«Ինլայթ»-ը ներկայացնում է հատվածներ՝ ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹ՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» (Հուլիս, 2021) փաստաթղթից:
ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹԸ հեղինակել են պատմաբան, դիվանագետ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի առաջին տեղակալ (1993-1994), պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը (Բոստոն), միջուկային ճարտարագետ, Հայ ուսանողների եվրոպական միության, ինչպես նաեւ մի քանի վերլուծական կենտրոնների համահիմնադիր Ռոբերտ Այդաբիրյանը (Փարիզ) եւ քաղաքագետ, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների տարբեր համալսարաններում դասախոս, 2018 եւ 2019 թվականներին արտասահմանում ՀՀ ՊՆ ավագ փորձագետ Թալին Փափազյանը (Էքս ան Պրովանս):
Փաստաթուղթը պատրաստելու համար հեղինակներն ուսումնասիրել են մեծ թվով փորձագետների տեսակետները. այդ կարծիքներն ամփոփված են Մաս I-ում: Փաստաթղթի հեղինակների սեփական դիտարկումները, առաջարկություններն ու եզրակացությունները ներկայացված են են Մաս II-ում: Իսկ Մաս III-ը բաղկացած է ուսումնասիրությանը վերաբերող հավելվածներից ու նյութերից:
Փաստաթղթում արտահայտված մտքերը, դիտարկումներն ու տեսակետները պատկանում են փաստաթղթի հեղինակներին եւ կարող են չհամընկնել «Ինլայթ»-ի տեսակետներին:
Մի Սպիտակ թղթի ստեղծումը, որի փորձն արվեց այստեղ՝ ազգային աղետից հետո, բարդ վարժանք է այնքանով, որքանով այն պահանջում է վերագործարկում (reset): Դժվարությունն այն է, որ պետք է պահպանել այն, ինչը կարեւոր է Հայաստանի համար եւ ինչի վրա կարելի է կառուցել. եւ թողնել այն, ինչը կարող է թվալ կարեւոր այս կամ այն մակարդակում, բայց դա կա՛մ անիրագործելի է, կա՛մ մեծ դժվարություններ է ստեղծում առավել կարեւորի համար: Կարող ենք նաեւ նշել, որ Հայաստանում արագ փոփոխվող հանգամանքները՝ այս Սպիտակ թղթի վերջնական խմբագրման եւ թողարկման պահերի միջեւ, կարող են այս փաստաթղթի որոշ տարրերը դարձնել իրականությունից կտրված կամ ավելի վատ: [հատված ՍՊԻՏԱԿ ԹՂԹԻ Նախաբանից]
Մաս IV
Հավելված Ե. Առաջարկություններ Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների համար [1]
- Հետաքննող հանձնաժողով. 2020 թ. Ղարաբաղյան պատերազմը
Անհրաժեշտ է համապարփակ հետաքննություն, որը լույս սփռի 2020 թ. պատերազմի տարբեր երեսների վրա: Այդ հետաքննության արդյունքում պետք է պատրաստվի զեկույց, որի մի տարբերակը պետք է հրապարակվի հանրության համար, իսկ պետական տարբերակը կմնա գաղտնի, քանի դեռ Հայաստանը չի կարգավորել իր ազգային անվտանգության ներկայիս խնդիրները: Հանձնաժողովը պետք է լիովին անկախ լինի՝ իր գործունեության, փորձագետների ընտրության եւ ինստիտուցիոնալ կարգավորման առումով: Չնայած ռազմական գաղտնիքների զգայունությանը պատշաճ ուշադրություն դարձնելուն, թափանցիկությունն առաջնային է: Առանց խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության տեղեկացվածության վրա հիմնված ճնշումների՝ զինվորականները, որպես բյուրոկրատական քաղաքականության մասնակիցներ եւ ունենալով իրենց սահմանափակ շահերը, կամովին չեն փոխվի:
Միեւնույն ժամանակ, այդ հետաքննությունը թույլ կտա գնահատական տալ 1994 թ. հաղթանակին՝ հետադարձ կերպով (ex-post): Հայ ազգայնականությունը ոչ օրինաչափ (abnormal) կապ ունի պատմության հետ: Քանի որ այն սնուցվում է հուսահատությամբ եւ հիասթափությամբ, հայ ազգայնականությունը պատճառ դարձավ, որ 1994 թ. հաղթանակի պատճառները չկարողանանք եւ չկամենանք անաչառորեն գնահատել: Այդ հաղթանակը սկսեց ընկալվել որպես փոխհատուցում՝ նախորդ բոլոր պարտությունների, զրկանքների եւ անարդարությունների, ու որպես վերականգնում՝ դրանց պատճառած հետեւանքների: Նույնքան վտանգավոր կլիներ 2020 թ. պարտությունը էականացնելը (essentialize): 2020 թ. պատերազմը պետք է մանրակրկիտ հետաքննվի, որպեսզի չառաջանա զոհարկություն եւ (կամ) անկարողություն:
Հարկ է նշել, որ Հայաստանում նման նախաձեռնության օգտին մի շարք ձայներ են լսվում. ներառյալ (բայց ոչ միայն) Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Օնիկ Գասպարյանի եւ նախորդ կառավարության որոշ բարձրաստիճան անդամների:
Հայաստանից դուրս հաջողված դեպքեր են եղել, երբ նման հետաքննությունները տվյալ հասարակությանն օգնել են հաղթահարելու ներքին ցնցումը եւ խոր բեւեռացումը: Կա նաեւ միջազգային բավականաչափ փորձ՝ «ինչ չանել»-ու առնչությամբ, Հայաստանի պարագայում նման մի նախաձեռնություն դյուրացնելու համար:
- Տեսության բարեփոխում
Հայկական նախընտրությունները, որոնք ժառանգվել են խորհրդային ռազմական տեսությունից (այսինքն՝ պատերազմելու եղանակներն ու մեթոդները), հակված են դեպի հյուծիչ պատերազմի. մարդկային ռեսուրսների կառավարում, մեծ քանակությամբ զրահատեխնիկայի կիրառում եւ ուժեղ հենարան՝ ի դեմս հակաօդային պաշտպանության ու հրետանու, եւ ի վնաս օդային գերազանցության ու կենսունակ հետեւակի:
Սակայն սա աչք է փակում շարժունակ եւ ճկուն ինքնապաշտպանական խմբերի վրա, որոնք հանգուցային դեր ունեցան Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում: Ասես՝ բանակի կառուցման ընթացքում հայկական ռազմական ավանդույթի օգտակար կողմերը կորել էին ԳՇ-ի համար: Նույնիսկ լավատեղյակ դիտորդներն էին ակնկալում, որ հայկական ուժերը կկարողանան ավելի լավ օգտագործել տեղանքն ու պաշտպանողական դիրքը, քան այն, ինչ նրանք արեցին 2020 թ. հոկտեմբերին ու նոյեմբերին:
2020 թ. Ղարաբաղյան պատերազմը չի փաստել, որ տանկերը անգործածելի են, եւ ոչ էլ ապացուցել է, որ հաջորդ պատերազմները միայն ռոբոտներն են ղեկավարելու: Բայց այն, անշուշտ, ցույց տվեց, որ շարժական, միավորված սպառազինության ու հրետանային ստորաբաժանումների բացակայությունը կարեւոր թերություն հանդիսացավ ճակատամարտի եւ հնարավորությունների ենթադրյալ դասավորությունում:
Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ պատերազմով սպառված զսպման կարողությունները պետք է վերակառուցվեն եւ ուժեղացվեն, հարցը, թե արդյո՞ք պետք է վերանայվի գնումների քաղաքականությունը, կախված կլինի տեսության բարեփոխումների ընտրությունից:
Պաշտպանության նախարարության եւ ԳՇ-ի տարրերի միջեւ կա տեսական դիմակայություն: Այն դեպքում, երբ բարեփոխումների ներդրումը եկել է ՊՆ-ից, ԳՇ-ն դրանք ընդունել է միայն մակերեսորեն (եւ ոչ գործնականում), կամ ընդհանրապես չի ընդունել: Այս խնդիրը տեսանելի դարձավ քառօրյա պատերազմից հետո Ազգ-բանակ հայեցակարգի հրապարակմամբ եւ երկու համապարփակ փաստաթղթերով, որոնք ներկայացնում են «Պաշտպանության նախարարի վերանայումը»՝ հրապարակված 2018 եւ 2020 թվականներին: Այս վերջին երկու փաստաթղթերում թվարկվում էին զինված ուժերի արդիականացման եւ բարեփոխման կարեւոր տարրեր: Իրականացված բարեփոխումներից ոչ մեկը, սակայն, բավարար չէր 2020 թ. պատերազմի ելքի վրա ազդեցություն ունենալու համար: Հավանաբար, ԳՇ-ն գործել է այն ենթադրությամբ, որ կնախընտրեր սպասել խաղաղության՝ զանգվածային բարեփոխումներ իրականացնելու համար: Պարզվեց, որ սա խելամիտ չէր: Այժմ Հայաստանը պետք է անհապաղ սկսի այդ բարեփոխումները:
