակ մարդկանց կատարած հերոսական սխրանքի:
Այնուամենայնիվ, ֆիլմաշարը հաճախ հենվում է սովորական կարծրատիպերի վրա, որոնք գրեթե միշտ առկա են օտար մշակույթների հոլիվուդյան պատկերումներում։
Բազմաթիվ տեսարանները պատկերում են գրեթե բոլորին՝ Պրիպյատի բնակիչներին, «լուծարողներին», կուսակցական պաշտոնյաներին, զինվորներին, որոնք մեծ քանակությամբ օղի են խմում, թեև պատահարը տեղի ունեցավ Միխայիլ Գորբաչովի հակաալկոհոլային արշավի բարձրակետում:
Որոշ տեսարաններ տպավորություն են ստեղծում, թե ըստ պրոդյուսերների՝ 1930-ականների Ստալինյան բռնաճնշումները երբեք էլ չեն ավարտվել: Եվ չնայած ստուգությունը պահպանելու հիանալի փորձերին(օրինակ մեքենաները ունեն Կիևի մարզի պետհամարանիշներ. հաճելի մոտեցում, որը ցույց է տալիս պրոդյուսերների նվիրվածությունը)՝ հաղորդումը չի կարող ամբողջությամբ թոթափել աշխարհի այս մասի վերաբերյալ սովորական հոլիվուդյան փոխաբերությունները։
Ռուսաստանը տպավորված չէր
Ֆիլմաշարը տարբեր արձագանքների արժանացավ Ուկրաինայում և Ռուսաստանում: Մինչ շատերը գովում էին միջուկային էներգիայի ամենավատ հետևանքների կոշտ պատկերավորման դրամատիկ հզորությունը, ռուսական աջակողմյան հրապարակումներն ու պետական լրատվամիջոցները խիստ քննադատական էին: Սա մասամբ կարելի է բացատրել ռուսական դարավոր այն պատկերացմամբ, որ Ռուսաստանի մասին արտասահմանյան ցանկացած պատկերավորում, որում դրականը չի գերակշռում, պետք է որ հակառուսական քարոզչություն լինի՝ ռուսական փառքը խարխլելու ցինիկ դավադրության արդյունք:
Զարմանալիորեն, նույնիսկ Ուկրաինայի Չեռնոբիլի ազգային թանգարանի փոխտնօրեն Աննա Կորոլևսկայան էր քննադատաբար վերաբերվում «Չեռնոբիլին», ինչը, կարծես ենթադրում է, որ տարհանման և օգնության ջանքերն իրականացվել են անկախ կառավարությունից և ոչ դրա մղմամբ։
«Իրականում, քառասուն նախարարություն և գերատեսչություն… ներառյալ Ուկրաինայի Հանրապետության կառավարությունը, մասնակցել են աղետի մեղմացմանը։ Սակայն հարախոհություն կա. դա կարող էր կատարվել միայն ամբողջատիրական ռեժիմի կողմից: Եթե այս երկրում լինեին մասնավոր ձեռնարկություններ, շուկայական հարաբերություններ, ինչպես տեսնում ենք Ֆուկուշիմայի վթարի դեպքում, ամեն ինչ այլ կերպ կընթանար» ։
Չնայած անճշտություններին՝ «Չեռնոբիլը», ամենայն հավանականությամբ, կպայմանավորի, թե ինչպես է մարդկանց մեծ մասն իմանալու պատահարի մասին։ Որպես այդպիսին, ցանկացած անհամապատասխանություն հավանաբար կդառնակմտնի ժողովրդական կանոն՝ որպես փաստ:
Տեղական տեսանկյունը
2020 թվականին ուկրաինական յուրօրինակ գեղարվեստական մի նախագիծ սկսեց բավականին մեծ աղմուկ բարձրացնել YouTube-ում: Շարժական նախագծող Անդրիյ Պրիմաչենկոյի սեփական նախագիծը կարճ տեսանյութերի շարք է, որը, դեպքը պատմելու փոխարեն, փորձում է արտահայտել պատահարի շուրջ մթնոլորտը: Միսթր Պրիմաչենկոն ծրագրի նյութ գտնելու համար ուսումնասիրել է անթիվ գաղտնազերծված արխիվներ։
Տեսանյութերը վերստեղծում են 1980-ականների մթնոլորտը՝ տարրական համակարգչային պատկերներով և վրդովեցնող էլեկտրոնային հնչյուններով: Մթնոլորտը խիստ կիբերփանկ է և հիշեցնում է «Շեղբի վրայով վազողը» ֆիլմը։ «20-րդ դարի ամենասարսափելի հեռախոսազանգը» վերնագրված ամենատարածված տեսանյութը վերստեղծում է դիսպետչերի և Չեռնոբիլի էլեկտրակայանի աշխատակցի հեռախոսազրույցը: Տեսանյութում մանրամասների նկատմամբ ուշադրությունը իրականության ուժեղ զգացողություն է հաղորդում, օրինակ, ձայները միտումնավոր են անախորժ և աղավաղված: Զրույցի ընթացքում դադարներ կան, և երկու մարդ զրուցելով ընդհատում են միմյանց՝ զրույցն առավել իրական դարձնելով:
«Ես ուզում էի բարձրացնել իրազեկվածությունը»,-ասում է Պրիմաչենկոն,-«որ նման բան տեղի է ունեցել և չի արվել զոմբիների կամ հրեշների կողմից: Մարդիկ են դա արել. սա մեր գործողությունների հետևանքն է»:
Տեսանյութերը հավաքել են գրեթե 10 միլիոն դիտում: Վերջին տեսանյութը, որը ցույց է տալիս հնաոճ համակարգչային պատկերավորում և կետադրվում է էլեկտրոնային լարվածություն առաջացնող հնչյուններով, ներկայացնում է բյուրոկրատներին բնորոշ սահուն տոնով իգական սեռի ձայնային հանձնարարականը պատահարի մասին բոլոր տեղեկությունների դասակարգված լինելու մասին։ Չնայած այս տեսանյութում ձայնը միսթր Պրիմաչենկոյի կնոջն է, այն այնքան համոզիչ է, որ կարելի է մտածել, թե ձայնագրությունն իրական է:
Դետալների նկատմամբ մանրազնին ուշադրությունը (ակնհայտ է, որ ստեղծողն իր ժամանակի մեծ մասը նվիրել է նախագծին) այն դարձնում է Չեռնոբիլի ամենայուրօրինակ պատկերավորումներից մեկը: Այն փաստը, որ ֆիլմաշարը պատրաստել է տեղացի՝ ուկրաինացի, մեկը, ով անձամբ տուժել է աղետից, ամեն ինչ ավելի ազդու է դարձնում:
«Որպես ուկրաինացի՝ ինձ համար Չեռնոբիլի աղետը ներկայացնում է մի բան, որի հետ մենք երկար կապրենք»,-ասում է Պրիմաչենկոն Emerging Europe լրատվական հարթակին։ «Մենք չենք կարող խուսափել դրանից: Այն բառացիորեն մեր երկրի սրտում է: Սա մեր ուկրաինական փորձն է… մենք պետք է դրանից դասեր քաղենք, հասկանանք փաստերը և թույլ չտանք, որ այն նորից կրկնվի… եթե մոռանանք մեր պատմության մասին, կթողնենք, որ նույն սխալները կրկնվեն»:
Չեռնոբիլը մեծ դեր է խաղում ուկրաինական գիտակցության մեջ: Աղետը խորհրդանշում էր ուշ Խորհրդային Միության քայքայումը, և չնայած օգնության ջանքերը զարմանալիորեն արդյունավետ էին անցկացվում, դրանք շատ քիչ էին և անժամանակ: Ի վերջո, փակ, անթափանցիկ համակարգն էր, որ թույլ տվեց իրավիճակը զարգանա այնպես, ինչպես զարգացավ:
Պրիպյատը դարձել է Ուկրաինայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը: Այցելուները կարող են ուսումնասիրել ամբողջովին լքված քաղաքը, որի հողատարածքների մեծ մասը, որ զբաղեցնում էին մարդածին կառույցները, բնությունն արդեն հետ էր գրավել։ Վերջերս Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն նախանշեց Պրիպյատը և Չեռնոբիլի գործարանը ինքնին (այժմ ապահով փակված մի սարկոֆագի ներսում, որի կառուցման համար շուրջ 1,5 միլիարդ եվրո է ծախսվել) ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտի վերածելու մտադրությունները:
Եվ դրա գոյությունը լիիրավ է. այն եզակի վայր է և մռայլ հիշեցում այն մասին, թե ինչպես չարամիտ կամ պարզապես ոչ հմուտ ձեռքերում գտնվող տեխնոլոգիայի սխալ կիրառումը երբեմն կարող է աղետալի լինել։
Թարգմանիչ՝ Մարիամ Սահակյան (Mariam Sahakyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են։