Այնպիսի քաղաքները, ինչպիսիք են Օսլոն, Հելսինկին և Կոպենհագենը, աշխատում են մաքրել աշխարհում ամենաշատ արտանետումներ ունեցող արդյունաբերություններից մեկը։
Հանգիստ, մաքուր, կանաչ. սրանք այն բառերը չեն, որոնցով սովորաբար կարող եք բնութագրել շինհրապարակները։ Բայց «Olav Vs gate»-ի՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի սրտում գտնվող ամենաբանուկ փողոցներից մեկի շինհրապարակն առանձնահատուկ էր։ Աշխարհում իր տեսակի մեջ առաջինը լինելով՝ շինհրապարակում օգտագործվող ամբողջ տեխնիկան՝ էքսկավատորներ, փորիչ մեքենաներ, բարձիչներ, էլեկտրական էին։
Շինարարական աշխատանքները սկսվեցին 2019 թ. սեպտեմբերին՝ քաղաքային տաքսիների համար նախատեսված երբեմնի ակտիվ շրջադարձային գոտին վերածելով նոր հետիոտնային տարածքի։ Տեղացիները սկզբում գուցե և կասկածում էին, թե դա ընդամենը ևս մեկ անհարմարավետ շինհրապարակ է, բայց հետո պարզ դարձավ, որ այն արտասովոր է։ Իրականում, սա աշխարհում զրոյական արտանետմամբ քաղաքային շինհրապարակի առաջին փորձնական նախագիծն էր։
«Ես չափազանց տպավորված էի, երբ այցելեցի զրոյական արտանետմամբ շինհրապարակ», — ասում է Մարկ Փրեսթոն Արագոնեսը՝ «Bellona» բնապահպանական ոչ առևտրային հիմնադրամի քաղաքականության գծով խորհրդատուն։ «Ես նայում էի այդ մեծ էքսկավատորներին, որոնք ընդհանրապես կապվում են ծխի, աղմուկի և այլ տհաճությունների հետ, սակայն երբ այս շինհրապարակում օպերատորը միացնում էր դրանք, դուք չէիք կարող հասկանալ, թե երբ են միացված, երբ՝ անջատված։ Իսկապես տպավորիչ էր տեսնել, որ այդչափ մեծ մեքենաները կարող են այդքան քիչ աղմուկ հանել»։
Շինարարական արդյունաբերությունը ածխածնից ազատելն այն է, ինչում Օսլոն ցանկանում է համաշխարհային մակարդակով առաջատար դիրք ունենալ։ Եվ սա իր պատճառներն ունի։
Ավանդական դիզելային շարժիչների փոխարեն էլեկտրական սարքավորումներ օգտագործելը նշանակում էր, որ մերձակայքում յուրաքանչյուր ոք շրջակա աղմուկի և աղտոտվածության մեջ կրճատում էր նկատում։ «Մենք նկատում էինք, որ խանութներն իրենց փողոցահայաց դռները բաց են պահում, չնայած որ դրսում՝ հենց մայթի վրա, շինարարական աշխատանքներ էին ընթանում», — ասում է Ֆիլիպ Մորթինսենը՝ Օսլո քաղաքյի կլիմայական գործակալության ավագ խորհրդականը։ «Աշխատողների միջև հաղորդակցումը նույնպես ավելի լավ էր ընթանում՝ շնորհիվ աղմուկի ցածր մակարդակի, և հետևաբար աշխատանքային միջավայրն ավելի ապահով էր թվում»։
Շինարարական արդյունաբերությունը ածխածնից ազատելն այն է, ինչում Օսլոն ցանկանում է համաշխարհային մակարդակով առաջատար դիրք ունենալ։ Եվ սա իր պատճառներն ունի։ Ներկայումս միայն շինարարական սեկտորը պատասխանատու է ամբողջ աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների 10%-ի համար։ Շինարարությունների թողած ազդեցությունն ավելի ակնառու է դառնում, երբ նայում ենք CO2-ի՝ էներգիայի օգտագործումից առաջացած արտանետումներին, որտեղ նշյալ սեկտորին է պատկանում համաշխարհային արտանետումների 38%-ը։
Օսլոյում պատկերը մի փոքր այլ է․ շինարարությանը քաղաքի ընդհանուր արտանետումների 7%-ն է պատկանում, չնայած դրանք ամեն դեպքում զգալիորեն ազդում են տեղի օդի աղտոտվածությանը և աղմուկի մակարդակի վրա։ Սակայն «Olav Vs gate»-ի՝ զրոյական արտանետմամբ փորձնական շինհրապարակի միջոցով քաղաքը փորձում է շարունակել բարեփոխվել։
Նորվեգիան ունի հազվագյուտ էլեկտրական ցանց՝ 98%-ով վերականգնվող էներգիայով՝ մեծ մասամբ ի հաշիվ հիդրոէներգիայի, ինչի շնորհիվ Նորվեգիան իդեալական վայր է դառնում զրոյական արտանետմամբ շինհրապարակների փորձարկման համար։
Ընդհանուր առմամբ, օգտագործելով էլեկտրական շինարարական մեքենաներ՝ «Olav Vs gate»-ի փորձնական նախագիծը կարողացավ խնայել 35000 լիտր դիզվառելիք և 92500 կգ-ի հավասար CO2՝ համեմատած սովորական մեքենաների օգտագործմանը։ Դա հավասար է մեկ տարում 20 ավտոմեքենա երթևեկությունից հանելուն։
Նրանց չհաջողվեց նախագիծը 100%-ով առանց արտանետումների իրականացնել, քանի որ որոշ մարտահրավերներ կային․ մասնավորապես պրոպանի այրիչը չէր կարող վերակառուցվել կամ փոխարինվել առանց արտանետումների այլընտրանքով։ Բայց քաղաքը պնդում է, որ գոհ է արդյունքից՝ խնայած լինելով արտանետումների 99%-ը՝ համեմատած սովորական դիզվառելիք օգտագործելու տարբերակի հետ։
Այժմ քաղաքը ձգտում է, որ 2025 թ.-ի դրությամբ քաղաքային բոլոր շինհրապարակները, իսկ 2030-ի դրությամբ բոլոր շինարարական աշխատանքները՝ հանրային թե մասնավոր, զրոյական արտանետմամբ դառնան։ Նորվեգիայի այլ վեց մեծ քաղաքներ ևս վերջերս հասել են նույն արդյունքին, ինչ Օսլոն։ Նորվեգիան ունի հազվագյուտ էլեկտրական ցանց՝ 98%-ով վերականգնվող էներգիայով՝ մեծ մասամբ ի հաշիվ հիդրոէներգիայի, ինչի շնորհիվ Նորվեգիան իդեալական վայր է դառնում զրոյական արտանետմամբ շինհրապարակների փորձարկման համար։
Այնուամենայնիվ, «Olav Vs gate»-ի փորձնական նախագիծը մի քայլ է ցույց տալու արդյունաբերական աշխարհին, որ առանց արտանետումների շինհրապարակն իրագործելի է և նկատի առնելով Օսլոյի օրինակը՝ ապագայում կդառնա ստանդարտ։ Նորանոր առաջընթացներ գրանցելու նպատակով Օսլո քաղաքն իր գնողունակությունն օգտագործել է որպես ռազմավարական գործիք։ 2019 թ.-ից ի վեր հանրային տենդերները՝ նախատեսված շինարարական աշխատանքների համար, ինչպես՝ ճանապարհներ, դպրոցներ, խնամքի տներ, ջրի և կոյուղու խողովակներ, տրվել են այն ընկերություններին, որոնք աշխատել են զրոյական արտանետմամբ տեխնիկայով և բեռնատարներով։
Եթե Օսլոն նախաձեռնողի դիրքում էր, ապա շուտով նրան հետևեցին Կոպենհագենն ու Հելսինկին, որոնք ևս ունեին զրոյական արտանետմամբ շինհրապարակներ։ Սակայն, ընդհանուր առմամբ, շինարդյունաբերությունը տխրահռչակ է փոփոխությունների նկատմամբ դիմացկուն լինելով և պատմականորեն ուղղված է եղել ավելի շատ ծախսերի, քան թե ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը։
«Տեխնիկան կարող է անթույլատրելիորեն թանկ լինել որոշ քաղաքների համար, եթե նայենք նախնական կապիտալի տեսանկյունից», — ասում է Արագոնեսը։ «Սրա պատճառն այն է, որ էլեկտրական մեքենան կարող է կրկնակի թանկ լինել դիզելայինից։ Իսկ եթե փորձեք սովորական մեքենային էլեկտրական մասեր կցել, ապա դա երկու կամ երեք անգամ թանկ կարժենա»։
Որոշ քաղաքների համար իսկական մարտահրավեր է էներգիայի բավարար քանակ ստանալ՝ էլեկտրական մեքենաները սնուցելու համար (Մարկ Փրեսթոն Արագոնես)։
Բայց Արագոնեսն ասում է, որ համեմատաբար թանկ սարքավորումներն իրենց կարդարացնեն։ «Դուք այլևս ստիպված չեք դիզվառելիք գնել, — ասում է նա՝ հավելելով, որ դրա փոխարեն պահանջվող էլեկտրականությունն ավելի էժան դուրս կգա։ «Այսպիսով՝ թեև ստիպված եք կանխավ ավելին վճարել, դուք շատ ավելին եք խնայում աշխատանքի բուն ընթացքում»։ Էլեկտրական մեքենաներն էլի առավելություններ ունեն, ինչպես՝ մինչև ուշ գիշեր կամ վաղ առավոտից աշխատելու հնարավորություն, քանի որ դրանք քիչ աղմուկ են առաջացնում, ինչն իր հերթին օգնում է ներդրած գումարը վերադարձնելուն։
Ի լրումն սարքավորումների ծախսերին՝ մեկ այլ արգելք է էներգիայի կայուն մատակարարում ապահովելը՝ էլեկտրական մեքենաներն աշխատեցնելու համար։ «Որոշ քաղաքների համար իսկական մարտահրավեր է էներգիայի բավարար քանակ ստանալ՝ էլեկտրական մեքենաները սնուցելու համար», — ասում է Արագոնեսը։ Նա հավատում է, որ դա իրագործելի է, եթե մի փոքր ստեղծարարություն ցուցաբերվի, սակայն վերջին հաշվով փոփոխությունների կարիք կզգացվի արդյուներության մեջ։ «Եթե ուզում եք միացված լինել ցանցին, ձեզ անհրաժեշտ կլինի անհամեմատ շատ էներգիա վերցնել այդ ցանցից։ Եթե, իհարկե, դուք չեք ուզում ինչ-որ մարտկոցի կոնտեյներ ունենալ, որը կլիցքավորվի այլ վայրում, իսկ հետո անընդհատ անջատել-միացնել ու բերել հասնցել դրանք այնպես, որ կարողանաք անդադար սնուցել ձեր մեքենաները»։
Նմանատիպ մարտկոցային համակարգը՝ վերջերս փորձարկված Հոնկոնգում, կոչվում է «Ampd Enertainer»։ Այն առաջադիմական, կուռ մարտկոցային համակարգ է, որը կարող է փոխարինել դիզելային գեներատորներին, որոնք այժմ ամբողջ աշխարհում էներգիա են մատակարարում շինարդյունաբերությանը։
«Ampd Energy» ընկերության հիմնադիրների համար, որոնք նախագծել են «Ampd Enertainer»-ը, գլխավոր նպատակը շինարդյունաբերության էլեկտրաֆիկացիայի ողնաշարի համար ենթակառուցվածքներ ապահովելն է։ Ներկայումս «Enertainer»-ը Հոնկոնգում օգագործվում է 18 խոշոր շինարարների և գույքի կառուցապատողների կողմից։ Սովորաբար այն սնուցում է կռունկներ, ամբարձիչներ, զոդիչներ և էլեկտրականություն պահանջող այլ սարքավորումներ։ «Enertainer»-ի նախագծողներն ասում են, որ այն կարող է ածխածնի արտանետումները կրճատել 85%-ով. շինհրապարակում մարտկոցային համակարգի յուրաքանչյուր տեղադրման հաշվով՝ այն խնայում է 200-400 ավտոմեքենայի հավասար արտանետումներ»։ Այն նաև ստեղծում է դիզելային գեներատորի առաջացրած աղմուկի 1/30 մասը։
Օսլոյի օրինակն ապացուցում է, որ զրոյական արտանետմամբ շինարությունը հնարավոր է (Ֆիլիպ Մորթինսեն)։
«[Դիզելային գեներատորները] միտված են միշտ միացված լինելու, բայց ոչ միշտ արդյունավետորեն օգտագործվելու։ Կռունկի դեպքում, օրինակ, դրանք ամբողջ ժամանակ աշխատում են, բայց կռունկն ամբողջ ժամանակ չէ, որ գործում է», — ասում է Ժուլիան դը Ժոնքիեղը՝ «Ampd Energy» ընկերության գլխավոր գործառնական տնօրենը՝ «Enertainer»-ի նախագծողներից մեկը։
«Այսպիսով՝ շատ արտանետումներ են արվում այն ընթացքում, երբ վերջինս իրականում էներգիա չի արտադրում։ Մարտկոցները շատ ավելի հարմար են այս խնդիրը լուծելու համար։ Երբ կռունկը չի աշխատում, ուրեմն չի աշխատում. դրանք պարզապես դրված են իրենց տեղում։ Երբ ձեզ էներգիա է անհրաժեշտ, դուք այն գրեթե անկթարթորեն ստանում եք։ Հենց այսպես ենք մեծապես խնայում»։
«Sino Group» ընկերությունը՝ Հոնկոնգի ամենախոշոր կառուցապատողներից մեկը, արդեն օգտագործում է «Ampd Enertainer»-ը։ Բացի ածխածնի արտանետումների կրճատումից՝ սարքը նաև տրամադրել է մի շարք օգտակար տվյալներ, ինչպես ասում է Էնդրյու Յանգը՝ «Sino Group»-ի նորարարությունների գծով տնօրենի տեղակալը։ «Մենք շինհրապարակում կարող ենք սարքին մի շարք բանացանցերի սենսորներ կապակցել», — ասում է Յանգը։ «Դա մեզ թույլ է տալիս ցանկացած պահի սարքավորման կարգավիճակի մշտադիտարկում անել։ Սա բոլորի համար գիտելիքներ ու տվյալներ ձեռք բերելու ուղի է, և այդ տվյալների միջոցով մենք ավելի արագ ենք կարևոր որոշումներ կայացնում, ինչը վերջիվերջո բարելավում է շինարարության ընթացքի գործառնական արդյունավետությունը»։
Շինհրապարկների թվայնացումը մեծ թափ է հավաքում։ «Շինհրապարակում կատարվող գործողություններն իմանալը, տվյալներ ստանալն ու գործընթացը թվայնացնելը մեծ բան են ամբողջ արդյունաբերության համար», — ասում է Յանգը։ «Յուրաքանչյուր բարելավում շինհրապարակի գործընթացների մեջ խոշոր, շատ խոշոր գումարներ է նշանակում։ Եթե դուք խնայում եք մեկ, երկու կամ երեք օր և արագացնում ամեն բան, ապա սա արդեն մեծ խնայողություն է»։
Արդյունավետությունը բարձրացնել և վատնումները կրճատել փորձող մեկ այլ նորարարություն է մոդուլային շինարարությունը։ Իմաստն այն է, որ շինությունը կամ դրա մասերը կառուցվում են շինհրապարակից դուրս, ինչն իր առավելություններն ունի։ Դանիայում և սկանդինավյան երկրներում, հաշվի առնելով, որ դրանք Եվրոպայի հյուսիսային մասում են, ձմռան ասմիներին սահմանափակ ցերեկային լույսով, շինարարները շատ ժամանակ չունեն դաշտում աշխատելու համար։ Փոխարենը, շատ շինություններ օգտագործում են բազմաթիվ հավաքովի տարրեր։ Սա միտում է, որն իսկապես կրճատում է վատնումները։
«Երբ խոսքը վերաբերում է մոդուլային շինարարությանը, անվտանգությունը, արդյունավետութունն ու միջավայրի վրա թողած ազդեցությունը փոխկապակցվում են», — ասում է Յոխեն Թայցերը՝ Օրհուս համալսարանի քաղաքացիական և ճարտարապետական ինժեներիայի ամբիոնի պրոֆեսորի օգնականը։ «Եթե ես շինահրապարկից դուրս եմ անում կառուցումը և հետո ուղարկում այն, ապա ես բարելավում եմ դրանք բոլորը՝ կրճատելով հավաքման գործընթացի վատնումը, բայց և բարձրացնելով անվտանգությունն աշխատակիցների համար։ Դա ևս մեկ առավելություն է»։
