«Ինլայթ»-ը ներկայացնում է հատվածներ՝ ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹ՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» (Հուլիս, 2021) փաստաթղթից:
ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹԸ հեղինակել են պատմաբան, դիվանագետ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի առաջին տեղակալ (1993-1994), պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը (Բոստոն), միջուկային ճարտարագետ, Հայ ուսանողների եվրոպական միության, ինչպես նաեւ մի քանի վերլուծական կենտրոնների համահիմնադիր Ռոբերտ Այդաբիրյանը (Փարիզ) եւ քաղաքագետ, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների տարբեր համալսարաններում դասախոս, 2018 եւ 2019 թվականներին արտասահմանում ՀՀ ՊՆ ավագ փորձագետ Թալին Փափազյանը (Էքս ան Պրովանս):
Փաստաթուղթը պատրաստելու համար հեղինակներն ուսումնասիրել են մեծ թվով փորձագետների տեսակետները. այդ կարծիքներն ամփոփված են Մաս I-ում: Փաստաթղթի հեղինակների սեփական դիտարկումները, առաջարկություններն ու եզրակացությունները ներկայացված են են Մաս II-ում: Իսկ Մաս III-ը բաղկացած է ուսումնասիրությանը վերաբերող հավելվածներից ու նյութերից:
Փաստաթղթում՝ մասնավորապես Մաս II-ում, արտահայտված մտքերը, դիտարկումներն ու տեսակետները պատկանում են փաստաթղթի հեղինակներին եւ կարող են չհամընկնել «Ինլայթ»-ի տեսակետներին:
Մի Սպիտակ թղթի ստեղծումը, որի փորձն արվեց այստեղ՝ ազգային աղետից հետո, բարդ վարժանք է այնքանով, որքանով այն պահանջում է վերագործարկում (reset): Դժվարությունն այն է, որ պետք է պահպանել այն, ինչը կարեւոր է Հայաստանի համար եւ ինչի վրա կարելի է կառուցել. եւ թողնել այն, ինչը կարող է թվալ կարեւոր այս կամ այն մակարդակում, բայց դա կա՛մ անիրագործելի է, կա՛մ մեծ դժվարություններ է ստեղծում առավել կարեւորի համար: Կարող ենք նաեւ նշել, որ Հայաստանում արագ փոփոխվող հանգամանքները՝ այս Սպիտակ թղթի վերջնական խմբագրման եւ թողարկման պահերի միջեւ, կարող են այս փաստաթղթի որոշ տարրերը դարձնել իրականությունից կտրված կամ ավելի վատ: [հատված ՍՊԻՏԱԿ ԹՂԹԻ Նախաբանից]
ՄԱՍ II
Բաժին 3. Եզրակացություններ [էջ 100-105]
Հայաստանի քաղաքացիներն ու ղեկավարները կանգնելու են իրենց ապագայի հետ կապված դժվար ընտրության առջեւ։ Երկիրը բախվում է մեծ մարտահրավերների, այդ թվում՝ ազգայնական գաղափարախոսության, որը հարմար չէ անկայուն պետականության խնդիրները մեղմելու համար. տրանսպորտային շրջափակումից եւ ռազմական գերհանձնառությունից տկարացած տնտեսություն, արտաքին ուժերի (հատկապես՝ Ռուսաստանի) բարի շնորհներից գերկախվածություն, երկրների, որոնք չեն կիսում Հայաստանի արտաքին քաղաքական բոլոր նպատակները։
Հայ քաղաքական կուսակցություններն ու առաջնորդները պետք է առաջարկեն Հայաստանի ու Ղարաբաղի վրա ներկայումս ազդող՝ ներքին ու միջազգային ծանր ճգնաժամերի իրենց լուծումները։ Այս կուսակցություններից ու առաջնորդներից շատերը որոշակի պատասխանատվություն են կրում այդ ճգնաժամերի համար, իրենց իրականացրած՝ անիրատեսական, հաճախ պատրանքների վրա հիմնված քաղաքականությունների համար, ինչպես նաեւ ակտիվորեն այնպիսի քաղաքականություններ խրախուսելու կամ դրանց հետ համաձայնելու համար, որոնք հանգեցրին պատերազմի եւ այնուհետեւ պարտության։
Այս փաստաթղթի հեղինակները գիտեն, որ հայերի համար դժվար է ընդունելը, որ իրենք պարտվեցին, եւ որ պատասխանատվությունից խուսափելու պաշտպանական մեխանիզմները հեշտությամբ են կառուցվում։ Պաշտպանության նման միջոցներից մեկը նույնիսկ ավելի ազգայնական հռետորաբանության գործածումն է, քան այն, ինչն առաջին հերթին երկիրը տարավ աղետի։
Իշխանություններն ու ընդդիմադիր կուսակցություններն այժմ պարտավոր են անկեղծ ու բաց խոսել ժողովրդի հետ։ Երկիրն ու հասարակությունը չեն կարող իրենց ճանապարհը գտնել, եթե փաստերը, հասանելի տարբերակներն ու հնարավորությունները քողարկված են, եթե ազնիվ գնահատականների փոխարեն նրանց կերակրում են կարգախոսներով, ինչպես նախկինում էր։ Քաղաքական ու մտավորական վերնախավերը չպետք է խոսույթը վերածեն մրցակցության՝ այն բանի շուրջ, թե ո՞վ կարող է ավելի շատ խոսել եւ ասել ավելի քիչ, ո՞վ կարող է ավելի բարձր հայհոյել ու ավելի շատ վիրավորանքներ հասցնել, եւ թե ո՞վ կարող է դրախտ խոստանալ երկրի վրա։ Հայ ժողովուրդն ավելի լավին է արժանի։
Ընտրությունների հիմքում, որ նոր կառավարությունը պետք է կատարի այսքան հարցերի եւ ուղղությունների վերաբերյալ, կլինի այն տեսլականը, որը իշխանական առաջնորդները կխոստանան ժողովրդին՝ քարոզարշավի ընթացքում, ինչպես նաեւ այն ուղին, որով պետությունը պետք է անցնի ժողովրդի ու պետության վերականգնումն ապահովելու համար։ Սա պետք է ներառի այն երաշխիքը, որ կառավարությունն ի վիճակի կլինի խուսափել պատրանքների վրա հիմնվելու պատճառով կատարած հրեշավոր սխալներից, եւ առաջին հերթին՝ խաղաղության, կայունության ու բնականոնության հաստատմանը հասնելու անկեղծ ցանկությունը, իսկ հետագայում՝ թերեւս ավելին։
Անկախ նրանից՝ հարցը Ղարաբաղի ապագան է, Հայաստանի տնտեսական ու սոցիալական վերականգնումը, հարեւանների հետ հարաբերությունները, թե Հայաստանի տեղը տարածաշրջանում ու աշխարհում, գոյություն ունեցող հնարավորությունները կարելի է ամփոփել հետեւալ երեք տարբերակներում.
