«Ինլայթ»-ը ներկայացնում է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, փաստեր և ինֆոգրաֆիկաներ՝ Statista-ի տվյալների հիման վրա:
Համաշխարհային բանկի մշակած առևտրային ծրագրի՝ ”World Integrated Trade Solution” (WITS)-ի տվյալների հիման վրա՝ արտահանման գծով Ռուսաստանի ամենակարևոր գործընկերը Չինաստանն է, որի մասնաբաժինը կազմում է ողջ արտահանման 13,4 տոկոսը: Երկրորդ տեղում գտնվում է Նիդեռլանդները։ Սա ենթադրաբար պայմանավորված է, այսպես կոչված, Ռոտերդամի էֆեկտով։ Ռոտերդամը, օրինակ՝ որպես եվրոպական ամենամեծ նավահանգիստ, առևտրային շատ վիճակագրություններում հայտնվում է որպես նպատակակետ, նույնիսկ եթե ապրանքները պարզապես բեռնաթափվում են այնտեղ և ապա Հռենոս գետով տեղափոխվում Գերմանիա, կամ Լա Մանշի նեղուցով՝ Անգլիա:
Վերջին ցուցանիշերը նաև ընդգծում են Ռուսաստան-Գերմանիա առևտրային հարաբերությունների կարևորությունը: Ռուսաստանը Գերմանիա է արտահանել հիմնականում 19,4 միլիարդ եվրո արժողությամբ հում նավթ և բնական գազ, ինչը համապատասխանում է Գերմանիայի ռուսական բոլոր ներկրումների 59 տոկոսին: Ռուսաստանը Գերմանիային մատակարարում է նաև մետաղներ, նավթ, կոքսից վառելանյութեր և ածուխ։
Ռուսաստանի համար արտահանման այլ կարևոր շուկաներ են Բելառուսը, Թուրքիան, Հարավային Կորեան, Իտալիան և Ղազախստանը: Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում Ռուսաստանից ներկրված ապրանքների մասնաբաժինը, սակայն, կազմում է ընդամենը 3,1 տոկոս:
Համաշխարհային տնտեսության համար Քիլի ինստիտուտի կատարած ընթացիկ հաշվարկների տվյալներով կազմված Statista-ի ինֆոգրաֆիկան ցույց է տալիս, թե Արևմուտքի կիրառած առևտրային պատժամիջոցներից որն է ամենաշատը հարվածելու Ռուսաստանի տնտեսությանը: Ըստ այդմ՝ ամենալուրջ ազդեցությունը կարող է ունենալ բնական գազի առևտրի դադարեցումը։
Պատրաստեց` Մարիամ Անտիկյանը