Միադրում և շարունակականություն. Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը Ռայիսիի նախագահության օրոք
Տարածաշրջանային քաղաքականությունում արմատականներն արդեն գերիշխող են և՛ ռազմավարության ձևավորման, և՛ գործադրման մեջ։ Հաջորդ նախագահի օրոք ևս էական փոփոխություններ պետք չէ սպասել։
Հունիսի 18-ին Իրանում տեղի ունեցավ Իսլամական Հանրապետության պատմության ամենականխատեսելի ընտրություններից մեկը՝ որոշելու չափավորական նախագահ Հասան Ռոհանիի իրավահաջորդին։ Քանի որ ռեֆորմիստ և չափավորական թեկնածուների համատարած որակազրկման հետևանքով ընտրական իրավունք ունեցող բնակչության կեսից ավելին որոշեց չքվեարկել, զարմանալի չէր, որ պահպանողական կղերական և դատական իշխանության ղեկավար Ռայիսին ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց ընտրություններում։
Շատ դիտորդներ արդարացիորեն հավատում են, որ Ռայիսիի հաղթանակը և առանցքային կառավարական մարմիններից չափավորականների լիակատար դուրսմղումը ազդարարում են իրանական քաղաքականությունում զգալի փոփոխությունների սկիզբը։ Սակայն երբ խոսքը Իրանի արտաքին քաղաքականության և հատկապես մերձավորարևելյան ռազմավարության մասին է, ո՛չ քաղաքականության էական փոփոխություններ, ո՛չ էլ մոտեցման անսպասելի տեղաշարժ պետք չէ սպասել։
Հասան Ռոհանիի նախագահության ութ տարիները տարածաշրջանային քաղաքականության հարցում նշանավորվել են մի կողմից՝ վարչակազմի և դրա արտաքին գործերի նախարարության, մյուս կողմից՝ արմատական խմբակցության, մասնավորապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ կամ IRGC) և դրա արբանյակների միջև մոտեցումների հիմնարար տարբերությամբ: Ըստ էության, չափավորական ճամբարը ազատական հայացք ունի Իրանի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ՝ հիմնված երկխոսության և դիվանագիտության վրա։ Այս տեսանկյունից Իրանի և իր հարևանների պետական շահերի և անվտանգության միջև ուղիղ կապ կա։ Այդ պատճառով Ռոհանիի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, բազմիցս ուղղակիորեն կամ անուղղակիորեն հղում են արել տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգ հիմնելու գաղափարին՝ առաջարկելով այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են Խաղաղության հորմուզյան նախագիծը (HOPE) կամ Պարսից ծոցի անվտանգության ֆորումը։
Ի հակադրություն դրան՝ Մերձավոր Արևելքի ուղղությամբ արմատական խմբակցության մոտեցումները հիմնված են սկզբունքորեն ռեալիստական տեսանկյան վրա, որը երկրի կոշտ ուժի մեծացումը համարում է ազգային անվտանգությունն առավելագույնի հասցնելու կարևորագույն գործիքը։ Այս մոտեցումը չի բացառում տարածաշրջանի մյուս պետությունների հետ երկխոսությունը, բայց դրա կողմնակիցները հավատում են, որ երկխոսությունը հնարավոր է միայն ուժի դիրքերից։ Այս տեսակետի տարրերից է նաև Միացյալ Նահանգների նկատմամբ հանդուգն ու անզիջում դիրքորոշումը։
Իր նախագահության սկզբին Ռոհանին փորձում էր Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը տալ նախկին, ազատական հայացքը։ Սակայն արմատականներն առաջին մեծ հարվածը հասցրին Ռոհանիի մոտեցմանը՝ 2016 թ. հունվարին խուժելով Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն և Մաշհադում սաուդյան հյուպատոսարան։ Հաջորդող տարիներին ԱՄՆ-ի դուրս գալը Ռոհանիի քաղաքական ամենակարևոր նվաճումը համարվող 2015 թ. միջուկային համաձայնագրից (JCPOA) էլ ավելի թուլացրեց չափավորական խմբակցության դիրքերն Իրանի արտաքին քաղաքականության, հատկապես տարածաշրջանայինի հարցում։ 2021 թ. հունվարին տված մի հարցազրույցում Զարիֆն ընդունել է, որ արտաքին գործերի նախարարության դերն Իրանի տարածաշրջանային քաղաքականությունում «մոտ էր զրոյի»։ Ավելին՝ ապրիլին լրատվություն թափանցած մի վիճահարույց հարցազրույցում Զարիֆը նշել է, որ ԻՀՊԿ-ն ամբողջովին օտարել է արտաքին գործերի նախարարությանը տարածաշրջանային քաղաքականությունից։
Այսպիսով, կարելի է վստահաբար պնդել, որ երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանին, արմատական խմբակցությունը գերիշխող էր և՛ ռազմավարության ձևավորման, և՛ իրագործման մեջ հունիսի 18-ի ընտրություններից դեռ շատ առաջ։ Եթե այս հաշվով որևէ կասկած կա, ապա գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին՝ ընտրություններից առաջ իր ելույթում, պարզաբանել է, որ արտաքին քաղաքականությունը որոշվում է ոչ թե արտգործնախարարությունում, այլ ավելի բարձր մակարդակում։
Հայացք գցելով Էբրահիմ Ռայիսիի և նրան մոտ կանգնած քաղաքական գործիչների ընդունած դիրքերին, այդ թվում՝ մյուս երկու արմատական թեկնածուների, որոնք մրցավազքից հեռացան վերջինիս սատարելու համար, պարզ է դառնում, որ նա հաստատապես հավատում է Իրանի տարածաշրջանային քաղաքականության երկրորդ՝ ռեալիստական մոտեցմանը։ Ռայիսին բացահայտ պաշտպանում է Իրանի ազդեցությունն ու ներգրավվածությունը տարածաշրջանում՝ համարելով այն Իրանի հզորության կարևորագույն բաղադրիչը։ «Իրանի տարածաշրջանային հզորությունն ավելի կարևոր է, քան իր պաշտպանական ու հրթիռային կարողությունները»,- ասում է նա՝ ավելացնելով, որ «Միացյալ Նահանգներն ու Իսրայելը գիտեն, որ Իրանը [տարածաշրջանում] բարձր գործունակություն և առավելություն ունի»։ Նա նաև պնդում է, որ «այսօր [տարածաշրջանային մակարդակում] ոչ մի միավորում տարածաշրջանում չի ձևավորվում առանց Իսլամական Հանրապետության հավանության»։ Երկու արմատական քաղգործիչներ Սայիդ Ջալիլին և Հոսեյն Ամիր-Աբդոլահիանրը, որոնք հիշատակվում են որպես Ռայիսիի կաբինետի հնարավոր արտգործնախարարներ, էլ ավելի ռադիկալ մոտեցում են ցուցաբերում։
Այն, ինչ սովորաբար կոչվում է Իրանի քաղաքական ասպարեզի արմատական ճամբար, անկասկած, միասնական միավոր չէ, և տարբեր խմբերի ու գործիչների միջև հստակ տարբերություններ կան մի շարք հարցերի վերաբերյալ։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, նրանք բոլորը կարծես թե համաձայնության են գալիս վերոնշյալ ռեալիստական հիմնական սկզբունքների շուրջ։ Որպես այդպիսին՝ նախագահական ընտրություններում Էբրահիմ Ռայիսիի հաղթանակը հավանաբար կհանգեցնի վարչակազմի արտաքին քաղաքականության դիրքորոշումների միադրմանը արդեն իսկ արմատական խմբակցության, հատկապես ԻՀՊԿ-ի կողմից վերահսկվող այլ կառավարական մարմինների ունեցածի հետ։ Իսկապես, հաշվի առնելով, որ վարչակազմի և արտգործնախարարության դերն արդեն սահմանափակված է քաղաքականության իրագործմամբ, նշանակում է, որ Իրանի ընդհանուր արտաքին քաղաքականության ուղղվածությունն ու ռազմավարությունները շարունակական կլինեն տարածաշրջանում և դրանից դուրս։ Միևնույն ժամանակ այս հիմնարար փոխհամաձայնությունը պետական չընտրված մարմիններին, հատկապես Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին (SNSC) և ԻՀՊԿ-ին կստիպի ավելի շատ վստահել արտաքին գործերի նախարարությանը, երբ խոսքը տարածաշրջանային որոշակի քաղաքականության իրագործման մասին է։
Սա, իր հերթին, նվազեցնում է վարչակազմի և այդ մարմինների միջև բախման հնարավորությունը։ Նույն ոգով կարելի է ակնկալել, որ վարչակազմի առաջարկած ցանկացած տարածաշրջանային նախաձեռնություն չի խոչընդոտվի կամ վիժեցվի արմատական խմբակցության կողմից, ինչպես պատահեց 2016 թ.-ին՝ Սաուդյան Արաբիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հնարավոր վերականգնման դեպքում։
Գործնական մակարդակում այս նոր միտումը կունենա մի քանի հիմնական իմաստ։ Առաջին հերթին հաշվի առնելով, որ արմատական խմբակցությունը տարածաշրջանային ներգրավվածությունը համարում է ազգային ուժի կարևոր տարր․ Թեհրանը կշարունակի ակտիվորեն աջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը, ինչպես նաև Իսլամական Հանրապետության դաշնակից և լիազոր խմբերին Լիբանանում, Սիրիայում, Իրաքում և Եմենում։ Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ Թեհրանը ոչ մի կերպ չի ցանկանա միջուկային համաձայնագիրը (նախատեսվում է վերակնքել JCPOA-ն) լրացնել Վաշինգտոնի հետ տարածաշրջանային համաձայնությամբ։
Այլ կերպ ասած՝ Իրանը կշարունակի միջուկային և տարածաշրջանային հարցերը դիտարկել որպես երկու ամբողջապես առանձին գործեր. Իրանի համար առաջինի դեպքում խնդիրը հիմնականում Իրանի և Միացյալ Նահանգների միջև է, որում տարածաշրջանի մյուս երկրները, չնայած նրանց արտահայտած ցանկությանը, ոչ մի դեր չեն խաղում, մինչդեռ երկրորդը պետք է լուծվի Թեհրանի և իր հարևանների միջև անմիջական բանակցությունների ճանապարհով։
Փաստացի, տարածաշրջանային երկխոսության այս գործընթացն արդեն սկսվել է. Իրանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնել են բարիդրացիական հարաբերությունների վերականգնում։ Հետաքրքրականորեն ԱՄԷ-ի փոխնախագահ և վարչապետ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ-Մաքթումը առաջին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր, որ շնորհավորեց Ռայիսիին ընտրություններում հաղթելու առթիվ։ Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ Ռայիսիի օրոք կշարունակվեն Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցությունները՝ Իրաքի միջնորդությամբ։ Ըստ Զարիֆի՝ սաուդցի պաշտոնյաները բանակցությունները շարունակելու համար նախընտրեցին սպասել իրանական ընտրությունների արդյունքին, բայց և այնպես նրանց վստահեցրել էին, որ Թեհրանի՝ Ռիադի հետ լարվածությունը թուլացնելու ցանկությունը չի նվազի հաջորդ վարչակազմի օրոք։ Ի վերջո, ոչ թե արտաքին գործերի նախարությունը, այլ Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն էր ի սկզբանե ղեկավարում սաուդցիների հետ բանակցությունները։
Այնուհանդերձ, հարկ է հիշել, որ համաձայն արմատական խմբակցության տրամաբանության՝ բանակցություններն իմաստ ունեն միայն ուժի դիրքից։ Որպես այդպիսին՝ այն փաստը, որ Իրանը վերջերս սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Սաուդյան Արաբիայի հետ լարվածության ապասրման մեջ, գլխավորապես գալիս է իրանյան այն ընկալումներից, որ Ալ-Ռիադը ենթարկվում է Թեհրանի ու իր՝ Եմենի հութիական դաշնակիցների ավելի ու ավելի մեծ ճնշմանը և այդպիսով այլ տարբերակ չունի, քան Իսլամական Հանրապետության հետ որոշակի համաձայնության հասնելը։ Արդյունքում, թեև Թեհրանը լրջությամբ է մոտենում Ալ-Ռիադի հետ դիվանագիտական կապերը վերահաստատելուն, տարածաշրջանում ուժային բալանսի ցանկացած հետագա հնարավոր տեղաշարժ՝ ի վնաս Իրանի, կարող է երկու կողմերին լարվածության շրջան հետ բերել։
Ընդհանուր հաշվով, Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը Ռայիսիի օրոք կլինի տարածաշրջանային ազդեցության ընդլայնման և արաբ հարևանների հետ լարվածությունը թուլացնելու ցանկության համակցում։ Այնուամենայնիվ, այս մոտեցմանը ներհատուկ հակասությունն անվտանգության տրամաբանության և դիվանագիտական գործիքների միջև կարող է հանգեցնել գործնականում Իրանի ռազմավարության ձախողմանը։
Դոկտոր Համիդրեզա Ազիզին Միջազգային և անվտանգային հարցերի գերմանական ինստիտուտում (SWP) Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի կրթաթոշակակիր գիտաշխատող է Բեռլինում։
Թվիթեր՝ @HamidRezaAz
Թարգմանիչ՝ Մարիամ Անտիկյան (Mariam Antikian): © Բոլոր իրավունքները պաշտպանված են։