Հայք 15 | Տնտեսական և հոգևոր ինքնուրույնությունը՝ ճանապարհ երկրի քաղաքական անկախության համար

1990-ի մայիսի 20-ին տեղի ունեցան Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունները, որոնց շուրջ ակտիվ պայքար ծավալվեց Հայոց համազգային շարժման և իշխող Կոմկուսի միջև: «Հայք» թերթի 1990-ի մայիսի 19-ի համարում հրապարակված ՀՀՇ թեկնածուների այն ժամանակվա նախընտրական տեսակետներից ներկայացնում ենք Արմեն Շահբազյանինը։

***

Արմեն Շահբազյան

Տնտեսագետ (Դավթաշենի N38 օկրուգ)

Գերագույն նպատակս Հայաստան երկրի քաղաքական անկախությունն է, որին հասնելու ճանապարհը մեր հանրապետության տնտեսական և հոգևոր ինքնուրույնությունն է։ Ամեն ինչ սկսվում է անհատի հոգևոր ազատությունից, ինչը ամեն տեսակ ազատության հիմքերի հիքն է։ Հանրապետության տնտեսության բարեփոխման իրական քայլ կլինի անցումը նոր արտադրահարաբերությունների՝ հիմք ընդունելով շուկան՝ որպես տնտեսական միակ և ճիշտ կարգավորիչ։

Տնտեսության իրական և շոշափելի առաջընթացը կարելի է ապահովել միայն ամբողջ հողը տալով գյուղի աշխատավորին՝ միաժամանակ ամբողջովին հրաժարվելով կոլեկտիվ և խորհրդային կոչված ադմինիստրատիվ-վարչական տնտեսական մոդելներից, ինչպես նաև կիրառելով հողի ազատ վարձակալության մեթոդը։

Քաղաքական խնդիրները կառուցվում են տնտեսական հիմքի վրա, իսկ այդ քաղաքական խնդիրների միջև կարևոր է Արցախի հիմնահարցը։ Ամեն կերպ պետք է նպաստել այդ հարցի լուծմանը, արագացնել երկրաշարժի գոտու վերականգման աշխատանքները, հնարավոր միջոցներով լուծել Վրացական ԽՍՀ-ի տարածքով դեպի Սև ծով տանող երկաթուղու և ավտոճանապարհների կառուցման հարցը։

Հիշյալ խնդիրների լուծմանը կարելի է հասնել միայն Հայաստանում լիակատար ժողովրդավարական իշխանության հաստատմամբ։ Հայաստանի Գերագույն խորհուրդը պետք է դառնա հայ ժողովրդի պետական արտահայտիչն ու մարմնավորողը։

Արցախյան պահանջատիրության և կորցրած հողերի ետ բերման ճանապարհին նորընտիր Գերագույն խորհուրդը պետք է չեղյալ համարի 1921 թ․ մարտի 16-ի և հոկտեմբերի 13-ի ռուս-թուրքական պայմանագրերը։

Պատերազմի ահավորությունը տեսել եմ Աֆղանստանում, հունվար ամսին՝ Երասխի ճակատամարտում։ Նորընտիր Գերագույն խորհուրդը պետք է պետական մակարդակով ստեղծի ժողովրդի ապահովության իրական երաշխիքներ։


ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N15, 19 մայիսի, 1990թ․

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