Կարո՞ղ է Z սերունդը ազատել աշխարհն էլ. փոստից

«Ախր այն շատ հնացած է»։ Նրանք, ովքեր ծնվել են AOL Mail-ի հայտնագործումից հետո, թվում է, թե նախընտրում են հաղորդակցվել ցանկացած այլ եղանակով։

Չնայած ավելի վաղ սերունդի ներկայացուցիչների խելամիտ անհավանությանը՝ Z սերունդը, այսինքն՝ այն մարդիկ, որ ծնվել են 1997-2012թթ․, սկսում են վերադառնալ այնպիսի քաոսային տենդենցների, ինչպիսիք են ցածր իրանով ջինսերը, փոփ փանկերը և Էդ Հարդին։

Բայց ինչպես երևում է՝ Z սերունդը մի հարցում համամիտ է իրենցից մեծերի հետ․ E-mail։ Ու՜ֆ։

Ու եթե բախտը մեզ ժպտա, գուցե մի օր բոլորս ազատվենք ծանրաբեռնված inbox-ից։

Համաձայն Creative Strategies կազմակերպության 2020թ․ հետազոտությանը՝ առաջնային գործիքակազմում սերնդային բաց կա։ Հարցումների արդյունքում պարզվել է, որ 30 և բարձր տարիք ունեցողների համար էլեկտրոնային փոստը այն գլխավոր գործիքներից էր, որ օգտագործում էին աշխատանքային հաղորդակցման համար։ 30-ից ցածր տարիք ունեցողների համար Google Docs-ն էր այն հավելվածը, որ աշխատողները նույնացնում են աշխատանքային գործակցության հետ։ Դրան հետևում են Zoom-ն ու iMessage-ը։

24-ամյա Ադամ Սիմոնսը նախընտրում է հաղորդկացվել «բառացիորեն ցանկացած միջոցով բացի էլեկտրոնային փոստից»։ Պարոն Սիմոնսը, որը Լոս Անջելեսից է, 2019թ․ Օրեգոնի համալսարանն ավարտելուց հետո հիմնել է իր սեփական տեսաֆիլմեր արտադրող ընկերությունը։ Նա իր ութ աշխատողների և հաճախորդների հետ (դրանք հիմնականում սպորտային թիմեր են) գլխավորապես հաղորդակցվում է տեքստերով, Instagram-ի հաղորդագրություններով և Zoom-ի տեսազանգերով։

«Էլեկտրոնային փոստը ներառում է սթրես առաջացնող բոլոր գործոնները, ինչը ավելի է մեծացնում ուժասպառությունը,- նա ասել է։- Նայում ես էլեկտրոնային նամակներիդ ու տեսնում ես աշխատանքին առնչվող նամակներ, որոնք առաջնահերթություն են, տեսնում ես տանտիրոջ վարձավճարը, Netflix-ի հաշիվը։ Ու իմ կարծիքով սա կյանքն ապրելու բավականին բացասական տարբերակ է»։

Պարոն Սիմոնսի համար շրջադարձային եղավ այն դեպքը, երբ Seattle Mariners-ի նամակը կորել էր spam բաժնում։

«Ախր այն շատ հնացած է»,- մեծ ոգևորությամբ ասել է նա էլեկտրոնային նամակների մասին տեսքտի վերաբերյալ իր հարցազրույցի ընթացքում։ Նա նշեց, որ spam բաժնում հայտնվում են այն նամակները, որ spam չեն, ու նա ստիպված է տեսագրությունները մեկ այլ տեղ վերբեռնել նախքան դրանք ուղարկելը։

«Google Drive օգտագործելը բարդ է»։

Աշխատանքային ամենօրյա թարմացումներ։ Բիզնեսի, շուկայի և տնտեսության վերաբերյալ վերջին լուսաբանումը ամեն օր ուղարկվում է էլեկտրոնային նամակով։ Տեսե՛ք այն Ձեր Inbox-ում։

«Հիմնական պատճառներից մեկը, որ չեմ ցանկանում աշխատել ինչ-որ մեկի համար, այն է, որ չեմ ցանկանում շարունակաբար ստուգել էլեկտրոնային հասցես ու համոզվել, որ տնօրենս նամակ չի գրել ինձ,- ասել է պարոն Սիմոնսը։- Դա ամենասթրեսայինն բանն է»։

Deloitte  խորհրդատվական ընկերության կողմից անցկացված վերջին հարցման արդյունքում պարզվել է, որ հարցումն անցած Z սերունդի ներկայացուցիչների 46%-ը հիմնականում կամ անընդմեջ սթրես է տարել 2020թ․, իսկ 35%-ը հայտնել է, որ ժամանակավոր հանգիստ են վերցրել աշխատանքից սթրեսի ու նյարդային վիճակի պատճառով։

Z սերնդի անդամները բոլորի աչքին պատկերվում են որպես շարունակաբար հեռախոսից կառչող և դրա հետևանքների մասին չմտածող։ Բայց Գլորիա Մոսկովից-Սվիթը և Էրիկա Փելավինը, որոնք հիմնել են ոչ առևտրային կազմակերպություն՝ կենտրոնացած երիտասարդության և տեխնոլոգիայի վրա, 2019թ․ մի հոդվածում բացատրել են, որ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ապրողները ավելի լավ են ապահովված սարքավորումներով, որպեսզի քննադատաբար վերաբերվեն թվային սովորույթներին։ Z սերնդի ներկայացուցիչները «բավականին լավ գիտեն, թե ինչպես է տեխնոլոգիան փոխել իրենց աշխարհը, և ունեն ավելի մանրակրկիտ պատկերացում, քան մեծահասակներն են կարծում»,- ասել են նրանք։

Inbox-ի պատճառով առաջացող սթրեսը իհարկե նորություն չէ այն մարդկանց համար, որոնք ծնվել են էլեկտրոնային նամակի մասին «Դուք նամակ ունեք» ռոմանտիկ կոմեդիայի՝ թատրոնների հիթը դառնալուց հետո (98-ականներ) կամ էլ որոնք Gmail-ի դարաշրջանի մայրամուտին մանկապարտեզ էին հաճախում (2004)։

Ապրիլին, որպես պատասխան մի ընթերցողի՝ համավարակի բռնկմանն ուղղված կոչին, New York Times-ը ստացավ բազմաթիվ հաղորդագրություններ մասնավորապես էլեկտրոնային փոստի կամ, ինչպես մի ընթերցող է անվանել, «հավերժական հնամոլության» մասին։

Մեկ ուրիշն ասել է․«Այն ամենասարսափելի օրերին ինձ մինչև անգամ արցունքների է հասցրել»։

Ոմանք ավելի բացահայտ են արտահայտվել․«Ամեն անգամ էլեկտրոնային նամակ ստանալիս ոնց որ ինձ դանակով հարվածեն: Հերթական հանձնարարությունը»,- գրել է մի ուսանող։

Էլեկտրոնային նամակի թերությունները ավելի սրվեցին համավարակի ժամանակ, քանի որ այն շատ բաների էր փոխարինում․ այնպիսի որոշումներ, որ մի ժամանակ կարելի էր կայացնել ուղղակի գործընկերոջ աշխատասեղանին մոտենալով, միացել էր inbox-յան խառնաշփոթին։ Ոմանք գրում էին, որ մեղավոր են զգում ուշ պատասխանելու կամ էլ իրենց գործընկերների inbox-ներին նամակներ ավելացնելու համար։ Մյուսները նկարագրում էին, թե ինչպես է էլեկտրոնային նամակների գրոհին պատասխանելը հանգեցրել մյուս անելիքների մոռացմանը՝ ստեղծելով մի ցիկլ, որը մեղմ ասած անարդյունավետ է, կոպիտ ասած հունից հանող։

«Էլեկտրոնային նամակ ուղարկելուց հետո ես պետք է երկար մտածեմ, որ հիշեմ, թե ուր էի ու ինչ էի անում։ Սա նույնն է, ինչ մտնես սենյակ ու մոռանաս, թե ինչու ես եկել, միայն այն տարբերությամբ, որ սա դրա թվային տարբերակն է»,- գրել է 46-ամյա Վիշախա Ապտեն, որը ճարտարապետ է Նյու Յորքում։

Ոմանք տարիներ շարունակ փորձել են ազատվել էլեկտրոնային նամակներից։ Որոշ գրողներ, որոնց թվում է նաև Քոլ Նյուփորթը, ում «Աշխարհն առանց էլեկտրոնային նամակի. հաղորդակցական գերծանրաբեռնվածության դարաշրջանում աշխատանքի վերաձևակերպում» գիրքը տպագրվել է մարտին, երկար ժամանակ պնդում էին, որ «inbox-ի բռնատիրության» հետևանքով մենք կորցնում ենք կենտրոնանալու կարողությունը։ Էլեկտրոնային նամակից Slack, դրան գումարած այլ հանձնարարություններ․ այս ամենը կուտակվում է մեր ուղեղում։

«Մենք հիասթափվում ենք։ Հոգնում ենք։ Դառնում ենք նյարդային։ Պատճառն այն է, որ մարդկային ուղեղն ունակ չէ այդ ամենն անել»,- մարտին պարոն Նյուփորթն է ասել Թայմսի Էլզա Կլայնին։ Նա 2016 թ-ից ի վեր այս նույն երգն է երգում։

2017թ․ կատարված մի հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ միջին վիճակագրական inbox-ում կա 199 չկարդացած հաղորդագրություն։ Եվ ահա գրեթե 16 ամիս հեռավար աշխատելուց հետո գրասենյակային շատ աշխատողների inbox-ը է՛լ ավելի է լցվել։

Սակայն ավելի երիտասարդ աշխատողներ, որոնք անհամեմատ ավելի դժվար էին տանում համավարակի պատճառով ստեղծված անկայուն վիճակը, պարզվում է, սկսում են վերագնահատել իրենց մասնագիտական առաջնահերթությունները։ Ու միգուցե նրանց իսկապես հաջողվի անել այն, ինչ պարոն Նյուփորթը, որ 39 տարեկանում  հազարամյակի շեմի ներկայացուցիչներից է, անել չկարողացավ։

23-ամյա Հարիսոն Սթիվենսը Օրեգոնի համալսարանում սովորելու ընթացքում հիմնել է վինտաժային հագուստի ընկերություն և 2020թ․-ին համալսարանն ավարտելուց հետո բիզնես է ձեռնարկել։ Նա սկսեց հաճախորդներին տալ իր սեփական հեռախոսահամարը, որպեսզի զանգեն կամ հաղորդագրություն գրեն իրեն, ինչը նրա կարծիքով օգնում է թեթևացնել ծանրաբեռնվածությունը, բայց ի հայտ է բերում մեկ այլ խնդիր․ չունենալ հավասարակշռություն աշխատանքային ու անձնական կյանքերի միջև։

Էլեկտրոնային նամակ գրելը «կարծես հասարակական վախ լինի մարդկանց համար»,- ասել է պարոն Սթիվենսը։ «Իմ կարծիքով շատերի համար ավելի հեշտ ու հարմար է ուղղակի տեքստ ուղարկել, քան թե էլեկտրոնային նամակ կազմել։ Միշտ ինձ մոտ այն տպավորությունն է, որ այլ մարդիկ են նայելու գրածդ, քանի որ պիտի շատ պրոֆեսիոնալ լինես այդ իրադրությունում ու համոզվես, որ ամեն ինչ կատարյալ է»,- ասում է նա՝ նշելով, որ ամեն դեպքում ավելի պակաս պաշտոնական է բութ մատներով հեռախոսի էկրանին գրել, քան համակարգչի ստեղնաշարով։

Որոշ մարդկանց համար նամակագրությունը կարող է ավելի բարդացնել շփումը՝ ստեղծելով որևէ մեկի հետ կապի դուրս գալու տարբեր միջոցներ։

22-ամյա Ավրորա Բիգգերսը՝ մի լրագրող, որը վերջերս է ավարտել Ջորջ Ֆոքսի համալսարանը, ասել է, որ նա մի ժամանակ իր անձնական համարն էր տալիս, բայց այնքան զանգեր էր ստանում, որ անձնական ժամանակը սպառվում էր։ Նա կարծում է, որ իր սերունդը այնքան էլ հակված չէ օգտագործել էլեկտրոնային նամակը որպես հաղորդակցման գլխավոր միջոց։ Թեև նա սիրում է տանից աշխատելու այն սահմանները, որ էլեկտրոնային փոստն է առաջարկում, սակայն ամենադժվարն այն է, որ չկա մի ընդունված միջոց հաղորդակցության համար։ Էլեկտրոնային նամակի գլխավոր խնդիրը այն է, որ ոչ թե մարդիկ չափազանց հոգնած են դրանից, այլ շատ է մրցակցությունը։

«Անհնար է ակնկալել, որ էլեկտրոնային փոստը կդառնա հաղորդակցման գլխավոր եղանակ, քանի որ շատ մարդիկ գրասենյակային աշխատանք չունեն կամ էլ գրասենյակում նստած ծանուցում են ստանում էլեկտրոնային նամակով,- ասաց նա։ Չեմ կարծում, որ սա մարդկանց հետ հաղորդակցվելու ամենահարմար տարբերակն է»:

Բնօրինակի հեղինակ՝ Sophia June, The New York Times


Թարգմանիչ՝ Լիլիթ Արսենյան (Lilit Arsenyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։