Հուշեր Ղարաբաղյան շարժումից

Լուսանկարը Գերման Ավագյանի

Լիզա Ճաղարյան. Հուշեր Ղարաբաղյան շարժումից

Այս հրապարակմամբ սկսում ենք Ղարաբաղյան շարժման մասին հուշերի շարքը՝ շնորհակալություն հայտնելով հեղինակին առաջինը լինելու եւ այլոց օրինակ ծառայելու իր համարձակության համար: Լիզայի հուշերը լինելու են շարունակական: Հուսանք սա իրոք օրինակ կծառայի նաեւ մյուսներին, որովհետեւ ավելորդ է նույնիսկ հիմնավորել, թե որքա՛ն կարեւոր է թե՛ ներկա սերնդի, թե՛ ապագա անաչառ պատմաբանի համար (լավ է չէ՞, որ պատմաբանի անաչառը միշտ ապագայում ենք սպասում) Շարժման կենդանի մասնակիցների գրանցված հուշերը, մանավանդ հաշվի առնելով, թե ինչպիսի՛ խեղաթյուրումների է այսօր ենթարկվում այդ տարիների պատմությունը: Ու կարեւոր չէ, թե խոսքը այսպես կոչված շարքային մասնակցի՞, թե՞ առաջին շարքերում եղածի հուշերի մասին է, կարեւոր չէ ոճը՝ անձնավորված, գեղարվեստական, թե պատմողական ու փաստագրական: Բոլոր հայացքներն էլ էական են՝ ամբողջականը հասկանալու եւ իմաստավորելու համար: Ի՞նչ կլիներ այսօր մեր գիտելիքը, օրինակ, 20-րդ դարի սկզբի իրադարձությունների մասին, եթե դրանց ժամանակակիցներն առատ հուշեր թողած չլինեին: Մի՞թե միայն պաշտոնական հաղորդումների եւ մամուլի հրապարակումների վրա պետք է հույսներս դնեինք: Չկա ավելի արժեքավոր բան պատմական իրականությունը խորքով զգալու եւ հասկանալու համար, քան կենդանի հուշերը: Ղարաբաղյան շարժման մասնակիցների մեծ մասը, փա՛ռք Աստծո, դեռ կենդանի են, բայց պետք չէ ամեն դեպքում մոռանալ, որ ոչ մեկս անմահ չենք, եւ գալու է այն ժամանակը, երբ շատ բան կորելու է անդառնալի: Ամոթ է, եթե այդքան անհոգ վերաբերվենք մեր նորագույն պատմության կարեւորագույն փուլին՝ շարունակելով միաժամանակ հպարտանալ, թե գրագետ ազգ ենք: Գրագետը գրի առնողն է:     Hambardzum.am

* * * 

Երբ իրականությունը երազ է թվում

Ավելի բնական է, չէ՞, որ երազն է իրականություն թվում։ Պատմում-պատմում ես երազդ, այնքան ես պատմում, որ կամաց-կամաց, գողեգող միս ու արյուն է դառնում, ու սկսում ես ինքդ էլ հավատալ, որ իրականում նման բան եղել է։

1988-ի փետրվարի 22-ի գիշերվա երթը երազ չէ, բայց ե՛ւ տարիների հեռվից է երազ թվում, ե՛ւ այդ գիշերն էր երազ թվում։ Հենց երթի մասնակիցներիս համար։

Իրո՞ք մենք էինք։ Իրո՞ք այդ «մենք»-ի շարքերում ես էլ կայի։ Հնարավո՞ր է, որ մարդը՝ ահել թե ջահել, կին թե տղամարդ, ձեռնափայտով թե միոտանի, Երեւանի Կենտրոնից գիշերով ճամփա ընկնի, տառացիորեն ողջ քաղաքը ծայրից ծայր ոտքի տակ տա, լուսաբացին վերադառնա Կենտրոն եւ այնքան թեթեւ ու առույգ զգա իրեն, կարծես՝ դրսում ցուրտ ու մռայլադեմ փետրվարը չէր, այլ ամռան առջեւ դուռ բացող հեզիկ-նազիկ մայիսն էր, կարծես՝ ողջ գիշեր մուշ-մուշ քնել էր փափուկ ու տաք անկողնում, առավոտյան՝ հենց այդ անկողնում տաք սուրճ էին մատուցել իրեն, ինքն էլ՝ այդ ահելը կամ ջահելը, այդ կինը կամ տղամարդը, այդ ձեռնափայտովը կամ միոտանին, սուրճը վայելել էր ու տաքսիով առոք-փառոք հասել Ազատության հրապարակ, որ տեսնի՝ էդ ոչուփուչ Մոսկվան արդեն տվե՞ց Ղարաբաղը, թե՞ դեռ ձեւեր է թափում։