Սակայն մինչդեռ նորարարությունները, ինչպիսիք են էլեկտրիֆիկացիան, թվայնացումը և մոդուլային շինարարությունը, օգնում են ածխածնից ազատել արդյունաբերությունն ու կրճատել վատնումը, դրանք ոչ միշտ կարող են համատեղվել։
«Շինարդյունաբերությունը բազմաթիվ շահագրգիռ կողմեր ունի՝ ընդգրկված նախագծերում։ Ես կարծում եմ՝ դա մեր ունեցած մարտահրավերներից մեկն է», — ասում է Թայցերը։ «Ճարտարապետներից սկսած մինչև ենթակապալառուներ ու կապալառուներ՝ շատ անկատարություններ են տեղի ունենում հաղորդկացման մեջ, որտեղ մարդիկ կազմում են նախագիծը մի ձևով, բայց հետո իրագործում մեկ այլ։ Կարծում եմ՝ մի ամբողջ սերունդ կպահանջվի փոփոխություն տեսնելու համար։ Սա կրկին կապվում է այն բանին, որ մենք գալիք սերնդին պետք է սովորեցնենք ինժեներական աշխատուժի մասին։ Ուստի՝ մեզ ճիշտ գործիքներ են պետք»։
Չնայած դանդաղ, բայց առաջընթաց իսկապես գրանցվում է։ Հիմնվելով զրոյական արտանետմամբ քաղաքային շինհրապարակի հաջողության վրա՝ քաղաք Օսլոն շուրջ 10-20 նոր նախագծերի թողարկման է սպասում այս տարի, որոնք շինհրապարակում կօգտագործեն զրոյական արտանետմամբ ծանր տիպի սարքավորումներ, ինչպիսիք են փորիչ մեքենաները, անվային բարձիչները, բեռնատարները և հորատման մեքենաները։
Բացի այդ՝ Օսլոյի՝ մինչև 2025 թ. բոլոր շինհրապարակները զրոյական արտանետմամբ դարձնելու նպատակակետը հզոր ազդանշան է ուղարկել, և շինարարական շատ ընկերություններ արդեն պլանավորում են անցում կատարել։ Շինարարական սարքավորումներ արդյունաբերողները սկսում են ավելի շատ էլեկտրական մեքենաներ արտադրել։ Իրականում, էլեկտրական մեքենաների տվյալների բազան հասանելի է այդ մեքենաների մասին եղած ընդհանուր տեղեկատվության հղմամբ՝ հեշտացնելով նման մեքենաներ փնտրող քաղաքների գործը և համոզելով անցում կատարել դրանց։
Միևնույն ժամանակ, Կլիմայի առաջնորդության քաղաքների խումբը (C40) հրապարակել է «Մաքուր շինարարության հռչակագիր», որը, բացի այլ պարտավորություններից, պարունակում է շինհրապարակների արտանետումները կրճատելու երաշխիք։ Այս հռչակագիրը կոչ է անում ձեռք բերել և հնարավորության դեպքում օգտագործել միայն զրոյական արտանետմամբ շինարարական սարքավորումներ՝ 2025 թ. սկսած։ Ներկայումս գրեթե 40 քաղաքներ ամբողջ աշխարհով մեկ ստորագրել են հռչակագիրը, այդ թվում՝ Օսլոն, Բուդապեշտը և Եվրոպայից դուրս գտնվող այնպիսի մեծ քաղաքներ, ինչպիսիք են Լոս Անջելեսն ու Մեխիկոն։
«Օսլոյի օրինակն ապացուցում է, որ զրոյական արտանետմամբ շինարությունը հնարավոր է», — ասում է Մորթինսենը։ «Այստեղ՝ Օսլոյի կլիմայական գործակալությունում, մենք տեսնում ենք, թե ինչպես է տարբեր քաղաքների հետաքրքրությունը մեր աշխատանքի հանդեպ բարձրանում համաշխարհային մակարդակով։ Հատկապես խիտ բնակեցված քաղաքներից, որտեղ շատերը կշահեին մաքուր շինարարությունից»։
Քանի որ աշխարհում գնալով ավելի շատ քաղաքներ են հետաքրքրություն ցուցաբերում, հույս կա, որ շատերը կմիանան նրանց, և շինարարության համար առանց արտանետումների ապագա կառուցելը կլինի մեր հասանելիության սահմաններում։
Թարգմանիչ՝ Մարիամ Անտիկյան (Mariam Antikian) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։