Նախագծի անուն
Metrica (Մետրիկա)
Նկարագրություն
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը մեկնարկում է նոր նախագիծ Metrica խորագրով:
Վերջինս սոցիալ-քաղաքական, մշակութային, տնտեսական ոլորտներին առնչվող քանակական տվյալների խոսքայնացումն է համապատասխան հարցադրումների ու վարկածների առաջադրման, վերլուծությունների, պատճառահետևանքային կապերի վերհանման, աղյուսակների և թվերի բովանդակության արտածման, դրանց վիզուալ ներկայացման և մեկնաբանման միջոցով:
Նախագծի նպատակն է խթանել թվային/քանակական տվյալների օգտագործումը հումանիտար, հասարակագիտական և տնտեսագիտական, վերլուծական և հետազոտական աշխատանքներում, զարգացնել թվային/քանակական վերլուծության գործիքների, մեթոդների օգտագործման հմտություններ՝ վերլուծությունների որակը բարելավելու, դրանք առավել ապացուցահեն դարձնելու համար:
Նախագծի նախնական տևողությունը 6 (վեց) ամիս է: Կազմակերպվելու և իրականացվելու է հիբրիդային եղանակով՝ օնլայն և օֆլայն գործիքակազմի ու հանդիպումների ձևաչափով: Ենթադրում է ճկուն գրաֆիկ, շաբաթական մոտավոր 6-8 ժամ զբաղվածություն:
Նախագծին կարող են դիմել բոլոր այն երիտասարդները, ովքեր հետաքրքրված են և պատրաստ են հանդգնել իրականացնելու ներքոնշյալ գործառույթները, ունեն անհրաժեշտ հմտությունները և որակավորումները: Իսկ որ ամենակարևորն է՝ ունեն մեծ ցանկություն և սովորելու պատրաստակամություն:
Մասնակիցների գործառույթները
Պարտականությունները կարող են ներառել, բայց չեն սահմանափակվում հետևյալ կետերով․
- փնտրել և գտնել Հայաստանի ու հարևան երկրների վերաբերյալ առկա քանակական տվյալներ (սոցիալ-քաղաքական, մշակութային, տնտեսական ոլորտներից), անհրաժեշտության դեպքում ինքնուրույն հավաքագրել դրանք,
- ինքնուրույն հավաքագրման դեպքում մուտքագրել համապատասխան համակարգչային վերլուծական ծրագրերի մեջ (SPSS, Nvivo և այլն) և ալգորիթմների միջոցով վերլուծել,
- վիզուալիզացնել տվյալները պատկերներով,
- հասկանալ գրաֆիկները ու մեկնաբանել դրանք՝ ըստ բովանդակության,
- գտնել գրաֆիկներում առկա բովանդակության խորքային պատճառները,
- պատմել պատմություն աղյուսակներով ու թվերով,
- վերբալիզացնել արդյունքները՝ վերլուծելով պատճառահետևանքային կապերը,
- ներկայացնել արդյունքները բանախոսության միջոցով։
Դիմորդների որակավորումները և անհրաժեշտ հմտությունները
- Կրթություն հումանիտար, հասարակագիտության, տնտեսագիտության համակարգչային գիտության և տվյալագիտության ոլորտներում
- Գրավոր և բանավոր զարգացած խոսք
- Վերլուծական ճկուն միտք և հետազոտական հմտություններ
- Անգլերենի իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Տվյալների վերլուծության և տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
- G-Suite-ի հավելվածներով աշխատելու, գրաֆիկներ ու դիագրամներ կազմելու կարողություն
- Վիզուալիզացման գործիքների (Canva, Infogram, Visme և այլն) տիրապետումը ցանկալի է
- Իրազեկվածություն հասարակական-քաղաքական ընթացիկ գործընթացների վերաբերյալ
- SPSS, Nvivo և համանման այլ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ, կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում
- Սովորելու մեծ ցանկություն
Դիմորդների ակնկալիքները նախագծից
Նախագիծը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր: Լավագույն մասնակիցները կազմակերպության վերլուծաբանների բաժնին անդամակցման հնարավորություն կստանան, իսկ լավագույն աշխատանքները կհրապարակվեն կազմակերպության կայքէջում և պաշտոնական այլ հարթակներում:
Ինչպես նաև նախագծի մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու «Ինլայթ»-ի ընձեռած հնարավորություններից, մասնակցելու վերջինիս կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին և նախագծերին:
Լրացման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 30։
Նախագծի մեկնարկը՝ հունվարի 15։
Նախագծին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։