«Ինլայթ»-ը ներկայացնում է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, փաստեր և ինֆոգրաֆիկաներ՝ Statista-ի տվյալների հիման վրա:
Արևմտյան տեխնոլոգիական ու մեդիա ընկերությունների և Ռուսաստանի միջև տարաձայնությունները սրման նոր մակարդակի հասան մարտի 4-ին, երբ Facebook-ը, Twitter-ը, արևմտյան մի քանի մեդիաներ, ինչպես նաև Apple-ի և Google-ի հավելվածների խանութները մասամբ անհասանելի դարձան Ռուսաստանում: Այս մասին հայտնում է GlobalCheck մշտադիտարկման ծառայությունը։
Ռուսաստանում այժմ անհասանելի դարձած լրատվական գործակալությունների թվում են BBC-ի և Deutsche Welle-ի ռուսալեզու կայքերը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող “Free Europe” ռադիոկայանի ռուսական առցանց ներկայացուցչությունը: Ռուսական անկախ լրատվամիջոցները նույնպես տուժել են, քանի որ արգելքները շարունակվել են գործել Ուկրաինա ներխուժելուց առաջ և հետո:
Ռուսաստանը նախկինում դանդաղեցրել էր Twitter-ի արագությունը երկրում և հայտարարել Facebook-ի դեմ միջոցներ ձեռնարկելու մասին այն բանից հետո, երբ վերջինս Եվրոպայում անհասանելի էր դարձրել ռուսական երկու պետական լրատվական գործակալությունները և շարունակում էր պիտակավորել ու ստուգել բոլոր պետական լրատվամիջոցները: YouTube-ը և TikTok-ը նույնպես միացել են լրատվական այդ երկու ալիքների՝ RT-ի և Sputnik-ի եվրոպական արգելքին: Twitter-ը ևս որդեգրել է փաստերի ստուգման նմանատիպ գործելաոճ, մինչդեռ Google-ն ամբողջովին հեռացրել է խնդրո առարկա երկու ալիքներն իր հավելվածների խանութից և Google-ի լրահոսի էջից: Մինևնույն ժամանակ Apple-ը դադարեցրել է իր արտադրանքի վաճառքը Ռուսաստանում։
Statista-ի՝ սպառողների համընդհանուր հարցման տվյալները ցույց են տալիս, թե ռուսաստանցիների որքան տոկոսի վրա կազդեն արևմտյան սոցիալական մեդիաների արգելքները: 2021 թվականին ռուսաստանցիների 37 տոկոսն ասել է, որ օգտվում է Facebook-ից, մինչդեռ Twitter-ից օգտվել է միայն 14 տոկոսը։ Ռուսական VKontakte-ն շարունակում է մնալ երկրի ամենատարածված սոցիալական ցանցը, ինչպես վկայել է հարցվողների 73 տոկոսը: Այնուամենայնիվ, YouTube-ը և Instagram-ը նույնպես հայտնի էին ռուսաստանցիների շրջանում՝ համապատասխանաբար 68 և 59 տոկոս օգտատերերով: Չնայած Ռուսաստանի դեմ ծառայությունների և նրանց մայր ընկերությունների գործողություններին՝ երկու ծառայություններն էլ մարտի 4-ի դրությամբ եղել են հասանելի:
Ավանդական լրատվամիջոցների ոլորտում RT և Sputnik հեռուստաալիքները արգելվել են նաև Եվրամիության կողմից։ Ռուսական իշխանությունների կողմից առցանց արգելքի տակ հայտնվելուց քիչ առաջ BBC-ն կրկին ակտիվացրել էր կարճալիք ռադիոհեռարձակումը Ռուսաստանում և Ուկրաինայում՝ վերածնելով մի ծառայություն, որի մեծ հեռահարության շնորհիվ՝ այն շատ ավելի դժվար է հեռացնել, քան ավանդական հեռուստատեսությունը կամ FM ռադիոն, և անհնար է արգելափակել՝ ի տարբերություն առցանց լրատվության կամ սոցիալական մեդիայի։
Պատրաստեց` Մարիամ Անտիկյանը