Ա. Հայաստանը մերժում է 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության պայմաններն ու հիմքերը եւ նպատակ է դնում վերակառուցելու պետությունը՝ հնարավորինս ամենաուժեղ բանակով։ Բոլոր միջոցները, այդ դեպքում, տրամադրվում են նման ռազմականացված պետության կառուցմանը՝ վերջին պատերազմի արդյունքը փոխելուն ուղղված նոր պատերազմ նախաձեռնելու նպատակով։ Այս տարբերակով՝ Հայաստանը իրականացնում է դիվանագիտություն, որի նպատակն է Ղարաբաղի անկախության ապահովումը, եւ Ադրբեջանի, Թուրքիայի ու Բաքվի այլ դաշնակիցների նկատմամբ ռազմական գերակայության հասնելը։
Բ. Հայաստանը չի կատարում 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության կետերը, նպատակ է դնում դառնալու ուժեղ բանակով կայազորային պետություն, որը կարող է դիմադրել ադրբեջանական կամ թուրքական հարձակումներին, եւ հրաժարվում է բացել իր հաղորդակցության ուղիները։ Սա՝ այն պատճառով, որ նա չի ցանկանում, որ իր հավերժական թշնամիները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, օգտվեն այդ բաց ուղիներից՝ չնայած վերանվաճման նոր պատերազմ սկսելու Հայաստանի մտադրության բացակայության։ Այս իրավիճակում Ղարաբաղի ապագան վստահված է Ռուսաստանին, եւ Հայաստանը պատրաստ պետք է լինի ռազմական օժանդակություն ցուցաբերելու Ղարաբաղին, եթե դրա կարիքը նորից առաջանա։
Գ. Հայաստանն ընդունում է պարտության պատճառները, ազդեցությունն ու կարեւորությունը՝ որպես արդեն տեղի ունեցած փաստ, կենտրոնանում է (ա) հավաքական ու ընտանեկան հոգեցնցումները (trauma) բուժելու, (բ) իր տնտեսության, սոցիալական համախմբվածության, պետական հաստատությունների, կրթական եւ առողջապահական համակարգերի վերականգնման ու (գ) լավ սահմանված, ողջամիտ առաքելություն ունեցող ժամանակակից պաշտպանական բանակի վերակառուցման ուղղությամբ։ Այս դեպքում՝ Ղարաբաղի առնչությամբ, Հայաստանն աշխատում է Ղարաբաղի հայության համար ապահովել հնարավորինս լավագույն կարգավիճակը՝ աշխատելով Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի եւ միջազգային հանրության հետ եւ օգտագործելով դիվանագիտությունը՝ լավագույն երաշխիքներ ապահովելու համար։ Նոյեմբերի 10-ի հայտարարության ցանկացած փոփոխություն կիրականացվի բանակցությունների միջոցով, որոնք կներառեն ուղղակի բանակցություններ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ։ Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ հնարավոր լուծումների ձեւակերպման հարցում, հայկական քաղաքականություն մշակողները հնարավոր հետեւանքների հաշվարկներ են կատարում երկու սցենարների համար. ռուսական խաղաղապահները մնում են Ղարաբաղում կամ թողնում են Ղարաբաղը՝ որեւէ պատճառով, ապագայի ինչ-որ մի պահի։ Ի վերջո, Հայաստանը կարգավորում է դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ու նվազեցնում կամ վերացնում իրական կամ թվացյալ գոյաբանական սպառնալիքները։ Այս հարցում Հայաստանն, անշուշտ, կունենա բոլոր միջազգային խաղացողների աջակցությունը։
Այս տարբերակներից առաջինը պարզապես պատրանքային է, եթե ոչ՝ ինքնասպան։ Երկրորդն ավելի մոտ է նրան, ինչ երկիրն ուներ անցյալ քսան կամ ավելի տարիների ընթացքում, եւ ինչը ո՛չ բերեց խաղաղության ու անվտանգության, ո՛չ էլ կայունության ու բարեկեցության։ Այս զեկուցման հեղինակները որեւէ այլ իրական ու իրատեսական տարբերակ չեն տեսնում՝ երրորդից բացի։
Նրանք, ովքեր համաձայն չեն, պետք է ապացուցեն, որ իրենց ենթադրույթները ամուր հիմք ունեն. այդպիսի ենթադրույթները պատերազմից առաջ համարվում էին անքննելի, սակայն ապացուցվեց, որ դրանք կեղծ էին՝ աղետալի հետեւանքներով։ Նրանք պետք է ապացուցեն, որ ամուր հիմքեր ու լավ պատճառներ կան հավատալու, որ այն, ինչին հնարավոր չեղավ հասնել վերջին քսանհինգ տարիների ընթացքում՝ այնպիսի առաջնորդների ղեկավարությամբ, որոնք վստահեցնում էին մարդկանց՝ ցանկացած պարագայում հաղթանակի հասնելու հարցում, հնարավոր կլինի հասնել հիմա։ Եւ որ հնարավոր կլինի այնպես անել, որ այլ երկրները՝ թշնամի, թե բարեկամ, մտածեն Հայաստանի ցանկությունների, այլ ոչ թե իրենց շահերի տեսանկյունից։
Հայաստանը չի ստեղծվել եւ անկախությունը ձեռք չի բերվել որպես մի ասպարեզ, որտեղ առաջնորդները մրցակցեն՝ ցուցադրելու համար, թե ով է ամենից ավելի ատում իր հարեւաններին։ Ժողովուրդը անկախ պետություն ստեղծեց՝ հաղթահարելով վախը, որպեսզի ապրի օրինավոր եւ ստեղծի մարդկանց բարգավաճման, նրանց երազանքներն ու տեսլականները զարգացնելու համար լավագույն միջավայրը։ Այս նպատակներին հնարավոր չի լինի հասնել խոստումներով, որոնք չեն կարող կատարվել, եւ պատրանքներով, որոնք հակասում են իրականությանը։
Ուրիշ ի՞նչ արհավիրք պետք է պատահի հայ ժողովրդին ու պետությանը, որպեսզի հայկական իշխանություններն ու վերնախավերը որոշեն անկեղծ լինել իրենք իրենց հետ եւ գործեն համապատասխանաբար։ Նրանք կարող են թաքցնել դաժան իրողությունները մեր ժողովրդից ու իրենք իրենցից. սակայն մնացյալ աշխարհը չափազանց լավ է տեսնում եւ գիտի պատերազմի արդյունքը, այդ արդյունքի պատճառները եւ դրա նշանակությունը ապագայի համար։
Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է սովորեն սահմանել այն հիմնարար արժեքները, որոնց շուրջ համաձայնությունն էական է պետության գոյատեւման համար, եւ պետք է համաձայնեն, թե ինչպես պետք է լուծվեն մնացած հարցերի շուրջ տարաձայնությունները։ Դա սկսում է երկրի Սահմանադրություն եւ օրենքներ ունենալուց ու դրանք հարգելուց, ինչպես նաեւ հատվածական ու կուսակցական շահերից ու ես-երից վեր բարձրանալով։ 1990-ական թվականների սկզբներին միասնական կառավարություն չկար, եւ միասնություն չկար Հայաստանում կամ Սփյուռքում։ Ընդհակառակը, իշխանությունը բախվում էր ամենակոշտ եւ կատաղի ընդդիմությանը: Այդուհանդերձ, հայկական կողմը հաղթեց եւ զարգացում արձանագրեց մի շարք ոլորտներում՝ չնայած ձախողելով որոշ ոլորտներում։ Ժողովրդի ձայնը կարեւոր է եւ կարեւոր կլինի միայն այն դեպքում, երբ առաջնորդներն ու կուսակցությունները ժողովրդին լավ ծառայեն։ 1990-ական թվականների վերջերից հետո ոչ մի առաջնորդ կամ կուսակցություն Հայաստանում չի եկել իշխանության՝ Ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ հստակորեն ներկայացնելով իր մոտեցումը, եթե դա առավելապաշտական լուծում չի եղել։ Օրինակարգությունը, որ ժողովուրդը ընտրությունների միջոցով ներդնում է առաջնորդի մեջ, ավելի հաճախ հիմնվում է իրավիճակի ընդհանուր զգացողության, ոչ թե հատուկ խնդիրների բարձրացման ու առաջարկվող լուծումների վրա։ Սա հսկայական պատասխանատվություն է դնում ընտրված առաջնորդի վրա՝ այդ վստահությունը որոշակի ոլորտներում խոհեմ որոշումների վերածելու առումով:
Ի՞նչ է Հայաստանը ցանկանում իր ապագայի համար։ Ինչպիսի՞ պետական միավորում եւ ի՞նչ հասարակական պայմանագիր։ Ներկա համատեքստը հաշվի առնելով` այս հարցը կարող է շատերին անօգտակար թվալ։ Այս զեկույցի հեղինակներն ընդունում են, որ այս հարցն առաջադրելու մեջ գաղափարախոսական կողմնակալություն կա։ Այդ կողմնակալությունը պետականակենտրոն դիրքորոշում որդեգրելն է, այսինքն՝ հիմքում ընդունելը այն, որ անկախ պետականությունը, նույնիսկ նվազ ինքնիշխանությամբ՝ ինչպիսին այսօր է, արժեք է, որի համար պետք է աշխատել ու պայքարել, եւ որը պետք է պահպանել։ Վերջին երեք տարիների շատ կարճ ժամանակամիջոցի ընթացքում հայ հասարակությունը, հատկապես նկատի ունենալով 18-30 տարեկաններին, անցավ վարչակարգի՝ ոչ բռնի փոփոխության ոգեւորության միջով, մի շարք ներքին՝ թեեւ չավարտված բարեփոխումների, հավաքական հոգեցնցում պատճառած կործանարար պատերազմի ընկճող փաստերի եւ Ղարաբաղի՝ գրեթե կորստի միջով։ Նախընտրելի Հայաստանի առնչությամբ ընտրություն կատարելիս՝ առաջնորդները պետք է մտածեն երիտասարդների եւ նրանց ապագայի մասին։
Ով էլ ստանձնի Հայաստանում իշխանությունը, պետք է կառավարի իմաստնությամբ։ Մի քանի իմաստուն երեցների հետ պետք է խորհրդակցել՝ կայունություն հաստատելու, խորապես անհանգստացնող հարցերին պատասխանելու եւ հավասարակշռված դատողությամբ որոշումներ ընդունելու համար։ Պետք է նշանակվեն լավ վարչարարներ, որոնք ցույց կտան, որ կառավարությունն արդյունավետ է աշխատում հրատապ խնդիրների լուծման առումով։ Եւ ապագայի Հայաստանը պատկերացնելու համար երիտասարդ մտքեր պետք է ներգրավվեն։ Հայաստանին անհրաժեշտ է կառավարման հմտություններ ունեցող մի ղեկավար, որը գործի շրջահայեցողությամբ ու խոհեմությամբ, կարողանա պատշաճորեն կառավարել երկիրը, ցուցաբերի հստակ միտք եւ հետեւողական ռազմավարություն, ընտրի լավագույններին, որոնց հետ հնարավոր կլինի կառավարել, եւ խրախուսի նրանց։ Այսպիսի առաջնորդի իմաստնությունը կճանաչվի ժողովրդի կողմից, քանի որ ժողովուրդը գիտի, թե ինչ է անում առաջնորդը, գիտի նաեւ, թե ինչպես եւ ինչու է դա անում։
Վերջապես, պատկերացնելով Հայաստանի ապագան՝ հայ ժողովուրդը չի կարող անտեսել այն վտանգները, որոնք առաջացել են կլիմայական փոփոխություններից, բնական աղետներից, համաճարակներից ու մարդկային գործողությունների հետեւանքով ստեղծված ճգնաժամերից, եւ որոնք կյանքեր են խլում, համակարգեր ու տնտեսություններ քայքայում։ Այլ խոսքով՝ աղետները, որոնք միջազգային միասնական լուծումներ են պահանջում՝ սկսելով տարածաշրջանային համագործակցությունից, այժմ պետք է համարվեն նույնքան լուրջ եւ անխուսափելի՝ ինչպես ազգային անվտանգության այլ սպառնալիքները: Հայաստանն ու հայ 105 ժողովուրդը պաշտպանված չեն նման աղետներից, որոնք սպառնում են համայն մարդկությանը։ Դրանց նկատմամբ պատրաստության ծրագրերը հայ ժողովրդի համար նույնքան կարեւորություն պետք է ստանան, որքան հարեւանների հետ հակամարտությունները։ Այս վերջինները պետք է դիտարկվեն ընդհանուր վտանգների տեսանկյունից։
ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹՆ ամբողջությամբ`այստեղ: