Ո՞ր եվրոպական երկրներն են կախված ռուսական գազից

«Ինլայթ»-ը ներկայացնում է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, փաստեր և ինֆոգրաֆիկաներ՝  Statista-ի տվյալների հիման վրա:

Ռուսական ուժերի՝ Ուկրաինա ներխուժումից հետո Եվրոպան էներգետիկ ճգնաժամի մեջ հայտնվելու սպառնալիքի տակ է, որի պատճառը մայրցամաքի մեծ մասի կախվածությունն է  խողովակաշարերի միջոցով մատակարարվող ռուսական գազից: Հեղուկ բնական գազի փոխադրումը բեռնատար նավերով երկար տարածություններ, նախքան գազային վիճակ վերադարձնելը, կարող է պոտենցիալ լուծում լինել նման ճգնաժամի պարագայում, սակայն դժվար կլինի այն ստանալ և կիրառել: Հեղուկ բնական գազի խոշոր արտադրողներն են ԱՄՆ-ն, Քաթարը և Նիգերիան:

 

Էներգետիկ կարգավորման մարմինների համագործակցության եվրոպական գործակալության (ACER) տվյալները ցույց են տալիս, թե որ երկրների էներգամատակարարումն առավել վտանգված կլինի ռուսական գազի սառեցման կամ էմբարգոյի դեպքում։ Համաձայն վերջին հասանելի տվյալների՝ Եվրոպայի խոշոր տնտեսություններից Գերմանիան իր գազի մոտ կեսը ներկրում է Ռուսաստանից, մինչդեռ Ֆրանսիան իր մատակարարումների միայն մեկ քառորդն է ստանում Ռուսաստանից: Ֆրանսիական գազի ամենամեծ աղբյուրը Նորվեգիան էր՝ մատակարարելով 35 %-ը։ Իտալիան նույնպես վտանգավոր գոտում է, քանի որ մատակարարումների 46 %-ը տոկոսը ստանում է Ռուսաստանից:

Մեծ Բրիտանիան, որն իր գազի մատակարարման կեսը վերցնում է ներքին աղբյուրներից և ներմուծում հիմնականում Նորվեգիայից ու նաև Քաթարից, այլ դիրքում է: Իսպանիան նույնպես Ռուսաստանի հիմնական հաճախորդների ցանկում չէ. երկրի ամենամեծ առևտրային գործընկերներն են Ալժիրը և ԱՄՆ-ն:

Որոշ փոքր եվրոպական երկրներ հենվում են բացառապես ռուսական գազի վրա, մասնավորապես՝ Հյուսիսային Մակեդոնիան, Բոսնիա և Հերցեգովինան և Մոլդովան: Ըստ վերջին տվյալների՝ ռուսական գազից կախվածությունը Ֆինլանդիայում և Լատվիայում 90 %-ից բարձր էր, իսկ Սերբիայում՝ 89%։ Ցածր կախվածություն կարելի է տեսնել Նիդեռլանդներում, Ռումինիայում, իսկ ռուսական գազից գրեթե կախվածություն չկա Վրաստանում, Իռլանդիայում և Ուկրաինայում: Վերջինս 2015 թվականից բնական գազը գնում է ԵՄ-ից՝ Ղրիմի շուրջ Ռուսաստանի հետ նախորդ զինված հակամարտությունից հետո։ Սա նշանակում է, որ Ուկրաինան կարող է վերաներկրել ռուսական գազը՝ բլոկի միջոցով։

Բնօրինակի հեղինակ՝ Katharina Buchholz/ Statista

Պատրաստեց` Տաթև Ղազարյանը