Ոսկեղենիկ նախաձեռնության 2022 թ. փետրվարի հրապարակումները
Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Թարգմանիչների ու խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:
Մարդիկ, ոչ թե մարդիք
Գրավոր խոսքում երբեմն «մարդ» բառի հոգնակին կազմում են սխալ ձևով՝ «մարդիք»։ Դրա պատճառը գրաբարյան «ք» հոգնակիակերտի հետ շփոթն է, օրինակ՝ գյուղացիք, տնեցիք և այլն։ Նմանատիպ ձևեր այժմ էլ իհարկե գործածվում են, սակայն «մարդ» բառի հոգնակին այդ դեպքը չէ։
Բանն այն է, որ «մարդ» բառի հոգնակին հայերենում կազմվում է անկանոն ձևով. նրան միանում է -իկ մասնիկը, մինչդեռ ժամանակակից հայերենում հոգնակի թիվը գերազանցապես ձևավորվում է -եր, -ներ հոգնակիակերտ մասնիկներով, օրինակ՝ երեխա-երեխաներ, տուն-տներ և այլն։
Ընդ որում, -իկ վերջավորությամբ է կազմվում նաև այն բառերի հոգնակին, որոնց վերջնաբաղադրիչը «մարդ» արմատն է, օրինակ՝ տղամարդ-տղամարդիկ։
Աղբյուրը՝
Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն
Ալֆոնս
Կարիերայում մեծ հաջողությունների հասնելը, այնուամենայնիվ, ազդարարեց իր անձնական կյանքի փորձությունների սկիզբը. սկսեց շփոթել ալֆոնսներին իրական սիրահարների ու նվիրյալների հետ:
Ալֆոնսը Ալեքսանդր Դյումայի «Մոսյո Ալֆոնս» կատակերգության հերոսն էր, որի անունը փոխարկվեց հասարակ անվան` նկարագրելու կնոջ կամ սիրուհու հաշվին ապրող տղամարդկանց:
Ալֆոնսները, որպես կանոն, փորձում են գրավել կայացած կանանց սրտերը, ապա կառուցել նրանց հետ սիրային հարաբերություններ` վերջիններից գումար կորզելու, նրանց հաշվին իրենց կենսագոյը պահպանելու ակնկալիքով:
Աղբյուրը`
Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ
Սիզիփոսյան աշխատանք
«Թե շարունակես ծաղրական վերաբերմունքդ այս ամենին, վերջ ի վերջո սիզիփոսյան աշխատանքի կդատապարտվես»։
Ըստ հին հունական առասպելաբանության՝ Սիզիփոսը Կորնթոս քաղաքի թագավորն էր՝ հայտնի էր իր դաժանությամբ ու խարդախությամբ։ Առասպելի համաձայն, երբ գալիս է Սիզիփոսի մեռնելու ժամանակը, նա խաբում է Մահին (Թանատոսին) և շղթայակապ անելով նետում իր տան նկուղը։ Նկուղում Մահը այլևս չի կարողանում տանել մարդկանց Հադեսի թագավորություն։ Սա բարկացնում է աստվածներին, հատկապես պատերազմի աստված Արեսին, վերջինս գտնում և ազատում է Մահին։ Դուրս գալով՝ Մահը տանում է Սիզիփոսի հոգին Հադեսի թագավորություն։
Բայց այստեղ ևս Սիզիփոսը խարդախում է․ նա խնդրել էր կնոջը, որ մահից հետո իր մարմինը չթաղեն և զոհեր չմատուցեն, ինչը անընդունելի էր Հադեսի համար։ Դրա համար Սիզիփոսը համոզում է Հադեսին իրեն ժամանակավորապես հետ ուղարկել, որպեսզի պատշաճ կերպով զոհեր մատուցի: Համաձայնություն ստանալուց հետո Սիզիփոսը գալիս է և իր տանը մեծ խնջույք կազմակերպում՝ հպարտանալով, որ միակն է, որը կարողացել է վերադառնալ մահվան մռայլ թագավորությունից:
Սա տեսնելով՝ Հադեսը բարկանում է և դաժանաբար պատժում Սիզիփոսին․ մի ամբողջ հավերժություն Սիզիփոսը պետք է մի մեծ քար գլորի սարն ի վեր։ Երբ մնում է մի ճիգ, որ քարը հասնի սարի գագաթը, այն գլորվում է ներքև, և Սիզիփոսը ստիպված է նորից ջանալ և հսկա քարը գլորել դեպի վեր։
Այստեղից էլ առաջացել է «սիզիփոսյան աշխատանք» թևավոր արտահայտությունը, որ նշանակում է ապարդյուն, անօգուտ աշխատանք:
Աղբյուրը`
- Ն. Կուն, Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները
- Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ
«Սերը դա…» թե՞ պարզապես «Սերը…»
1990-ականներին հատկապես շատ տարածված էին Love is… (Любовь это…) անունը կրող մաստակները, որոնք ունեին պատկերազարդ ներդիրներ՝ սիրո մասին զանազան ձևակերպումներով։
Նմանատիպ պատկերազարդումների, սիրային ձևակերպումներով հանդերձ, այժմ էլ հանդիպում ենք համացանցում կամ տարբեր իրերի վրա։
Խնդիրն այն է, որ Love is… (Любовь это…) ձևակերպումը հայերենում երբեմն թարգմանվում է այսպես՝ «Սերը դա…»։ Սա ռուսերեն տարբերակի բառացի պատճենումն է, որն իհարկե սխալ է։
Նմանատիպ կառույցները խորթ են հայերենի քերականությանը, և նույն կերպ սխալ է ասելը՝ հայրենիքը դա, երեխաները դրանք և այլն։
Աղբյուրը՝
Գ. Ջահուկյան, Հ. Խլղաթյան, Հայոց լեզվի ոճաբանություն
#Մայրենի #ԹևավորԱրտահայտություններ #ՀայերենումՏարածվածՍխալներ