Րաֆֆին Արեւելյան Հայոց ռուսական օրիենտացիայի մասին

Արշակ Ջամալյան. Րաֆֆին Արեւելյան Հայոց ռուսական օրիենտացիայի մասին

Շարունակելով կայքում ներկայացնել Ղարաբաղյան շարժմանը նախորդող հայկական քաղաքական հոսանքների պատմությունը, հրապարակում ենք հատվածներ Րաֆֆու «Խամսայի մելիքություններ»-ին նվիրված Արշակ Ջամալյանի ծավալուն վերլուծությունից, որը տպվել է «Հայրենիք» ամսագրում 1937 թվականի երկրորդ կեսին: Ջամալյանի հոդվածը սոսկ գրախոսական չէ, ոչ էլ պարզապես տեքստային վերլուծություն, այլ բացահայտում է Րաֆֆու երկի թաքնված ուղերձը, որն ըստ Ջամալյանի՝ ոչ միայն Տաճկահայաստանի, այլեւ Ռուսահայաստանի անկախության գաղափարն է: 

 

Արշակ Ջամալյանը (1882-1940) եղել է 20-րդ դարի առաջին կեսի աչքի ընկնող քաղաքական գործիչ, Դաշնակցության անդամ, Առաջին Հանրապետության օրոք Հայաստանի դեսպան Վրաստանում, ապա զինհավաքման արտակարգ կոմիսար եւ հաղորդակցության նախարար: Իր համոզմունքներով անկախական, հակասովետական գծի կողմնակից, որի պատճառով, ինչպես եւ այդ գծի մյուս ներկայացուցիչները, պիտակավորվել է որպես թրքասեր հակառակ ուղղության ներկայացուցիչների կողմից (Շահան Նաթալի եւ այլք): 

 

Ներկայացնում ենք հոդվածի ներածական մասը՝ լուրջ կրճատումներով: Կրճատել ենք ա՛յն հատվածները, որոնք անմիջական կապ չունեն հոդվածի հիմնական ասելիքի հետ:          Hambardzum.am                             

* * * 

Րաֆֆին Արեւելեան Հայոց ռուսական օրիէնտասիոնի մասին 

․․․

Րաֆֆիի քաղաքական գաղափարների մի մասը, որ առնչութիւն ունի Թիւրքահայաստանի ազատագրութեան գործի հետ, որոշ չափով քննուած է մեր գրականութեան մէջ։․․․

Համեմատաբար շատ քիչ է խօսուած այն մասին, թէ ի՞նչ հայեացքներ ունէր Րաֆֆին Արեւելեան Հայաստանի ազատագրութեան վերաբերեալ հարցերում։ Այս մասին այնքան քիչ է խօսուած, որ շատերը կարծում են թէ այդպիսի հարց գոյութիւն էլ չէ ունեցել Րաֆֆիի համար։

Եւ, իրօք, Րաֆֆին Արեւելեան Հայաստանի ազատութեան հարցը այնպիսի յստակութեամբ եւ դրական ձեւով չէ արծարծել, ինչպէս Թիւրքահայաստանի հարցը։ Սակայն, նա կարո՞ղ էր այլ կերպ վարուել այն ժամանակուան գրաքննական դաժան պայմաններում։ Արեւելեան Հայաստանի ազատութեան մասին խօսել՝ նշանակում էր ռուսական տիրապետութեան դէմ խօսիլ։ Իսկ սա անհնարին էր ակնյայտ ձեւով անել այն ժամանակ, երբ Ռուսաստանում Աղեքսանդր Գ․֊ի «կնուտն» (մտրակ) էր իշխում եւ երբ Արեւելեան կամ Կովկասեան Հայաստանի եկեղեցական-մշակութային ինքնավարութեան ողորմելի փշրանքներն էլ սկսել էին փուչ դառնալ ռուսական սատրապների աչքերում․․․

Այսուհանդերձ, հայութեան մի մեծ հատուածի՝ արեւելեան կամ կովկասեան հայութեան ճակատագիրը չէր կարող վրիպել Րաֆֆիի ուշադրութիւնից։ Եւ մեր նպատակն է ցոյց տալ, որ Րաֆֆին, ժամանակի գրաքննական պայմաններին պէտք եղած հարկը տալով հանդերձ, արտայայտւում է այն քաղաքական սխալների մասին, որոնք բախտորոշ նշանակութիւն ունեցան Արեւելեան Հայաստանի համար՝ նրան ռուսական երկաթեայ կրունկների տակ դնելով։

Այս դժուարին աշխատանքը կատարում է Րաֆֆին՝ անմեղ պատմագրութեան նիւթ դարձնելով Արեւելեան Հայաստանի մի անկիւնում՝ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձութիւնները 17-րդ դարուց սկսած մինչեւ 19-րդ դարու երկրորդ քառորդը։ Մեր խօսքը վերաբերում է Րաֆֆիի «Խամսայի Մելիքութիւնները» կոչուած գրուածքին։

Այս երկի մէջ Րաֆֆին, պատմական դէպքերն ու ժողովրդական աւանդութիւնների իրար խառնելով, արտաքին-քաղաքական իրադարձութիւններն ու ազգային-մշակութային հարցերը իրար կցելով եւ, վերջապէս, իր քաղաքական դատողութիւնները կողմնակի հարցերով հապշտապ ընդմիջելով՝ պատմագրում է 1600-1828-ի ընթացքին Ղարաբաղում եւ նրա շուրջը տեղի ունեցած քաղաքական դէպքերը։

Շարադրութեան այս անկարգութիւնը, որ հարկադրում է հեղինակին յաճախակի կրկնութիւններ անել պատմութեան թելը չկորցնելու համար, շատերը բացատրում են նրանով, որ Րաֆֆին, ստիպուած լինելով գրածը օրը-օրին լոյս ընծայել «Մշակ» թերթում, ժամանակ չէ ունեցել կանոնաւոր սիստեմի տակ դնել իր ժողոված պատմական նիւթը։ Այս բացատրութիւնը, անշուշտ, զուրկ չէ ճշմարտութիւնից։ Բայց եթէ սա միակ ճշմարտութիւնը լինէր՝ կարելի կը լինէր սպասել, որ Րաֆֆին, 1882 թուին, երբ առանձին հատորով լոյս ընծայեց «Խամսայի Մելիքութիւնները», անհրաժեշտ շտկումները կատարէր նրա շարադրութեան մէջ։ Եւ եթէ Րաֆֆին դպրոցական աշակերտի համար էլ զգալի այս պահանջը չկատարեց, դա, մեր կարծիքով, բացատրւում է մի այլ հանգամանքով ― Րաֆֆին գիտակցում էր, որ եթէ այս երկը շարադրուէր այնպէս, ինչպէս պէտք էր, իր քաղաքական միտումները յստակ կերպով աչքի կը զարնէին՝ եւ ռուսական գրաքննութիւնը երբեք թոյլ չէր տայ, որ «Խամսայի Մելիքութիւնները» լոյս աշխարհ տեսնի։

Այս բանում ընթերցողը առիթ կ’ունենայ համոզուելու՝ կարդալով ներկայ ուսումնասիրութիւնը, որի նպատակն է երեւան հանել Րաֆֆիի տեսկէտները արեւելեան հայութեան քաղաքական օրիենտասիոնի մասին, ինչ չափով որ այդ տեսակէտները արտայայտուած են «Խամսայի Մելիքութիւնները» գրքին մէջ։․․․

․․․Բազմաթիւ նեղութիւններ կրելով՝ Րաֆֆին, վերջապէս, վերադառնում է Թիֆլիս, բեռնաւորուած բաւական հետաքրքրաշարժ նիւթերով՝ Խամսայի մելիքութիւնների պատմութեան վերաբերեալ։ Սակայն այս նիւթերը դեռ պէտք էր խնամքով մաղել՝ իրաւն ու սուտը, իրականն ու երեւակայականը իրարից զատել, դէպքերի ժամանակագրութիւնը ճշտել, գործող անձանց դիմագծութիւնների մէջ աչքի ընկած շփոթը վերացնել, եւն․, եւն․։ Այս աշխատանքն էլ համեմատական եղանակով եւ արդէն հրատարակուած հայկական եւ ռուսական աղբիւրների օգնութեամբ կատարելով՝ Րաֆֆին, իր ուժերը ներածին չափով, վերականգնում է մի հոյակապ պատմական իրականութիւն, որ զարմանք է պատճառում սովորական ընթերցողին եւ թերահաւատութիւն առաջ բերում բանասէրների շրջանում։

«Մի՞թէ մենք ունեցել ենք Ղարաբաղում այսպիսի իշխանութիւններ․ եթէ կային՝ ինչո՞ւ մենք չգիտէինք»․․․ հարցնում են այս թերահաւատները՝ կարդալով «Խամսայի Մելիքութիւնները» «Մշակ»-ի թերթօններում (369)։ Րաֆֆին, արդարացի հեգնութեամբ նկատում է․ «Այդ մարդիկը, որոնք Վանի բեւեռագրերի վրայ դատողութիւններ են անում, որոնք Ջրհեղեղեան անցքերի վրայ են խօսում․․․ իրենց քթի տակ, մեզնից կէս դար առաջ կատարուած իրողութիւնների վրայ նայում են իբրեւ առասպել, իբրեւ ֆանտազիայի ծնունդ» (370)։․․․

․․․ չարքաշ եւ այսքան չգնահատուած աշխատանքի գնով է նուիրուել Րաֆֆին մեր մօտիկ անցեալի պատմութեան ուսումնասիրութեանը, որպէսզի մենք խրատ առնենք այդ պատմութիւնից եւ զգուշանանք մեր «նախահարց սխալներից»։

Թէ ինչո՞ւմն էր տեսնում Րաֆֆին մեր «նախահարց սխալները» դա մենք յոյս ունինք յստակօրէն ցոյց տալ ներկայ ուսումնասիրութեան մէջ։ Իսկ թէ ի՞նչ չափով Րաֆֆիին յաջորդած սերունդները խրատուեցին այս մեծ հայրենասէրի մատնանշած սխալներից՝ այդ մասին դատողութիւն կարող է կազմել ինքը՝ ընթերցողը՝ ուսումնասիրելով այն քաղաքական իրադարձութիւնները, որ ընկած են Րաֆֆիի փայլուն երազների եւ այսօրուան ողբալի իրականութեան միջեւ․․․

I․ Ղարաբաղի Մելիքութիւնները նախքան ռուսների հաստատուիլը Անդրկովկասում

Ղարաբաղի հինգ մելիքութիւնները ― Գիւլիստան, Ջրաբերդ, Խաչէն, Վարանդա եւ Տիզակ ― բռնում էին հին հայոց Արցախի նահանգը եւ Ուտեաց ու Սիւնեաց նահանգների որոշ մասերը։ Մօտ 10 հազար քառ․ կիլոմետր տարածութեամբ, լեռնային մի երկիր է սա՝ ընկած Քուռ եւ Երասխ գետերի միջեւ, կտրտուած բարձրաբերձ լեռներով եւ անդնդախոր ձորերով։….

Այս ժողովուրդը, մինչեւ 18-րդ դարու վերջերը, այսինքն մինչեւ ռուսների գալը, զուտ հայկական էր։ Մասնաւորապէս լեռնային Ղարաբաղում, հայ մելիքները ոչ մի կերպով թոյլ չէին տալիս, որ մահմետականներ հաստատուեն։․․․Ղարաբաղի հայ ժողովուրդը բաղկացած էր, գրեթէ ամբողջովին, գիւղացիներից, որովհետեւ մելիքների ոստաններն էլ՝ մէջը լինելով Ջրաբերդի «Մայրաքաղաքը» կամ «Քղաքատեղը»՝ ոչ այլ ինչ էին, բայց եթէ խոշոր գիւղեր կամ աւաններ։ Նրա գլխաւոր զբաղմունքներն էին երկրագործութիւն, անասնապահութիւն եւ․․․կռիւներ։ Կռիւներն այնքան յաճախ էին այս երկրում, որ մշտական զբաղումի կարգը կարող են դասուել։

Սակայն, Ղարաբաղի հայ գիւղացիութիւնը այս իրաւազուրկ վիճակը չունէր, ինչ որ ունէին, օրինակ, Վրաստանի եւ մանաւանդ Ռուսաստանի ճորտ գիւղացիք, «որոնց մինչեւ անգամ որսորդական շների հետ էին փոխում» (314)։

Ճիշդ է, ղարաբաղցի գիւղացին իր երկրագործական բերքերից տասանորդ (չոփ բաչի) էր տալիս գիւղատիրոջը, որ կարող էր լինել մի մելիք կամ մի վանք, բայց նա լիակատար սեփականատէրն էր իր հողի՝ ազատ վաճառելու, գրաւ դնելու կամ հարեւանից գնելով մեծացնելու այդ հողը։ Գիւղատէրը ոչ միայն իրաւունք չունէր մի գիւղացու ձեռքում գտնւած հողը խլել եւ միւսին տալ, այլ եւ չէր կարող գիւղական համայնքի հողերի վրայ վարուցանքս անել։ Նա կարող էր միայն իր անձի վրայ իբրեւ սեփականութիւն արձանագրուած հողերը մշակել կամ մշակել տալ (315-316)։

Բացի տասանորդ պարտականութիւնից, ղարաբաղցի գիւղացին, անշուշտ, կոռուրէգեառի պարտականութիւններ եւս ունէր գիւղատիրոջ հանդէպ, որպիսիք էին նրա համար «հաց եւ փորի» կամ ձրի զանազան տնային եւ այլ աշխատանքներ կատարելը։ Բայց այս ամէնը շատ հեռու էին այն անձնական իրաւազրկութիւնից, որին ենթարկուած էին ճորտերը։ Ընդհանրապէս «հայ ժողովուրդը սովորած չէր ճորտութեան։ Թէ՛ Հայաստանի անկախութեան ժամանակ, թէ՛ պարսից եւ օսմանցիների տիրապետութեան ժամանակներում, հայ ժողովուրդը վայելում էր կատարեալ ազատութիւն» (228)։ Այսպէս էլ ղարաբաղցի գիւղացին․ նա միշտ ազատ էր ծախելու իր տունն ու տեղը եւ՝ իր մելիքի կամ գիւղատիրոջ հպատակութիւնից հեռանալով՝ ուրիշ տեղ բնակութիւն հաստատել։

Այս է պատճառը, որ 18-րդ դարու վերջին, սովի ու ժանտախտի պատճառով, Ղարաբաղից Վրաստան գաղթած հայ գիւղացիներին սոսկալի ծանր էր գալիս, երբ «վրաց իշխանները ստիպում էին նրանց ճորտ գրուեն, որպէսզի փոխարէնը կերակրեն նրանց» (227) ինչպէս որ, նման պարագաներում, կերակրում էին իրենց վրացի ճորտերին։ Անձնական ազատութեան պահանջն այնպէս զօրեղ էր ղարաբաղցի գիւղացիների մէջ, որ նոյն ժամանակներում Վրաստան գաղթած հայ մելիքները՝ հետամուտ լինելով հանդերձ, որ իրենց վաղեմի իրաւունքները Վրաստան գաղթած Ղարաբաղի ժողովրդի վրայ ճանաչուեն եւ օրինականացուեն՝ չէին էլ մտածում այդ ժողովուրդը ճորտացնելու մասին, մինչդեռ իրենց հարեւան վրացի իշխանների համար միանգամայն բանական բան էր ճորտատիրական իրաւունքը հպատակ ժողովրդի վրայ (259)։․․․

 Մելիքների իշխանութիւնը ինչպէս երեւում է «կանոնաւոր ձեւ ստացաւ Շահ Աբաս Մեծի օրերից» (2) բայց անյայտ է մնում, թէ ինչո՛ւմ է կայանում այդ կանոնաւորութիւնը։

Յայտնի է, սակայն, որ Սիւնիքի, Երեւանի, Գանձակի, Շիրվանի, Շաքիի եւ պարսկահայկական միւս գաւառների հայ մելիքները կրկնակի վասալական կախման մէջին էին գտնւում։ Նրանք անմիջականօրէն ենթակայ էին Շահի կողմից հաստատուած որեւէ Խանի կամ կառավարչի իշխանութեանը  եւ ապա՝ վերջինիս միջոցով՝ նաեւ Իրանի Շահն Շահին կամ կենտրոնական կառավարութեանը։

Խաների կամ կառավարիչների իրաւասութիւնները ենթակայ հայ մելիքների նկատմամբ յստակապէս ճշդուած չլինելով՝ տեղից-տեղ եւ անձից-անձ լայնանում եւ նեղանում էին։ Ընդհանրապէս, սակայն, նրանք չէին միջամտում մելիքների եւ սրանց հպատակների յարաբերութիւններին եւ, առանց բացառիկ պատճառների, ձեռք չէին տալիս մելիքների ժառանգական իրաւունքներին։ Նրանք պետութեան կողմից նշանակուած վերահսկողի եւ հարկահանի դեր էին կատարում, եւ հայ մելիքների ճարպիկութիւնից եւ հմտութիւնից էր կախուած այնպէս անել, որ Խանի աչքը իրենց վրայ «քաղցր լինի» եւ իրենք զերծ մնան անհարկի կեղեքումներից եւ կամայականութիւններից։

Ի հարկէ այս մելիքներին ենթակայ հայ ժողովրդի վիճակը ծանր էր․ նա պէտք է այնքան տուրք տար իր հասոյթներից, որ գոհացնէր ե՛ւ մելիքների ե՛ւ խաների ե՛ւ Շահն Շահի ընչաքաղցութիւնը, մանաւանդ որ վերջինիս համար որոշ սահմաններ չէին գծուած օրէնքով։ Բացի սրանից՝ Խաներն ու կառավարիչները ինքնիշխան կերպով սրա կամ նրա հետ պատերազմելու ձեւական թէ փաստական իրաւունք ունենալով՝ իրենց ենթակայ հայ մելիքների ժողովրդին բռնադատում էին պատերազմական յաւելեալ տուրքեր վճարելու, կամ զինուորական պարտականութիւններ կատարելու։ Էլ չենք խօսում այս պատերազմների ժամանակ տեղի ունեցող աւարների եւ աւերների մասին, որոնց ենթարկւում էր ժողովուրդը։

Այս տեսակէտից, անհամեմատ աւելի լաւ կացութեան մէջ էր Ղարաբաղի հայ ժողովուրդը, որովհետեւ նրա մելիքները, մինչեւ 18-րդ դարու վերջերը, կա՛մ ենթակայ չէին որեւէ Խանի, կա՛մ ենթակայ էին միմիայն անուանապէս։․․․

Այսպէս թէ այնպէս՝ 18-րդ դարու սկզբերին, երբ սկսւում են Ղարաբաղի մելիքների յարաբերութիւնները Պետրոս Մեծի հետ, այդ մելիքները փաստօրէն ինքնիշխան վասալներ էին՝ ենթակայ միայն պարսից Շահին եւ այս ենթակայութիւնն էլ արտայայտւում է նրանով, որ տարեկան մի որոշ տուրք էին մտցնում պետական գանձարանը։

Այս փաստական ինքնիշխանութիւնը իրաւական ձեւակերպութիւն ստացաւ Նադիր Շահի ժամանակ։ Իր թագադրութեան առթիւ, 1736-ին, Նադիր Շահը Ղարաբաղի մելիքներին «առանձին ֆիրմաններով․․․ կրկին հաստատեց իրանց հայրենական իշխանութիւնների մէջ, իրաւունք տալով իւրաքանչիւրին անկախ կերպով կառավարելու իր երկիրը, վճարելով ամէն տարի մի որոշեալ քանակութեամբ հարկ։ Այնուհետեւ մելիքները կախումն ունենալով միայն Շահից, իսկ իրանց իշխանութեան մէջ վայելելով ինքնավարութեան կատարեալ իրաւունքներ, որպէս վալիներ (աւատական իշխաններ) աւելի հանգիստ եւ ապահով դրութիւն ստացան եւ սկսեցին աւելի՛ եւս զօրացնել իրանց ուժերը» (53)։

Նադիր Շահի այս կարգադրութեամբ, Ղարաբաղի հայ մելիքները նոյն աստիճանի մէջ էին դրւում, ինչ որ ունէին Վրաստանի թագաւորները, որոնք պարսիկների կողմից ճանաչւում էին իբրեւ սոսկ վալիներ՝ հարկատու անմիջապէս Շահին։ Այնպէս որ, սխալ է ասել, թէ վրացիները իրենց թագաւորութիւնը պահեցին մինչեւ 18-րդ դարու սկզբները, իսկ հայերը, Մեծ Հայքում, կորցրին 11-րդ դարում։ Վրաստանի իշխողները աւելի՛ իրաւունքներ չունէին իրենց երկրում, քան Ղարաբաղի իշխողները։ Տարբերութիւնն այն է, որ մի տեղ ժողովուրդը իր իշխողին կոչում էր թագաւոր, իսկ միւս տեղը՝ մելիք։

Ճիշդ է, 18-րդ դարու կէսերին, Ղարաբաղի սրտում բուն դրեց, շնոհիւ Վարանդայի Մելիք Շահնազար Բ․-ի դաւաճանական ընթացքի, մի ուզուրպատոր ― Փանահ խանը ― որ յաջողեց, նոյն Մելիք Շահնազարի օժանդակութեամբ, պառակտել Խամսայի մելիքներին եւ՝ թուլացնելով նրանց՝ միջամտել Ղարաբաղի ներքին գործերին։ Բայց այս ուզուրպատորը օրինական խանի հանգամանք չունէր եւ նրան ոչնչացնելը պետական պարտականութիւն էր հայ մելիքների համար, նկատի ունենալով, որ Փանահին ուզուրպատոր էին համարում թէ՛ կենտրոնի կառավարութիւնը եւ թէ՛ վերջինիս կողմից օրինապէս ճանաչուած խաներն ու կառավարիչները։ Դրա համար էլ, այն երկարատեւ կռիւների ընթացքին, որ Խամսայի մելիքութեան ուխտին հաւատարիմ հայ մելիքները մղում էին Փանահ խանի, նրա որդու Իբրահիմ խանի եւ այս երկուսին զինակից հայ մելիքների դէմ՝ մենք տեսնում ենք, որ ուխտապահների հետ ձեռք ձեռքի տուած գործում են կենտրոնական կառավարութեան կողմից ճանաչուած այնպիսի իշխանաւորներ, որպիսիք էին Շիրվանի կառավարիչ Հաջի Չէլէրին (62), Օվչար Ֆաթալի խանը (87), վրաց Թէյմուրազ թագաւորը (90) եւ մանաւանդ Գանձակի Ջաւադ խանը (145)։

Ուշագրաւ է նաեւ, որ այս ուզուրպատորները Խաչէնի, Տիզակի եւ Ջրաբերդի մելիքութիւնների դէմ յաղթական դուրս գալուց յետոյ էլ, չէին համարձակւում միջամտել մելիքների, նոյնիսկ իրենց կարգած մելիքների, իրաւունքներին։ Առանձնապէս զգուշանում էին նրանք հողային բռնագրաւումներ անելուց։․․․

Այս ամենից երեւում է, որ Ղարաբաղի մելիքները առանձին պատճառներ չունէին դժգոհելու իրենց իշխանական վիճակից։

Աւելի՛ եւս նուազ պատճառներ ունէին նրանք դժգոհելու իրենց նիւթական վիճակից, որովհետեւ, ընդհանրապէս, նրանք հարուստ մարդիկ էին, ինչպէս այդ երեւում է նրանց պալատներից եւ ամրոցներից, որոնցից շատերը, ճիշդ է, Աղուանից թագաւորեւոթեան ժամանակից էին մնացած (5), բայց եւ այնպէս, ահագին գումարներ պէտք է կլանած լինեն նորոգութեան եւ պահպանութեան համար։

Մելիքների հարստութեան գլխաւոր կամ սովորական աղբիւրներն էին․ առաջին՝ իրենց սեփական հողերից կամ տնտեսութիւններից ստացուած տուրքը, երկրորդ՝ հպատակներից ստացուած տուրքը, երրորդ՝ «քօչւոր» մահմետական խաշնարածներից ստացուած «տասանորդը» (62) եւ չորրորդ՝ աւարներից ստացած իշխանական բաժինը։․․․

Մի քանի խօսք էլ Ղարաբաղի մելիքների զօրութեան մասին։

Եթէ Ղարաբաղի մելիքները կարողացան 17-րդ եւ 18-րդ դարերի խառնափնթոր պայմաններում, իրենց գոյութիւնը պաշտպանել բազմաթիւ եւ բազմապիսի թշնամիների դէմ՝ սա պէտք է բացատրել, ամէն բանից առաջ, նրանց զինական զօրութեամբ, որ ժամանակի պայմանների համեմատութեամբ, խիստ նշանակալից էր։ Հետագայ գլուխներում մենք կը տեսնենք, որ նրանք, 1722-ին արձագանք տալով Պետրոս Մեծի կոչին՝ մի քանի օրուան ընթացքում մի կանոնաւոր ― ոմանց կարծիքով տասը հազարանոց, ոմանց կարծիքով աւելի բազմաթիւ ― բանակ հասցրին Գանձակ։ Կը տեսնենք նաեւ, որ, դրանից մի երկու տարի անց, օսմանեան 40 հազարանոց բանակը 8 օր հայկական ուժերի հետ զարնուելուց յետոյ ջարդուած յետ նահանջեց Ղարաբաղից։

Այս ուժերը, ինչպէս երեւում է, կանոնաւոր զօրքի ձեւ ունէին։ Տիզակի «Մելիք Եսային առաջինն էր Ղարաբաղի մելիքների մէջ, որ հասկացաւ կանոնաւոր զօրքի եւ ընդհանուր զինուորագրութեան անհրաժեշտութիւնը երկրի ապահովութեան համար․ նա տուգանք նշանակեց գիւղացիների վրայ, եթէ նրանց զէնքերից մէկը պակաս կը լինէր, կամ եթէ իրանց զէնքերը չէին պահպանի անխանգար դրութեան մէջ։ Որոշեալ օրերում, երկրագործական պարապմունքներից յետոյ, գիւղացի երիտասարդները զբաղւում էին զինուորական մարզութիւններով․ նրանց վրայ կարգուած էին տասնապետներ, յիսնապետներ, հարիւրապետներ կրթելու համար» (65)։․․․

Այսպիսով մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի ազատ եւ քաջասիրտ հայ գիւղացիութեան գլուխն անցած խամսայի հայ մելիքները, մինչեւ ռուսների հաստատուելը Անդրկովկասում, միանգամայն գոհացուցիչ վիճակ ունէին թէ՛ իշխանական իրաւասութիւնների, թէ՛ անձնական հարստութեան եւ թէ՛ զինական զօրութեան տեսակէտից։ Նրանց այս վիճակին կարող էին նախանձել ոչ միայն Վրաստանի անուանի իշխաններից, այլ եւ հարեւան մահմետական խաներից շատ շատերը։

Բայց եւ այնպէս, ինչպէս կը տեսնենք, այս մելիքները, սկսած 18-րդ դարուց, ձգտումներ էին ցոյց տալիս Ռուսաստանի հովանաւորութեան տակ մտնելու։ Արդեօք սրա պատճառը հարեւան պարսկական իշխանութիւնների անհանդուրժելի վերաբերմունքը չէ՞ր դէպի Ղարաբաղի մելիքները։


«Հայրենիք» ամսագիր, (#9, 1937թ․) 

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