- Անհամաչափ եւ հիբրիդային պատերազմ
Պետք է մշակվեն ոչ գծային պատերազմի տեսություններ, որոնք օգտագործում են տնտեսական, քաղաքական, հոգեբանական եւ կիբեր ազդեցությունները թշնամու սպառնալիքների կամ թիրախների վրա: Տեղեկատվության սպառազինումը շարունակում է մնալ լուրջ թերություն՝ ինչպես հայկական պետության պաշտպանական, այնպես էլ հարձակողական զինանոցում, իսկ ուժեղ անհամաչափ եւ հիբրիդային պատերազմի տեսության մշակումը վճռորոշ նշանակություն ունի հանրապետության անվտանգության ճարտարապետության համար:
- Հայաստանի ռազմական կրթական համակարգի բարեփոխում
Հայաստանի ռազմական ակադեմիաները դեռեւս հնացած են, սահմանափակ միջոցներով, անբավարար քանակի որակյալ հրահանգիչներով եւ գիտական հետազոտությունների ու ռազմական ակադեմիկոսների պակաս ունեն: Ինչպես լայնածավալ բարեփոխումներ են պահանջվում Հայաստանի կրթական համակարգում, այնպես էլ նույն լայնածավալ բարեփոխումներն անհրաժեշտ են նաեւ երկրի ռազմական կրթական համակարգում:
Հայաստանի երեք հիմնական ռազմական ակադեմիաները չունեն գերժամանակակից ռազմական հարմարություններ, ակադեմիական պատրաստվածություն, ընդլայնված ռազմավարական եւ մարտավարական պատրաստվածություն, առաջատար մասնագետներ եւ հրահանգիչներ, ու որակյալ հետազոտություններ: Հայաստանի ռազմական ակադեմիաների՝ համեմատաբար ցածր որակի պատճառով կրտսեր սպայական կազմը, ռազմական ծրագիր կազմողները եւ ռազմավարները, որոնց պատրաստում է այդ կրթական համակարգը, մնում են Հայաստանի անվտանգության ճարտարապետության կարիքներին անհամապատասխան եւ թերի: Հայաստանի ռազմական կրթական համակարգը պետք է բարեփոխվի եւ մոդելավորվի առաջադեմ ռազմական ակադեմիաների օրինակով. այն պետք է ներառի ճշգրտություն՝ հետազոտությունների եւ ռազմական գիտության մեջ, քաղաքականության մշակում եւ ռազմավարական հրամանատարության կատարելագործում:
- Ղեկավարման եւ կառավարման (Command and Control, C2) համակարգ
2015 թ. Սահմանադրությամբ սահմանված՝ ղեկավարման եւ կառավարման մեխանիզմները թուլանում են: Փոփոխությունները, որոնք նրանք պատկերացնում են խաղաղության եւ պատերազմի միջեւ, պատերազմի ժամանակ անհաջողության աղբյուր դարձան:
Սկզբունքորեն, զինված ուժերը ենթարկվում են կառավարությանը: Հետեւաբար, ՊՆ-ն հետեւում է Անվտանգության խորհրդի սահմանած պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղություններին, այնուհետեւ դրանք փոխանցում է Զինված ուժերին: Խաղաղության պայմաններում՝ ԳՇ պետը, ռազմական ամենաբարձր պաշտոնյան, ենթարկվում է ՊՆ-ին: Սակայն պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը դառնում է վարչապետը, իսկ ԶՈՒ-ն զեկուցում է վարչապետին:
2008 թ.-ից սկսած ռազմավարական պաշտպանության երկու տեսություն է ներկայացվել, ուր հատկապես շեշտադրված է այն, որ առաջադրանքով հրամանատրումը (mission command) C2 համակարգի հիմնական փիլիսոփայությունն է եւ առաջնորդող սկզբունքը: Այդ նույն հարցը վերաձեւակերպվեց 2018 եւ 2020 թվականների նախարարական վերանայման մեջ: Հրամանատրում առաջադրանքով հայեցակարգի առավելությունները կարող են լինել.
- Էական քայլ կատարելը դեպի պատերազմի նկատմամբ մանեւրային մոտեցում,
- Հաղթահարելը մարտադաշտի անկայունությունը եւ հաղորդակցության հավանական խափանումը,
- Կողմնորոշում-որոշում-կատարում կապը կրճատելը,
- Նախապատվություն տալը առաքելության տիպի պատվերներին, որոնք լավ կհամապատասխանեն լեռնային եւ անտառային ռազմական գործողությունների թատերաբեմին,
- Հրամանատարի մտադրության ըմբռնումը եւ փոխվստահության ձեւավորումն ընդգծելը, որը հնարավորություն կտա ավելի լավ հակազդելու ցանկացած սպառնալիքի եւ հնարավորություններն օգտագործելու ռազմի դաշտում:
- Պրոֆեսիոնալ եւ բարձր արդյունավետությամբ բանակ
Սա հիմնականորեն կպահանջի լայնածավալ կառուցակարգված եւ ենթակառուցվածքային բարեփոխումներ, որոնք խթան կհանդիսանան Հայաստանի զինված ուժերի արդիականացման համար: Դրանք պետք է ներառեն, բայց չսահմանափակվեն հետեւյալով. (1) զինված ուժերի ռազմական պատրաստվածության բարձրացում՝ բոլոր ռազմական միավորների մշտական պատրաստվածությամբ, (2) զորահավաքային կարողությունների ավելացում, (3) զորամասերի վերակազմավորում՝ դիվիզիաներից ու գնդերից մինչեւ բրիգադներ՝ որպես ստանդարտ մարտական միավորում, (4) պատերազմի օպերատիվ մակարդակում արագ արձագանքման ուժերի զարգացում, (5) հատուկ ջոկատների ստորաբաժանումների չափի եւ գործառնական շրջանակի ընդլայնում եւ (6) ավագ սպաների թվի նվազեցում` կրտսեր սպաների թվի միաժամանակ ավելացմամբ. այդպիսով վերացնելով «շրջված բուրգի» խնդիրը, որն այժմ առկա է Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) ոլորտում:
- Զինված ուժերի համալրման համակարգ
Զորահավաքային համակարգը պետք է փոխակերպվի բարեփոխումներով, որոնք ուղղված լինեն զորակոչին եւ պրոֆեսիոնալ զինծառայողների ու զորակոչիկների համապատասխան մասնաբաժինների ու դերերի վերանայմանը: Հետեւյալ նկատառումները նման բարեփոխումների հեռանկարային ուղղություններ են: Այս փաստաթղթի հեղինակները դրանք առաջարկում են որպես ընդհանուր ուղղություններ, որոնք պետք է դիտարկվեն ռազմական եւ քաղաքացիական-ռազմական ակնառու փորձագետներից կազմված ապագա հանձնաժողովի կողմից, որին հանձնարարված կլինի խորությամբ ուսումնասիրել այդ խնդիրները:
2020 թ. պատերազմում 18-20 տարեկան պատանիների զորակոչային բանակը անտանելի գին վճարեց: Ապագայում նման իրավիճակից խուսափելը պետք է լինի ԶՈՒ՝ ցանկացած բարեփոխումային փաթեթի վճռորոշ տարրը:
Զորակոչը կարող է աստիճանաբար եւ որոշ չափով կրճատվել իր տեւողությամբ (տեւողությունը պետք է սահմանվի)՝ միաժամանակ բարելավելով որակը: Այն կարող է հավասարապես լինել արական եւ իգական սեռի ներկայացուցիչների համար, սակայն զորակոչի կազմակերպման հարցում սեռին հարմարեցված տարբերություններով:
Զինվորական ծառայության պայմանները բարելավվել են 2018 եւ 2020 թվականների ընթացքում: Եթե բարձրագույն հրամանատարությանը հաջողվի հետագայում նվազեցնել վատ սովորությունները, ինչպիսիք են՝ ահաբեկումը եւ բռնությունը, այն կդառնա ավելի գրավիչ:
Պարտադիր զորակոչի ժամկետից հետո, ով ցանկանում է շարունակել ծառայությունը, կարող է դառնալ մասնագետ՝ պայմանագրով: Անհրաժեշտ կլինի նախկին զորակոչիկներին կանչել կանոնավոր վերապատրաստումների եւ թարմացումների: Պահեստայինների ուսուցումը, ինչպես նշվեց, երկար ժամանակ անտեսվել էր:
Եթե պրոֆեսիոնալ բանակի համակարգը դառնա հայկական ԶՈւ-ի կորիզը, ապա ընդհանուր թիրախ կարող է դառնալ երեք բրիգադի կազմավորումը՝ յուրաքանչյուրը 5000 հոգուց բաղկացած: Այս թիվը ավելի փոքր է, քան ազգային զորակոչը նախատեսում էր մինչեւ 2020 թվականը: Այն, ինչի կարելի է հասնել այս թիրախային թվի հետ, այսինքն՝ ինչ առաքելություն պետք է սահմանել ԶՈւ-ի համար, ուսումնասիրության ենթակա հարց է եւ կախված է հիմնական ռազմավարությունից, որը Հայաստանը կընտրի իր համար: Այնուամենայնիվ, նախորդ համակարգը, ապավինելով պաշտպանության (ոչ լիարժեք) ամրացված տարածքներին, ցույց տվեց նաեւ, որ ցանկացած թվով զինվորներ, որ Հայաստանը կարող էր հավաքագրել զորակոչային բանակում, նույնիսկ լավագույն ժամանակներում, անբավարար կլիներ: Եթե Հայաստանը նպատակ ունի պահպանել ՇԳ-ն, որը հավասար է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ամբողջ երկարությանը՝ երկար ժամկետում, ցանկացած համակարգ ցանկացած դեպքում կարող է անկարող լինել:
Առաջարկվող համակարգը թանկարժեք է՝ ծախսային առումով. դրա տարեկան նվազագույն արժեքը մոտավորապես գնահատվում է մեկ միլիարդ դոլար: Այս հարցը պետք է նույնպես քննարկվի այդ համակարգի տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ:
- Ստեղծել կամավոր պայմանագրային պահեստային ուժ` հիմնված տարածքային սկզբունքի վրա՝ պրոֆեսիոնալ բանակին աջակցելու համար
2020 թ. պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանն ունի վատ պատրաստված պահեստազորայիններ՝ անհամարժեք պատրաստվածությամբ եւ բանակի գծային ստորաբաժանումների հետ լավ ինտեգրվելու անկարողությամբ: Կամավորներին ուղղված վարչապետի կոչը այս իրավիճակի ակնհայտ ապացույցն էր:
Պայմանագրային պահեստազորայինները հավաքվում էին շաբաթական մեկ անգամ ցածր մակարդակի ուսուցման եւ պարբերաբար՝ շաբաթ-կիրակի օրերին վերապատրաստման, իսկ հավաքական դաշտային ուսուցման համար՝ տարեկան մի քանի շաբաթ:
Կարող են ստեղծվել նաեւ իգական պահեստային ջոկատներ, որոնք, հնարավոր է, սկզբում առանձնացված լինեն արական սեռից:
Արտերկրում ապրող հայերի համար կարող են լինել օրենսդրական դրույթներ՝ որպես պայմանագրային պահեստազորայիններ ընդգրկվելու համար: 2020 թ. պատերազմի ընթացքում մի շարք սփյուռքահայեր կամավորագրվեցին՝ առանց Հայաստանի քաղաքացիություն ունենալու: Այս մարդկանց առնչությամբ, որոնք փաստացի պաշտպանված չեն հայկական պետության կողմից, գոյություն ունի իրավական սողանցք:
Յուրաքանչյուր պահեստային միավոր կապված է ակտիվ բաղադրիչ միավորի հետ: Ակտիվ պահեստազորը պետք է ինտեգրվի Ընդհանուր բանակի հայեցակարգին՝ առանձին, բայց զուգահեռ հրամանատարական շղթաներով: Կան կամավոր խմբեր, որոնք զբաղվել են պահեստազորայինների եւ նախազորակոչիկների պատրաստմամբ: Դրանք կարող են օգտակար լինել այս տեսակի բարեփոխումների իրականացման, ինչպես նաեւ հասարակություն-բանակ հարաբերությունների սոցիոլոգիական կողմերի համար, ու նաեւ որոշելու համար, թե ինչ են ուզում քաղաքացիները եւ պատրաստ են կամ պատրաստ չեն դրանք կատարելու: 137
Պայմանագրային պահեստազորի առավելությունները.
- Դեպի ծով ելք չունեցող երկրներում՝ խորդուբորդ տեղանքով եւ սահմանափակումներով (չափերով, կազմակերպչականությամբ, ֆինանսապես, հագեցվածությամբ) պահեստազորը կարող է աջակցել գործող ուժին:
- Տարածքային սկզբունքի վրա հիմնված գործուն պահեստազորը կստեղծի ամբողջական ստորաբաժանումներ՝ տեղական ստորաբաժանումների անձնակազմի շատ ավելի մեծ համախմբվածությամբ: Նրանք կունենան ավելի լավ ուսուցում եւ տեղանքի իմացություն:
- Տարածքային բաշխումը նման պահեստազորին կստիպի արձագանքել շատ ավելի արագ՝ ի համեմատ կենտրոնացված ազգային ուժերի: • Քաղաքացիների հետ կապի հաստատում տեղական մակարդակում, ինչը կդառնա փողոց՝ երկկողմանի երթեւեկությամբ. օրինակ՝ այն կդառնա «մեր համայնքային գունդը»:
- Այն հնարավորություն է տալիս քաղաքացի-զինվորներին (ստորաբաժանման հիմնական մասը) ծառայել իրենց երկրին՝ միաժամանակ շարունակելով ապրել, աշխատել եւ սովորել իրենց սեփական համայնքում:
- Այն փոխանցում է լիարժեք մոբիլիզացված երկրի զգացում, որը պատրաստ է պաշտպանվել յուրաքանչյուր քառակուսի կիլոմետր տարածքի վրա:
- Այն մեղմում է ժողովրդագրական տկար պատկերը:
- Այս ուժերը օգտակար են նաեւ խաղաղ ժամանակներում:
- Այս նախատիպը կարող է հարմարեցվել հայկական պատմական ավանդույթի օրինակով՝ այն «հիմնավորելու» համար ազգային փորձի մեջ:
Հեղինակները կրկին պնդում են, որ այս տարբեր ուղղությունները կարիք ունեն խոր եւ լայնակի ուսումնասիրման: Համեմատության համար կարելի է բերել մի շարք երկրների օրինակներ. Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Իսրայելի եւ այլ երկրների: Հայաստանի քաղաքացիների սոցիալական երկարաժամկետ հակումները, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության ընտրությունը, որն արվել է այսօր եւ կարվի մոտ ապագայում՝ որոշումներ կայացնողների կողմից, փոխկապակցված են այն ուղղությունների հետ, որոնք, ի վերջո, պետք է գերակա դառնան Հայաստանի պաշտպանական համակարգի նկատմամբ:
- Ռազմահետազոտական եւ արդյունաբերական էկոհամակարգի ստեղծում, որը որոշակի արժեք ունի արտաքին շուկաների համար եւ մեծապես օգտակար է ազգային անվտանգության կարիքների համար
- Հետազոտություն եւ զարգացում. օգտագործելով երկրի եւ Սփյուռքի գիտատեխնոլոգիական փորձագետներին, ինչպես նաեւ համատեղ ներդրումային ընկերություններին՝ պետական ձեռնարկությունների (ՊՁ) հետ մեկտեղ, Հայաստանը պետք է գլխավորի ռազմական հետազոտությունների եւ զարգացման լայնածավալ նախագիծը:
- Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում. համատեղ ձեռնարկությունների ներդրում եւ զարգացում ՊՁ-ների մասնակցությամբ, որոնց միջոցով ռազմական տեխնիկայի եւ տեխնոլոգիայի արտադրության ենթակառուցվածքը համապատասխանեցվում է պետական հետազոտական եւ զարգացման ծրագրերին:
Այս երկու կետերը միասին կծառայեն մրցունակ եւ արդյունավետ էկոհամակարգի առաջացմանը, որում հետազոտությունը, զարգացումը եւ արդյունաբերական արտադրությունը համաժամանակեցվում (synchronize) են: Դրա համար ոչ պետական հատվածը պետք է ամրապնդի արտահանմանն ուղղված իր ակտիվները, որպեսզի երբ պետական հատվածը հետագայում պատրաստ լինի այդ գործի մեջ նետվելու, արդյունավետ կապ ստեղծվի մասնավոր ներդրողների եւ ՊՁ-ի միջեւ:
[1]. Այս բաժինն օգտվել է գնդապետ Ժիրայր Ամիրխանյանի (Պաշտպանության նախարարություն, Հայաստան, բ.գ.թ., Ազգային անվտանգության հարցերի բաժնի պետ, Ռազմածովային բարձրագույն դպրոցի, Մոնտերեյ, Կալիֆորնիա) եւ Ներսես Կոպալյանի (Լաս Վեգասի Նեւադայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի գիտությունների թեկնածու) հետ կարծիքի փոխանակումներից եւ խորհրդակցություններից: Հեղինակները երախտապարտ են նրանց մեկնաբանությունների համար՝ միաժամանակ մնալով միակ պատասխանատուները սույն փաստաթղթում արտահայտված տեսակետների համար:Ծանոթագրություն
ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹՆ ամբողջությամբ`այստեղ: