Նյութը հրապարակվում է «Ինլայթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Թարգմանչական և խմբագրական պրակտիկա» ծրագրի շրջանակում:
«Մայր» լինելուց առավել. հայ ֆեմինիստ գրողները
Երեք փայլուն հայ ֆեմինիստ գրողներ՝ Սրբուհի Տյուսաբ (Վահանյան), Մարի Պեյլերյան և Շուշանիկ Կուրղինյան (Փոպոլճյան): Այնպիսի ժամանակաշրջանում, երբ կանանց ձայնը լռեցված էր, իսկ կարծիքները՝ չբարձրաձայնված, այս երեք առաջնորդները հաղորդում էին իրենց ուժը, քաջությունը և համարձակությունը սեփական խոսքի, էսսեների, ամսագրերի ու գրքերի միջոցով՝ շնորհելով կանանց ձայնի իրավունք, որից նրանք զրկված էին:
Սրբուհի Տյուսաբ (Վահանյան)
Ծնված 1842 թվականին՝ Սրբուհի Տյուսաբը (Վահանյան) եղել է հայ ֆեմինիստ և առաջին հայ կին վիպասանը։ Նրա աշխատանքի առանցքում կանանց իրավունքներն են, քանի որ նա ջանք չխնայելով պայքարում էր կանանց ազատության և տղամարդկանց կողմից ճնշման դեմ։ Լինելով Օսմանյան կայսրության հայ հայտնի քաղաքական գործիչ՝ 1876-1877 թվականներին արդարադատության նախարար Հովհաննես Վահանյանի քույրը, նա ծնվել է հարուստ հայ կաթողիկե ընտանիքում:
Երկուսն էլ շատ երիտասարդ էին, երբ նրանց հայրը մահացավ, թողնելով մորը՝ Նազլի Արզումանյանին` որպես նրանց միակ խնամակալ։ Արզումանյանը կանանց կրթության ջատագով էր և հետևողական եղավ դստեր կրթություն ստանալու հարցում։ Տյուսաբը հաճախել է տեղական ֆրանսիական դպրոց մինչև 10 տարեկանը, իսկ հետո կրթվել տանը՝ եղբոր կողմից: 19-րդ դարում Կոստանդնուպոլսի դպրոցները նախնական կրթությունից ավելի ոչինչ չէին նախատեսում աղջիկների համար: Տյուսաբի եղբայրը նրան սովորեցրել է ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, դասական գրականություն, գիտություն և պատմություն։ Նա նաև քրոջը ծանոթացրել է եվրոպացի ժամանակակից գրողների, մասնավորապես` ռոմանտիկ գրողների հետ, ինչպիսիք են Վիկտոր Հյուգոն, Լորդ Բայրոնը և Ժորժ Սանդը, ովքեր, ի վերջո, ազդեցություն էին ունենալու Տյուսաբի ստեղծագործական մտքի վրա։
Հայտնի բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ ծանոթությունից հետո այս բազմակողմանիորեն կրթված երիտասարդ կինը սկսեց հետաքրքրվել նաև հայոց լեզվի ուսումնասիրությամբ։ Դրանից կարճ ժամանակ անց նա արդեն աշխատում էր իր առաջին հայերեն ստեղծագործության վրա։
Նրա ամուսինը Փոլ Տյուսաբն էր՝ ֆրանսիացի երաժիշտ, ով աջակցում էր կնոջն իր բոլոր գրական նպատակներին հասնելու, ինչպես նաև ֆրանսիացի և հայ այլ մտավորականների հետ գրական ու սոցիալական հարցերի շուրջ քննարկումների համար հատուկ տարածք տրամադրելու հարցում։ Լինելով հայ՝ Սրբուհի Տյուսաբը ջանքեր է գործադրել պոլսահայ համայնքին օգնելու համար: 1879 թվականին նրան նույնիսկ շնորհվեց «Դպրոցասեր հայուհյաց ընկերության» Ընդհանուր ժողովի ատենապետի կոչում։ Այդ կազմակերպությունը ստեղծվել էր հայ կանանց հաջողակ վարժուհիներ դարձնելու և Արևմտյան Հայաստանի հայ աղջիկների դպրոցներում դասավանդելու համար: Այս փորձից հետո նա որոշեց սկսել իր սեփական հոդվածների շարքը, որը կենտրոնացած էր կանանց իրավունքների վրա, ներառյալ` կրթություն ստանալու, սոցիալական ինքնավարության և զբաղվածության: Նա նաև հանդես է եկել Դպրոցասեր տիկնանց ընկերության օգտին՝ միջոցներ ստանալով տեղական բանկերից և թատերատներից։
Ի լրումն իր բազմաթիվ ձեռքբերումների՝ Տյուսաբը 1878 թվականին գրել է իր առաջին գեղարվեստական վեպը՝ նամակի ձևով և «Մայտա» անվամբ: Վեպը ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում վաճառվել է հարյուրավոր օրինակներով՝ նպաստելով հայ գրականության մեջ կանանց իրավունքների պաշտպանությանը։ Իր գաղափարախոսությունը զարգացնելու համար նա 1884 և 1888 թվականներին գրել է «Սիրանույշ» և «Արաքսիա կամ վարժուհին» ստեղծագործությունները։
Երբ 1888 թվականին հիվանդացավ, նա, ուղակիորեն, ստիպված էր դադարեցնել գրելը, սակայն շարունակում էր օգնել հայ համայնքին իր բարեգործական և լուսավորչական գործունեությամբ։ Ֆրանսիա կատարած իր երկամյա այցից Պոլիս վերադարնալուց հետո, նրա կրտսեր դուստրը մահացավ թոքախտից։ Նման ողբերգությունից հետո նա զրուցում էր իր հանգուցյալ դստեր հոգու հետ՝ կրոնական միստիցիզմի միջոցով, որի ընթացքում էլ ազատվեց իր արխիվների մեծ մասից։
Երբ Տյուսաբը մահացավ 1901 թվականին, նրա անունն ու արխիվները հայ գրականության մեջ մասամբ մոռացվեցին։ Սակայն դրանք շարունակում էին ապրել երիտասարդ կանանց և գրողների գիտակցության մեջ, ինչպիսիք են Զապել Եսայանը և Զապել Ասատուրը, որոնք շարունակեցին Տյուսաբի գործը։
Մարի Պեյլերյան
Ծնված 1877 թվականին Պոլսում՝ Մարի Պեյլերյանը հաճախել է Եսայան դպրոց, այնուհետև ընտրել ուսուցչի մասնագիտությունը: Նա շարունակել է իր կրթությունը նաև Պոլսի Բերա քաղաքամասում։ Լինելով ուսանող և սկսնակ գրող՝ նա աշխատել է «Արևելք» թերթում: Պեյլերյանը երիտասարդ տարիքում ներգրավված էր Հնչակյան կուսակցության հայ ազատագրական շարժման մեջ: Պեյլերյանը, թղթակցից վերածվելով իսկական առաջնորդի, 1895 թվականին Կոստանդնուպոլսում օգնել է կազմակերպել թուրքական կառավարության դեմ Բաբ Ալիի խաղաղ ցույցերը, ինչը հանգեցրել է մայիսյան բարեփոխումների իրականացմանը: Ավելին, թուրքական կառավարությունը նրան հեռակա մահապատժի էր դատապարտել, որի պատճառով նա ապաստան գտավ Եգիպտոսում։
Որպես գրող, ֆեմինիստ և հասարակական գործիչ՝ Պեյլերյանը Արևմտյան Հայաստանի նվազ հայտնի մտավորականներից է։ Հայոց ցեղասպանությունը վերապրած Պեյլերյանը մանկավարժ էր, ինչպես նաև օրինակ՝ աշխարհի հազարավոր հայ կանանց համար։ 1904 թվականին նա սկսեց թողարկել «Արտեմիս» կանանց ամսագիրը։ Հայ իրականության մեջ կանանց առաջին պարբերական «Արտեմիսը» անդրադառնում էր հայ կանանց ազատագրմանը վերաբերող թեմաների։ Պարբերականի հրապարակումից առաջ Պեյլերյանի ամուսինը՝ Ավո Նակաշյանը, այցելել է Էջմիածին՝ Մկրտիչ Խրիմյանի աջակցությունը ստանալու նպատակով։ Հանդիպումից հետո Խրիմյան Հայրիկը իր լիակատար աջակցությունն է հայտնել պարբերականին և համաձայնել օգնել Պեյլերյանին իր նոր նախագծի հարցում։ Նա նաև հանձնեց իր որոշ աշխատանքներ և առաջարկեց հրապարակումից ստացած հասույթը նվիրաբերել թերթին:
Պարբերականի հիմնական նպատակը կանանց իրավունքների և կրթության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն էր: «Արտեմիսը» աջակցում էր նաև մարդասիրական գործունեությանը: Պեյլերյանը, ով ամսագրի գլխավոր խմբագիրն էր, ապշեցնում էր ժամանակի ընթերցողներին, ինչպես անում է ցայսօր` իր ֆեմինիստական աշխատանքներով և առաջադեմ գաղափարներով։
«Արտեմիսը» կանանց հնարավորություն տվեց արտահայտվելու այնպես, ինչպես դեռ երբեք իրենց կյանքում: Վերջապես նրանք ձեռք բերեցին տարբեր սոցիալական դասերին հասնելու մի հզոր միջոց՝ բոլորին հնարավորություն տալով բացեիբաց քննարկելու կանանց խնդիրներին վերաբերվող հարցեր: Պարբերականը հողին հավասարեցրեց բոլոր սահմանները՝ միավորելով կանանց Թբիլիսիից, Մոսկվայից, Կարսից, Նոր Ջուղայից, Նյու Յորքից և Փարիզից։ Համագործակցելով այնպիսի հայտնի գրողների հետ, ինչպիսիք են Վահան Թեքեյանը, Եղիա Տեմիր Ճիպաշյանը, Զարուհի Գալեմքյարյանը և ամերիկացի լրագրող Էլիս Սթոուն Բլեքուելը, «Արտեմիսը» հանդես եկավ հզոր, ազդեցիկ ուղերձներով:
Բացի կանանց իրավունքների մասին աշխատություններից՝ Բեյլերյանի համոզմունքներից մեկն այն էր, որ Արևմուտքում ֆեմինիզմը անհամապատասխան է հայկական իրականությանը: Նրա պնդմամբ՝ հայ կանանց անհրաժեշտ էին «բնական իրավունքներ», այսինքն՝ իրավունք՝ արտահայտելու իրենց սեփական կարծիքը, ինչպես նաև դերակատարում ունենալու երկրի սոցիալ-քաղաքական կյանքում։ Բեյլերյանը հայ կնոջ առօրյա կյանքի խնդիրների մասին մտքերն արտահայտեց «Հայացք՝ հայ կնոջ անցյալին» իր հոդվածում, որտեղ քննարկում էր ամուսնու և կնոջ հարաբերությունները, ինչպես նաև կնոջ դերը ընտանիքում:
«Անցեալի հայ կնոջ համար ընտանեկան կեանքը դժոխք մըն էր. նա` ստուեր մը պետք էր ըլլալ, ուրիշ ոչինչ։ Ամօթ էր կտրիճ տղամարդուն համար իր կնոջ հետ սրտաբաց, ընկերաբար, սիրով խօսիլը․ կնաբարոյ կը կոչուէր ան այդ պարագային իր շրջանակէն, եւ կը մեղադրուէր ու կը նախատուէր իրեններէն։ Եթէ ըսելիք մը ունէր, պարտաւոր էր խօսիլ խստադեմ՝ գրեթէ առանց կնոջը երեսը նայելու։»,-գրում էր Բեյլերյանը։
Երբ գրող Վիկտորիա Ռոուն հրատարակեց իր «Հայ կանանց ստեղծագործության պատմությունը 1880-1992» գիրքը (2009 թ.), նա առանձնացրեց Արտեմիսում արծարծված չորս հիմնական թեմաներ՝ կանանց իրավունքները, կրթությունը, մայրությունը և զբաղվածությունը: Նա դրանց համարել է դարեր շարունակ հայ կանանց խոչընդոտող գլխավոր հանգամանքները, որոնցից մի քանիսը արդիական են նաև 21-րդ դարի Հայաստանում:
1908 թվականին երիտթուրքերի ապստամբությունից հետո, որի արդյունքում վերականգնվեց օսմանյան սահմանադրությունը, Պեյլերյանը վերադարձավ Օսմանյան կայսրություն՝ դասավանդելու Իզմիրի հայկական դպրոցում։ Նա նաև աշխատել է իր ստեղծագործությունների հավաքածուի վրա, որը հայտնի է «Դէպի վեր» խորագրով: Հետագայում այն նույնպես հրատարակվեց: Պեյլերյանն այդ հավաքածուի վրա աշխատեց մինչև 1915 թվականի ապրիլի 24-ի իր ողբերգական մահը՝ 38 տարեկան հասակում: Նա, ինչպես նաև գրող Զաբել Եսայանը, այն 200 հայ առաջնորդների և մտավորականների թվում էին, որոնք ձերբակալվեցին Հայոց ցեղասպանության սկզբում:
Շուշանիկ Կուրղինյան (Փոպոլճյան)
Շուշանիկ Կուրղինյանը (Փոպոլճյան) ծնվել է 1876 թվականին Հայաստանում՝ Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի), մեծացել է աղքատ ընտանիքում։ Այն ժամանակ Հայաստանը մասնատված էր երկու օտար տերությունների միջև. Արևմտյան Հայաստանը գտնվում էր Թուրքիայի իշխանության տակ, մինչդեռ Արևելյան Հայաստանը վերահսկվում էր Ռուսական կայսրության կողմից։ Այս ամենը Փոպոլճյանին ստիպեց ներգրավվել Հայաստանի ազատագրման պայքարում։ 1893 թվականին նա անդամակցել է Հայկական Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը՝ թուրքերի և ցարիզմի դեմ պայքարելու համար։
Որպես հայ գրող՝ Կուրղինյանը դարձավ սոցիալիստական ֆեմինիստական պոեզիայի զարգացման ուժը: Նա գովաբանվում, լայն ճանաչում է վայելում որպես մեկը, «ով ձայն տվեց ձայնազուրկներին»: Ծնունդով Փոպոլճյան՝ նա հայ բանաստեղծ էր և ակտիվիստ: Կուրղինյանը՝ որպես հայուհի և բանվոր դասակարգի ներկայացուցիչ, հայտնի էր արվեստին ու քաղաքականությանը իր նվիրվածությամբ, ինչի միջոցով էլ պայքարում էր ճնշման դեմ:
Իր ընտանիքի խնդրանքով՝ 21 տարեկանում նա իր կյանքը կապեց Արշակ Կուրղինյանի հետ․ նրանք ունեցան երկու զավակ։ 1903 թվականին Դոնի Ռոստովում նա միացավ Ռուսաստանի հեղափոխական շարժմանը։ Այդ շարժումների արդյունքը եղավ Խորհրդային Միության ձևավորումը։ 1921 թվականին նա տեղափոխվեց խորհրդականացված Հայաստան՝ իր երկրի վերակառուցման գործին լծվելու:
Կուրղինյանը կանանց իրավունքների իսկական նվիրյալ պաշտպան էր։ 1907 թվականին նա ծնունդ տվեց «Ապրել եմ ուզում» վերտառությամբ մի հզոր բանաստեղծության՝ արտացոլելով տղամարդկանց դեմ պայքարը։ Նա հավատում էր, որ տղամարդկանց դեմ լինելը կօգնի ազատել իր բախտակիցներին։
Կռվել եմ ուզում, նախ՝ ձե՛զ ախոյան
Ձեր դիմաց կանգնած հի՜ն-հի՜ն վրեժով.
Որ անմտորեն, առանց գթության
Ինձ ճորտ դարձրիք սիրով եւ ուժով․․․
Ձեզ հետ իմ սեռի հաշիվը մաքրած ―
Կռվել եմ ուզում եւ բիրտ կյանքի դեմ ―
Ձեզ պես համարձակ, ձեր ձեռքը բռնած
Լինել-չլինելուն կանգնած դեմ առ դեմ.․․
Կուրղինյանը պատկանում է հայ ամենանշանավոր կանանց թվին։ Հավասար իրավունքների կյանքի կոչմանն իր անսահման նվիրվածությունն ու ձգտումը մնում են բանասաստեղծուհու թողած ժառանգության անջնջելի մասը: Դրա անմահ վկան 1907 թվականի «Մենք էլ միանանք» բանաստեղծության այս հատվածն է:
Էս փո՛ւճ աշխրքի դարդն ու բալեն
Հերի՛ք մեր ուսին իւր բեռը շարէ.
Աղի արցունքն էլ անդադար լալէն
Հերի՛ք աչերիս ցոլքերը մարէ։
Էս բիրտ օրէնքին հերի՛ք ղուլ-ղուրպան
Էղնին մեր գարնան ալ կանաչ օրեր,
Ու չորս պատի մէջ մոռցուած, անպաշտպան
Հերի՛ք մեր դիմաց փակեն բաց դռներ։
Ա՛րի, քուրիկ ջան, ձեն տանք աշխրքին,
Մեր ընկերներին թէզ ոտքի հանենք.
Էս սեւ, դարաքաշ, անվայել կեանքին
Մի ելք, մի ուղիղ ճամփայ բաց անենք։
Ա՛րի, քուրիկ ջա՜ն, մենք էլ միանանք,
Էն մենծ, սուրբ կռուին էղնինք մասնակից.
Հերիք շղթայուած ու գերի մնանք
Դուման մտքերով, շշմած զրկանքից։
Թող էն բախտաւոր մեր տղամարդիկ
Շատ չհպըրտնան, որ առաջ անցան,
Էնոնք առանց մեզ, հաւատա՛, քուրիկ,
Թէզ տեղ չե՛ն հասնի-կ՛ընկնեն ցիրուցան․․․
Էրթա՜նք, քուրի՜կ ջան, անվախ, միասին
Մեր արդար դատին զոհած ամէն բան.
Էն ազատ կեանքի սրբազան լուսին
Ամէնքն են հաւասար՝ կռուողը արժան․․․
Չնայած նրա հայտնի բանաստեղծությունները գրվել են տասնամյակներ առաջ, այնուամենայնիվ, այսօր նույնպես նրա հավերժական խոսքերը շարունակում են ոգեշնչել կանանց։ Կուրղինյանը մահացել է Երևանում 1927 թվականին 51 տարեկան հասակում՝ առողջական խնդիրների պատճառով։ Նրա աճյունը ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում։
Տյուսաբը, Պեյլերյանն ու Կուրղինյանը հայ կանանց ձայնն էին մի ժամանակաշրջանում, երբ վերջիններս արտահայտվելու բավականաչափ ուժ չունեին: Այդ խիզախ կանայք մերժեցին լռության և հնազանդության գաղափարը և իրենց ձայնը լսելի դարձրին սեփական ազնիվ առաքելությունները իրագործելու համար։ Նրանց անունները չպետք է մոռացվեն: Մենք պետք է պահենք նրանց ոգին և նրանց ուսմունքները, սերմանենք հայ երիտասարդ տղամարդկանց և կանանց հաջորդ սերունդների մեջ։
Թարգմանիչ՝ Դիանա Նիկոլյան (Diana Nikolyan), խմբագիր՝ Մարիամ Անտիկյան (Mariam Antikian) ©Բոլոր իրավունքները պաշտպանված են: