Ինչո՞ւ 20-րդ դարը Սադին լուրջ ընդունեց [1]
Ներկայացնում ենք Ժոզե Լինդեքուիստի հարցազրույցը ֆրանսիացի գրող և պրոֆեսոր Էրիկ Մարտիի հետ՝ վերջինիս «Ինչու՞ 20-րդ դարը Սադին լուրջ ընդունեց» գրքի «ինչու»-ների շուրջ:
Ժոզե Լինդեքուիստ — Ձեր գրքի վերնագիրը հարց է պարունակում՝ «ինչո՞ւ», սակայն առաջին իսկ պարբերությունից Դուք կարծես նշում եք, որ բնավ չեք պատասխանելու կամ պատասխանելու եք ոչ ուղղակիորեն․․․
Էրիկ Մարտի — Ինձ թվում է, որ երբեք պետք չէ ուղղակիորեն պատասխանել հարցերին, որ ինքներս մեզ տալիս ենք։ Հարցին պետք է ժամանակ տալ, ինչ-որ առումով նրան իր շանսը թողնել։ Մանավանդ եթե հարց ենք տալիս, նշանակում է, որ նախապես գիտենք, որ պատրաստի պատասխանը, միանշանակ պատասխանը, արագ, թե ոչ, ուղղակի, թե անուղղակի, խաբկանքի ձև է։ Երբեմն հարցն ավելի կարևոր է, քան պատասխանը։ Այս իմաստով վերնագիրը հենց միշտ ընթերցանության ծրագիր է, ընթերցողի ընդունումը ուղղորդելու ձև։ Տալով այս վերնագիրը՝ ես ցանկացել եմ առաջարկել ընթերցողին բացվել այս հարցի առաջ և ուրեմն միանգամից կշռել այն առեղծվածայինն ու անթափանցը, որ կար Սադին լուրջ ընդունելու մեջ, այն անհապավելին, որ կար։
Ժոզե Լինդեքուիստ — Ուրեմն, ինչուին պատասխան չկա՞։
Էրիկ Մարտի — Կա, իհա՛րկե։ Բայց այս հարցի պատասխանները ոչ միայն բազմաթիվ են, այլ նաև տարրասեռ են, նույնիսկ՝ հակասական։ Ահա թե ինչու դրանք իմ գրքում դիդակտիկ կերպով չեն ընդգծված, այլ ի հայտ են գալիս ներակա ձևերով՝ դրանց բազմաքանակությանը տեղ թողնելու համար։ Օրինակ՝ այս հարցին ամենաակնհայտ, ամենաամբողջական և ամենամիանշանակ պատասխանը Սադին լուրջ ընդունելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի համընկնումն է, սարսափի ներխուժումն է պատմության մեջ և սա՝ համաշխարհային մակարդակով․․․ Իմ գրքում այս պատասխանն այսպիսով ի հայտ է գալիս մի մեխանիզմով՝ ընտրված շրջանակելու իմ ուսումնասիրությունների ամբողջությունը երկու նշանավոր անձանց՝ Ադորնոյի ու Պազոլինիի հետ, որոնք բացահայտորեն զուգորդել են Սադին նացիզմի կամ ֆաշիզմի հետ և որոնք, ի դեպ, իմ խոսքի երկու ժամանակային սահմանասյուներն են՝ 1947-1975թթ․։ Սակայն սա ենթադրում է Սադի ընթերցանության մեջ խոր տեղաշարժ՝ առաջին Ժյուստինի անառակ Սադից անցում շատ ավելի ժամանակակից Սադի՝ Ժյուլիետի, 120 օրվա․․․, ցեղասպանությունների, մեծ ջարդերի, Չարի քաղաքականության, այն մեկը, որ երևան է հանում «իշխանական անարխիստի» հրապուրիչ այդ կերպարը, որին Պազոլինին և Ադորնոն տեսնում են որպես ֆաշիզմի սրտում այլասերված ակտիվիստի կերպար։
Ժոզե Լինդեքուիստ — Սա պարադոքս է, քանի որ ֆրանսիացիները ընդհակառակը․․․
Էրիկ Մարտի — Այո, էական պարադոքս կա, քանի որ ի հակադրություն Ադորնոյի՝ գերմանացի, և Պազոլինիի՝ իտալացի, ֆրանսիացիները, որոնց դիտարկում եմ, Կլոսովսկիից մինչև Բարտ, հակառակ ձևով են գործում՝ անջատելով Սադին նացիզմի հետ ցանկացած կապից, աշխատելով, ընդհակառակը, զարմանալիորեն շինծու ձևով թույլ չտալ այդ զուգորդումը և այդ աշխատանքով բացահայտելով որոշ տեսական գործիքներ, որոնք կլինեն ժամանակակիցների ապրանքանիշը․․․ Սա այն է, ինչ ես ցույց եմ տալիս մասնավորապես Բատայի միջոցով, որի դերը հիմնարար է Սադին պատսպարելու մեջ։ Խոսքը և խոսքի հետ հարաբերությունը դառնում են տրամաբերությունների (դիսկուրս) գնահատման միակ գործառնողը․ ինչ վերաբերում է բարոյական դիրքորոշումներին, ապա դրանք դադարել են կարևոր լինելուց։ Սադի շրջումը ազատարար կերպարի հնարավոր է միայն նշանակչի մաքուր տրամաբանությանն անցումով, ասութային դիրքորոշումների տրամաբանություն, և՝ գիտակցության, բարու, ընտրության և այլն, ինչպիսին որ դրանք ի հայտ են գալիս օրինակ՝ Սարտրի մոտ՝ կատեգորիաները փակագծերում առնելով։ Այստեղից էլ այն փաստը, որ եթե դարը սադյան է, ապա Սարտրն ի հայտ է գալիս որպես հակաարդիական կերպար․․․ Ոչինչ ավելի հետաքրքիր չէ, քան տեսնել Բատայի, Ֆուկոյի, Լականի և Սարտրի անդրադարձ հակադիր տեսակետները։ Այդ ժամանակ շատ լավ երևում է, որ «Ինչու․․․»-ի պատասխանը հնարավոր չէ ուղիղ, անցողական և միանշանակ ձևով։ «Ինչու»-ն ենթադրում է դիալեկտիկական պատասխան՝ ինքնին ուրեմն առնված օբյեկտիվ և սուբյեկտիվ հակասությունների մեջ՝ կապված այդ լուրջ ընդունելու հետ, հակասություններ և լարվածություններ, որ հատկապես վերացնել չէր կարելի, որ անհրաժեշտ էր, ընդհակառակը, ծավալել։ Այս առումով ուրեմն իմ գիրքը մի հարցի ցուցադրումն է։ Գրազախաղն այն է, որ հարցի այդ ցուցադրումից սկսած՝ հնարավոր կդառնա ճիշտ պատասխաններ ձևակերպել։ Ի դեպ, եթե «ինչու» բառը նայեք բառարանում, սահմանումը ոչ մի դեպքում ձեզ չի դրդում պատասխանել որովհետևով․․․
Ժոզե Լինդեքուիստ — Քանի որ վերնագրի մասին էինք խոսում, մի քանի բառ «լուրջ»-ի մասին․․․
Էրիկ Մարտի — Կարծեմ ինչ-որ մեկն ասել էր, որ 20-րդ դարը իրականի դարն էր։ Սա միգուցե մի քիչ համառոտ է, բայց եթե պարզ տիպաբանական ռեֆլեքսով առաջնորդվենք, ապա 20-րդ դարը մեծամասամբ լրջի դարն է նախորդ այն դարերից հետո, որոնք հաճույքի՝ 18-րդ, հետո ձանձրույթի՝ 19-րդ, դարերն էին․․․ Այս լուրջը էլ ավելի շեշտադրվում և ի ցույց է դրվում 20-րդ դարի երկրորդ կեսին։ Սադն այդ ժամանակ այլակերպված է, կարելի է ասել տարանցված այս լրջով, որի հիմնարար կերպարը Մորիս Բլանշոն է։ Եթե Սադին լուրջ են ընդունում, ապա նախևառաջ, միգուցե, քանի որ ժամանակակիցները ընթերցելու ակտը հասցրել են շիկացածության ծայրահեղ աստիճանի։ Ընթերցելը ինտեսնսիվ ակտ է․․․
Ժոզե Լինդեքուիստ — Ընդ որում մինչև իսկ Սադի այլանդակում ինչ-որ առումով․․․
Էրիկ Մարտի — Այլանդակում գուցե ոչ․․․ բայց նրա սեփականացում, անկասկած, քանի որ Սադը դարձել էր առանց սահմանների պրոյեկտման մակերևույթ։ Ինձ թվում է, որ առաջինը՝ Կլոսովսկին, գլխավոր աշխատանքն է անում, իշխանական անարխիստի կերպարը փոխարինում է հեղափոխական խռովարարի կերպարով, բայց առավել՝ հեղափոխական տիրոջ կերպարով․․․ և, ուրեմն, իր ժամանակակիցներին առաջարկում է «Տիրոջ» կերպարը՝ համակված Հեղափոխության քաոսով և համակելով այդ քաոսը։ Ակնհայտորեն գայթակղիչ առիթ՝ դուրս պրծնելու համար այն չարագուշակ դիրքորոշումից, որում դարը ֆիքսում է մտավորականին, այդ 50-ական թվականները, ինչը շատ անգամ նշանակում է դատապարտված լինել Համաշխարհային պետության ապագա ծառայող Ֆրանսիական կոմունիստական կուսակցության (PCF) ճամփակցի դիրքորոշմանը ․․․
Ժոզե Լինդեքուիստ — Կլոսովսկին առաջինն է, բայց միակը չէ․․․ Բոլորն են մասնակցում այս տեսակի գործառնությունների․․․
Էրիկ Մարտի — Իհարկե, Բլանշոն Սադին նույնիսկ դարձնում է հեղափոխական մարտնչող, Սարսափի մարդու այլաբանական կերպար, մինչդեռ չի անտեսում այն փաստը, որ Սադը եղել է Սարսափի զոհը․․․ ընդհակառակը՝ նա այդ պատմական հակասությունից տրամաբանական փաստարկ է դուրս բերում՝ որպես զուտ թյուրիմացության կերպար, մի զուտ թյուրիմացության, որ իրականում հաստատում է Սադի ու Սեն-Ժյուստի կապը․․․ Այս գործառնությունը գին ունի, այն է՝ գրեթե ամբողջովին ջնջել սադյան տեքստի սեքսուալ, պոռնոգրաֆիական, անպարկեշտ չափումը։ Բլանշոյի համար Սադը ոճրի, ուրիշի անդրանցական ժխտման, ջարդի գրողն է․․․ Օրգիան, վայելքը, մարմինը և սեքսը մասամբ ջնջված են․․․ Մյուսները հետ չեն մնում․․․ Ֆուկոն, Լականը․․․
Ժոզե Լինդեքուիստ — Օրինա՞կ։
Էրիկ Մարտի — Ֆուկոն շատ հետաքրքիր դեպք է։ Սադն ի հայտ է գալիս նրա Խելագարության պատմություն-ով՝ իր քաղաքական ու փիլիսոփայական մարտավարությամբ հազվագյուտ բարդության գիրք․․․ Հապճեպ ասած՝ Սադը ինչ-որ իմաստով դառնում է Տերը՝ հանդիսավոր բացման կերպարը մի շքախմբի, որի անունները գալիս են ինչպես մաթեմատիկական հաջորդականություն՝ Հյոլդեռլին, Ներվալ, Գոյա, Նիցշե, Վան Գոգ, Արտո․․․ Շարքից հանվում է մեկ այլ հնարավոր անուն՝ Ռուսոն։ Սադը ներկայացվում է որպես մեկը, ով դիմադրում է հոգեբույժի հայացքին, ինչպես մեկը, ով պահպանում է ցնորքի օրինազանց ուժերը՝ առանց երբևէ ընկնելու բժշկական խանգարման մեջ, որ հենց «խելագարությունն» է։ Արդ, Ֆուկոյի կատարած աշխատանքում էական բառ է պակասում՝ «այլասերվածը»․․․ Եթե Սադը հերոսաբար դիմադրում է հոգեբուժական տրամաբերությանն (դիսկուրս) ու հայացքին, ապա հենց այն պատճառով, որ «խելագար» չէ, այն պատճառով, որ այլասերված է։ Ֆուկոյի շատ մտքեր ավելի հասկանալի կլինեին, եթե լրջորեն հետաքրքրվեինք այլասերության կատեգորիայի ֆուկալդյան խուսափողականությամբ՝ նվազականացմամբ, որ կա նրա մոտ։ Այդ դեպքում ավելի լավ կհասկանայինք շրջման այն բռնությունը, որ նա գործառնում է 1974-1975 թվականներից սկսած Սադի վերաբերյալ, որը դառնում է «սեքսի սերժանտ»․․․
Ժոզե Լինդեքուիստ — Այո, Ձեր գիրքը գրավիչ է ոչ միայն որովհետև ակնհայտ է դարձնում լուրջ ընդունումների տարատեսակությունը, այլ նաև յուրաքանչյուր դեպքի համար ցույց տալով լրջի ներքին տարասեռությունը և բազմաթիվ շրջումները․․․
Էրիկ Մարտի — Իրականում միայն Ֆուկոն չէ, որ շրջվում է․․․ Բլանշոն նույնպես, ամենաոգեվառը, ամենախենթ սադյանը Անխոստովանելի ընդհանրությունում (La Communauté inavouable) գործառնում է նույնքան տպավորիչ ուրացում, որտեղ Դյուրասի Մահվան հիվանդության (La Maladie de la mort) ընթերցանության միջոցով Անկարության ինչ-որ ջատագովական խորհրդածությամբ է, որ Սադը հաղթահարվում է․․․ սադյան ապատիային հաջորդում է ապատիայի մեկ այլ ձև՝ բոլորովին այլ և նույնիսկ միաժամանակ, որը ոչ-հարաբերության ապատիա է․․․
Ժոզե Լինդեքուիստ — Իսկ Լակա՞նը, որը Ձեր գրքի կենտրոնում է և որին նվիրված գլուխն ամենաերկարն է և, միգուցե, ամենակարևորը։
Էրիկ Մարտի — Լականը խանդավառորեն է անցնում սադյան ստեղծագործության միջով իր Հոգեվերլուծության բարոյագիտությունը (1959-1960) դասընթացում, որպեսզի 1963-ին իր «Կանտը Սադի հետ» տեքստում ոչնչացնի իր սեփական ոգևորությունը՝ վերջին էջերում ընդունելով կլինիցիստի գոռոզ տոն, որը այլասերվածին դաս է տալիս և ցույց է տալիս նրան իր անհաջողությունն ու ձախողումը․․․ Գիտենք այդ երգը, այլասերվածը հիրավի օրենքի լավագույն ծառայողն է։ Արդ, երեք տարի առաջ արված դասընթացը լիովին այլ բան է ասում․․․ միգուցե քանի որ հատկանշված է լականյան երևակայությամբ։ Երկու օրինակ, շատ արագ։ Սադը նախ և առաջ լականյան տեսիլքին աշխարհի վերջի, ապոկալիպսիսի, «վերջին օրերի» կարևորագույն նշանակիչն է տալիս։ Սա հիմնարար գաղափարն է, որ Սադի հետ մահվան մղման՝ որպես «պատմային» ֆենոմենի ներխուժումը հաստատվում է։ Սադի հետ մահվան մղումը բացահայտվում է որպես մարդկային սուբյեկտի պատմայնության հիմարար հատկանիշ․․․ Եվ լականյան ապոկալիպտիկ տեսիլքի ողջ հմայիչ վերլուծությունն է, որ, իմ կարծիքով, առնված է երկակի հակիմաստության մեջ, մի կողմից Լականինը՝ Սադի մոտ «երկրորդ մահվան» զգայապատրանքը ստեղծելով՝ բեղուն հակիմաստ, և մյուսը՝ ստերջ, որ գալիս է որոշ լականականներից՝ կապված մահվան պատմայնության շուրջ Լականի ու Հայդեգերի միջև եղած մերձության հետ․․․ Իմ կարծիքով, Սադն է մահվան շուրջ լականյան անդրադարձման իրական վետկորը և ոչ թե Հայդեգերի գերմանական մտածողությունը․․․ Տեսիլային մյուս կետը, որ հայտնաբերում եմ, Գեղեցկության շուրջ է, Ժյուստինից Անտիգոնեին անցնումը, սադյան մի Անտիգոնե՝ նույնպես դիտարկված որպես սադյան բեմանկարչական տարածքում զգայախաբության ենթարկված․․․
Ժոզե Լինդեքուիստ — Ուրեմն, արդյոք Սադը ժամանակակից մտավորական դաշտի ներսում բարդ մարտավարությունների մեջ տամայաքա՞ր է, թե՞ ընդհակառակը՝ զառանցանքների, շատ գեղեցիկ զառանցանքների ոգեշնչողը․․․
Էրիկ Մարտի — Դըլյոզի դեպքը, եթե չի լուսաբանում հարցը, ապա տալիս է այդ հարցը․․․ Դըլյոզը տարօրինակ բացառություն է․․․ Այդ ողջ սադյան ոգևորության մեջ, այսինքն՝ 1960-ականների սկզբին, նա ընտրում է Զախեր-Մազոխին՝ ընդդեմ Սադի․․․ Միգուցե տարբերակման ու պայծառատեսության մարտավարության խառնուրդ Սադի անվան, իսկ նշանակչի անշարժացնող ազդեցության թակարդը գցող բնույթի նկատմամբ․․․ Զախեր-Մազոխը նրա համար միջոց է՝ հնարելու սադիզմ առանց սադի, սադիզմ զոհի տեսանկյունից, այինքն՝ կառուցված մազոխիստ զոհի կողմից՝ որպես իր սեփական դահճին մի կողմից մյուսը սերող՝ նրան տալով այնպիսի հատկանիշներ, որոնք Դըլյոզի համար կդառնան արդիականության նկատմամբ տարակարծության կարևոր կետեր, և որը Հակա-Էդիպը ի ցույց կդնի բանավիճային ձևով․․․ Մնում է, ուրեմն, «մազոխիզմի» կողմից արտոնված այդ առեղծվածային ու անդրադարձ կերպարը՝ «նոր մարդու», «առանց սեռականության մարդու», այդ «զուտ ապասեռականը», հետո այդ «առանց օրգանների մարմինը»՝ անհասկանալի մազոխիստ հիմնարար կերպարից դուրս, որին մթագնում է ամորձատման (castration) էզոտերիկ գովքը և որը միգուցե անմասն չէ անկարության մասին Բլանշոյի վերջնական տրամաբերությունից․․․
Ժոզե Լինդեքուիստ — Եվ վերջում, Ձեր գրքի վերջաբանում՝ Լևինա՞ս։ Ծաղրակա՞ն վերջ։ Սադյա՞ն։
Էրիկ Մարտի — Հաստատ է այն, որ եթե Լևինասը անկասկած երբեք չի կարդացել Սադ, և համենայն դեպս երբեք նրա մասին չի խոսել, ապա նա է, որ ժամանակակիցների մեջ դիտարկում է հնարավորությունը, որ «մերձակիցը» լինի հենց սադյան մարդասպանը․․․ Հնարավոր է, որ միայն Աստված է, որ թույլ չի տալիս լևինասյան աշխարհին լինել մաքուր դաժանության աշխարհը, նկատում էր Դերիդան՝ անիրավացիորեն նրան դրանում հանդիմանելով․․․ Եթե միայն Աստված է խանգարում դրան, ուրեմն նշանակում է, որ այդ աշխարհը՝ սադյան աշխարհը, պատկերացնելի է, որ ներունակորեն հնարավոր է, կարճ ասած, որ սադյան վարկածը պետք է լուրջ ընդունել․․․ Ահա թե ինչու, գրքիս ամենավերջում՝ Պազոլինիի Սալո-ի վերլուծությունից սկսած, որն անմոռանալի կերպով բեմականացնում է սադյան աշխարհը, ես հարցաքննում եմ իրականում, թե Լևինասն ինչ կարող է մեզ ասել դրա մասին՝ տեսիլքից անդին․․․
[1] Այս հոդվածի վերնագիրը համանուն է Էրիկ Մարտիի գրքին․ «Ինչու՞ 20-րդ դարը Սադին լուրջ ընդունեց», Փարիզ, Le Seuil, 2011։Ծանոթագրություն
Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։