«Ինլայթ»-ը ներկայացնում է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, փաստեր և ինֆոգրաֆիկաներ՝ Statista-ի տվյալների հիման վրա:
Եվրամիությունը հայտարարել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների մասին, որոնք անկնկալվում է, որ «զանգվածային հետևանքներ» կթողնեն, սակայն այն առայժմ չի սահմանել ռուսական նավթի կամ գազի էմբարգո: Մինչ նավթի մասին խոսակցությունները թեժանում են, գազի հարցում Ռուսաստանը կարող է եվրոպական երկրներից առաջ անցնել։ Մարտի 7-ի երեկոյան Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է փակել «Հյուսիսային հոսք 1» գազատարը՝ ի պատասխան Գերմիանիայի կողմից «Հյուսիսային հոսք 2» գրեթե ավարտված գազատարի հավաստագրումը չեղարկելուն: Նովակը նաև նշել է, որ, իր կարծիքով, Եվրոպային մեկ տարուց ավելի ժամանակ կպահանջվի փոխարինելու Ռուսաստանից գնվող նավթը, և որ այն շատ ավելի բարձր կարժենա՝ 300 դոլար մեկ բարելի դիմաց կամ ավելին:
Ռուսաստանը ներկայումս մատակարարում է ԵՄ-ի կողմից ներկրվող բնական գազի 40 %-ը: Արդ՝ ի՞նչ այլընտրանքներ կարող են գտնել եվրոպական երկրները, եթե Ռուսաստանը փակի նավթի ծորակները: Եվրոպան պետք է փնտրի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարներին, իսկ այն սովորաբար բերվում է նավով: BP ընկերության տվյալների համաձայն՝ 2020 թվականին աշխարհում ՀԲԳ արտահանող հիմնական երկրները եղել են Ավստրալիան, Քաթարը և Միացյալ Նահանգները։ Թեև Քաթարը Եվրոպային ամենամոտն է, վերջինիս կառավարությունը կարծես թե լուռ է ԵՄ-ի համար գազի մատակարար դառնալու հարցում:
Կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ չէ խզել իր երկարաժամկետ պայմանագրերը եվրոպական գազի հնարավոր ճգնաժամի պատճառով՝ թողնելով իր գազի միայն մոտ 10 տոկոսը, որ պատրաստ է արտահանման։ Քաթարը կարող էր շահագրգռված լինել եվրոպական երկրների հետ նոր երկարաժամկետ պայմանագրով, բայց ԵՄ-ն սրա իրագործումն արդեն ժամանակավորապես հետաձգել էր՝ հակամենաշնորհային մտավախություններից ելնելով: Մարդու իրավունքների խախտումները ևս մեկ ոլորտ է, որ կարող է գլխացավանք պատճառել ԵՄ գնորդներին Քաթարի հետ գործ ունենալիս:
Մինչ մատակարարման հարցը մնում է անորոշ՝ չնայած ընթացող բանակցություններին, Գերմանիան արդեն հայտարարել է երկրի հյուսիսային ափին երկու ՀԲԳ տերմինալների կառուցման մասին, որոնք կլինեն երկրում առաջինը: Այլ երկրներ, հատկապես Հարավային Եվրոպայում, արդեն իսկ կիրառում են այս մեթոդը: 2020 թվականին (վերջին տարին, որից հասանելի են տվյալներ) Պորտուգալիան իր գազի 56 %-ը ներկրել է Նիգերիայից և 17 %-ը՝ ԱՄՆ-ից, մինչդեռ Իսպանիան իր գազի ավելի քան 35 %-ը գնել է ՀԲԳ-ի տեսքով: Իտալիան և Հունաստանը ևս 2020 թվականին գազ են ներմուծել ԱՄՆ-ից և Քաթարից: Կլայպեդիայի (Լիտվա) ՀԲԳ տերմինալի շնորհիվ աշխատանք է տարվել Բալթյան երկրներում, Ֆինլանդիայում և շուտով նաև Լեհաստանում էներգետիկ անկախություն ստեղծելու ուղղությամբ:
Ըստ ԱՄՆ էներգետիկայի տեղեկատվության վարչության՝ Ներկայումս ԵՄ պաշարների գրեթե 75 %-ը (ԵՄ-27 և Մեծ Բրիտանիա) մայրցամաք է հասնում խողովակաշարով։ Ռուսաստանից բացի՝ Նորվեգիան և Ալժիրը նույնպես մեծ ծավալով վառելանյութ են մատակարարում դեպի Եվրոպա, բայց լրացուցիչ արտադրական հզորություն իրականում չունեն՝ Ռուսաստանի կողմից անջատման դեպքում դեֆիցիտից խուսափելու համար: Ըստ Քիլի տնտեսական ինստիտուտի հաշվարկների՝ դեպի Արևմուտք բնական գազի վաճառքի ամբողջական դադարեցումը իսկապես ցավալի իրադարձություն կլինի Ռուսաստանի տնտեսության համար՝ կրճատելով երկրի ՀՆԱ-ի գրեթե 3 տոկոսը:
Պատրաստեց` Մարիամ Անտիկյանը