«Ինլայթ»-ը ներկայացնում է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, փաստեր և ինֆոգրաֆիկաներ՝ Statista-ի տվյալների հիման վրա։
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը մարտի 6-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և իր եվրոպացի դաշնակիցները քննարկում են ռուսական նավթի ներկրման արգելքի հարցը, ինչը Ուկրաինա ներխուժման հետևանքով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների նոր զգալի ծանրացում կբերի: CNN-ի հետ զրույցում Բլինքենն ասել է. «Մենք այժմ խորհրդակցում ենք մեր եվրոպացի գործընկերների և դաշնակիցների հետ, որպեսզի համակարգված կերպով դիտարկենք ռուսական նավթի ներկրումն արգելելու հեռանկարը՝ միևնույն ժամանակ հետևելով, որ համաշխարհային շուկաներում ապահովվի նավթի պատշաճ մատակարարում․․․ Հիմա էլ, մինչ մենք խոսում ենք, ընթանում են շատ ակտիվ քննարկումներ»:
Որքա՞ն ծանր կհարվածի այդ երկրների արգելքը Ռուսաստանի տնտեսությանը: ՄԱԿ-ի արտաքին առեւտրի տվյալների բազայի վրա (UN Comtrade) հիմնված գծապատկերի համաձայն՝ ԱՄՆ-ԵՄ-ի՝ ներկրման համատեղ դադարեցումը կթողնի զգալի հետևանքներ, թեև ռուսական նավթիամենամեծ ներկրողը Չինաստանն է՝ ահռելի տարբերությամբ: Նույնիսկ հաշվի առնելով միայն այս ցուցակի վերևում ընդգրկված երկրները՝ արգելքը կկրճատի ռուսական նավթի արտահանումից եկող առևտրային արժեքի ավելի քան 40 %-ը: Հաշվելով նաև ԵՄ բոլոր երկրներից և Միացյալ Նահանգներից ներկրումները՝ այս ցուցանիշը գերազանցում է 48 %-ը, որ 2020 թվականին կազմում էր 35 միլիարդ դոլար։
Պատրաստեց` Մարիամ Անտիկյանը