1998. Ղարաբաղյան գործընթացը և Հայաստանի առաջին նախագահի հրաժարականը

Ներկայացնում ենք  «Ազատության» TV-ի «Փոդքասթ. Նորագույն պատմություն» հաղորդման՝ Գևորգ Ստամբոլցյանի հեղինակային ծրագրի՝ «1998. Ղարաբաղյան գործընթացը և Հայաստանի առաջին նախագահի հրաժարականը» էպիզոդի սղագրությունը:

Մոտ մեկ շաբաթից՝ փետրվարի 3-ին, կլրանա 22 տարին այն օրից, ինչ հրաժարական ներկայացրեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Երրորդ հանրապետության պատմության մեջ նախագահի առաջին և, առայժմ, վերջին այս հրաժարականին նախորդեց ներիշխանական սուր ճգնաժամը, որն իր գագաթնակետին հասավ 1998թ. հունվարին, երբ կառավարման համակարգի մի զգալի հատված փաստորեն դադարեց ենթարկվել պետության ղեկավարին: «Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ: Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը» (Լևոն Տեր-Պետրոսյան):

Ներիշխանական ճգնաժամի ֆորմալ պատճառը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման երկու տարբերակների՝ փուլայինի և փաթեթայինի շուրջ տարաձայնություններն էին, որոնք, Երևան-Ստեփանակերտ հարթությունից ծավալվելով, ի վերջո հանգեցրին փաստացի երկիշխանության:

Դրանից ամիսներ առաջ, սակայն, 1997թ. գարնանն ու ամռանը ներիշխանական ճգնաժամի տեսանելի նշույլներ Հայաստանում չկային, հակառակը՝ այս ժամանակահատվածում թվում էր, թե Տեր-Պետրոսյանի իշխանությունն աստիճանաբար հաղթահարում է 1996-ի հետընտրական ճգնաժամի քաղաքական ու հոգեբանական հետևանքները: 1997-ի մարտին Ղարաբաղից Հայաստան եկած Ռոբերտ Քոչարյանն արագորեն հարմարվել էր վարչապետի պաշտոնին, հիմնականում, այսպես կոչված, տեխնոկրատներից կազմված կառավարությունն էլ կարողացավ դուրս գալ գործադիր իշխանությանը նախորդ ամիսներին պատուհասած կիսակաթվածահար վիճակից: Նման համեմատաբար հանդարտ պայմաններում էր, որ ավելի քան կես տարի շարունակված ընդհատումից հետո Հարավային Կովկաս ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ փորձելով վերակենդանացնել բանակցային գործընթացը: «Սա ուղղակի կարծիքների փոխանակում է արվել, առայժմ: Եռանախագահությունը բանակցությունները վերսկսելուց առաջ պետք է ունենա աշխատանքային հերթական մոտեցում» (Արսեն Գասպարյան):

Միայն օրեր անց պարզ կդառնա, որ արտգործնախարարության մամուլի քարտուղար Արսեն Գասպարյանի հիշատակած աշխատանքային մոտեցումն իրականում կարգավորման փաթեթային տարբերակն էր, որ վիճահարույց բոլոր հարցերի միաժամանակյա լուծում էր նախատեսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից մինչև գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրս բերում և փախստականների վերադարձ: Ստեփանակերտը, սակայն, 1997-ի մայիսին ներկայացված փաթեթային տարբերակը մերժեց միանգամից. ինչպես վերհիշում է 1991-1997թթ. նախագահ Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը՝ «փաթեթային այդ տարբերակը Լեռնային Ղարաբաղին անկախություն չէր ընծայում»

Փաթեթայինի փաստացի տապալումից հետո՝ 1997-ի հունիսին, արդեն հստակ էր. բանակցությունները դեռ չմեկնարկած՝ հայտնվել են փակուղում: Անարդյունք տարածաշրջանային այցից հետո համանախագահներն ու հակամարտության կողմերն ընտրության առանձնապես մեծ հնարավորություն չունեին. կամ սառեցնել բանակցությունները, ինչը անընդունելի էր համանախագահ պետությունների համար, կամ էլ վերադառնալ կարգավորման մյուս՝ փուլային տարբերակին: Եթե փաթեթային տարբերակն ի սկզբանե ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կանխորոշում՝ այդ հարցը շաղկապելով խաղաղության հաստատման հետ, ապա փուլայինի հիմքում փոքր-ինչ այլ տրամաբանություն էր: Եթե կողմերը դեռ պատրաստ չեն ընդհանուր հայտարարի գալ Ղարաբաղի կարգավիճակի հարցում, պետք է լուծում տալ այն խնդիրներին, որոնց շուրջ համաձայնության ձեռքբերումը տեսականորեն հավանական է, ասենք, պատերազմի բացառում, հայկական զորքերի դուրս բերում գրավյալ տարածքների մի մասից և տարածաշրջանում առկա հաղորդակցության ուղիների ապաշրջափակում: Սա էր փուլային տարբերակի հիմնական իմաստը: 

Հարկ է նկատել, որ Ստեփանակերտում տարիներ շարունակ հրաժարվում էին անգամ քննարկել փուլային տարբերակը: Հայաստանյան իշխանությունները, նախևառաջ դիվանագիտական շրջանակները, իրավիճակը փոքր-ինչ այլ տեսանկյունից էին դիտարկում՝ հասկանալով, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին: Արդեն 2000-ականների սկզբին Ադրբեջանը սկսելու էր միլիարդավոր դոլարներ ստանալ կասպիական նավթի արտահանումից, իսկ շրջափակման մեջ գտնվող և արևելյան հարևանից գրեթե եռապատիկ քիչ բնակչություն ունեցող Հայաստանին տարեցտարի ավելի դժվար էր լինելու պահպանել ղարաբաղյան ստատուս-քվոն: Քչերն են այսօր հիշում, բայց այս մոտեցման գլխավոր գաղափարախոսներից մեկը առաջին փոխարտգործնախարար, ապագա արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն էր: Մի հատված լսենք Օսկանյանի՝ 1996-ին տված հարցազրույցից. «Հաջորդ մեկ տարին կամ երկու տարին բանակցային միջոցով հարցին կարգավորման վերջնաժամկետն է: Եթե իրոք այդ ժամանակահատվածում մենք չկարողանանք կարգավորում գտնել, դա նշանակում է, որ մենք արդեն թույլ ենք տալիս, որ առավելությունն անցնի Ադրբեջանի կողմը»:

Նշեմ ի դեպ, որ 1990-ականներին «տարածքներ խաղաղության դիմաց»  և «հետաձգված կարգավիճակի» բանաձևերը դիվանագետների շրջանում բավականին մոդայիկ էին: 1990-ականներին դրանց հիման վրա էին կարգավորում հարաբերությունները Իսրայելն ու Պաղեստինը և անգամ Ռուսաստանն ու Չեչնիան: Վարդան Օսկանյան՝ «Այն, ինչ որ մամուլից եմ լսել, որ 5 տարով հետաձգել և դրանից հետո ռեֆերենդում անցկացնել Չեչնիայում, որի հիման վրա որոշվի նրա կարգավիճակը, ես կարծում եմ, որ դա կարող է Ղարաբաղի համար լինել իդեալական տարբերակ»:

Ստեփանակերտում, սակայն, ի տարբերություն Վարդան Օսկանյանի՝ նման հեռանկարը իդեալական չէին համարում: Առժամանակ՝ հենց 97-ի ամռանն էր, երբ տեղի ունեցավ անսպասելին. փուլային տարբերակի շուրջ քննարկումներ նախաձեռնեցին հենց Լեռնային Ղարաբաղի իշխանությունները: 2017-ին՝ այս իրադարձություններից շուրջ քսան տարի անց, Ժիրայր Լիպարիտյանն «Առավոտ»-ում տպագրված մի հոդվածում պատմում էր, որ 1997-ի հունիսին Լեռնային Ղարաբաղի ողջ իշխանական վերնախավն, այդ թվում՝ վարչապետ և նախագահի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, արտգործնախարար, ապագա նախագահ Արկադի Ղուկասյանը ժամանել էին Երևան՝ հանդիպելով Հայաստանի ղեկավարների հետ: Լիպարիտյանը պնդում է, որ այդ հանդիպման ժամանակ Ղարաբաղի իշխանությունները հայաստանցի գործընկերներին առաջարկեցին հարցի կարգավորումը տանել փուլային տարբերակով՝ նշելով, որ համանախագահների ներկայացրած և Ստեփանակերտի համար այդքան բաղձալի փաթեթայինն այդ փուլում իրենց բացարձակապես չի գոհացնում: Այս հանդիպման մասնակիցներից երկուսը՝ Վազգեն Սարգսյանն ու Լեոնարդ Պետրոսյանը, այսօր ողջ չեն՝ զոհվել են հոկտեմբերի 27-ին, մնացածները գերադասում են լռել: Միայն Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն էր, որ դեռ 2017-ի հունվարին կտրականապես հերքեց Լիպարիտյանի հոդվածում ներկայացված բոլոր փաստերն ընդհուպ մինչև ղարաբաղցի և հայաստանցի պաշտոնյաների միջև հանդիպման անցկացումը:

Սեպտեմբերին արդեն փուլային կարգավորման նախագծի հիմնական սկզբունքները պարզ էին. 

  1. հայկական ուժերը դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղին հարող առնվազն 5 շրջաններից, փոխարենը վերացվում է Ղարաբաղի և Հայաստանի շրջափակումը,
  2. Լեռնային Ղարաբաղի շուրջ բուֆերային գոտի էր ստեղծվելու, որում ադրբեջանական ստորաբաժանումներ չպետք է տեղակայվեին, բացի այդ Երևանը, Ստեփանակերտը և Բաքուն պարտավորվում էին խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով,
  3. միջազգային հանրությունը Հայաստանը ճանաչում էր որպես Ղարաբաղի անվտանգության գլխավոր երաշխավոր,
  4. փուլային տարբերակով նաև նախատեսվում էր եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ղարաբաղյան հանձնաժողովի ստեղծում, որտեղ բոլոր կողմերը, ներառյալ Ստեփանակերտը, կարող էին վետոյի իրավունք ունենալ:

Հայաստանի նախագահն ու նրա թիմը 97-ի աշնան սկզբին արդեն միանշանակորեն կողմնորոշվել էին. ղարաբաղյան հակամարտության իրատեսական կարգավորման միակ հնարավորությունը փուլ առ փուլ լուծումն է: Այդ մասին նախագահը հայտարարեց 1997թ. սեպտեմբերի 26-ին Երևանում հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ, որին ներկա էր Գնել Նալբանդյանը.

«Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ կա ղարաբաղյան խնդրի լուծման 5 հնարավոր տարբերակ. 

  • առաջինն այսօրվա ստատուս-քվոն պահպանելն է, ինչը, սակայն, չի կարող տևել տասնամյակներ: Միջազգային հանրությունը, ասաց նախագահը, չի հանդուրժի խնդրի լուծման նման ձգձգում,
  • երկրորդ տարբերակը ենթադրում է, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը. իմաստային առումով, ըստ նախագահի, սա համարժեք է Ղարաբաղը Հայաստանին միացնելուն, բայց սա հավասարազոր է արտաքին աշխարհին վերջնագիր ներկայացնելուն, ինչը նույնպես կործանարար ճանապարհ է,
  • երրորդ տարբերակը պատերազմն է, որ Ղարաբաղը պետք է վարի Ադրբեջանի դեմ Բաքուն վերցնելու վերջնակետով և Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու նպատակով, մինչդեռ միջազգային հանրությունը թույլ չի տա ևս մեկ ադրբեջանական շրջան գրավել,

«Մնում է երկու տարբերակ. մի տարբերակը հարցի փուլ առ փուլ լուծումն է, մյուսը՝ փաթեթային լուծումը: Փաթեթայինը. միաժամանակ լուծվում են և՛ գրավված տարածքների վերադարձման հարցը բացի Լաչինի շրջանից, և՛ խաղաղարար ուժերի տեղադրումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, և՛ շրջափակումների վերացումը, մյուսը մասը՝ Ղարաբաղի կարգավիճակի ճշտումը. միջնորդներն էլ համոզվեցին, մենք բոլորս էլ համոզվեցինք, որ այսօր Ղարաբաղը և Ադրբեջանը պատրաստ չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»(Լևոն Տեր-Պետրոսյան)»:

Ղարաբաղում, սակայն, լռում էին: Ստեփանակերտյան այդ լռությունը շարունակվեց ուղիղ տասը օր: Այդ լռությունը խախտեց Ղարաբաղի նորընտիր նախագահ Արկադի Ղուկասյանը: Ստեփանակերտում հրավիրված նրա ասուլիսը նույնիսկ իր կազմակերպման ձևվով կարծես Հայաստանի նախագահի՝ սեպտեմբերի 26-ի ասուլիսի պատճենը լիներ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի մամուլի ասուլիսը, որ այսօր տեղի ունեցավ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, բուռն հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն տեղի, այլև Հայաստանի և արտասահմանյան լրատվամիջոցների աշխատակիցների շրջանում, որոնց թերևս ամենից շատ հետաքրքրում էր, թե ինչ վերաբերմունք կցուցաբերի Արկադի Ղուկասյանը Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած տեսակետների նկատմամբ: Արկադի Ղուկասյանն ընդգծեց, որ ԼՂՀ ղեկավարության դիրքորոշումը այսօր էլ մնում է անփոփոխ. Ղարաբաղը, ի տարբերություն Հայաստանի, նախընտրում է փաթեթային լուծումը»: Արկադի Ղուկասյանի ասուլիսի մասին «Ազատության»՝ 1997թ. հոկտեմբերի 7-ի եթերում պատմում էր Մարսել Պետրոսյանը:

Ղարաբաղի նախագահի այս հայտարարությունները միայն մեկ բան կարող էին նշանակել: Եթե նախկինում Երևանի և Ստեփանակերտի միջև փուլային տարբերակի վերաբերյալ անգամ ինչ-ինչ պայմանավորվածություններ եղել էին, ապա ասուլիսի պահին դրանք կարելի էր չեղարկված համարել: Լեռնային Ղարաբաղի նախագահի այս ասուլիսը թերևս շրջադարձային մի կետ էր, դա կարծես յուրատեսակ ազդակ լիներ ղարաբաղցի մյուս պաշտոնյաներին: Չնայած Լեռնային Ղարաբաղի բյուջեն գրեթե ամբողջությամբ ձևավորվում է Հայաստանից տրամադրված միջպետական վարկի միջոցով, չնայած պաշտպանության բանակը հիմնականում Հայաստանից ժամկետային զինծառայողներով է համալրված՝ Երևանի հետ հարաբերություններում նրբանկատությունը մի կողմ կարելի է թողնել:

«Այս ընթացքում, երբ Ղարաբաղը ձևավորվել է արդեն որպես էֆեկտիվորեն գործող պետականություն, Հայաստանի դիրքորոշումը ստանում է որոշ իմաստով երրորդական նշանակություն»,-սա մի հատված էր Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Նաիրա Մելքումյանի՝ 1997թ. հոկտեմբերի 11-ին «Ազատության» եթերում հեռարձակված հարցազրույցից: 

1997-ի հոկտեմբերին ակտիվանում էր հայաստանյան ավանդական ընդդիմությունը և դրան աջակցող մտավորականության մի մասը: Հոկտեմբերի երկրորդ կեսին Կինոյի տանը կազմակերպված հավաքի ընթացքում այս ուժերը հայտարարեցին ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի կազմ-կոմիտեի ստեղծման մասին: Նորաստեղծ այս նախաձեռնությունը հայտարարեց փուլային տարբերակի դեմ հանրահավաքային պայքարի մեկնարկի մասին: Ներքաղաքական թեժացող իրավիճակում նախագահ Տեր-Պետրոսյանը կարծես որոշեց վա-բանկ գնալ. եթե Ղարաբաղի իշխանությունները չեն կիսում իր մոտեցումները, եթե իր իսկ նշանակած կառավարության մի զգալի մասը գերադասում է լռել, ընդդմիությունն էլ պատրաստվում է մարդկանց փողոց դուրս բերել, հարկավոր է նրանց ձեռքից խլել նախաձեռնությունը: 1997թ. նոյեմբերի 1-ին երևանյան մամուլում լույս տեսավ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որի հիմնական ուղերձը մեկն էր. ծավալված բանավեճը ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման մեթոդաբանության, այլ խաղաղության նպատակահարմարության մասին է: Փոխզիջման մերժումը և մաքսիմալիզմը Ղարաբաղի իսպառ կործանման և Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է: «Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն, խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով և 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով»,- գրում էր Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ «Հայաստանն ու Ղարաբաղը այսօր ուժեղ են առավել, քան երբևէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են:  Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու ենք, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»:

Տեր-Պետրոսյանի այս հոդվածը լույս տեսավ շաբաթ օրը: Քսաներեք տարի առաջ, ինչպես և այսօր, կիրակի և երկուշաբթի օրերին Հայաստանում թերթեր լույս չէին տեսնում, ուստի շուրջ 72 ժամ քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներում նույն վիճակն էր, ինչ նախագահի սեպտեմբերյան ասուլիսից հետո՝ գրեթե կատարյալ լռություն: Երբ այդ 72 ժամն անցավ, պարզ դարձավ՝ Տեր-Պետրոսյանն իր նպատակներից գոնե մեկին հասել է. Ղարաբաղի շուրջ բանավեճի մեկնարկը տրված է:

«Դուք միայնակ չեք, պարոն Նախագահ»՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթում մատուցվող այս վերնագիր-արձագանքը խորհրդանշական է մեծածավալ ու բազմաձայն բանավեճ-քարոզարշավի համար, որի մեկնարկը այսօր զգալի է պաշտոնական լրատվամիջոցներում,-«Ձեզ հետ է լռասեր, բանարար մեծամասնությունը»,- հավաստիացնում է հեղինակը: Նույն թերթում, սակայն, տեղ է գտել և փոխխմբագիր Լիզա Ճաղարյանի հետևյալ փոքրիկ մասնավոր խոսքը. «Ո՞վ չի հասկանում, որ Նախագահի՝ լրջանալու պահի ազդարարումից հետո և՛ նրան քարկոծողների,  և՛ հարմար առիթն օգտագործելով նախագահին քծնանքաշաղախ անողների գրիչները զօրուգիշեր աշխատելու են: Թույլ տվեք չմասնակցել այդ գործընթացին: Ես քաղաքական գործիչ չեմ, դիվանագետ չեմ և ղարաբաղյան խնդրի մի լուծում գիտեմ. Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: 1997թ. նոյեմբերի 5-ի մամուլի տեսությունն «Ազատության» եթերում ներկայացնում էր Վաչե Սարգսյանը:

Օրինաչափ էր, որ հայաստանյան ընդդմիությանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը բացարձակապես չպետք է ոգևորեր: Առաջին նախագահի այս ժամանակաշրջանում գլխավոր ընդդիմախոսը՝ Վազգեն Մանուկյանն, այդ օրերին իր դժգոհությունն արտահայտելու համար նույնիսկ պատմական զուգահեռների օգնությանն էր դիմում: «Բանավեճի մեջ մտնել Ղարաբաղի հարցի շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույնչափ ծիծաղելի կլիներ, եթե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դը Գոլը մտներ բանավեճի մեջ Վիշիի կառավարության ղեկավար Պետենի հետ: Ավել բան ասելու չունեմ, ես սպասում եմ՝ ինչ կասեն նաև մյուսները»:

Իսկ ովքե՞ր էին այդ մյուսները: Ղարաբաղի իշխանությունն արդեն իսկ հստակորեն արտահայտել էր իր դիրքորոշումը: Մանուկյանի ընդդիմադիր գործընկերների մոտեցումները ևս պարզ էին: Խոսքը թերևս իշխանության ներսում գործող ուժերի մասին էր, նախևառաջ այն ուժերի, որոնք Լեռնային Ղարաբաղի հետ ուղղակի կապ ունեին՝ ծնունդով այնտեղից էին կամ էլ մասնակցել էին պատերազմին: Ղարաբաղյան ծագում ունեցող հայաստանցի պաշտոնյաներն ու բանակային հրամանատարությունը, սակայն, 1997-ի խոր աշնանը դեռ շատ զգուշավոր էին՝ խուսափելով կտրուկ, հրապարակային դեմարշներից: Իշխանության այս թևի զգուշավորությունն ակնհայտորեն աչք զարնեց 1997-ի նոյեմբերի սկզբին, երբ Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները փորձեցին պարզել վարչապետ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը. «Ես չեմ կարծում, որ վիճակը ողբերգալի է: Ես կարծում եմ, որ ընթացքը դեռ մինչև այսօր բավական նորմալ է ընթանում: Բայց կա երկրում նաև նախագահ, որը պատասխանատու է նաև երկրի արտաքին քաղաքականության համար: Կա արտաքին գործոց նախարարություն, և նախագահն ու արտաքին գործոց նախարարությունը իրենց ուղղակի ֆունկցիաների կատարման մեջ են հիմա»

Պարզ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի՝ Խորհրդարանի ամբիոնից հնչեցրած ուղերձը հետևյալն էր. եթե կան արտաքին քաղաքականության պատասխանատուներ, ապա այդ ասպարեզում կատարվող ամեն ինչի համար պատասխանատու են հենց նրանք: Այդ պատասխանատուները, նախևառաջ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, 1997-ի տարեվերջին զբաղված էին դեկտեմբերի 18-ին Կոպենհագենում մեկնարկող ԵԱՀԿ համաժողովին նախապատրաստմամբ: Զգալի էր, որ որքան մոտենում է Կոպենհագենն, այդքան նյարդայնությունը Հայաստանում աճում է: Դա ևս պատահական չէր, երբ Երևանում դեռ թարմ էին 1996-ի ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովի մասին հուշերը, երբ Հայաստանի Նախագահը ստիպված էր արգելափակել Կազմակերպության՝ ոչ հայանպաստ դրույթներ պարունակող ամփոփիչ հայտարարության տեքստի ընդունումը: 

Ժամանելով Կոպենհագեն՝ հայկական պատվիրակությունն արագորեն հասկացավ. Ադրբեջանն անելու է հնարավորը լիսաբոնյան հաջողությունը կրկնելու և պաշտոնական փաստաթղթերում տարածքային ամբողջականության դրույթը վերահաստատելու համար: Կոպենհագենում հայկական կողմի համար անհամեմատ ավելի տհաճ անակնկալ էր պատրաստել Ռուսաստանը: Այդ երկրի արտգործնախարար Եվգենի Պրիմակովը Դանիայի մայրաքաղաք էր ժամանել ղարաբաղյան հակամարտության կողմերին հստակ որոշում պարտադրելու ակնհայտ հաստատակամությամբ.

“Все председатели Минского процесса предложили поэтапность урегулирование. Имею в виду о реальный путь к тому, чтобы действительно урегулировать этот застарелый конфликт в интересах всех сторон. Чем быстрее все это поймут, тем будет лучше”։ 1997-ի դեկտեմբերի 18-ին Եվգենի Պրիմակովի հետ զրուցել էր Հրայր Թամրազյանը:  

Չնայած ռազմավարական դաշնակցի նման մոտեցմանը՝ Հայաստանի պատվիրակությունը Կոպենհագենում կարողացավ բավական հմտորեն օգտագործել Մոսկվայի և Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների՝ Վաշինգտոնի և Փարիզի հակասությունները՝ ի վերջո խուսափելով գագաթաժողովի ամփոփիչ հայտարարություններում Ղարաբաղի մասին որևէ հիշատակումից: 

Ալեքսանդր Արզումանյան. «Ի վերջո մենք եկանք այնպիսի մի համաձայնության, որ որևէ անդրադարձ, որևէ արձանագրություն չպետք է լինի Նախարարաց խորհրդի կողմից»: Եվ մինչ հայկական դիվանագիտությունը համառ դիրքային մարտերի մեջ էր, իր ներապարատային դիրքն էր ամրապնդում վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: 1997-ի դեկտեմբերին Քոչարյանը պաշտոնական այցով մեկնեց Փարիզ: Այցի առաջին իսկ ժամերից տեսանելի էր. ֆրանսիական իշխանությունները Քոչարյանին դիմավորում են բացարձակապես ոչ կառավարության ղեկավարին հարիր արարողակարգով:

«Պարոն Շիրակն ինքն անմիջապես իջել էր Ելիսեյան պալատի մուտքի մոտ և բավական ընդառաջ իջավ պարոն Քոչարյանին: Հանդիպումը կես ժամ-քառասունհինգ րոպեի փոխարեն տևեց շուրջ 1 ժամ 15 րոպե: Հանդիպման ավարտից հետո Շիրակը նաև մինչև ավտոմեքենա ճանապարհեց մեր վարչապետին, սակայն չմոտեցավ լրագրողներին, որոնք մինչ այդ հասցրել էին բավական սրամտություններ արձակել մոտավորապես այս բնույթի. «Ահա 5 րոպե էլ անցավ, Քելբաջարը տվինք», «Էլի 10 րոպե, հերթը Լաչինինն է» և այլն: Բայց իրականությունը միշտ ավելի հետաքրքիր է լինում, քան մենք այն պատկերացնում ենք»:

«Ռ. Քոչարյան. Ղարաբաղի կարգավորման խնդիրն էր, հնարավոր տարբերակներն էր: Ինքը [Ժակ Շիրակը-սղգ.՝ Վ. Սալահյան] հայտնեց իր կարծիքի մասին: Այդքանը:

Լրագրող. Գո՞հ եք հանդիպումից:

Ռ. Քոչարյան. Այո, գոհ եմ»:

Քոչարյանի փարիզյան այցի մանրամասները «Ազատության» եթերում ներկայացնում էր Աննա Իսրայելյանը:

Տարիներ անց իր հուշերի գրքում Քոչարյանը կպնդի, որ Ֆրանսիայի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով էր իրեն հրավիրել Փարիզ՝ փորձելով համոզել ընդունել փուլային տարբերակը: Ռոբերտ Քոչարյանը, սակայն պնդում է, որ ոչ թե Շիրակն իրեն համոզեց, այլ ինքն իբր բացատրեց Շիրակին, որ փաթեթային լուծումն ավելի իրատեսական է: Ամեն դեպքում ակնհայտ էր. Քոչարյանը Փարիզից վերադարձավ անհամեմատ ավելի գոտեպնդված՝ զգալով, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում իրեն ցուցաբերված նախագահական մակարդակի այդ ընդունելությունը ավտոմատ կերպով ամրապնդում է իր դիրքերը նաև Հայաստանի ներսում: Այդ օրերին Ռոբերտ Քոչարյանի ներքաղաքական թիվ մեկ գլխացավանքը Խորհրդարանն էր: 1997-ի դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը հետևողականորեն Ազգային ժողով էր բերում մեկը մյուսից վիճահարույց օրինագծեր: Այդ օրերին Կառավարությունը հաստատեց տխրահռչակ օդի հարկը, երբ Հայաստանը օդային տրանսպորտով լքող ցանկացած ուղևոր պարտավոր էր 10,000-ական դրամ մուծել: Այդ օրերին էր, որ Քոչարյանի կառավարությունը ազդարարեց երկրի հեռահաղորդակցության ոլորտը հունական օդային ընկերությանը վաճառելու մասին: Քոչարյանի կառավարության և Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի կողմից ղեկավարվող խորհրդարանական մեծամասնության՝ «Հանրապետություն» դաշինքի միջև ճգնաժամը բացահայտ առճակատման հասավ Ամանորից մոտ երկու շաբաթ առաջ, երբ Քոչարյանի կառավարությունը փորձեց բարձրացնել ակցիզային հարկերի դրույքաչափերը: 

«Արտահերթ նիստը ըստ էության Կառավարություն-Խորհրդարան չհայտարարված պատերազմի դաշտի է վերածվել: Այսօր քննարկման դրված «Ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ»-ը, որի առանցքում բենզինի ակցիզի ավելացման առաջարկն էր: Հատուկ կարծիք հայտնեց Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Եղիազարյանը: Նա պնդեց, որ այս խնդիրը պետք է քաղաքական լուծում ստանա, քանի որ ավելին է, քան տնտեսական ոլորտում է երևում: Նույն հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Խաչատրյանը ավելի առաջ գնաց. «Ես ասում եմ՝ չխոսամ, չխոսամ, բայց չի ստացվում: Նոր տարվա առիթով ի՞նչ եք բերել: Էս ի՞նչ նվեր եք անում: Լավ, եկեք պարզ խոսանք: Էկեք ասենք՝ էս կառավարությունը մերն ա՞, թե՞ մերը չի: Վերջիվերջո պիտի՞ ճշտենք էս հարցը, թե չէ: Ինչքա՞ն պետք ա ձև անենք, թե մերն ա, բայց տակից բզբզենք»»:

Նոր տարվա նախաշեմին, սակայն, Քոչարյանին շատ քիչ էր հետաքրքրում արդյոք Խորհրդարանում իրեն յուրային են համարում, թե ոչ: 1998-ի հունվարին Հայաստանը սրընթաց կերպով շարժվում էր դեպի երկիշխանություն, և կառավարման լծակներն աստիճանաբար, բայց անշեղորեն անցնում էին Քոչարյանի և նրա շրջապատի ձեռքը: Օրինաչափ է, որ Կառավարության ազդեցության նման աննախադեպ աճի պայմաններում հունվարի 8-ին և 9-ին կայացած Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին Հայաստանի և Ղարաբաղի բոլոր ղեկավարները, չէր կարող որևէ արդյունքի հանգեցնել: Անվտանգության խորհրդի նիստը մեկ անգամ ևս վկայեց, որ տարաձայնությունները շատ ավելի խորն են: Դրանք արդեն չեն վերաբերում փուլային կամ փաթեթային տարբերակներին, այլ դրանք մի շատ ավելի գլոբալ հարցի մասին էին. արդյոք Հայաստանն ի վիճակի է ապրել պաշարված ամրոցի կարգավիճակում, և ով է շահելու այդ կարգավիճակից: Այս առումով թերևս ամենասպառիչ և պատկերավոր պատասխանի հեղինակը դարձավ Ազգային ժողովի փոխխոսնակ Արա Սահակյանը. «Ամրոցներում, ինչպես գիտեք, լավ են ապրում բոլոր նրանք, ովքեր դրսից ջուր են բերում, տվյալ դեպքում՝ սիգարետ, բենզին և սպիրտ»:

Հունվարի երկրորդ տասնօրյակը Հայաստանն անցկացրեց սպասման մեջ: Այն, որ փաստացի երկիշխանությունը հազիվ թե երկար շարունակվի, հասկանում էին շատերը, բայց փակուղուց դուրս գալու ուղիները չէին նշմարվում: Թերևս միայն որևէ ցնցում կամ արտաքին ազդակ կարող էր հստակորեն հուշել՝ որ կողմ է թեքվելու կշեռքը արդեն գրեթե անթաքույց ներիշխանական այս հակամարտության ընթացքում: Նման ցնցման դեր կատարեցին հունվարի կեսերին Երևանում և մայրաքաղաքի մերձակայքում հնչաց կրակոցներն ու ոչ այնքան ուժգին պայթյունը: Առաջին հարձակման թիրախը Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանն էր՝ Նեմեց Ռուբոն: Նա, սակայն, չտուժեց: Հաջորդ օրվա թիրախն անհամեմատ ավելի նշանակալի էր. գեներալ Մանվել Գրիգորյանին տեսակցելուց հետո ավտոմատային կրակահերթի տակ ընկավ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ գեներալ Ռոմեն Ղազարյանը՝ Բուդոն: Մահափորձի մանրամասներն «Ազատության» եթերում ներկայացնում էր Հրաչ Մելքումյանը.

«Հիվանդ գեներալ Մանվելին տեսնելու եկած Ռոմիկ Ղազարյանի այցելությունը կարող էր տխուր ավարտ ունենալ: Հունվարի 18-ի երեկոյան, երբ կրակ է բացվել նրա մեքենայի վրա, Ռոմիկ Ղազարյանը վերադառնալիս է եղել Մանվելի տնից: Դեպքը տեղի է ունեցել Արմավիր-Երևան մայրուղու լայնացված հատվածի վերջնամասում: Գյուղից փոքր-ինչ կտրված Մանվելի առանձնատունը ևս հարում է այդ հատվածին: Ռոմիկ Ղազարյանը նկատել է, որ մայրուղու մոտ ինչ-որ մեկը թաքնված է: Վտանգ զգալով՝ նա հասցրել է կտրուկ արագացնել ընթացքը և խույս տալ մահափորձից: Գնդակները ծակել են ապակիները, դիպել դռներին: Մեքենայի մեջ եղել է նաև Անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը: Երկուսն էլ մարմնական վնասվածք չեն ստացել: Որոշ մանրամասներ ճշտելու համար այսօր պայմանավորվել էի հանդիպել Դատախազության քննչական մասի պետ Էդուարդ Աստվածատրյանին, բայց նա հարցերին պատասխանելու, ավելի ճիշտ չպատասխանելու լիազորությունը հանձնարարեց Լրատվության ծառայության ղեկավար Գուրգեն Ամբարյանին.«Քննիչներն առայժմ ոչինչ չունեն ասելու»»:

Այս դեպքից հաշված ժամեր անց՝ նոր մահափորձ. այս անգամ ոտքերի շրջանում հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեց Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանը: Միմյանց հաջորդող այս հարձակումներն առիթ տվեցին իշխող կուսակցության՝ «Հայոց համազգային շարժման» վարչությանը հանդես գալ բավական կտրուկ, բայց սպասվածից ավելի մեղմ մի հայտարարությամբ՝ Կառավարությանը մեղադրելով կաթվածահար վիճակում գտնվելու մեջ: Քոչարյանի շրջապատում, սակայն, իրենց ավելի քան վստահ էին զգում և իշխանությունը կորցնող քաղաքական ուժի հայտարարություններին կարող էին և քմծիծաղով վերաբերվել: Կառավարության արձագանքի մասին հունվարի 21-ին «Ազատության» եթերում պատմում էր Ռուզան Խաչատրյանը.

«Կառավարության մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանից մեր խնդրած արձագանքը ստացվեց միայն երեկոյան հեռախոսով.

«Հ․ Պ․ -Կառավարությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը»:

Ռ. Խ․ -Իսկ վարչապետը տեղեկացվա՞ծ է, որ «Հայոց համազգային շարժման» առաջնորդները Կառավարության աշխատանքը գնահատում են կաթվածահար վիճակում:

Հ. Պ․ -Վարչապետը տեղեկացված է, բայց Կառավարության բնականոն գործունեությունը շարունակվում է»»:

Ներքին այս սուր հակամարտության ֆոնին կար մի գործող անձ, որի դիրքորոշումը պետք է որ որոշիչ լիներ. Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սարգսյանն արդեն իսկ իր աջակցությունը հայտնել էր Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Ղարաբաղի ղեկավարությանը: Չնայած դրան՝ նա առժամանակ խուսափում էր դա հրապարակայնորեն անել: Բանն այն է, որ Վազգեն Սարգսյանը մինչև վերջին պահը վայելում էր Լևոն Տեր-Պետրոսյանի անվերապահ աջակցությունը: Ներիշխանական ճգնաժամից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 1997-ին, երբ Երևանում Վազգեն Սարգսյանի պաշտոնանկության մասին ակտիվ լուրեր էին շրջանառվում, նախագահ Տեր-Պետրոսյանը հարկ համարեց անձամբ փարատել դրանք, այն էլ Ազգային ժողովի ամբիոնից. «Վազգեն Սարգսյանի մասին խոսում են մարդիկ, որոնք նրա ճկույթը չարժեն: Էսօր, եթե Հայաստանում մեկը կա, որ արժանի էր Հայաստանի ազգային հերոսի կոչման, Վազգեն Սարգսյանն է»:

Նախագահի այս հայտարարությունները հանրային հիշողության մեջ դեռ շատ թարմ էին: Դա էր պատճառը, որ Վազգեն Սարգսյանի սրընթաց անցումը հակառակ ճամբար հայաստանցիների համար պայթող ռումբի էֆեկտ ունեցավ: «Ես եմ եղել, որ նախ նախագահ Տեր-Պետրոսյանի ցուցումով գնացել եմ Ղարաբաղ՝ բանակցելու Սերժ Սարգսյանի հետ Հայաստան գալու համար, հետո ես եմ եղել, որ 1997 թվականին գնացել եմ Ստեփանակերտ՝ բանակցելու Ռոբերտ Քոչարյանի հետ, որպեսզի նա գա Երևան որպես վարչապետ: Երկու դեպքում էլ տղաները դեմ էին, մեկնաբանում էին, որ կտանեք, կօգտագործեք, հետո էլ դուրս կթողնեք: Ես այս ամենի մասին չէի կարող չասել, որովհետև իրենք չեն կարող նստել այսպես խոսել, որովհետև հարվածը գոտկատեղից ներքև է խփնվում: Մեղադրել Ռոբերտ Քոչարյանին ստեփանակերտցի լինելու մեջ, նույնն է, եթե ինձ մեղադրեն դավադիր լինելու մեջ կամ այն բանի մեջ, որ ծնվել եմ չորեքշաբթի»

«Իսկ այժմ վերջին օրերի կրակոցների և պայթյունների մասին: Վազգեն Սարգսյանը նույնիսկ հրաժարվեց մահափորձ բառից՝ մոտենալով իր ամենացնցող հայտարարությանը. «Հարցրե՛ք Արծրուն Մարգարյանին, թե ով այդ նույն օրը հանդիպեց իրեն և ասաց, որ քանի որ նախազգուշացրել էր Նեմեց Ռուբոյի մասին, այժմ նախազգուշացնում եմ Անդրանիկ Քոչարյանի, մյուսի, ձեր մասին. ձեր հետ նույն բանը լինելու է: Եվ ես ձեզ կտամ այդ անձնավորության անունը»: Երբ լրագրողներից մեկը փորձեց ճշտել՝ արդյոք խոսքը նախագահի գլխավոր թիկնապահի՝ Ռոմիկ Ղազարյանի մասին է, Վազգեն Սարգսյանը տվեց Հիսուսի պատասխանը. «Դու ասացիր: Եվ պետք է ճշտվեն՝ մեքենայի վրա կրակվե՞ց, թե՞ կրակեցին: Ղարաբաղյան համարով մեքենանե՜ր, Ղարաբաղից տեռորիստնե՜ր: Ազնիվ չէ՛: Անբարոյականություն է: Ղարաբաղի տեռորից այսօր չպետք է վախենալ: Ղարաբաղը տեռորի կարիք չունի: Ղարաբաղից պետք է վախենալ այն օրը, երբ որ 200,000-250,000 մարդ՝ անտուն, անօթևան, վիրավորված, զինված կլցվի Երևան, եթե գնանք արասահակյանների կանխանշած ճանապարհով»:

Այսպիսով՝ 1998-ի հունվարի վերջին իշխանության ղարաբաղյան թևն այլևս անխոցելի էր. նրա թիկունքում էր երկրի ամենահզոր և կայացած կառույցներից մեկը՝ բանակը: Վազգեն Սարգսյանի ասուլիսի հաջորդ օրն արդեն լրագրողների մի փոքր խումբ Առաջին հիվանդանոցում հնարավորություն ստացավ հանդիպել նոր վիրահատված Արծրուն Մարգարյանի հետ: Այս հանդիպումը կարող էր հավակնել «90-ականների ամենատարօրինակ ասուլիս» տիտղոսին: 

«Հայտարարությունը կատարվեց ոչ միայն բուժող բժիշկների, այլև ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների բարձր հրամանատարական կազմի որոշ ներկայացուցիչների ներկայությամբ: Իսկ հիվանդասենյակ մտնելուց առաջ Ռազմական ոստիկանության պետի տեղակալը լրագրողներին զգուշացրեց, որ լինելու է միայն հայտարարություն և չի կարելի ասուլիսի վերածել, քանի որ Արծրուն Մարգարյանը դեռևս գտնվում է թմրեցման ազդեցության տակ, սակայն այս վերջին դեպքում առկախ է մնում այն հարցը, թե որքանով արժանահավատ կարելի է դիտել թմրեցման ազդեցության տակ գտնվող անձի որևէ խոսք, առավել ևս հայտարարություն:

«Ես չեմ ուզում և թույլ չեմ տալիս ոչ մեկիս ոչ մի քաղաքական կուսակցության, ոչ մի քաղաքական ուղղության քաղաքական շահարկումների առիթ սարքել: Քննություն ա գնում, քննությունը կպարզի, թե ինչ ա կատարվել, ինչ ա տեղի ունեցել»»։

Քննությունն այդպես էլ որևէ արդյունքի հանգել չկարողացավ և գործը 1998-ի մայիսին իշխանափոխությունից հետո կարճեցին: 1999-ին արդեն Արծրուն Մարգարյանի առեղծվածային մահվանից հետո Դատախազությունը հայտարարեց, թե Ներքին զորքերի հրամանատարն իբր ինքն էր կազմակերպել իր դեմ մահափորձը, որպեսզի կարողանա զերծ մնալ ներիշխանական հնարավոր բախումներին մասնակցությունից: Այս վարկածը Երևանում թերահավատորեն ընդունեցին, իսկ 2000 թվականին «Առավոտ» օրաթերթը կգրի. «Ինչու՞ այդ կրակոցների պատվիրատուներին գտնելու ջանքերն այնտեղ հասան, որ 1998-ի ամռանը Արծրուն Մարգարյանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին հանդիպեց՝ նրա մասնակցության չափը պարզելու համար: Ընկերներին պատմել էր, որ Սամվել Բաբայանն այսպես էր արդարացել՝ «Ես որ անեի, կխփեի»:

Գեներալ Ռոմեն Ղազարյանի դեմ հարձակման հետաքննությունը Վազգեն Սարգսյանի հայտարարություններից հետո ևս գնում էր մոտավորապես նույն սցենարով: Հունվարի վերջին արդեն իշխանության ուժային թևին պաշտպանող մամուլը համոզված կերպով պդնում էր. «Կրակոցները զուտ բեմադրություն էին Սերժ Սարգսյանին ներքին զորքերի և ազգային անվտանգության նախարարի պաշտոնից հեռացնելու համար»: Մամուլում, սակայն, այլ վարկած ևս շրջանառվում էր. ««Ազգ» թերթի մեկնաբանի հայացքով էլ սա ակնհայտ քաղաքականություն է, որը կամա թե ակամա հարվածում է Լևոն Տեր-Պետրոսյանի կայունությանը և կարող է ուղղված է լինել հենց իր դեմ: Կրակոցներից նաև նախազգուշացման հոտ է փչում: Այն հանգամանքը, որ միջադեպերի հետևանքով խիստ տուժածներ չկան, դեռ չի վկայում նշանառուների արհեստավարժության պակասի մասին»:

Այս ամենի ֆոնին Հայաստանում հնչող գլխավոր հարցն 1998-ի հունվարին թերևս մեկն էր. ծագած ճգնաժամի պայմաններում արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ ի վիճակի է կոտրել իր դեմ ընդվզած վարչապետի և ուժայինների դիմադրությունը՝ կանխելով փաստացի պետական հեղաշրջումը, թե՞ ոչ: Տեր-Պետրոսյանի հրաժարականից մեկ շաբաթ առաջ Վանո Սիրադեղյանը համոզված էր. Նախագահի այդ հնարավորությունները գոնե ֆորմալ առումով դեռ սպառված չեն. «Իհարկե, պիտի որոշի Նախագահը։ Նախագահն ունի լծակներ, լիազորություններ, սահմանադրական իրավունք, կարող է դա ժամանակի մեջ անել, կարող է կարճ ժամանակի մեջ անել»: Պարզ է, որ Սիրադեղյանն ակնարկում էր Քոչարյանի կառավարության հրաժարականի հնարավորությունը: Եվ իրոք այդ պահին գործող սահմանադրությամբ երկրի նախագահը կառավարությունը պաշտոնանկ անելու գրեթե անսահմանափակ լիազորություններ ուներ: 1998-ի հունվարին, սակայն, երբ իշխանության բոլոր կարևորագույն լծակները, նախևառաջ ուժայինները, գտնվում էին կառավարության և նրա ղեկավարած թիմակիցների ձեռքում, սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորություններն արդեն ոչինչ էին: Առաջին պլան էր դուրս գալիս ոչ թե երկրի հիմնական օրենքը, այլ ուժերի իրական հարաբերակցությունը: Նախագահի թիմում այդ ըմբռնումը գերակշիռ դարձավ փետրվարի սկզբին։ Առաջինը հրաժարական ներկայացրեց Վանո Սիրադեղյանը: Փետրվարի 3-ին արդեն Նախագահի թիմակիցներից գրեթե որևէ մեկը գործադիր իշխանության կազմում չէր մնացել: Պաշտոնից հրաժարվածների թվում էր նաև արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Եթե Տեր-Պետրոսյանի աջակիցները թերևս հասկանալով Նախագահի հրաժարականի անխուսափելիությունը գերադասում էին ժամ առաջ հեռանալ իշխանությունից, որի հետ այլևս անհաղթահարելի գաղափարական հակասություններ ունեին, խորհրդարանական մեծամասնության շարքերում իրադրությունն այլ էր: 

1998-ի փետրվարի 2-ին Խորհրդարանից հաղորդում էր Գնել Նալբանդյանը. «Այսօրվա դրությամբ «Հանրապետություն» միավորումից դուրս գալու պաշտոնական դիմում է գրել 3 պատգամավոր: Կան նաև այլ պատգամավորներ, որոնք նույնպես դիմել են: Ըստ որոշ տեղեկությունների՝ արդեն այս եռօրյայում «Հանրապետություն» բլոկը կարող է զրկվել «խորհրդարանական մեծամասնություն» տիտղոսից: Փոխարենը ամենաբազմաքանակ պատգամավորական խումբը կարող է դառնալ երկրապահներինը»:

Դեռ 1997-ի գարնանը Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծված «Երկրապահ» պատգամավորական խումբը իշխանափոխության օրերին դարձավ այն մագնիսը, որ սկսեց իր կողմը քաշել տատանվող պատգամավորներին՝ ընդամենը մի քանի ժամում քառապատկելով իր անդամների թիվը և դառնալով երրորդ հանրապետության առաջին չընտրված խորհրդարանական մեծամասնությունը: Լրագրողներն այդ օրերին Խորհրդարանում սկիզբ առած ճամբարափոխությանը դիպուկ ձևակերպում տալու համար ջանք չէին խնայում:

«Խորտակվող նավի ամենաակնառու հատկանիշը նավից փախչող առնետներն են: Ամենահետաքրքիրը Տավուշի մարզպետ Պավել Ասատրյանի հետ հարցազրույցն էր, որը անցյալ տարեվերջին Տավուշում ընդունելով նախագահ Տեր-Պետրոսյանին՝ զորակցություն էր արտահայտել Արցախի հարցում նրա դիրքորոշմանը: Նախկին կոմունիստ, նախկին ռամկավար, նախկին ՀՀՇ-ական, ներկայումս մարզպետ և երկրապահ Պավել Ասատրյանն ասել է, որ այն ժամանակ էլ իրենք Նախագահի դիրքորոշմանը հավանություն չեն տվել»:

1998թ. փետրվարի 3-ին արդեն Տեր-Պետրոսյանի հրաժարականին Ազգային ժողովում սպասում էին ցանկացած պահի: «Միջանցքներում զգացվում էր միանգամայն որոշակի լարվածություն և սպասումային անհանգստություն: Նույնիսկ լուր տարածվեց, թե հնարավոր է  Հանրապետության նախագահի ապարատից ինչ-որ ցնցող լուր: Ոչինչ չկատարվեց: Առավոտից լրագրողները սպասում էին նաև Վանո Սիրադեղյանի հայտարարությանը կամ ասուլիսին, դա էլ չեղավ: Ի դեպ, ժամանակին Խորհրդարանի ճաշարանում Սիրադեղյանը մի սեղան առանձնացրեց իր և իր մերձավորների համար, երբ դարձավ բլոկի ղեկավար, իսկ ուրիշ ոչ ոք չէր կարող մոտենալ այդ սեղանին: Այսօր արդեն այդ նույն սեղանին նստել էին Ռազմական ոստիկանության պետը և Պաշտպանության նախարարի տեղակալներից մեկը, իսկ Սիրադեղյանը նստեց ուրիշ սեղանի մոտ»:

Առաջին նախագահի հրաժարականը Հայաստանի պետական հեռուստատեսության եթերում հեռարձակվեց փետրվարի 3-ի ուշ երեկոյան: Լևոն Տեր-Պետրոսյանի, ինչու չէ նաև ողջ «Ղարաբաղ» կոմիտեի գերիշխանության ժամանակաշրջանը Հայաստանում ավարտվում էր Ղարաբաղյան շարժման տասնամյակից հաշված օրեր առաջ: «Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումը ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ: Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար և ով է իրականում ծախում այն: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել»:

1995-ին ընդունված Սահմանադրությունը նախագահի հրաժարականի դեպքում հետագա քայլերի հստակ հաջորդականություն էր սահմանում: Նախ Ազգային ժողովն ընդունում էր նախագահի հրաժարականը, ապա Խորհրդարանի խոսնակը 40 օրով ստանձնում էր նախագահի պաշտոնակատարի լիազորությունները մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը: 1998-ին, սակայն, հիմնական օրենքով սահմանված այս սցենարը հենց սկզբից բախվեց խոչընդոտների: Նախ Խորհրդարանը փետրվարի 4-ին ոչ մի կերպ չէր կարողանում հաստատել Տեր-Պետրոսյանի հրաժարականը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովը, ապա նաև 1.5 տարի տևած բոյկոտից հետո Ազգային ժողով վերադարձած Պարույր Հայրիկյանը պահանջում էին Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրել Խորհրդարան, որպեսզի նա հստակ պարզաբանումներ ներկայացնի իր հրաժարականի պատճառների մասին: «Հրաժարականին ոչ ոք ավելի կողմ չի, քան ես: Բայց այսօր մեր պետականության երաշխավորն ասում է՝ «Ես ենթարկվել եմ ճնշման»: Ըստ Սահմանադրության՝ Ազգային ժողովը միայն կարող էր նրան կոչ անել կամ 1 միլիոն ժողովուրդ: Դրա հանդեպ անտարբեր լինելը նշանակում է, որ երբ դուք կլինեք վաղը 40 օրով Ազգային ժողովի նախագահ, նույն ճնշմանը կարող է դուք ենթարկվեք»:

Բաբկեն Արարքցյանը, սակայն, նախագահի պաշտոնակատար դառնալու որևէ մտադրություն չուներ: Նախագահի հրաժարականի՝ Ազգային ժողովի կողմից հաստատումից անմիջապես հետո զբաղեցրած պաշտոնները սկսեցին լքել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդարանական կողմնակիցները․ մի շարք մշտական հանձնաժողովների նախագահներ, փոխխոսնակներ և ի վերջո Խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը։ «Ես տալիս եմ հրաժարական Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, որովհետև մեծամասնությունը պետք է ունենա իր խոսնակը, որ իրականացնի այդ պարտականությունը: Ես կիջնեմ դահլիճ, կզբաղեցնեմ իմ տեղը: Եվ հիմա արդեն որպես փոքրամասնություն կսկսեմ պայքարել իմ տեսակետների համար»:

Այսպիսով՝ փետրվարի 4-ի կեսօրին Հայաստանում մնացել էր գործող միայն մեկ բարձրաստիճան պաշտոնյա՝ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: Նրա ճանապարհը դեպի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի և, ինչը, թերևս ավելի կարևոր էր, առաջիկա ընտրությունների գլխավոր կազմակերպչի աթոռն այլևս բաց էր: Բանն այն է, որ Սահմանադրության համաձայն՝ եթե Ազգային ժողովի նախագահն ի վիճակի չէր լինում կատարել նախագահի պաշտոնակատարի լիազորությունները, այդ գործառույթները ավտոմատ կերպով փոխանցվում էին երկրի վարչապետին: Ռոբերտ Քոչարյանը ժամերի ընթացքում բոլորին հասկացրեց՝ իշխանության լծակներն այլևս միայն իր ձեռքում են: «Պետական բոլոր մարմինները այսօր շարունակում են իրենց աշխատանքը նույն ռեժիմում, և բոլոր մարմիններն իրականացնում են իրենց վրա դրված խնդիրները»:

1998-ին, սակայն, քչերն էին կարող պատկերացնել, որ ձմեռային այդ չորեքշաբթին՝ փետրվարի 4-ն, իրականում Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասնամյակի առաջին օրն է: Տասնամյակ, որ հարուստ էր լինելու բուռն իրադարձություններով. հոկտեմբերի 27-ից մինչև Քի-Վեսթ, Մարտի 1-ից՝ Պապլովոկ: Տեր-Պետրոսյանի հրաժարականից 24 ժամ չանցած քչերն էին լրջորեն դիտարկում Քոչարյանի առաջադրման հավանականությունը, քանի որ նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ 10 տարիների փոխարեն նա Հայաստանի Հանրապետությունում ապրել էր ընդամենը 10 ամիս:      

Սղագրությունը` Վահե Սալահյանի


Բնօրինակի հեղինակ՝ «Ազատություն» TV