Ե՞րբ է սկսվում և ավարտվում Միջնադարը. եվրոպական երկրներում այն համաժամանակյա չի եղել։ Ոմանց պարագայում քրիստոնեական արժեքների փառաբանմամբ պայմանավորված կյանքը, ինչպես Միքելանջելոյի պարագայում, բերել է մինչ այսօր հավասարը չունեցող գլուխմգործոցների կերտման, իսկ մյուսների պարագայում, ինչպես օրինակ Ժաննա դ՛Արկի, բերել է սեփական կյանքի զոհաբերման եւ մարտիրոսության։
Նյութը հրապարակվում է «Ինլայթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Թարգմանչական և խմբագրական պրակտիկա» ծրագրի շրջանակում:
Ինչու են ստեղծել հավատաքննությունը (ինկվիզիցիան), ովքեր էին առաջին հավատաքննիչները, և ինչի հասավ Տորկեմադան
Օլգա Տոգոևայի «Ոճիրը և պատիժը միջնադարում» շարքից
XIII դարում Արևմտյան Եվրոպայում նոր հավատաքննական ընթացակարգի առաջացման հարցում մեծ էր կաթոլիկ եկեղեցու դերը: Ինչո՞ւ այդպես եղավ: Կաթոլիկ եկեղեցու համար այդ շրջանում հատուկ կարևորություն ստացավ հերետիկոսական աղանդների հետապնդումը: XII դարում արդեն առաջ էր եկել կանոնական, նույնն է թե եկեղեցական իրավունքը (եկեղեցական իշխանության կողմից արձակված նորմերի և օրենքների փաթեթ, որ վերաբերում էր եկեղեցու կառուցվածքին և նրա անդամների կյանքին). մշակվել էին քրիստոնեական դոգմաներ, որոնք ցավոք ընդունելի չեղան Արևմտյան Եվրոպայի ողջ բնակչության համար: Այս համատեքստում էլ առաջ եկան հերետիկոսական ամենատարբեր շարժումներ, որոնք վիճարկում էին այս կամ այն դոգման (XI-XIII դարի հերետիկոսական շարժումներ՝ պատարեներ, արնոլդիստներ, յոահիմիտներ, կաթարներ, վալդենսներ, ապոստոլիկներ, վիկլիֆիստներ) և կասկածի տակ դնում Հռոմի պապի՝ քրիստոնեական եկեղեցու առաջնորդ լինելը:
Հերետիկոսական աղանդների հետապնդման համար անհրաժեշտ էր նոր ընթացակարգ, որ կօգներ եկեղեցական դատարանի ներկայացուցիչներին գտնել այլակարծներին: Սակայն, այդպիսինին գտնելու համար նախ պետք էր իմանալ՝ ինչ է այդ մարդը մտածում, ինչպիսի կրոնական հայացքներ ունի, ինչ է մտածում քրիստոնեական դոգմաների մասին, որքան հաճախ է եկեղեցի գնում, ինչպես է թողություն ստանում և նմանատիպ այլ բաներ: Հին մեղադրական կարգը պիտանի չէր նման նպատակների համար. այն պարզապես չուներ մեղադրյալի խոստովանության պահանջ: Ուստի անցում արվեց հավատաքննական ընթացակարգին՝ փոխառված հռոմեական իրավունքից, որում մեղադրյալի խոստովանությունը նրա մեղքի գլխավոր ապացույցն էր:
Հենց եկեղեցական դատարաններն են առաջինը ներմուծում հետաքննության նման ընթացակարգ: Իբրև նման մոտեցման վառ օրինակ կարող ենք նշել իրավական ուղղվածության ամենահայտնի գործընթացներից մեկն ընդդեմ Ժաննա դ’Արկի:
Նրան դատապարտել են 1431 թվականին: Հիշեցնեմ, որ Ժաննա դ՛Արկը մասնակցել է 100-ամյա պատերազմին՝ Ֆրանսիայի թագավոր Կառլ VII կողմից, պատմական թատերաբեմում է հայտնվել 1429 թ.-ին, անցկացրել մի քանի հաջող ռազմարշավ, սակայն գերվել 1430 թվականին բուրգունդ ասպետի կողմից, հայտնվել բուրգունդական դքսի ձեռքում, որը վաճառել է նրան անգլիացիներին:
Ժաննա դ’Արկի դատավարությունը անցնում է Ռուանում (Նորմանդիա), և խնդիրը նրանում էր, որ դատավորները ոչ մի կերպ չէին հասկանում՝ ինչո՞ւմ կոնկրետ նրան մեղադրել:
