Աշխարհաքաղաքական ավանդական սահմանները, որ Հարավային Կովկասն ուներ հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում, փոփոխվում են, քանի որ տարածաշրջանը դառնում է մեծապես կապված Արևելյան Միջերկրականի և Մեծ Մերձավոր Արևելքի հետ։
Խորհրդային միության փլուզումից երեսուն տարի անց այն աշխարհաքաղաքական սահմանները, որ մի ժամանակ բաժանում էին դրա անդամ պետություններին, այժմ աղոտ են դառնում։ Անվանել սա հետխորհրդային, ինչպես Արևմտյան քաղաքականություն մշակողներն են արել վերջին երեք տասնամյակի ընթացքում, այսօր արդիական չէ։ Անկասկած, Ռուսաստանը ընդհանրապես անհարմար չի զգում իր ազդեցությունը հարևան երկրների վրա տարածելուց։ Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկրները սովորել են Մոսկվայի հետ հարաբերությունները զգուշորեն վարելու բարդ եղանակը։ Բայց ներկայացնել տարածաշրջանը՝ սոսկ որպես Ռուսաստանի ծայրամաս, սխալ է բնութագրում դրա հիմնական բնորոշիչ հատկանիշները։
Ամեն դեպքում Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է։ Հարևաններին դեպի աշխարհի այլ հատվածներ մղող կենտրոնախույս ուժերը հզորանում են։ Միևնույն ժամանակ Արևմուտքի հետաքրքրությունը տարածաշրջանում նվազում է։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն ավելի ու ավելի շատ են զբաղված համաճարակի հետևանքով առաջացած ներքին խնդիրներով, ինչպես նաև Չինաստանի և իրենց հայրենիքին մոտ գտնվող տարածաշրջանների հետ հարաբերություններ հաստատելու նպատակով արտաքին քաղաքականության ուղղությունը փոխելով։
Այս միտումը հատկապես ակնհայտ է Հարավային Կովկասում։ Այսօր երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի, ինչպես նաև Արևելյան Միջերկրականի և Մեծ Մերձավոր Արևելքի միջև սահմանները փոխվում են։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Արևմուտքի արտաքին քաղաքականության մեջ տարածաշրջանի՝ կենտրոնական տեղ զբաղեցնելու վերաբերյալ հռչակագրային վաղեմի քաղաքականությունը դառնում է պակաս վստահելի։ Վաշինգտոնի և Բրյուսելի համար մի բան է Հարավային Կովկասի հետ սերտ անվտանգային կապեր հաստատել և զարգացնել նրանց կարողությունները` հակազդելու Մոսկվայի ահաբեկումներին: Բայց միանգամայն այլ բան է Հարավային Կովկասի պետությունների հարաբերությունների ընդլայնվող ցանցը համապատասխանեցնելը իրենց հարավում, արևմուտքում և արևելքում գտնվող երկրներին։
Հենց այս հարաբերություններն են ցույց տալիս աճի ամենամեծ տեմպը առևտրատնտեսական կապերի ամրապնդման, էներգետիկ շուկայի փոփոխությունների և ենթակառուցվածքային նոր ծրագրերի հեռանկարների առումով։ Ցավոք, այս տարածաշրջանները, ինչպես Հարավային Կովկասը, ունեն ընդհանուր մարտահրավերների՝ սեփական ավելի քան մեծ բաժինը, որոնք բխում են տարածաշրջանային և միջկրոնական բախումներից, գաղթից և աղքատությունից։
Այս հոդվածը ուսումնասիրում է, թե ինչպես են Հարավային Կովկասի այդ երեք պետությունները մեծապես բազմաբևեռացրել իրենց արտաքին և տնտեսական քաղաքականությունը։ Այս կապերը տեսանելի են դառնում մի կողմից Ռուսաստանի հետ կապերի թուլացման, մյուս կողմից ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից հետաքրքրության նվազման ֆոնին։ Հոդվածը ուսումնասիրում է իր դիրքը վերահաստատել փորձող Ռուսաստանի և տարածաշրջանում լուրջ ոտնձգություններ կատարած Թուրքայի և Իրանի միջև դինամիկան։ Ի վերջո, վերլուծությունն անդրադառնում է Հարավային Կովկասի և Չինաստանի, Իսրայելի, Լիբանանի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև աճող կապերին։ Հոդվածը եզրափակվում է Վաշինգտոնի և Բրյուսելի քաղաքականություն մշակողներին ուղղված քաղաքականության եզրակացություններով և առաջարկներով։
Համառոտ պատմություն
Հաշվի առնելով Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի աշխարհագրական մոտիկությունը և պատմական կապերը՝ նրանց միջև համագործակցությունը չպետք է զարմանալի թվա։ Մինչև Խորհրդային ժամանակաշրջանը Կովկասը այնտեղ էր, որտեղ Օսմանյան, Պարսկական և Ռուսական կայսրություններն էին բախվում և մրցում տարածքի ու ազդեցության համար։ Երեք կայսրություններից յուրաքանչյուրը իշխել է տարածաշրջանում՝ կարևոր տարանցիկ ուղու երկայնքով ստեղծելով մշակույթների հանդիպման առանցքային կետ։ Քսաներորդ դարի հիմնական մասում Խորհրդային միությունը վճռականորեն վերահսկում էր տարածաշրջանը և փորձում էր Կովկասից ուժն ու ազդեցությունը տարածել Թուրքիայի և Իրանի վրա։ Խորհրդային միության փլուզումից հետո Մոսկվայի դիրքերը տարածաշրջանում թուլացան, բայց սրանով հերքվեց այն նախնական եզրակացությունը, որ Իրան-Ռուսաստան-Թուրքիա մրցակցությունը կհանգեցնի Կովկասում ազդեցության համապատասխան ոլորտների տարանջատմանը։
1990-ականները դժվար ժամանակներ էին բոլոր երեք ուժերի համար։ Ռուսաստանը մեծապես կենտրոնացած էր ներքին անկայունության ալիքները կառավարելու և Հյուսիսային Կովկասում ապստամբության դեմ պայքարելու վրա։ Մոսկվայի խիստ ռեակտիվ քաղաքականությունը Հարավային Կովկասում հիմնականում ձևավորվել է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության, ինչպես նաև Վրաստանում անկայունության արդյունքում, որից Մոսկվան պատեհապաշտորեն օգտվել է՝ պետությունն ավելի պառակտելու նպատակով։
Իրանը նույնպես 1990-ականներին տնտեսական դժվարություններ ունեցավ՝ առճակատվելով պատժամիջոցներին և Իրաքի հետ գրեթե տասնամյակ տևած պատերազմի հետևանքներին։ Լինելով խիստ մեկուսացած համաշխարհային թատերաբեմում՝ Իրանը քիչ բան կարող էր առաջարկել Հարավային Կովկասի երեք պետություններին, որոնց վրա ճնշում էր գործադրվում նաև Վաշինգտոնից՝ իրենց հարավի հարևանի հետ կապերը նվազեցնելու համար։
Մինչ այդ, Թուրքիան ավելի կենտրոնացած էր Եվրոպայի հետ ինտեգրվելու, քան իր արևելյան հարևանների հետ կապեր հաստատելու վրա։ Եվրասիայում ակնհայտ համաթուրքական օրակարգ հաստատելու Անկարայի ջանքերը խոստումնալից եղան, բայց բացի Ադրբեջանից՝ մեծ արդյունքներ չգրանցեցին։ Այնուամենայնիվ, Անկարայի և Բաքվի միջև դիվանագիտական և անվտանգային կապերը, որ հաստատվեցին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ընթացքում, ամրապնդեցին համաթուրքականության (պանթյուրքիզմի) սպառնալիքից բխող հայաստանյան ընկալումները, որոնք հանգեցրին հայ-թուրքական սառը հարբերությունների և տնտեսական շրջափակման, որ շարունակվում է մինչ օրս։
1990-ականներին Արևմուտքն էր, որ ուներ գումար, շուկաներ և աշխարհաքաղաքական ազդեցություն։ 1990-ականներին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը հրապարակավ պնդում էր, որ «Վաշինգտոնը նոր Մոսկվան է»։ Տարածաշրջանի բոլոր ղեկավարները Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ տնտեսական և քաղաքական կապեր հաստատելու հրճվանքի մեջ էին։ Արևմուտքի ազդեցությունը շարունակում էր աճել 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից և Վրաստանի Վարդերի հեղափոխությունից հետո, որը մեծացրեց տարածաշրջանի կարևորությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ։ Ադրբեջանն ու Վրաստանը դարձան մատակարարման գծերի կարևոր օղակներ, որ Հարավային Կովկասով անցնում էին դեպի Կենտրոնական Ասիա և Աֆղանստան։ Վրաստանը մեծ թվով զորք ուղարկեց Իրաք և Աֆղանստան, ինչը ԱՄՆ ազգային անվտանգության վարչակարգի առանցքային բաժիններում համակրանք առաջացրեց։ Ծայրահեղականության դեմ պայքարը նույնպես հանգեցրեց ՆԱՏՕ-ի և երեք երկրների միջև անվտանգային կապերի ամրապնդմանը։
Այնուամենայնիվ, Եվրասիայի կենտրոնական դերը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ, պարզվեց, անցողիկ և հաճախ հռետորական էր։ ԱՄՆ-ի հեռացումը Աֆղանստանից և Իրաքից ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի վարչակարգի օրոք, 2011 թ․-ից սկսած Վաշինգտոնի առանցքը Եվրոպայից և Եվրասիայից դեպի Հնդկական և Խաղաղ օվկիանոս դարձնելը ու Թրամփի կառավարման շրջանի իրարանցումները ԱՄՆ-ի ուշադրությունը շեղեցին Հարավային Կովկասից։ Հաշվի առնելով մինչև 2021թ․ սեպտեմբեր ԱՄՆ զորքերի ամբողջական սպասվող դուրսբերումը Աֆղանստանից՝ ԱՄՆ-ի ներկայությունը Եվրասիայում և հավատարմությունը նրա հանդեպ մնում են անորոշ։
Հարավային Կովկասում ԱՄՆ-ի խիստ հետաքրքրությունը շատ առումներով վաղ հետխորհրդային ժամանակաշրջանի պատմական շեղում էր։ Տարածաշրջանը աշխարհագրորեն հեռու է Ամերիկայի ափերից, և դրա ռազմավարական նշանակությունը Վաշինգտոնի համար կապված էր Խորհրդային իշխանությունից հեռանալու, Խորհրդային ժամանակաշրջանի կենսաբանական և միջուկային նյութերը ապահովելու հրատապ անհրաժեշտության և դեպի Աֆղանստան այլընտրանքային ուղիներ գտնելու հրամայականի հետ։ Արևմուտքի՝ Կովկասից երես թեքելը ԱՄՆ-ին բնորոշ յուրահատուկ երևույթ չէ։ ԵՄ-ն նույնպես հեռացել է տարածաշրջանից՝ ընդլայնումից հոգնածության, Ուկրաինայում պատերազմի և ներքին ճգնաժամերի՝ ներառյալ Բրեքսիթի ու եվրոյի ճգնաժամի պատճառով։
Աշխարհագրության անխուսափելիությունը
Չնայած կանխատեսելի ապագայում Ռուսաստանը կմնա տարածաշրջանի ամենակարևոր ուժը, Հարավային Կովկասի երեք երկրների մայրաքաղաքները աշխարհագրորեն ավելի մոտ են Արևելյան Միջերկրականի և Պարսից ծոցի շատ տնտեսական և քաղաքական կենտրոններին, քան Մոսկվային։ Օրինակ, Բաքուն մի փոքր ավելի մոտ է (1000 մղոն) Դոհային, Քաթարին և Թուրքիայի մայրաքաղաք Անկարային, քան Ռուսաստանի մայրաքաղաքին (1300 մղոն)։ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսը ընդամենը 800 մղոն է հեռու Անկարայից, մինչդեռ Հայաստանի մայրաքաղաք Երևանը մի քանի հարյուր մղոն է հեռու Իրաքի քաղաքներից մեկից՝ Մոսուլից, որը մի ժամանակ նշանակալի հայ փոքրամասնություն ուներ։
Հաշվի առնելով նրանց մերձությունը՝ Թուրքիան և Պարսից ծոցի երկրները այժմ ծառայում են որպես օդային ճամփորդության՝ տարածաշրջանի գլխավոր հանգույցներ, ինչը շատ տարբեր է Խորհրդային ժամանակաշրջանից, երբ աշխարհ մուտք գործել հնարավոր էր միայն Մոսկվայի միջով։ Կովկասի՝ այդ թվում նաև Հայաստանի միգրանտ աշխատողների համար Թուրքիան Ռուսաստանից հետո երկրորդական նշանակության նպատակակետ է դարձել։ Կանանց թրաֆիքինգը Հարավային Կովկասի երեք երկրներից դեպի Պարսից ծոց, Թուրքիա և այլ երկրներ, ցավոք, դեռ շարունակում է խնդիր մնալ, որին նպաստում են անդրազգային հանցավոր կազմակերպված կապերը։
Կովկասի և Մերձավոր Արևելքի միջև պատմական կապերը իրենց արտացոլանքն են գտել Սփյուռքի բնակչության մեջ՝ մասնավորապես Միջերկրականի ափամերձ երկրներում։ Թուրքիայում զգալի թիվ են կազմում փոքրամասնությունները Հյուսիսային և Հարավային Կովկասից՝ ներառյալ ադրբեջանցիներ, հայեր, չերքեզներ և օսեր։ Լիբանանի բնակչության մոտ 4 տոկոսը (մոտավորապես 160,000 մարդ) էթնիկ հայեր են։ Եվս 100,000 հայեր Սիրիան էին իրենց տունը համարում մինչև այդ երկրի 2011թ․ քաղաքացիական դաժան պատերազմի սկսվելը։ Մերձավոր Արևելքում ապրող հազարավոր էթնիկ հայեր այնտեղի դաժան հակամարտություններից են փախել՝ տեղափոխվելով Հայաստան կամ Լեռնային Ղարաբաղ։ Այսօր Հայաստանը մեկ շնչի հաշվով Սիրիայի տեղահանված քաղաքացիների ընդունման թվով երրորդ տեղում է Եվրոպայում:
Հայաստանը ուղղակիորեն ներգրավվեց Մերձավոր Արևելքում՝ խաղաղապահներ ուղարկելով Իրաք՝ ԱՄՆ-ի հորդորով (ինչպես Ադրբեջանն ու Վրաստանը) և ավելի ուշ՝ Սիրիա՝ Ռուսաստանի կոչով։ Ինքնահռչակ Իսլամական պետությունը մագնիս դարձավ ինչպես Հյուսիսային ու Հարավային Կովկասի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի այլ մասերի իսլամական խիստ արմատականների համար։ Վրաստանը երկար ժամանակ փորձում էր կայունացնել իր անհանգիստ Պանկիսի կիրճը՝ մահմեդական փոքրամասնություն ունեցող տարածաշրջանը, որը ծառայում էր որպես արմատականացման օջախ և անվտանգ նավահանգիստ Հյուսիսային Կովկասի զինված ուժերի համար: Պանկիսի կիրճը ավելի մեծ ուշադրության կենտրոնում հայտնվեց 2015-2017 թթ․, քանի որ Իսլամական պետության հավաքագրողները Իրաքում և Սիրիայում կռվելու համար զինվորագրում էին Վրաստանի քաղաքացիներին, որոնցից ոմանք գնում էին ծառայելու՝ որպես մոլի իսլամական հրամանատարներ։
Ադրբեջանական օտարերկրյա մարտիկները գնում էին Մերձավոր Արևելք՝ սիրիական հակամարտության թեժ շրջանում Իսլամական պետությանը կամ Ջեբհաթ ան Նուսրային միանալու համար։ Ադրբեջանցիները կռվել են նաև Լիբիայում՝ ամենայն հավանականությամբ Թուրքիայի ներխուժմանը աջակցելու համար։ Վերջերս՝ 2020թ․ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ընթացքում, ենթադրվում է, որ մինչև 2000 սիրիացի վարձկան կռվել է Ադրբեջանի կողմից, ինչը մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում սուննի ծայրահեղականների ներկայության վերաբերյալ։ Մերձավոր Արևելքից և այլ վայրերից հայկական Սփյուռքի կամավորների անկանոն խմբեր Լեռնային Ղարաբաղի երկու պատերազմների ընթացքում էլ տեղափոխվեցին Կովկաս։
Տարածքային մրցակցությունը նորություն չէ
Սառը պատերազմի ընթացքում Խորհրդային միությունը օգտագործում էր Հարավային Կովկասը Մեծ Մերձավոր Արևելքի՝ մասնավորապես հարևան Իրանի ու Թուրքիայի վրա ազդեցություն գործելու համար։ Իրանում կա ադրբեջանական էթնիկ զգալի փոքրամասնություն․ բնակչության մոտավորապես մեկ քառորդը էթնիկ ադրբեջանցի է։ Իրանը, Թուրքիայի հետ միասին, վաղ խորհրդային շրջանում փախստականներ էր հյուրընկալում Ադրբեջանից՝ ստեղծելով հակախորհրդային ադրբեջանական ազգայնականության հենակետեր: Իրանում ադրբեջանական փոքրամասնությունը երկար ժամանակ իրեդենտիզմի [1] վախեր է առաջացրել, վախեր, որ ավելի սրվեցին Իոսիֆ Ստալինի կողմից Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ Խորհրդային միությունը գրավեց Հյուսիսային Իրանը։
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական լայն տարաձայնությունները՝ Բաքուն վաղուց զգուշանում է Իրանի գաղտնի գործողություններից։ Ադրբեջանի անվտանգության ուժերը պարբերաբար ձերբակալում են ինչպես Իրանի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքացիներին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավորությամբ ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեղադրանքով: Բաքուն ու Թեհրանը տարբեր տեսակետներ ունեն ու տարբեր գործողություններ են ծավալում ավելի լայն տարածաշրջանային կոնտեքստում։ Ադրբեջանն այժմ ունի դիվանագիտական, տնտեսական և անվտանգության կապեր Իրանի երկու հիմնական մրցակիցների՝ Իսրայելի և Թուրքիայի հետ։
Կովկասը Սառը պատերազմի ընթացքում ԽՍՀՄ և ՆԱՏՕ մրցակցության առաջնագծում էր գտնվում, իսկ Խորհրդային միություն-Թուրքիա սահմանը խիստ ռազմականացված էր։ Մոսկվան հայերի ցեղասպանության մասին հիշողություններ էր մշակում հայրենիքում և արտերկրում` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վարկանիշը գցելու համար, հատկապես 1965 թ. Ցեղասպանության հիսունամյակի նախաշեմին։ Խորհրդային կառավարությունը նաև օգնության ձեռք մեկնեց Մերձավոր Արևելքում բնակվող հայերին՝ հրավիրելով Ցեղասպանությունից փրկվածներին ու նրանց ժառանգներին ապրելու Խորհրդային Հայաստանում Սառը պատերազմի ժամանակ։ Որոշները եկան՝ այդ թվում նաև անկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այնուամենայնիվ, Խորհրդային շրջանի հայ շատ հայրենադարձներ զղջում էին այդ որոշման համար․ Խորհրդային միությունում կյանքին հարմարվելը դժվար էր՝ հատկապես Ստալինի ժամանակ, երբ շատերը հայտնվեցին Գուլագում։
Այսօր Հայաստանը կապեր է հաստատում Միջերկրածովյան ավազանում՝ շարժվելով Խորհրդային միության հետքերով։ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Մերձավոր Արևելքի հայերին համարեց Սփյուռքի առանցքային զանգված, երբ մեկ տասնամյակ առաջ հանդես եկավ թուրք-հայկական հաշտեցման օգտին։ Հայաստանը դեռևս կախված է այս համայնքներից՝ որպես առևտրի, ներդրման և դիվանագիտական գործընկեր։ Իրանը Հայաստանի համար երկար ժամանակ մնացել է աշխարհագրական և տնտեսական փրկօղակ, ինչը երբեմն բարդացնում է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: 2020թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում Երևանը դիմեց Կիպրոսին, Հունաստանին, Լիբանանին և Հորդանանին՝ դիվանագիտական աջակցության և մարդասիրական օգնության նպատակով։ Բոլոր չորս երկրներն էլ լարված կամ առնվազն բարդ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ․ հենց այս հանգամանքն էլ նրանց դարձնում է Երևանի համար դիվանագիտական գործընկերներ։
Գուցե Ադրբեջանը այդքան մեծ սփյուռք չունի, բայց Բաքուն ակտիվորեն առաջ է տանում է իր շահերը իսլամական աշխարհում։ 1990-ականներից ի վեր Իսլամական համագործակցության կազմակերպությունը բազմիցս բանաձևեր է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերահաստատելու վերաբերյալ և կոչ արել Հայաստանին դուրս գալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված տարածքից: Իսլամական շատ երկրներ ՄԱԿ-ի և այլ միջազգային հարթակների բանաձևերում սատարեցին Ադրբեջանին։ Վաղ Խորհրդային շրջանում Բաքուն մարդասիրական օգնություն ստացավ Պարսից ծոցի մի քանի հարուստ երկրներից, ինչը օգնեց կայունացնել երկիրն ու կառավարել տեղահանվածների հոսքերը։
