Հուշ-երեկո՝ նվիրված ՀԱՀ ուսանողներ Հակոբ Հակոբյանի և Էրիկ Հաջիկյանի հիշատակին

2022 թ. հունվարի 24-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի համայնքը Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) հետ համատեղ աշխատաժողովի շրջանակներում միավորվել էր հարգելու Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ՀԱՀ-ի ուսանողներ Հակոբ Հակոբյանի և Էրիկ Հաջիկյանի հիշատակը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀԱՀ Տնտեսագիտության մագիստրոսական ծրագրի (MSE) և ԿԲ-ի կողմից, որտեղ Հակոբն աշխատում էր Ֆինանսական դիտարկումների կենտրոնի Վերլուծությունների բաժնում որպես վերլուծաբան։

ԿԲ-ում Հակոբի գործընկերներից Վահե Ավետիսյանը, վկայակոչելով իրենց համատեղ աշխատանքի ընթացքում Հակոբի ցուցաբերած բացառիկ անձնային  հատկանիշները, խոսեց նրա անձնային և մասնագիտական ​​որակների՝ ճշտապահության, ազնվության, պարկեշտության, համեստության, պատասխանատվության բարձր զգացման, ինչպես նաև վերլուծական հմտությունների մասին, որոնց արդյունքները մինչ այսօր կիրառելի են իրենց թիմում:

Հակոբը ՀԱՀ-ի փայլուն ուսանողներից էր՝ հետաքրքրությունների լայն շրջանակով և տվյալների վերլուծության հանդեպ առանձնահատուկ սիրով: Ցավոք, Հակոբն ընկավ մարտի դաշտում 2020 թ. Արցախյան պատերազմի ժամանակ՝ չհասցնելով ստանալ ՀԱՀ-ի տնտեսագիտության աստիճանը։ Այնուամենայնիվ, անցնելով տվյալների վերլուծության շուրջ մի շարք դասընթացներ՝ նա, թեև հետմահու, դարձել է «Տվյալների վերլուծության ծրագրի ավարտական հավաստագիր» ծրագրի առաջին շրջանավարտը: Հավաստագիրը Հակոբի ընտանիքին է հանձնել ՀԱՀ պրոռեկտոր դոկտոր Բրայան Էլիսոնը։ «Մենք երախտապարտ ենք ձեզ՝ ձեր որդուն ճանաչելու և որպես մեր համայնքի անդամ նրա ընկերակցությունը վայելելու հնարավորության համար»,— Հակոբի ծնողներին է ասել պարոն Էլիսոնը:

2017 թ. Հակոբը միացել էր «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին որպես վերլուծաբան, ապա նաև՝ «Ինլայթ»-ի խորհրդի անդամ: Նա համակարգում էր «Ինլայթ»-ի տնտեսագիտական բաժինը, պրակտիկայի և մենթորության ծրագրերը, հեղինակում, թարգմանում և խմբագրում մասնագիտական տարաբնույթ  հոդվածներ։ «Ինլայթ»-ի գլխավոր խմբագիր Աննա Խաչյանը պատմեց Հակոբի մասին իր հիշողությունների, նրա տնտեսագիտական ու ֆինանսական հարցերի վերաբերյալ վերլուծությունների և ոլորտին առնչվող հոդվածների թարգմանությունների ընտրանին հրատարակելու գաղափարի հիմքում ընկած դրդապատճառների մասին՝ մեջբերելով Հակոբի բանաստեղծություններից մեկը, որն իբրև բնաբան է ծառայել «Վերլուծություններ և հոդվածներ» ժողովածուի համար։

Գրքի մի քանի օրինակ նվիրաբերվել է ՀԱՀ ՀԲԸՄ Փափազյան գրադարանին և Սիմոն Մանուկյան անվան բիզնեսի և տնտեսագիտության քոլեջին (CBE):

Միջոցառման ընթացքում հայտնի դարձավ նաև Էրիկի հիշատակին նվիրված «Ոսկե սերմեր» կրթական մրցանակի դափնեկիրը։

Լույս, հիշատակ և խոնարհում  Արցախյան 44-օրյա պատերազմի բոլոր զոհերին:


Պատրաստեց՝ Մարիամ Անտիկյանը