Մի կողմից Ժաննան համաձայնել էր հարցաքննությանը, իսկ մյուս կողմից մինչև որոշակի պահն այնքան հաջող էր հարցերին պատասխանում, որ կառչելու տեղ չկար, հնարավոր չէր մեղադրական եզրակացություն կազմել: Սկզբում դատավորները փորձում էին Ժաննային ներկայացնել որպես վհուկ, սակայն բավարար տեղեկություններ նրա մասին չունեին։ Հետո փորձեցին խաղարկել աղջկա հերետիկոս լինելու խաղաքարտը և տալ հարցեր, որոնց պատասխանել ունակ էր միայն խիստ կրթված մարդը՝ իրական աստվածաբանական կրթություն ստացած, ինչպիսին իրենք՝ դատավորներն էին:
Հակառակ դրան, Ժաննան կրթված չէր, գրել-կարդալ չգիտեր, հավատի մասին նրա գիտելիքները խիստ հատվածական էին: Այդ իսկ պատճառով, երբ հերթը հասավ կրոնական, աստվածաբանական հարցերին, ասել է թե քրիստոնեական դոգմաների մեկնումին, նա սկսեց թույլ տալ սխալներ, որոնք ակնառու են նրա հարցաքննության տեքստից: Մասնավորապես, նա մի շատ կարևոր սխալ թույլ տվեց՝ հրաժարվելով ենթարկվել այսպես կոչված մարտնչող եկեղեցուն, այն է թե երկրային եկեղեցուն՝ Հռոմի պապի գլխավորությամբ: Ժաննան ասել էր, որ ենթարկվում է միայն Հիսուս Քրիստոսին, որը 15-րդ դարի աստվածաբանների տեսանկյունից բնովի հերետիկոսություն էր: Երբ նա որոշեց չհրաժարվել այդ պատասխանից (Responsio mortifera-լատիներենից թարգմանաբար՝ «մահաբեր պատասխան»), դատական գրագիրը հարցաքննության նյութերի թղթի լուսանցքում գրեց իր մեկնաբանությունը. «մահաբեր պատասխան» (Responsio mortifera): Միայն այս պատասխանով նա ստորագրեց իր մահվան դատավճիռը:
Եթե Ժաննային դատեին հին դատական ընթացակարգով, դատավորները չէին կարողանա նրան մահվան դատապարտել, քանի որ երբեք չէին իմանա՝ որքանով են Ժաննայի անհատական հայացքները տարբերվում եկեղեցականից: Սակայն, արդեն գործում էր հավատաքննական ընթացակարգը։
Նրանց հաջողվեց լսել աղջկա բառերն ու կարծիքը հավատի մասին և այդպիսով վճիռ կազմել: Սակայն այդ ամենը ընթանում էր XV դարում, իսկ մեզ պետք է տեղափոխվել ավելի վաղ՝ 12-րդ դար, երբ ոչ թե առանձին քաղաքներում, այլ ամբողջական կոմսություններում, դքսություններում և անգամ երկրներում էին իշխում հերետիկոսական շարժումները: Դա հատկապես հատուկ էր Հյուսիսային Իտալիային և Ֆրանսիայի հարավին, ուր XII-XIII դարերում լայն տարածում գտան կաթարներն ու վալդենսները։
«Կաթարներ
Կարծում էին, որ աշխարհը կառավարում է սատանան, իսկ Հռոմի պապը նրա փոխանորդն է։
Վալդենսներ
Ժխտում էին սրբերի պաշտամունքը և Աստծու ու մարդու միջև եկեղեցու միջնորդությունը »։
Մինչ այդ հերետիկոսությունը հատուկենտ երևույթ էր, բայց, ինչպես ասացի, XII դարից՝ քրիստոնեական դոգմաների պաշտոնական ամրագրումից սկսած, այն լայն տարածում ստացավ, և եկեղեցական իշխանությունները որոշեցին նման հանցագործների հետապնդման համար ստեղծել հատուկ դատարան, ստեղծել հավատաքննությունը, որը զբաղվելու էր միմիայն հավատին վերաբերող հարցերով, ավելի կոնկրետ` հավատից շեղման դեպքերով: Հերետիկոսություն եզրը, հունարենից թարգմանաբար, ինքնին նշանակում էր «ընտրություն»: Միայն թե սկզբում՝ մինչև քրիստոնեության պաշտոնական կրոն դառնալը, հերետիկոսությունը վերաբերում էր միայն քրիստոնեությանը և միայն IV դարից, երբ առաջին քրիստոնյա կայսրը՝ Կոնստանտինը, քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն, հերետիկոսություն բառով սկսեց բնորոշվել ցանկացած շեղում քրիստոնեական հավատից: Եվ այսպես ընդհուպ մինչև XVI դար, երբ առաջացավ բողոքականությունը, որն, ի դեպ, սկզբում նույնպես դիտարկվում էր որպես հերետիկոսություն: Այլ կերպ ասած, հերետիկոսությունը մտային հանցագործությունն էր, և դրա համար անհրաժեշտ էր իմանալ այդ մտքերը: Ահա թե ինչու հին մեղադրական գործընթացը հարմար չէր:
Սակայն հավատաքննությունն այն տեսքով, որով մենք ենք այն պատկերացնում՝ հիմնվելով անգամ գեղարվեստական ֆիլմերի կամ գրականության վրա, միանգամից չի ձևավորվել: Նախ ստեղծվել է այսպես կոչված եպիսկոպոսական հավատաքննությունը, որում ամեն եպիսկոպոս իր դիոցեզում՝ իր ենթակայության շրջանում (Դիոցեզ՝ նույնն է, թե թեմ), պետք է հետևեր իրական հավատից բոլոր շեղումներին: Դրա համար տարին երկու անգամ եպիսկոպոսը պետք է անցներ իր դիոցեզի բոլոր քաղաքներով և անձամբ թողություն տար քաղաքացիներին՝ հարցնելով նրանց կարծիքը այս կամ այն քրիստոնեական դոգմայի մասին: Այս ոչ այնքան հեշտ աշխատանքում նրան պետք է օգնեին աշխարհիկ իշխանությունները, ինչպես նաև տեղի բնակիչները: Այսինքն ինքնին մատնության ձևը՝ որպես դատական հետապնդման միջոց, շարունակում էր պահպանվել, ինչպես հին մեղադրական ընթացակարգում: Սույն նորամուծությունը, սակայն, միայն թղթի վրա էր գեղեցիկ, քանզի իրականում եպիսկոպոսները չունեին այդքան ազատ ժամանակ իրենց դիոցեզներով անընդհատ շրջելու և բոլորին հետևելու համար՝ դա ֆիզիկապես հնարավոր չէր:
Այդուհանդերձ, եկավ 1215 թվականը՝ (1215՝ Լատերանի IV ժողով) Լատերանի IV ժողովի հրավիրումը՝ շրջադարձային իրադարձություն եկեղեցու պատմության մեջ, որում մեկ կանոնագրքում միավորվեցին եկեղեցական բոլոր կանոնները, ինչպես նաև ընդունվեց որոշում՝ ըստ որի ամեն քրիստոնյա տարին մեկ անգամ պետք է պարտադիր թողություն խնդրեր:
Այդ որոշումը շատ օգնեց եկեղեցական դատարաններին՝ հունի մեջ դնելով հերետիկոսների հետապնդումը: Սակայն դրանով էլ հավատաքննության վերափոխումը չսահմանափակվեց: Եկեղեցական իշխանությունները հասկանում էին, որ եպիսկոպոսները չեն կարողանում գլուխ բերել իրենց առաքելությունը, նրանք չեն հասցնում հետևել բոլոր հերետիկոսներին, և դրանից ելնելով, ստեղծվեց տարբեր աղբյուրներից արդեն մեզ հայտնի հավատաքննությունը, երբ հերետիկոսներին հետևելու պարտականությունը բաշխվեց երկու շրջիկ միաբանությունների` դոմինիկոսների և նրանց օգնող` ֆրանցիսկոսների միջև:
Նրանք հաշվետու էին միայն Հռոմի պապին, շատ ճկուն էին. շրջում էին քաղաքից քաղաք և կարող էին արագ արձագանքել որևէ շրջանում հերետիկոսության ցայտյունին: Նրանք հիմնականում գործում էին Հարավային Ֆրանսիայում: Նման համակարգը, որ թույլ էր տալիս դատական իշխանություններին արագ արձագանքելու այս ու այն տեղ հերետիկոսության դրսևորումներին, բերեց XIII դարի վերջում հերետիկոսական աղանդների վերացմանը: Հավատաքննությունը բավականին արդյունավետ դատական համակարգ դուրս եկավ: Ընդ որում, հարկ է նշել, որ Արևմտյան Եվրոպայի ոչ բոլոր շրջաններում էր այն տարածված: Եթե, օրինակ, Ֆրանսիայի հարավում դատական այս համակարգի օգնությանն անընդհատ էին դիմում, ապա Ֆրանսիայի հյուսիսում այն չէր արժանանում անգամ եկեղեցական իշխանությունների ուշադրությանը: Վերջիններս հավատաքննության ներգրավումը իրենց գործերի մեջ բացարձակ անթույլատրելի էին համարում: Հետաքրքրական է, որ հենց նույն Ժաննա դ’Արկի դատավարությունում, այսպես կոչված, Ֆրանսիայի մեծագույն հավատաքննիչն անգամ հարկ չհամարեց գալ Ռուան, փոխարենն ուղարկեց իր տեղակալին, որը նույնպես ուշացավ գործընթացից, որն արդյունքում հնարավորություն ստեղծեց դատարանին մեղադրելու անիրավասության մեջ: Նույն կերպ, հավատաքննությունը ճանաչվածություն չուներ նաև Իտալիայում՝ իհարկե տարբեր պատճառներից ելնելով: Օրինակ, Վենետիկում հավատաքննիչներն իրենց գործառույթներն օգտագործում էին ոչ թե հերետիկոսների, այլ քաղաքական դավաճանների հետապնդման համար: Նեապոլում տեղի քաղաքական իշխանությունները ոչ մի կերպ չէին կարողանում լուծել Հռոմի պապի հետ իրավական հարցերը և այդ իսկ պատճառով հավատաքննական իշխանություններին հաճախ վռնդում էին իրենց քաղաքից: Երբ առաջին հավատաքննիչն ուղարկվեց գերմանական հող, նրան սպանեցին տեղացիները՝ համարելով հավատաքննությունը զազրելի, անարժանապատիվ դատ, և անգամ Անգլիայում, ուր հավատաքննությունը այդուհանդերձ հասավ, այն խիստ նվազ ազդեցություն ունեցավ: Իրականում, հավատաքննությունն ամենից շատ տարածումը գտավ Պիրենեյան թերակղզում, թեև ոչ միանգամից: Միայն XV դարում, երբ Արագոնն ու Կաստիլիան միավորվեցին միապետ ամուսինների՝ Իզաբելլայի և Ֆերդինանդի իշխանության ներքո, հավատաքննությունը ծաղկում ապրեց Պիրենեյան թերակղզում: Այն գլխավորեց Իզաբելլայի խոստովանահայրը՝ Թոմաս Տորկեմադան (Թոմաս Տորկեմադա (1420-1498)` իսպանական հավատաքննության հիմնադիրը, Իսպանիայի առաջին մեծն հավատաքննողը), որն իր շուրջ 20-ամյա պաշտոնավարման ընթացում հաջողեց ձևավորել հավատաքննող դատարանի նոր տեսակ, խիստ կազմակերպված մի համակարգ, որի կենտրոնը Մադրիդում էր, իսկ տեղային դատարանները՝ տարբեր պրովինցիաներում:
Դրանք խիստ փոխկապված էին և ենթակա էին միմյանց: Տորկեմադայի օրոք Իսպանիայում, ժամանակակից պատմաբանների մոտավոր գնահատմամբ, մահապատժի է ենթարկվել 9000 մարդ (1483-1498 թթ. ընթացքում մոտ 9000 մարդ մահապատժի է ենթարկվել իսպանական հավատաքննությամբ), իսկ ևս 20.000 -ին հաջողվել է փախչել այլ երկրներ և խուսափել իրենց եղբայրների ճակատագրից:
Ավարտելով՝ հավելենք, որ հավատաքննական դատարանները գործել են մինչև 1908 թվականը:
Գործնականում արևմտաեվրոպական քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում մենք գործ ունենք եկեղեցական հավատաքննության հետ, ինչպես էլ որ այն անվանվեր: Ընդ որում, իրապես այն ժամանակ առ ժամանակ անվանափոխվել է, և միայն 1908 թվականին Հռոմի պապ Պիյ X-ը (1908-ին Հռոմի պապ Պիյ X-ը վերակոչեց հավատաքննությունը Սրբազան կոնգրեգացիայի սուրբ գրասենյակ) վերակոչեց հավատաքննության գերատեսչությունը Սրբազան կոնգրեգացիայի գրասենյակ: Այս տեսքով այն գոյութուն ունեցավ մինչև 1967 թվականը, երբ սուրբ կոնգրեգացիան վերանվանվեց դավանանքի կոնգրեգացիա, և այդպիսով միայն 1967 թ.-ին հավատաքննության պատմությունն ավարտվեց:
Օլգա Տոգոևա
Պատմական գիտությունների դոկտոր, Ռուսական գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող
Թարգմանիչ` Սյուզաննա Մաթևոսյան (Syuzanna Matevosyan), խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։