Ոսկեղենիկ #14

Ոսկեղենիկ նախաձեռնության 2021 թ. սեպտեմբերի հրապարակումները

Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Թարգմանիչների ու խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:

Լակոնիկ պատասխան/լակոնիկ ոճ

«Եթե ես ներխուժեմ Լակոնիա, այն կկործանվի ու այլևս երբեք ոտքի չի կանգնի»:

«ԵԹԵ»:

Այս զրույցը լակոնացիների սեղմ և դիպուկ խոսելաոճի խոսուն առհավատչյաներից է:

Ֆիլիպ 2-րդ Մակեդոնացին, աջ ու ձախ նվաճելով հունական քաղաք-պետությունները, հասավ Սպարտային` ուղարկելով տեղացիներին վերոհիշյալ սպառնալիքը` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ լակոնացիները խոսքի պատերազմներում երբեք չեն պարտվում:

Հին հույն հեղինակների հավաստմամբ` Հունաստանի հարավում գտնվող Լակոնիայում ապրող սպարտացիները կարճառոտ  խոսքի վարպետներ էին: Նրանք չէին սիրում ճամարտակել, փոխարենը իրենց մտքերի սուր ձևակերպումներով  զրուցակցին կարող էին պապանձեցնել:

Դե իսկ լակոնիզմ, լակոնական ոճ արտահայտությունները նշանակում են հակիրճ, կտրուկ խոսք:

Աղբյուրը`

  1. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ

Նոթբուքեր/նոթբուքներ

Երբեմն հայերենում գործածվող օտար բառերի հոգնակին կազմվում է -եր-ով, մինչդեռ պետք է կազմել -ներ, օրինակ՝ նոթբուքեր, ֆլեշմոբեր և այլն: Մինչդեռ պետք է լինի՝ նոթբուքներ, ֆլեշմոբներ:

Ինչու՞:

Քանի որ հայերենում բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է -ներ մասնիկով, ոչ թե -եր-ով: Միայն այն բազմավանկ բառերի հոգնակին է կազմվում -եր-ով, որոնց վերջին բաղադրիչը միավանկ է, օրինակ՝ լրագրեր, ստվարաթղթեր:

Բայց քանի որ հայերենում գործածվող օտար բառերը մենք չենք կարող բառակազմորեն մասերի բաժանել, մեզ մնում է դրանք դիտարկել որպես պարզ բազմավանկ բառեր՝ անկախ նրանից, թե տվյալ լեզում այդ բառերը բառակազմորեն ինչպիսին են: Ուստի օտար բազմավանկ բառերի հոգնակին հայերենում պետք է կազմել -ներ-ով՝ նոթբուքներ, ֆլեշմոբներ և այլն: 

Աղբյուրը`

Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն

Persona non grata

«Նրա դերակատարությունն իմ կյանքում գերարժևորված էր, և ես ոչ մի պարագայում պերսոնա նոն գրատա հայտարարել նրան չէի կարող»:

 «Պերսոնա նոն գրատա» (persona non grata) լատիներեն արտահայտությունը բառացի թարգմանաբար նշանակում է անցանկալի անձնավորություն: Այն առավելապես կիրառելի է որպես դիվանագիտական եզրույթ. նշանակում է անձ, որի թեկնածությունը  որևէ պետության դիվանագետի պաշտոնում մերժված է այդ պետության կողմից:

Հաճախ կարելի է հանդիպել նաև պերսոնա գրատա եզրույթին, որը, ակնհայտ է, ունի հակադիր իմաստ` անձ, որի թեկնածությունը  որևէ պետության դիվանագետի պաշտոնում հովանավորված է այդ պետության կողմից:

Աղբյուրը`

  1. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ

Հայերեն լեզու/անգլերեն լեզու

Լեզուների անունները հաճախ հանդիպում են սխալ կիրառությամբ, օրինակ՝ անգլերեն լեզու, ռուսերեն լեզու, գերմաներեն լեզու և այլն։ Այս օրինակներում «լեզու» բառը ավելորդ է, քանի որ «անգլերեն», «ռուսերեն», «գերմաներեն» բառերի կազմության մեջ առկա -երեն վերջածանցը արդեն իսկ հուշում է, որ խոսքը լեզվի մասին է։

Այսպիսով՝ հայոց լեզու կամ հայերեն, բայց ոչ՝ հայերեն լեզու, ռուսաց լեզու կամ ռուսերեն, բայց ոչ՝ ռուսերեն լեզու։ Օրինակ՝ «Ուսումնական կենտրոնում իրականացվում են հայոց լեզվի/հայերենի, ռուսաց լեզվի/ռուսերենի, անգլերենի, գերմաներենի դասընթացներ»։

Աղբյուրը՝

  1. Ս. Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան

#Մայրենի #ԹևավորԱրտահայտություն #ՍխալներիՈւղղում