Տնտեսագիտությունն ու էլեկտրաէներգիան աղոտ են դարձրել սահմանները
Տնտեսական ճակատում Ադրբեջանից Վրաստանով դեպի Թուրքիա տանող էներգետիկ խողովակաշարերն ու տրանսպորտային միջանցքները կասպյան ռեսուրսները բացել են Հարավարևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի համար՝ հնարավորություն ընձեռելով Ադրբեջանին իր ազդեցությունը տարածել մի քանի միջերկրածովյան պետություններում։ Իսրայելը երկար ժամանակ հորդորում էր Ադրբեջանին իրեն Իրանից ապահովագրել։ Այսօր Իսրայելի ներկրած նավթի մոտ 40-45 տոկոսը Ադրբեջանից է արտահանվում՝ դարձնելով այն Ադրբեջանի արտահանման երրորդ ամենամեծ շուկան՝ Իտալիայից և Թուրքիայից հետո։ Էներգետիկայի արտահանումը Իսրայել նաև նպաստել է երկու երկրների քաղաքական և անվտանգության կապերի ամրապնդմանը: Ադրբեջանը իսրայելական զենքի երկրորդ խոշոր գնորդն է, որոնք ցուցադրվել են այն ժամանակ, երբ Բաքուն իսրայելական անօդաչու թռչող սարքեր տեղակայեց Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում։ Իսրայելը նաև խթանում է գյուղատնտեսական ավելի սերտ համագործակցություն՝ օգտագործելով ածխաջրածիններից կախվածությունը բազմաբևեռացնելու Ադրբեջանի ցանկությունը:
Ալբանիան և Իտալիան ադրբեջանական գազը ստանում են Անդրադրիատիկ գազատարով, որը սնուցվում է Անդրանատոլիական բնական գազատարով, որն էլ անցնում է Թուրքիայի ամբողջ տարածքով՝ վրացական սահմաններից մինչև հունական սահմաններ: Սա հնարավորություն է տալիս Ադրբեջանին թուրքական շուկային մատակարարել 6 միլիոն խորանարդ մետր (մլն խմ) գազ, ինչպես նաև հավելյալ 10 մլն խմ՝ Հարավային Եվրոպա փոխադրելու համար։ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև վերջերս կնքված պայմանագիրը՝ վիճելի Քյափազ/Սարդար Կասպյան գազային հանքավայրը համատեղ զարգացնելու վերաբերյալ, կարող էր ի վերջո հնարավորություն տալ, որ Կենտրոնական Ասիայի գազի պաշարները հասնեն Միջերկրական ծով։ Հարավային Կովկասի երկրները երկար ժամանակ խթանել են էներգետիկ միջանցքները, սակայն այդպիսի երթուղիների տնտեսական կենսունակությունը մեծապես կախված կլինի էներգիայի համաշխարհային շուկաների շարունակական տեղաշարժերից և դեպի ցածր ածխածնային ապագայի անցնելուց։
2020թ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև Մոսկվայի միջնորդությամբ կնքված հրադադարը նախատեսում է երկու երկրների միջով տրանսպորտային նոր ուղիների ստեղծում։ Տեսականորեն, այս ուղիները կարող էին Ռուսաստանը անմիջապես Թուրքիային ու Իրանին կապել՝ ստեղծելով հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք նոր կապեր։ Սա հավանաբար միաժամանակ և՛ կմեծացնի Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում, և՛ կստեղծի նոր կապեր Կասպից ծովի, Միջերկրական ծովի և Պարսից ծոցի միջև։ Նման ծրագրերը նյարդայնացնում են Վրաստանի կառավարությանը, որը վախենում է, որ Ռուսաստանի կողմից հովանավորվող ցանկացած նոր տրանսպորտային ենթակառուցվածք կարող է նվազեցնել իր դերը՝ որպես Կասպից ու Միջերկրական ծովերի միջև արևելք-արևմուտք առևտրային գլխավոր ուղի։ Նախատեսված ծրագրերից որոշները Հայաստանում նույնպես դժգոհություն են առաջացնում՝ հաշվի առնելով Անկարայի ու Բաքվի նկատմամբ վստահության պակասը։ Հայաստանի զգուշավորությունը, Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունացման համապարփակ ծրագրի բացակայությունը և Իրանի աշխարհաքաղաքական շարունակական մեկուսացումը կբարդացնեն տարածաշրջանային փոխադրումների այս նոր հեռանկարը։
Ռուսաստանի և Թուրքիայի միջև աճող համագործակցությունն ու մրցակցությունը
Ռուսաստանն ու Թուրքիան վերջին տասնամյակի ընթացքում բարելավել են հարաբերությունները։ Կարևոր գործոն է էներգետիկ ավելի սերտ հարաբերությունները, օրինակ, Թուրքական հոսք (TurkStream) բնական գազատարը և Ակկույու ատոմակայանը։ Անկարան նաև գնել է ռուսական S-400 օդային պաշտպանության համակարգը՝ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները դարձնելով լարված, ինչը, անկասկած, դուր է եկել Ռուսաստանին։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամուր անձնական կապը, հատկապես նրանց համատեղ դժգոհությունը իրենց արևմտյան բազմաթիվ քննադատների նկատմամբ, շարունակում է մեղմացնել ընդհանուր հարաբերությունները:
Այնուամենայնիվ, երկու երկրների միջև տարաձայնությունները շարունակվում են։ Թուրքիան ու Ռուսաստանը հակամարտության մեջ են թե՛ Սիրիայում, թե՛ Լիբիայում։ Թուրքիան քննադատում է Ռուսաստանի ագրեսիան եվրասիական իր հարևանների դեմ, շարունակում է դեմ արտահայտվել Ղրիմը Ռուսաստանին միացնելուն և նախազգուշացնում Սև ծովում ռուսական ռազմածովային ուժերի տեղակայման մասին։ Անկարան շարունակում է ռազմական համագործակցությունը Կիևի հետ․ վերջինս 2021թ․ ապրիլին թուրքական մի քանի բայրաքթար-TB2 անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Դոնբասում (այն նույն սարքերը, որ, համաձայն լուրերի, Ադրբեջանն էր վերջերս հաջողությամբ օգտագործել 2020թ․ Հայաստանին պարտության մատնելու համար)։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Թուրքիա նույն ամսին՝ արևելյան Ուկրաինայում մեծ լարվածության ժամանակ Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի համար, որը նա համանախագահում է Էրդողանի հետ:
Մերձավոր Արևելքում Մոսկվայի մանևրումները ու Թուրքիայի՝ Եվրասիայի հանդեպ հավակնությունները, ինչպես նաև այն փաստը, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Վրաստանը Անկարան դիտարկում են որպես պաշտպանություն Ռուսաստանի դեմ, նպաստում են ռուս-թուրքական մրցակցությանը։ Թուրքիայի ներսում շահերի խմբերը Վրաստանի նկատմամբ Անկարայի բազմաշերտ մոտեցման հիմքն են դարձել: Թուրքական բիզնեսը լավ է հաստատված Վրաստանում՝ վաղ 1990-ականներին ձեռք բերված կապերով։ Էրդողանի կառավարությունը դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Վրաստանին՝ տարածքային ամբողջականության հարցում՝ մերժելով Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը և մերժելով Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի շարունակական օկուպացումը։ Միևնույն ժամանակ, Թուրքիայում աբխազական հզոր սփյուռքը, որը մեծ լոբբի ունի Թուրքիայի խորհրդարանում և բիզնես շրջանակներում, փորձում է ընդլայնել առևտրային և միջանձնային կապերը Աբխազիայի հետ։
Ադրբեջանը երկար ժամանակ փորձում էր ավելի սերտ կապեր հաստատել Թուրքիայի հետ՝ Անկարան միջազգային ոլորտում իր ամենահզոր և հուսալի թիկունքը համարելով։ Թուրքիան Ադրբեջանում և Վրաստանում գլխավոր ներդրողներից է․ երեք երկրները կապված են ճանապարհով, երկաթուղիով և խողովակաշարային ենթակառուցվածքներով։ Ադրբեջանը դիտարկում է Թուրքիային որպես ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի և Եվրոպայի նշանակալի հակակշիռ․ դրանք երկուսն էլ քննադատում են մարդու իրավունքների կարգավիճակը Բաքվում։
Թուրքիայի միանշանակ աջակցությունը Ադրբեջանին 2020թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջին մի քանի շաբաթների ընթացքում դանդաղեցրեց Ռուսաստանի միջնորդությունը։ Ուղղակիորեն մտնելով հակամարտության մեջ՝ Թուրքիան այժմ մասնավորապես Ադրբեջանին ներկայանում է որպես ռուսական խաղաղապահների գործողությունների հսկիչ․ Բաքուն և Անկարան մեծ ջանքեր թափեցին հրադադարի դիտարկման թուրք-ռուսական համատեղ կենտրոնի համար, որը այս տարվա սկզբին ստեղծվել էր Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։
Քանի որ տարածաշրջանում մեծանում է Թուրքիայի ազդեցությունը, Հարավային Կովկասի երեք երկրների կառավարություններն էլ պետք է ռազմավարություն մշակեն, թե ինչպես կարող են հարմարվել տարածաշրջանում Թուրքիայի աճող դերին։ Անկարան նույնպես պետք է հավասարակշռի այնտեղ իր ներկայությունը՝ կապեր պահելով Մոսկվայի հետ։ Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել տարածաշրջանը իր արտոնյալ ազդեցության ոլորտի մի մաս պահելու հարցում և չի ցանկանում, որ Թուրքիան տարածաշրջանային ավելի մեծ մանդատ ունենա։ Այնուամենայնիվ, Թուրքիայի՝ Կովկասում դերակատարում ունենալը արդեն fait accompli է (կատարված է), որի հետ Ռուսաստանը պետք է հաշվի նստի։ Ինչպես պնդում է Հաբիբե Օզդալը, Ռուսաստանը և Թուրքիան դաշնակիցներ չեն Կովկասում կամ Մերձավոր Արևելքում. նրանք անպայմանորեն նույն նպատակները չեն կիսում: Չնայած դրանք շարունակ բախվում են, երկու պետությունները եղանակներ են գտնում ժամանակ առ ժամանակ իրենց մրցակցային շահերը հաշտեցնելու և լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։
Հարավային Կովկասի հին և նոր խաղացողները
Մինչ Ռուսաստանն ու Թուրքիան մրցում են Կովկասում ազդեցություն ունենալու համար, մյուս երկրները նույնպես պարտադրում են իրենց ազդեցությունը։
Չնայած Չինաստանը աշխարհագրորեն հեռու է, տարբեր հնարավորություններ էր հետապնդում՝ հետաքրքրություն ցուցաբերելով Հարավային Կովկասի, Պարսից ծոցի և Միջերկրական ծովի ենթակառուցվածքային նախագծերում։ Նավահանգիստների զարգացումը, ճանապարհներն ու երկաթուղին բոլորն էլ գտնվում են դրա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» լայնածավալ նախաձեռնության իրավասության ներքո։ Չինաստանի ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերել Վրաստանի և Ադրբեջանի ափերի ենթակառուցվածքային նախագծերի և Հարավային Կովկասի երեք երկրների տարածաշրջանի ճանապարհի և երկաթուղու կառուցման հանդեպ։ Այնուամենայնիվ, նման նախագծերի իրականացումը դանդաղ էր ընթանում՝ խրված կոռուպցիայի և աշխատանքի չարաշահման ու շրջակա միջավայրի քայքայման մեղադրանքների մեջ։
2020թ․ Վրաստանի որոշումը՝ Սև ծովի ափին նավահանգիստ կառուցելու նպատակով գլխավորապես վրաց-ամերիկյան սուբյեկտ Անակլիայի զարգացման կոնսորցիումի հետ պայմանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ, վերականգնել է Չինաստանի բազմամյա հետաքրքրությունը նախագծի հանդեպ։ Պարզվում է, որ Պեկինը շահագրգռված է կապել Կենտրոնական Ասիայում իր օգնությամբ տեղակայված ենթակառուցվածքը նմանատիպ այլ ակտիվների հետ, որոնք կա՛մ ինքը կառավարում է, կա՛մ նախատեսում է կառուցել Կովկասով դեպի ամբողջ Միջերկրական ծով։ Այնուամենայնիվ, Չինաստանի հետաքրքրությունը Կովկասում կարող է հռետորական ավարտ ունենալ։ Չինաստանի ֆինանսական հոսքերը չեն նյութականացվել այնքան արագ, որքան տեղի երկրները ակնկալում էին։ Տարածաշրջանում Պեկինին շարունակում են դիտարկել որպես Ռուսաստանի բազմամյա ճնշող ներկայությունը թուլացնելու և դրա՝ Ուկրաինայի դեմ պատերազմի լարվածությունը նվազեցնելու միջոց։
Իրանը նույնպես վերահաստատվում է Կովկասում։ 2020թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Թեհրանը իր սեփական խաղաղության նախաձեռնությունն էր առաջարկում։ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարից հետո Իրանը ողջունեց 3+3 ձևաչափը՝ Թուրքիայի կողմից առաջարկված տարածաշրջանային համագործակցության մեխանիզմը, որը միավորում է Կովկասի երեք երկրներին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ։ Այս մեխանիզմը հիշեցնում է համագործակցության և պայքարի դինամիկայի խառնուրդը, որ երեք երկրները կիրառեցին Սիրիայում։ Այս առաջարկը չշարժեց Կովկասի երկրների՝ մասնավորապես Վրաստանի հետաքրքրությունը։ Նրանք շարունակում են զգուշանալ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի՝ տարածաշրջանում իշխելու ձգտումներից առանց Արևմուտքի կամ այլ հզոր խաղացողների որևէ հակակշռի։
Այնուամենայնիվ, Իրանը գլխավոր շուկան է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի արտահանողների համար դեպի Պարսից ծոցի տարածաշրջան։ Երկու երկրներն էլ շահագրգռված են տրանսպորտային ենթակառուցվածք կառուցել դեպի հարավ՝ Պարսից ծոցի ավելի լայն շուկաներ հասնելու համար։
Իրանցի այցելուները նաև կարևոր էին հայկական, ադրբեջանական և վրացական զբոսաշրջային արդյունաբերության համար՝ նախքան 2018թ․ Իրանի տնտեսական խնդիրները և կորոնավիրուսի համաճարակը: Լինելով Հայաստանի և Վրաստանի տնտեսությունների համար աճի առանցքային ոլորտ և զբաղվածության կարևոր աղբյուր՝ զբոսաշրջությունը տարածաշրջանում հիմնականում կենտրոնանում է փոքր բիզնեսի վրա: Իրանական զբոսաշրջությունը իր գագաթնակետին հասավ 2017–2018 թվականներին, երբ 220,000 իրանցի այցելեց Հայաստան, 320,000-ը եկավ Վրաստան, իսկ 360,000-ը մեկնեց Ադրբեջան: Այն զգալիորեն անկում ապրեց 2018-ին և 2019-ին, չնայած Իրանը Կովկասի երեք երկրներ այցելուների համար մնում է լավագույն հնգյակում:
Պարսից ծոցի այլ երկրներ նույնպես սկսել են ներդրումներ կատարել Հարավային Կովկասում՝ զբոսաշրջության, բանկային, շինարարական և այլ ոլորտներում, չնայած նրանք հիմնականում զերծ են մնացել այնպիսի քաղաքական կամ ռազմական ներգրավվածությունից, ինչպիսին ունեին Միջին Արևելքում (այլ կերպ ասած, Սաուդյան Արաբիան՝ Եմենում կամ ԱՄԷ-ն՝ Լիբիայում):
Սաուդյան Արաբիան վերջերս հայտարարեց Ադրբեջանում հողմակայանի կառուցման գործարքի մասին, մինչ ԱՄԷ-ն ավելի քան 2 միլիարդ դոլար է ներդրել 2016թ․ ստեղծված էմիրաթա-ադրբեջանական համատեղ ներդրումային ֆոնդում: Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է, չնայած այն մնում է համեմատաբար նվազագույն՝ 240 միլիոն դոլար՝ 2019 դրությամբ։ Այնուամենայնիվ, առկա է առևտրի զգալի անհավասարակշռություն, քանի որ Էմիրություններից Ադրբեջան ներմուծումը գերազանցում է ադրբեջանական արտահանմանը: Բաքուն հույս ունի, որ Էմիրությունների ներդրումները կօգնեն Ադրբեջանին վերականգնել նախկինում հայկական զորքերի կողմից գրավված տարածքները:
Մինչդեռ, Հայաստանն ու Վրաստանը դիտարկում են Պարսից ծոցը՝ որպես գյուղատնտեսական արտադրանքի արտահանման շուկա և ձգտում են ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ: Կովկասի հարուստ բնակիչները՝ ներառյալ որոշները, որ կապ ունեն կազմակերպված հանցավորության հետ, Դուբայը հարմար վայր են համարում գումար ներդնելու կամ գումարի լվացման համար։
Արդյոք Արևմուտքը տեղ ունի՞
Միացյալ Նահանգներն ու Եվրոպան միանշանակ մնում են տարածաշրջանի կարևոր դերակատարներ, բայց նրանց ազդեցությունը, մասնավորապես Հայաստանում և Ադրբեջանում, նվազում է։
Վերջին տասնամյակում Ադրբեջանի և Արևմուտքի միջև հարաբերությունները վատացել են մարդու իրավունքների խնդիրների և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական միջնորդներից՝ Անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբից Ադրբեջանի հիասթափության պատճառով: Չնայած Մինսկի խմբի բազմամյա անդամ լինելուն՝ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Միացյալ Նահանգները չկարողացան կամ գուցե չցանկացան միջնորդել անգամ ժամանակավոր հրադադարի հաստատման համար 2020թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում։ Իրենց ազդեցիկ և մեծաթիվ հայկական Սփյուռքի բնակչության պատճառով երկու երկրներին էլ Ադրբեջանը ընդունեց որպես կողմնակալ բանակցողներ։ Հայաստանը պատերազմի ընթացքում լքված զգաց Արևմուտքի (և Ռուսաստանի) կողմից, քանի որ ուշանում էին Թրամփի վարչակազմի կողմից հրադադարի հաստատման կիսատ ջանքերը։ Արևմուտքը այժմ ջանքեր է թափում Մինսկի խմբի համար դեր գտնելու համար։ Դեռ պարզ չէ, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը նախատեսում աջակցել հետպատերազմյա կայունացման, հաշտեցման և կառավարման նախագծերին. սրանք բոլոր այն ոլորտներն են, որտեղ անհրաժեշտ է Արևմուտքի աջակցությունը, ֆինանսավորումը և փորձը:
Բացի էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում ԱՄՆ-ի երկու նշանակալի ներդրումներից ու հայկական սփյուռքի տրանսֆերտներից և բարեգործական նվիրատվություններից՝ ԱՄՆ-ի և Հայաստանի տնտեսական կապերը նվազագույն են։ Երևանը հույս ունի, որ ԵՄ-ի հետ Հայաստանի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական բարեփոխումներ կատարելու իր ջանքերը կարող էին հանգեցնել Եվրոպայի հետ տնտեսական ավելի սերտ համագործակցության։ Չնայած իր տնտեսական գործընկերներին բազմաբևեռացնելու Հայաստանի վերջին շրջանի ջանքերին՝ քիչ է հավանականությունը, որ Հայաստանը մեծ հաջողության կհասնի մոտ ապագայում՝ հաշվի առնելով երկրում Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը և Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ 2020թ․ պատերազմում պարտություն կրելուց հետո քաղաքական անկայունությունը նույպես բացասական ազդեցություն է ունենում ներդրումային միջավայրի վրա։ Միևնույն ժամանակ, չնայած լարվածությանը՝ ԵՄ-ն շարունակում է մնալ Ադրբեջանի ամենամեծ առևտրային գործընկերը (չնայած այդ առևտրի հիմնական մասը էներգետիկ ոլորտում է և միայն մեկ երկիր՝ Իտալիան է իշխում)։
Մյուս կողմից, Վրաստանը դեռևս շահագրգռված է անդրատլանտյան համայնքում ներգրավվածություն ունենալու։ Որպես Արևմուտքի հետ համագործակցության խորհրդանշան՝ Վրաստանը Թիֆլիսից դուրս հյուրընկալում է ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն, չնայած որ երկիրը շարունակում է մնալ խիստ անապահով, քանի որ Ռուսաստանը շարունակում է գրավված պահել Վրաստանի տարածքը և սպառնալ դրա ինքնիշխանությանը։ Մինչ ԱՄՆ-ի հետ առևտուրը շարունակում է մնալ չնչին, ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագիրը, որը նախանշում է խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի, հանգեցրել է վրացիների համար առանց վիզայի ճամփորդության ռեժիմի: Սա խթանել է Վրաստանի և ԵՄ-ի միջև զբոսաշրջային, կրթական և աշխատանքային միգրացիայի կապեր, ինչպես նաև ԵՄ-Վրաստան երկկողմ առևտրի աննշան աճ։ Այնուամենայնիվ, ԵՄ-ի հետ տնտեսական կապերի ավելացումը չի լուծել Վրաստանի բարձր աղքատության, գործազրկության և զբաղվածության պակասի խնդիրները։ Չնայած Վրաստանը դեռ շարունակում է մնալ Եվրասիայի ամենահաջողակ բարոփոխումներ իրականացնողը, իր ջանքերի համար Արևմուտքից տրամադրված օգնությունը չի կանխել երկրի քաղաքական խառնաշփոթը և ժողովրդավարական հետընթացը։
Եզրակացություն և առաջարկություններ քաղաքականություն մշակողներին
Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական անցման փուլում է։ Այլևս չլինելով նախկին Խորհրդային միության մեկուսացած գետնախորշ՝ Հարավային Կովկասը այսօր փոխազդում է իրեն շրջապատող ավելի մեծ տարածաշրջանի հետ և իր վրա կրում դրա ազդեցությունը։ Այն ավելի փոխկապակցված է դառնում Միջերկրական ծովի և Պարսից ծոցի իր հարևանների հետ։ Չնայած համավարակի պատճառած վնասներին՝ այդ նոր կապերը հավակնում են շարունակական լինելու։ Սա չպետք է մտահոգի Արևմտյան քաղաքականություն մշակողներին․ ըստ էության, Հարավային Կովկասը վերականգնում է իր պատմական աշխարհագրությունը՝ որպես ազդեցիկ հարևաններ ունեցող տարածաշրջան։ Սա դրական փոփոխություն է։
Տարածաշրջանը կրում է համաշխարհային ավելի լայն միտումների ազդեցությունը։ Օբամայի օրոք սկսված և Թրամփի օրոք արագացված ԱՄՆ-ի ծախսերի կրճատման ժամանակաշրջանը հանգեցրեց ներգրավվածության սահմանափակման շրջանի։ Արդյունքում առաջացած վակուումը խրախուսեց տարածաշրջանի առաջնորդներին փոխհամընկնող հարաբերություններ հաստատել, որոնք ավելի սերտ կապում են Կովկասը Մերձավոր Արևելքի, Միջերկրական ծովի և Ասիայի հետ: Տարածաշրջանային ներգրավվածությունը նույնպես դրական տեղաշարժ է։
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները Վաշինգտոնից ազդակներ են փնտրում այն մասին, թե արդյո՞ք Բայդենի վարչակազմը պատրաստվում է կրկին որոշակի ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի անփոփոխ առանցքը Հնդկական օվկիանոս-Խաղաղ օվկիանոս տարածաշրջանում և Չինաստանի աճին արձագանքելու անհրաժեշտությունը ենթադրում են, որ Վաշինգտոնը առաջնահերթությունը կտա այլ վայրերում առկա ավելի հրատապ խնդիրներին։ Այդ բոլորը գլխավորում են այն համաշխարհային և ներքին մարտահրավերների ցանկը, որոնց բախվում է Բայդենի վարչակազմը՝ սկսած համաճարակից, տնտեսական վերականգնումից, ռասսայական արդարությունից և կլիմայական փոփոխությունից։ Այս ֆոնի վրա հազիվ թե Հարավային Կովկասի հիմնական խաղացողները կարողանան Վաշինգտոնից մեծ ուշադրություն ակնկալել։
Այնուամենանիվ, ԱՄՆ և ԵՄ քաղաքականություն մշակողները հանդես կգան ավելի կայուն և բարեկեցիկ Հարավային Կովկասի առաջացման օգտին։ Բայց դրան հասնելը հեշտ չէ։ Այն հնարավոր է միայն ներքևից վերև բարեփոխումների դեպքում, որը կօգնի տարածաշրջանին հաղթահարել կառավարման արմատացած թերությունները, լուծել տարածաշրջանային հակամարտությունները և Հարավային Կովկասի երկրները ինտեգրել տարածաշրջանային (և համաշխարհային) ավելի լայն տնտեսական և քաղաքական կառույցներում։ Հայաստանի և Վրաստանի վերջին քաղաքական ճգնաժամերը ենթադրում են, որ մեծ է բևեռացումը, և ժողովրդավարության հետընթացը իրական ապառնալիք է։ Սակայն տարածաշրջանի քաղաքացիները հասկացրել են, որ ցանկանում են այնպիսի կառավարություններ և տնտեսություններ, որ աշխատող են։
Մինչ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության նոր թիմը մշակում է Կովկասի նկատմամբ իր մոտեցումը, այն պետք է ճանաչի դրա փոփոխությունը և խրախուսի դրա արագ ընդլայնվող կապերը ավելի լայն հարևանության հետ։ Տարածաշրջանը այլևս չպետք է դիտարկել Ռուսաստան-Արևմուտք մրցակցության կամ ռուսական նեոիմպերալիզմի դեմ պայքարի տեսանկյունից․ այն աճող ուժերի կողմից շարունակ ավելի է վիճարկվում, և դրա վրա ավելի մեծ ազդեցություն են ունենում տարածաշրջանային խնդիրները՝ ներառյալ ծայրահեղականությունը, միգրացիան, էթնիկ լարվածությունները, էներգիայի շուկաների փոփոխությունը և համաճարակը։
Արևմուտքը, անկասկած, դեր ունի համավարակի ազդեցությունը թուլացնելու հարցում, որը ընդգծեց միջազգային սահմանների թափանցիկությունը։ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է օգնեն Կովկասի երկրներին համապատասխան պատվաստանյութի պաշարներ ձեռք բերելու հարցում և խթանեն դրանց շարունակական ներգրավվածությունը ավելի լայն տարածաշրջանում։ Ռուսաստանն ու Չինաստանը երկուսն էլ մտել են այդ տարածք պատվաստանյութերի իրենց դիվանագիտությամբ, չնայած պատվաստանյութերի արտադրության թերությունները, արդյունավետության մասին հարցերը և պատվաստանյութերի վերաբերյալ երկմտանքը Կովկասի երեք երկրներում կասեցրել է պատվաստման ծրագրերը։ Արևմուտքը պետք է նաև օգնի տարածաշրջանին լուծել մարդկային և տնտեսական ապահովությանը վերաբերող խնդիրներ, որոնք սրվել են COVID-19-ի հետևանքով՝ ավելի կենտրոնանալով մարդու անվտանգության առաջնային կարիքների վրա, հատկապես երբ ժողովրդավարական բարեփոխման հեռանկարները սահմանափակ են։
Վաշինգտոնը չպետք է մտահոգվի տարածաշրջանի այս փոփոխությունների և Ռուսաստանից կամ Արևմուտքից բացի այլ գործընկերներ ներգրավելու Կովկասի երկրների ջանքերի պատճառով։ Կովկասի փոփոխվող աշխարհագրությունը համապատասխանում է ԱՄՆ քաղաքական երկարամյա նպատակին՝ մերժել տարածաշրջանում Մոսկվայի՝ ազդեցության բացառիկ գոտի ունենալու պահանջը։ Հարավային Կովկասի պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի ուժի չի հաջողվել լայն տարածաշրջանում գերիշխանություն հաստատել։ Այսօրվա զարգացող բազմաբևեռ աշխարհը, որը զուգորդվում է տեղական դինամիկայով և առևտրի նոր ձևերով, կդժվարացնի Ռուսաստանի կամ ցանկացած այլ առանձին պետության համար տարածաշրջանում երկար ժամանակ իշխելը:
Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները դեռ շահեր ունի Հարավային Կովկասում և պետք է հետապնդի դրանք, մասնավորապես Վրաստանում, որտեղ մեծ ներդրումներ է կատարել երկրի քաղաքական և տնտեսական բարեփոխումների ջանքերում, ուժեղացված պաշտպանության ոլորտում և Արևմուտքի հետ ինտեգրման հարցում: Այնուամենայնիվ, ԱՄՆ քաղաքականության իրականացման անցյալ օրինաչափությունները ենթադրում են, որ Վաշինգտոնը Հարավային Կովկասում չունի և հավանաբար երբեք էլ չի ունենա ռազմավարական շահերի նույն մակարդակը, ինչ տարածաշրջանի անմիջական հարևանները։ Միացյալ Նահանգների և Կովկասի միջև ամբողջ հեռավորությունը թելադրում է, որ Վաշինգտոնը չպետք է այլ կերպ ձևացնի: Սակայն սա չի նշանակում, որ Բայդենի վարչակազմը պետք է անտեսի տարածաշրջանը, մանավանդ որ այն Արևմուտքի ամենամեծ մրցակիցների (Չինաստան, Իրան և Ռուսաստան) և առավել դժվարհամագործակցելի գործընկերների (Իսրայել, Թուրքիա և Սաուդյան Արաբիա) հանդիպման վայր է։
Ժամանակի ընթացքում Բայդենի վարչակազմը պետք է պարզաբանի, թե Հարավային Կովկասը ԱՄՆ-ի գերակայությունների երկար ցանկում որ տեղում է գտնվում։ ԱՄՆ-ն պետք է շարունակի տարածաշրջանային կայունությունը խթանելու ջանքերը, օգնի մեղմել կամ կանխել տարածաշրջանային հակամարտությունները, ինչպես նաև կանգնեցնի ֆինանսական կամ մարդկային անօրինական հոսքերը։ Վաշինգտոնն ու եվրոպացի իր գործընկերները կարող են օգնել Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմից հետո կայունացման, վերականգնման և ինտեգրման հարցում՝ մասնավորապես հաշվի առնելով այն բացասական արդյունքները, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն այս խնդիրների լուծման հարցում այլ տեղերում։ Հաշվի առնելով ԱՄՆ-ի բազմամյա ներդրումները Վրաստանում և հայ ժողովրդի՝ ավելի լավ կառավարում ունենալու ակնհայտ ցանկությունը՝ Արևմուտքը պետք է շարունակի աջակցել այս երկրների ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների ջանքերին (չնայած այդ աջակցությունը պետք է լինի պայմանական և պահանջից բխող)։
Վաշինգտոնը վերջապես պետք է ճանաչի այլ խաղացողերի դերը, ընդունի, որ նրանք էլ շահեր ունեն տարածաշրջանի կայունության հետ կապված և հենվի նրանց վրա, որպեսզի նրանց կարողությունն էլ օգտագործի տարածաշրջանում ընդհանուր շահերը պաշտպանելու համար։ Նոր մոտեցումը պարտադրում է ԱՄՆ-ի ուժի և ԱՄՆ-ի գործիքակազմի ավելի նպատակային օգտագործումը, այլ ոչ թե Վաշինգտոնի կողմից առաջ քաշված լայն փոխակերպման օրակարգերը, որոնք սովորաբար սահմանափակ հաջողությամբ էին պսակվում: Սա կոչ է անում ներգրավել դաշնակիցների և գործընկերների օգնությունը՝ հաստատակամ հարևանների հետ հարաբերությունները հավասարակշռելու գործում Հարավային Կովկասի երկրների կարողությունը բարելավելու և ներքից վերև իրենց ներքին մարտահրավերներ լուծելու համար:
Շնորհակալություն
Հեղինակը ցանկանում է շնորհակալություն հայտնել Թոմաս դե Վաալին, Աննա Օհանյանին, Ջոանա Փրիչետին, Յուջին Ռումերին, Ջոն Թեֆտին և Էնդրյու Ուայսին սույն հոդվածի նախնական տարբերակներում իրենց մեկնաբանությունների համար, ինչպես նաև Տատյանա Պյակին իր հետազոտության և խմբագրական օգնության համար։
Պոլ Սթրոնսկին «Կարնեգի Ռուսաստան» և «Եվրասիա» ծրագրերի ավագ գիտաշխատող է. նրա հետազոտությունները կենտրոնացած են Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի հարևան երկրների հարաբերությունների վրա:
1 Charles King, The Ghost of Freedom: A History of the Caucasus (Oxford: Oxford University Press, 2008); and Thomas de Waal, The Caucasus, an Introduction (Oxford: Oxford University Press, 2010). 2 Brenda Shaffer, Borders and Brethren: Iran and the Challenge of Azerbaijan Identity (Cambridge, MA: Belfer Center for Science and International Affairs, 2002). 3 Razmik Panossian, The Armenians: From Kings and Priests to Merchants and Commissars (New York: Columbia University Press, 2006). 4 Rustam Anshba, “The Influence of the Abkhaz Diaspora on the Turkish Policy Formation on Abkhazia,” Master’s Thesis, Central European University, 2015.Հղումներ
[1] Իրեդենտիզմը նշանակում է միավորում այն պետության հետ, որին էթնիկապես կամ քաղաքական/պատմական առումով պատկանում է այդ տարածքը:Ծանոթագրություն
Թարգմանիչ՝ Լիլիթ Արսենյան (Lilit Arsenyan), խմբագիր՝ Մարինե Խաչատրյան (Marine Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։