Իրոք մենք էինք, իրոք այդ «մենք»-ի շարքերում ես էլ կայի, եւ հիմա ուզում եմ երազն ու իրականությունն իրարից զատել, բայց չի հաջողվում։ Որովհետեւ իրականությունն ու երազը մի մարմին ու մի հոգի էին դարձել այդ օրը։

Մի քանի օր Հրապարակում «Ղարաբաղը մերն է, բայց թուրքերի ձեռն է» բղավելուց, «էքստրեմիստ» պիտակավորմանն «արժանանալուց» հետո հարթակից Վաչե Սարուխանյանը կոչ արեց երթ անել Երեւանով մեկ, ու բոլորս գոչեցինք՝ այոոոոոոո (այն օրերի «այո»-ն ուրիշ «այո» էր՝ փողով ու պաշտոնով չէր գնվում)։ Վաչե Սարուխանյանն ո՞վ էր։ Հասարակության գերակշիռ մասը չէր ճանաչում։ Մի շատ չնչին մասն էլ՝ որ ճանաչում էր, մի տեսակ շփոթված էր՝ Վաչիկը Շարժման առաջնո՞րդ… Ես ճանաչող շփոթվածներից էի։ Այդ ժամանակ Հեռուստառադիոպետկոմի ռադիոթատրոնում էի աշխատում, ու դերասան Վաչիկին տեսել էի մեզ մոտ։ Եկել էր հոնորար ստանալու, դժգոհ էր հոնորարի չափից ու շատ բուռն բողոքում էր, թե ինչու է ցածր։ Զարմանալի բան չկար. իրոք դերասաններին շատ քիչ էին վճարում (ինչպես եւ՝ հիմա), բոլորը համակերպվել էին, էս մարդն էլ չէր ուզում համակերպվել, ասում էր՝ փողս տվեք, շա՛տ տվեք։ Սա՝ հեչ։ «Ձորի Միրոն» ֆիլմում Օսմանի դերն էր կերպավորել, բայց նրան ճանաչողներս՝ իրարից անկախ խոսքներս մեկ արած, դրա մասին չէինք բարձրաձայնում Հրապարակում, որովհետեւ սա այն շրջանն էր, որ «շուն թուրքերի» վրա գազազած ազգս եթե իմանար՝ իրենց առաջնորդողը մեր Միրոյի ընտանիքը բնաջնջող Օսմանի դերակատարն է, ո՜վ գիտե՝ քանի Օսման կհաներ նրա աջուձախ կողերից, ու Վաչիկն այլեւս հարթակի երես չէր տեսնի, մենք էլ երեւի այդ երազ-երթը չէինք վայելի։

Իսկ Վաչեն այդ օրերին համահունչ (դեռեւս ուզվոր վասալի մտածողությունն էր գերակշռում)  անզուգական հռետոր էր։ Հայերենին էլ էր լավ տիրապետում, բայց հիմնականում ռուսերեն էր ելույթ ունենում «Լենին, պարտիա, Գորբաչով» բարձր հովանու ներքո, որ մեր հաթաթան մոսկվաներ հասներ, թե՝ էս ու՞մ վրա եք սուր բարձրացնում, հայոց մեծ ղարաբաղցիներին չե՞ք ճանաչում։ Ու թվարկում էր Վաչիկը սովետական իշխանությանը հավատարմորեն ծառայած ղարաբաղցի մարշալներին, գեներալներին, գիտնականներին, պատմում էր, թե ինչ քաջագործություններ են արել Սովետական ազատ աշխարհի հզորացման համար, մենք էլ մինչեւ հոգու խորքը վիրավորված լսում էինք ու մտածում, թե էս անաբուռ աշխարհն (աշխարհն այդ ժամանակ Ղարաբաղով սկսվում՝ հասնում էր Երեւան ու ուղիղ գծով սլանում դեպի Մոսկվա ու Կրեմլի մատույցներում խորը թառանչում) ինչքա՜ն է երախտամոռ ու ուտող-ուրացող. ուրեմն՝ մենք էսքան ու էսքան մեծ մարդիկ տանք ձեզ, ու Գորբաչովը մեզ ասի՝ նյե՞տ։

Վաչիկն, իհարկե, առաջնորդ չդարձավ, իր դերը կատարեց ու գնաց, բայց որ՝ մեր երազ-երթը ոգեշնչողն ինքն էր, հնարավոր չէ ուրանալ։

Ի՞նչ կոչեր էինք բղավում ճանապարհին՝ բացի «Ղարաբաղը մերն է»-ից ու «մի՛-ա՛-ցու՛մ»-ից, չեմ հիշում, բայց մեր էպոսից լավ ոնց որ թե չի ասվել մինչեւ հիմա՝ մտքներինս սա էր.

-Ով քնած է՝ արթուն կացեք,

Ով արթուն է՝ ձիեր թամբեք…

Ու արթնանում էին, «ձիերը թամբում էին» ու միանում մեզ։ Բայց միանալ էլ կա, միանալ է՛լ։ Էդ ինչ խարույկներ էին վառվում բոլոր միացողների աչքերում, էդ ինչ օվացիաներով ու գրկախառնություններով էինք դիմավորում նրանց։ Բոլորը բոլորին հարազատ էին, բոլորը քույր ու եղբայր էին, բոլորը բոլորին սիրում էին, իրար նեղացնող չկար, իրարից նեղացող չկար, աղջիկ «կապող» չկար, գիշերվա կեսին տունուտեղ, երեխա թողած՝ փողոցները չափչփող մայրերին խեթ-խեթ նայող բեղերը սրած տղամարդիկ չկային, ծաղիկ ու խոտ տրորող չկար, ճյուղ ու ապակի կոտրող չկար։ Երթին միացող ամեն մեկի հետ Ղարաբաղն ավելի էր մոտենում, ըհը՛, քիչ մնաց, մի քանի հոգի էլ կմիանան, ու վերջ՝ ոչ մի Գորբաչով էլ չի համարձակվի մերժել մեզ, հո խելքը հացի հետ չի կերել։ Մեկուկես հազար չենք, հինգ հազար չենք, մի քանի տասը հազար ենք, ոչ սկիզբն է երեւում, ոչ վերջը, ծովից ծով ենք։ Ու դեռ ու՜ր եք, օվկիանոս ենք դառնալու. մի տեսե՛ք, ովքեր էլ ինչ-ինչ պատճառներով չէին կարող գիշերը միանալ, առավոտն էին միանալու՝ բնակարանների լույսերն էին վառում, որ իրենց չափով մեր ճանապարհը լուսավորեն, վառվող մոմեր էին պատշգամբներից պարզում դեպի մեզ՝ Հույսն էր, Հավատն ու Սերը։

Միամի՞տ էինք։ Շա՛տ։ Մտքներովս անցնու՞մ էր Բաղրամյան պողոտայով անցնելիս, երբ սկսեցինք մի քանի տասը հազարս ոտքերով դոփել ասֆալտին, ու մեր ոտքերի դոփյունի ձայնը երկինք էր հասնում, եւ մենք վստահ էինք՝ եթե երկինք է հասնում, Կրեմլն ո՞վ դարձավ, որ մեր հաղթական երթը կասեցնի՝ մի քանի օր հետո բախվելու էր Սումգայիթին ու սովետական տանկին։

Այդպես էլ լինելու էր, այդպես էլ եղավ, բայց մենք դրա մասին չէինք մտածում։ Ոչ թե մտքներովս չէր անցնում, պարզապես չէինք մտածում, ու վերջ։

Մենք վայելում էինք։ Մեր ուսերից դեն էինք նետել վախը, կաշկանդվածությունը, ստրկությունը, խեղճությունը, անորոշությունը, դեռ չէինք գիտակցում, որ նրանցի՛ց չենք պահանջում, ումից պետք է իրականում պահանջեինք, բայց հո գիտեի՞նք՝ ինչ ենք պահանջում, եւ ամենակարեւորը՝ պահանջու՛մ էինք՝ չէինք խնդրում, վիզ ու ողնաշար չէինք ծռում, ուղիղ ու հպարտ քայլում էինք, ու մեր ամեն քայլի ձայնը երկինք էր հասնում։

Ու որ նորից վերադարձանք Ազատության հրապարակ, ու որ բացվող առավոտի հետ մարդիկ սկսեցին ավելանալ ու ավելանալ, երթի մասնակիցներիս սիրտը ոնց էր ցավում նրանց համար, ովքեր մեզ հետ չէին այդ գիշեր։

Չափազանցված ցավ չէր։

Այդ գիշերվա երթից հետո հաշիվը կորցրել եմ, թե քանի երթի եմ մասնակցել՝ մեկը մեկից հզոր, մեկը մեկից՝ սիրուն, մեկը մեկից՝ արժանապատիվ, բայց այդ գիշերվանը մի հատիկ էր, այդպես մի հատիկ էլ կմնա։

Ինչո՞ւ։ Չգիտեմ։

Գուցե այն պատճառով, որ դեռ չգիտեինք՝ ինչ բան է որդի պես մարդկանց հոգիներն ավերող կասկածը։

Այդ գիշեր բոլորս իրար հավատում էինք։

Հեքիաթի նման բա՞ն էր ասածս։

Դե՛, դրա համար էլ ասում եմ՝ 1988 թվականի փետրվարի 22-ի երթն իրականություն էր, բայց երազի էր նման։  


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