Ոսկեղենիկ #19

Ոսկեղենիկ նախաձեռնության 2022 թ. մարտի հրապարակումները

Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Թարգմանիչների ու խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:

Պրոկրուստյան մահիճ

Ուսուցչի դասավանդման մեթոդաբանությունը իսկական պրոկրուստյան մահիճ էր իր ստեղծագործ մտքի համար, որը սակայն չէր ընկրկում և մշտապես կոտրում էր  իրեն կաղապարող բոլոր «չի կարելի»-ները:

Դամաստես ավազակը, որ կրում էր   Պրոկրուստես (բառացի՝ ձգող-երկարացնող) մականունը, համաձայն  հին հունական դիցաբանության, իր ձեռքն ընկած ուղևորներին պառկեցնում  էր հատուկ մահճի վրա և խոշտանգում նրանց․ եթե զոհի հասակը երկար էր  մահճից, կտրում էր նրա ոտքերը, եթե կարճ՝ մարմինը ձգելով` հասցնում էր մահճի երկարությանը։ Օրերից մի օր, սակայն, ավազակին հաղթում է Թեսեոսը և ենթարկում նրան նույն կտտանքներին:

«Պրոկրուստյան մահիճ» արտահայտությունը նշանակում է փաստերն արհեստական չափանիշի հարմարեցնել, անհնարինին հարմարվել կամ բռնության զոհ դառնալ:

Աղբյուրը` 

Թևավոր խոսքեր և շրջասույթներ

Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան

Զույգ/զույգեր

Անձնական հարաբերությունների մեջ գտնվող աղջկան ու տղային հաճախ սխալմամբ անվանում են զույգեր, օրինակ՝ Գեղեցիկ զույգեր են։ Սա սխալ է, երբ խոսքը երկու անձից կազմված մեկ միասնության մասին է։ Այս սխալի պատճառը «զույգ» բառի իմաստում մեկից ավելիի գաղափարի առկայությունն է, որը տպավորություն է ստեղծում, թե այն պետք է հոգնակի թվով գործածել։ Մինչդեռ զույգը մեկ առանձին միավոր է։ Այն իհարկե կարող է հոգնակի «զույգեր» ձևով գործածվել, բայց այստեղ արդեն խոսքը ոչ թե մեկ զույգի, այլ մեկից ավելի զույգերի մասին է։ Այսինքն՝ զույգ-երկու (տվյալ դեպքում՝ մարդ), զույգեր-չորս մարդ և ավելի։

Հետևաբար պետք է ասել՝

Հակոբն ու Աննան գեղեցիկ զույգ են։

Այգում շատ զույգեր էին զբոսնում։

Աղբյուրը՝ 

Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան

Պյուռոսյան հաղթանակ

Պյուռոսյան հաղթանակներիցդ հետո դափնիների վրա հանգստանալը քեզ ավելի է մոտեցնում քո տխրահռչակ վախճանին:

Ըստ Պլուտարքոսի` Պյուռոս թագավորը Ք. ա. 279 թ.-ին հարձակվում է Հռոմի վրա և գրավում այն, սակայն այնքան մեծ կորուստներ է կրում, որ հայտարարում է. «Եվս մի այդպիսի հաղթանակ, և մենք կկործանվենք»: Մեկ տարի հետո, իրոք, Հռոմը ջախջախում է Պյուռոսի քայքայված ու թուլացած բանակը:

«Պյուռոսյան հաղթանակ» արտահայտությունը նշանակում է չափազանց մեծ զոհերի, կորուստների գնով ձեռք բերված հաղթանակ, կասկածելի հաջողություն, որը պարտության է հավասարազոր:

Աղբյուրը`

Թևավոր խոսքեր և շրջասույթներ

Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան

Ակնոց/ակնոցներ

Հաճախ հայերենում «ակնոց» բառը սխալմամբ հոգնակի «ակնոցներ» ձևով է գործածվում։ Բառը հոգնակի ձևով գործածելը իհարկե սխալ չէ, բայց սխալ է հոգնակի թվով գործածելը՝ նկատի ունենալով մեկ առարկա, օրինակ՝ Բժիշկը խորհուրդ է տվել ակնոցներ (ակնոց) դնել։

Բանն այն է, որ ռուսերենում և անգլերենում երկու նման մասերից կազմված առարկաները եզակի թվում անգամ գործածվում են հոգնակի ձևով, օրինակ՝ ակնոց-ռուս.՝ очки, անգլ.՝ glasses, զուգագուլպա-ռուս.՝ колготки, անգլ.՝ tights և այլն։

Սակայն, հայերենում նման քերականական ձևեր, երբ երկու նման մասերից կազմված առարկաները եզակի թվում հոգնակիի ձև ունեն, չկան, և հետևաբար երբ ասում ենք ակնոցներ, նկատի ունենք մեկից ավելի ակնոցներ, Օրինակ՝ Խանութում գեղեցիկ ակնոցներ են վաճառվում։

Աղբյուրը՝

Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն