Ոսկեղենիկ #16

Ոսկեղենիկ նախաձեռնության 2021 թ. նոյեմբերի հրապարակումները

Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Թարգմանիչների ու խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:

Տորթը պատրաստել մենակով թե՞ օշարակով

Հաճախ ենք լսում «մենակով պատրաստել», «մենակով գնալ» և նմանատիպ այլ արտահայտություններ, որտեղ «մենակ» բառի փոխարեն սխալմամբ գործածվում է «մենակով» ձևը։

Գործիական հոլովի -ով վերջավորությամբ արտահայտվում է գործողության կատարման ձևը կամ միջոցը, օրինակ՝ հաճույքով աշխատել, դանակով կտրել և այլն։

Սակայն, «մենակ» բառը գոյական չէ, այն մակբայ է, և առանց -ով-ի էլ նշանակում է «միայնակ, առանձին, առանց ուրիշի օգնության»։ Հետևաբար կարիք չկա ասելու «մենակով գնալ», «մենակով պատրաստել»։ Օրինակ՝ «Ես օշարակով տորթը մենակ,առանց մայրիկի օգնության եմ պատրաստել»։

Աղբյուրը՝ 

Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան

Քավության նոխազ

Մի՞թե ես` անմեղս, պետք է միշտ, հալածվելով իմ բարեսրտության պատճառով, դառնամ քավության նոխազ:

Ըստ Աստվածաշնչի` Մովսեսը երկու նոխազ է ընտրել, որոնցից մեկը զոհաբերել է Տիրոջը, իսկ մյուսի  գլխին  ձեռքը դնելով, նրան է փոխանցել մարդկության մեղքերն ու անօրենությունները, ապա ազատ արձակել դեպ անապատ, որտեղ նա պետք է արժանանար պատժի իր մեջ պարփակված մարդկային մեղքերի համար:

«Քավության նոխազ» արտահայտությունը նշանակում է ուրիշի մեղքերը քավելու համար անմեղ զոհ:

Աղբյուրը`

Պ. Բեդիրյան, Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան

Չ՛ծխել թե՞ չծխե՛լ

Տարածված սխալ է անորոշ դերբայի ժխտական ձևից կազմված բայական անդեմ նախադասություններում շեշտը չ ժխտական մասնիկի վրա դնելը, օրինակ՝ չ՛ծխել, չ՛լուսանկարել, չ՛աղտոտել տարածքը և այլն: Սրանք հաճախ են հանդպում տարբեր ցուցանակների կամ պաստառների վրա:

Այս սխալը հավանաբար առաջանում է ժխտումը սաստկացնելու ցանկությունից. թվում է՝ տվյալ գործողության վերաբերյալ արգելքը ընդգծելու համար պետք է շեշտը չ ժխտական մասնիկի վրա դնել:

Մինդեռ պետք է հիշել, որ հայերենում գործում են բառերի շեշտադության հստակ կանոններ, և հայերենում շեշտը գերազանցապես դրվում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա, օրինակ՝ դադա՛ր, լռի՛ր, Արմե՛ն և այլն: Նույնը վերաբերում է նաև անորոշ դերբային և նրա ժխտական ձևերին, օրինակ՝ կրակե՛լ, նստե՛լ, չկրակե՛լ, չծխե՛լ, չթափե՛լ և այլն:

Հայերենում քիչ թվով բառեր կան, որոնց շեշտը վերջին վանկի ձայնավորի վրա չի դրվում, սակայն պետք է հիշել, որ ոչ մի դեպքում շեշտը բաղաձայնի, այդ թվում չ ժխտական մասնիկի վրա չի դրվում:

Ուստի պետք է նման սխալ ՉԱՆԵ՛Լ:

Աղբյուրը՝

Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայցո լեզու. Հնչյուանաբանություն

Սոդոմ֊Գոմոր

Նրա գլուխը, որ նախկինում բարոյական նորմերի պահեստարան էր, չդիմանալով Քրոնոսի չար կատակներին, հետզհետե վերածվում էր իսկական սոդոմ-գոմորի:

Ըստ Աստվածաշնչի` Սոդոմ, Գոմոր, Ադմա և Սեբոյիմ քաղաքների բնակիչների ամբարիշտ վարքուբարքն ու գարշելի մեղքերը արթնացրել էին Տիրոջ բարկությունը: Երբ Տերը Աբրահամին հայտնեց Սոդոմը կործանելու իր մտադրության մասին, վերջինս այս մեղավոր քաղաքի համար փրկություն խնդրեց, սակայն Տերը նրան խոստացավ քաղաքը չկործանել միայն այն դեպքում, եթե այնտեղ գտնվեն թեկուզ տասը արդարամիտ մարդիկ: Այնուամենայնիվ  այդպիսիք չգտնվեցին, և Տերը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի և Գոմորի վրա, կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, բնաջնջեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականությունը։

Սոդոմ-գոմոր արտահայտությունը նշանակում է խառնակություն, խառնաշփոթություն, քաոտիկ միջավայր:

Աղբյուր` Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան

Աշոտ Սուքիասյան, Սերգեյ Գալստյան


#Մայրենի #ԹևավորԱրտահայտություն #ՍխալներիՈւղղում