Ոսկեղենիկ նախաձեռնության 2021 թ. օգոստոսի հրապարակումները
Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Թարգմանիչների ու խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:
Վահանով կամ վահանի վրա
Հեղհեղուկ է ռազմիկի բախտը, որը վստահ չէ, թե վահանո՞վ տուն կվերադառնա, թե՞ վահանի վրա, բայց գնում է կռվի, քանզի … զինվո´ր է: (ՎՓ, Հետադարձ)
Պլուտարքոսի հավաստմամբ` Սպարտացի մի կին իր որդուն ռազմաճակատ ուղարկելիս նրան վահան է հանձնել հետևյալ պատգամով. «Վահանով կամ վահանի վրա. վերադարձի´ր հաղթանակով կամ զոհվի´ր. թող քեզ բերեն քո վահանի վրա դրած»:
Թևավոր այս խոսքը առաջ է քաշում բացարձակ երկընտրանքի հետևյալ կոնցեպտը` հասնել նպատակին ամեն գնով կամ զոհվել պատվով:
Աղբյուրը՝
1 Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան
- Պ. Բեդիրյան, Հայերենի դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան
Անունդ ինչպե՞ս է/ անունդ ի՞նչ է
Շատ հաճախ մարդու անունը հարցնելիս ասում են՝ «անունդ ինչպե՞ս է»։ Մինչդեռ պետք է ասել՝«անունդ ի՞նչ է»։
«Ինչպես»-ն ու «ինչ»-ը երկուսն էլ հարցական դերանուններ են։ Սակայն «ինչպես» դերանվան կազմության մեջ «պես» ածանցը հուշում է, որ այն հարցադրում է ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի ձևի, եղանակի մասին։ Սա է պատճառը, որ երբ հարցնում են «անունդ ի՞նչպես է», ակամա ուզում ես ասել՝ «լավ է», «վատ է» կամ «վատառողջ է»։
Աղբյուրը՝
- Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան
5-րդ շարասյուն
«Այս սպիտակ ջարդի լավագույն օգնականը սնապարծությունն է, այն հինգերորդ շարասյունը, որ գործում է մեր իսկ ներսում»: (Պարույր Սևակ, «Երկեր»)
«Հինգերորդ շարասյուն» եզրույթը ծագել Է 1936-ի հոկտեմբերին, երբ ֆաշիստական խռովարարները Էմ. Մոլայի գլխավորությամբ չորս շարասյուներով հարձակվում Էին Մադրիդի վրա, իսկ հինգերորդը գործում Էր քաղաքում և վճռական պահին պետք Է թիկունքից հարված հասցներ։ «Հինգերորդ շարասյուն»-ը թիկունքում շփոթություն Էր տարածում, զբաղվում սաբոտաժով, լրտեսությամբ ու դիվերսիայով։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյուն» էին կոչում տարբեր երկրներում գործող նացիստական գործակալությունները, որոնք օգնում Էին ֆաշիստական զորքերին զավթելու այդ երկրները։
Այսպիսով, «Հինգերորդ շարասյուն» արտահայտությունը օգտագործվում է թիկունքում թշնամու օգտին գործող ուժերին բնութագրող տխրահռչակ նշանակությամբ:
Աղբյուրը`
- Պ. Բեդիրյան, Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան
- Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ
Ավելնորդ/ավելորդ
Հայերենում տարածված սխալներից է «ավելորդ» բառի սխալ՝ «ավելնորդ» ձևով գործածությունը: Այդ ն-ի առկայությունը անհիմն է, քանի որ բառը կազմված է «ավել» արմատից և -որդ ածանցից, ինչպես օրինակ «պակասորդ» բառը, որն էլ կազմված է «պակաս» արմատից և -որդ ածանցից: Ուստի պարզ է, որ ն-ի գործածությունը «ավելորդ» բառում միանգամայն ավելորդ է:
Աղբյուրը՝
- Հ. Բարսեղյան, Հայերեն ուղղագրական-ուղղախոսական տերմինաբանական բառարան