Նյութը հրապարակվում է «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի և «:Բուն» գիտամշակութային հիմնադրամի համագործակցության շրջանակում։
Կա հանրային արձագանքներն ամբողջացնող մի հարթակ, որն օգտագործվել է անհիշելի ժամանակներից: Ճիշտ է` սկզբնական շրջանում մարդիկ չեն գիտակցել, որ մտքեր են փոխանակում, սակայն այն պատկերները, տեքստերը, նշանային ամենատարբեր համակարգերը, որոնք եղել են մարդկանց մտքում, նրանք գերադասել են բարձրաձայնել` օգտագործելով իրենց շրջապատող պատերը կամ այլ հանրային մակերևույթներ: Ժամանակները փոխվել են, սակայն պատերի և այլ հանրային մակերևույթների վրա իրենց հետքը թողնելու մարդկանց ցանկությունը չի մարել: Դեռ ավելին, այն վերաճել է մշակույթի, որն այժմ անվանվում է սթրիթ արտ կամ գրաֆիտի:
Սթրիթ արտը բովանդակային ահռելի դաշտ պարունակող մի համակարգ է, որտեղ տեքստերի, պատկերների, պատկեր-տեքստերի համադրությունների կամ զանազան նշանային համակարգերի միջոցով հաղորդագրություններ են ստեղծվում և ամենատարբեր սոցիալ-քաղաքական, անձնական, հասարակական խնդիրներ են բարձրաձայնվում:
Լայն իմաստով սթրիթ արտը կարելի է դիտարկել որպես տեքստ` անկախ նրանից, թե այն ստեղծված է վերբալ միավորներով, պատկերային միավորներով, տեքստային միավորներով, թե նշանային որոշակի համադրությունների արդյունքում: Հետևաբար այն ունի տեքստին բնորոշ մի շարք առանձնահատկություններ: Այդ առանձնահատկություններից ամենահիմնականը միջտեքստայնությունն է` երկու կամ ավել գրական տեքստերի միջև առկա ինֆորմացիոն կապը: Այսինքն` կա մեկ հիմնական տեքստ, որից տարբեր մշակույթներում, տարբեր ֆիզիկական ու սոցիալական համատեքստերում ծնվում են զանազան տեքստեր, որոնք ունեն նոր ձև և բովանդակության դաշտ:
Սթրիթ արտը, որպես տեքստ, նույնպես պարունակում է միջտեքստային կապեր ամենատարբեր նարատիվների հետ: Այդ նարատիվները դասակարգվում են երեք հիմնական խմբի`
- Աստվածաշունչ,
- Հակաուտոպիստական, էքզիստենցիալ, ֆուտուրիստական գրականություն,
- Առօրյա խոսքում առկա կայուն բառակապակցություններ, ինչպես նաև ժամանակակից պոեզիա, երաժշտություն, արվեստ:
Հեղինակ՝ Գրիշա Գասպարյան (Grisha Gasparyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: