Հայք 21 | Արցախյան ճգնաժամը

Լեւոն Տեր-Պետրոսյան. Արցախյան ճգնաժամը

Հակառակ Կենտրոնի եւ ադրբեջանական իշխանությունների վարած ահաբեկչական քաղաքականությանը, դաժան շրջափակումներին ու բիրտ ուժի գործադրման հաճախակի փորձերին՝ արցախահայությունը երկարատեւ հերոսական պայքարի եւ մեր ողջ ժողովրդի ծանրակշիռ աջակցության շնորհիվ անցյալ տարվա վերջերին ըստ էության հասավ իր բաղձալի նպատակին՝ Արցախի փաստացի անկախությանը, որի քաղաքական մարմնավորումը հանդիսացավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի վերամիավորման մասին։ Խզվեցին բոլոր տեսակի վարչական, մշակութային եւ տնտեսական հարաբերությունները Ադրբեջանի հետ, նկատելիորեն խորացավ Հայաստանի եւ Արցախի համապատասխան վարչատնտեսական ու մշակութային կառուցվածքների միաձուլման գործընթացը, Արցախի նյութամատակարարման եւ դրամաբաշխման (ֆինանսավորման) գործը լիովին անջատվեց Ադրբեջանից ու դրվեց Կենտրոնի ու Հայաստանի վրա, Լեռնային Ղարաբաղը որպես տնտեսական ինքնուրույն միավոր մտավ ԽՍՀՄ տնտեսական զարգացման 1990թ. պետական պլանի մեջ, Ադրբեջանն իսպառ զրկվեց Արցախի կադրային հարցերին միջամտելու հնարավորությունից։

Հասկանալի է, որ այս նվաճումների խորացումը, թեկուզեւ առանց քաղաքական նոր քայլերի, այլ միայն Խորհրդային Միության գործող օրենքների հմուտ կիրառմամբ, անխուսափելիորեն պետք է հանգեցներ Արցախի եւ Հայաստանի փաստացի վերամիավորմանը։ Դրա համար անհրաժեշտ էր միայն երկու պայման. Նախ՝ Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունը, որը, դժբախտաբար, համարյա միշտ բացակայել է, եւ երկրորդ, որ ավելի կարեւոր է, Արցախի օրինական իշխանությունների գործելու կարողությունը, որը եղել է բոլոր նշված նվաճումների ձեռքբերման հիմնական գործոնը։ Ընդ որում, օրինական իշխանություններ ասելով, պետք է հասկանալ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի գործադիր մարմինը կամ կուսակցության մարզային կոմիտեն, այլեւ արցախահայության ստեղծած ոչ պաշտոնական հասարակական կազմակերպությունները՝ «Կռունկ» կոմիտեն, Տնօրենների խորհուրդը, Հայոց համազգային շարժման տեղական ցանցը, «Ամարաս» բարեգործական միությունը եւ, վերջապես, Ազգային խորհուրդը, որոնք, լրացնելով իրար, դժվարին պայմաններում կարողացան իրականացնել երկրամասի առջեւ ծառացած գործնական խնդիրների լուծման պատասխանատու գործը։

Զգալով, որ, չնայած 1989թ. նոյեմբերի 28-ին ուժի ցուցադրման շնորհիվ ձեռքբերած քաղաքական հաղթանակին, իրադարձությունների խաղաղ զարգացման դեպքում, միեւնույն է, Արցախի եւ Հայաստանի վերամիավորումը կարող է դառնալ անխուսափելի իրականություն, ադրբեջանական կողմը հարկադրաբար դիմեց լայնածավալ բռնի գործողությունների՝ Արցախի խնդրում արմատական բեկում մտցնելու նպատակով։ Տեղի ունեցան խորհրդաիրանական սահմանների զանգվածային խախտումները, Բաքվի արյունալի ջարդերը, իշխանության տապալման փորձերը, որոնց արդյունքը եղավ Ադրբեջանի գրավումը խորհրդային բանակի կողմից։ Ճիշտ է՝ ադրբեջանցիներն այդ գործողությունների հետեւանքով տվին հարյուրավոր զոհեր, ջախջախվեց Ադրբեջանի Ժողովրդական ճակատը, սակայն բոլորի համար պարզ դարձավ, որ դրա դիմաց նրանք պետք է ստանան որոշ քաղաքական հատուցում, այն էլ, ինչպես միշտ՝ հայերի հաշվին։ 1990թ. հունվարի 15-ին Արցախում հայտարարված արտակարգ դրությունը եւ մարզի օրինական իշխանությունների վերացումը եղան այդ ծանրակշիռ հատուցումը։

Տվյալ պահից Արցախը թեւակոխեց իր նորագույն պատմության ամենադժնդակ ժամանակաշրջաններից մեկը։ Մարզում հաստատվեց բացարձակ ռազմական իշխանություն՝ գործնականորեն անսահմանափակ լիազորություններով, այդ թվում՝ արտակարգ դրության կարգավիճակով չնախատեսված քաղաքական ու տնտեսական գործառնություններով։ Լիովին կազմալուծվեց Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի գործադիր մարմնի եւ կուսակցության մարզային կոմիտեի աշխատանքը, դադարեցվեց հասարակական կազմակերպությունների գործունեությունը։ Հալածանքներ սկսվեցին Արցախի ազգային շարժման գործիչների եւ մարզի ղեկավարության նկատմամբ։ Տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ, զորքերի կողմից բազմիցս ձեռնարկվեցին խաղաղ բնակչության դեմ ուղղված ահաբեկիչ գործողություններ, որոնց հետեւանքով զոհվեցին մի քանի եւ վիրավորվեցին տասնյակ քաղաքացիներ։

Օգտվելով արտակարգ դրության ստեղծած բարենպաստ պայմաններից եւ զինվորական հրամանատարության բացահայտ աջակցությունից՝ մարզում սկսեցին ակտիվ գործունեություն ծավալել նաեւ ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Պոլյանիչկոյի գլխավորությամբ Ստեփանակերտում հաստատվեց նոյեմբերի 28-ի որոշմամբ նախատեսված կազմկոմիտեն, որն իր առջեւ չքողարկված կերպով խնդիր դրեց ներքին զորքերի միջոցով ծնկի բերել արցախահայությանը, ծավալուն շինարարական ձեռնարկումներով հզորացնել Արցախի ադրբեջանաբնակ գյուղերը եւ փոխել մարզի ժողովրդագրական հաշվեկշիռը հօգուտ ադրբեջանցիների։ Չհանդիպելով Կենտրոնի սաստումներին եւ Հայաստանի իշխանությունների միջամտությանը՝ ադրբեջանական կողմը օրեցօր սաստկացրեց իր անօրինական գործունեությունը, որի գագաթնակետը դարձավ Ադրբեջանի պրեզիդենտ Մութալիբովի հրամանագրով Հադրութի շրջխորհրդի եւ կուսշրջկոմի իրավասությունների դադարեցումը։ Գործողությունների լիակատար ազատություն ձեռքբերելու նպատակով ադրբեջանական իշխանությունները՝ ռազմական հրամանատարության աջակցությամբ սկսեցին ավելի սաստկացնել մարզի շրջափակումը եւ իրականացնել նրա բացարձակ մեկուսացումը Հայաստանից՝ ամուր փակելով Գորիս – Լաչին – Ստեփանակերտ ճանապարհը եւ կրճատելով Երեւան – Ստեփանակերտ օդանավային ուղերթերը։  Արցախի մեկուսացման ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլը հանդիսացավ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի ս.թ. հունիսի 11-ի որոշումը՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի տարածքում 5 կիլոմետրանոց ռազմական գոտու ստեղծման մասին։ Կենտրոնի կողմից նույնպիսի պահանջ է դրված Հայաստանի իշխանությունների առջեւ։ Սակայն Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության երկու նիստերում այդ պահանջը մերժվեց, քանի որ ո՛չ կենտրոնական, ո՛չ էլ ադրբեջանական իշխանությունները պատրաստակամություն չեն հայտնում բավարարելու հայկական կողմի առաջ քաշած միակ պայմանը՝ Գորիս – Լաչին – Ստեփանակերտ ճանապարհի անարգել գործունեության ապահովումը։

Համակենտրոնացման ճամբարի պայմաններում հայտնված արցախահայությունը, այս անգամ եւս ցուցաբերելով անօրինակ հաստատակամություն, պատվով դիմագրավեց բռնապետության ուժգնացող հարվածները։ Համատարած քաղաքացիական անհնազանդությունը դարձավ նրա ազգային-ազատագրական պայքարի ամենազորեղ զենքը, որն իր կիրառությունը գտավ նախ՝ Արցախում հայտարարված համընդհանուր գործադուլի, իսկ այնուհետեւ՝ նոյեմբերի 28-ի որոշումն իրականացնող կազմկոմիտեի աշխատանքի բացարձակ վիժեցման ձեւով։ Չնայած զինվորական հրամանատարության եւ ադրբեջանական իշխանությունների գործադրած ահռելի ջանքերին, այնուամենայնիվ, անցած վեց ամիսների ընթացքում նրանց չհաջողվեց կոտրել արցախցիների կամքը եւ Ադրբեջանի ու Արցախի միջեւ վերականգնել թեկուզ մեկ կապող օղակ։ Ավելին, դժվարագույն պայմաններում արցախահայությունը ճանապարհների շրջափակման միջոցով բազմիցս կարողացավ խափանել մարզի ադրբեջանական գյուղերում տարվող շինարարական աշխատանքները, զորացնել իր ինքնապաշտպանական կարողությունները, հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալ ադրբեջանական հրոսակախմբերին եւ զինվորականների ոտնձգություններին։ Արցախահայության պայքարի վառ էջերը դարձան ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի արգելված սգահանդեսի կազմակերպումը եւ մանավանդ՝ մայիսի 20-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունների անցկացումը։

Դրանով հանդերձ, ակնհայտ է, որ իրադարձությունների նմանօրինակ զարգացման դեպքում արցախահայության ուժերը կարող են սպառվել, եւ սեփական իշխանության մարմինների շարունակվող անգործության պայմաններում նա այլեւս ի վիճակի չի լինի լուծել իր գոյության երաշխիքը հանդիսացող կենսական խնդիրները՝ մարզի ժողովրդագրական ներկա հաշվեկշռի պահպանումը, տնտեսության բնականոն կենսագործունեության ապահովումը, ինքնապաշտպանության գործի կազմակերպումը եւ այլն։ Ավելին, այսօր մարզում լուրջ վտանգ է ստեղծվել նաեւ անընդհատ գրգռություններով բնակչությանը հավասարակշռությունից հանելու եւ վերամիավորման շարժումը սահմանադրական ուղուց շեղելու միտումով։ Դժվար չէ պատկերացնել, թե Արցախում սպասվող հավանական պայթյունը ինչպիսի արձագանք կգտնի Հայաստանում, որը եղել եւ մնում է արցախահայության անվտանգության միակ երաշխավորը։

Նման անցանկալի հեռանկարից խուսափելու եւ ստեղծված ճգնաժամից դուրս գալու միակ տեսանելի ելքն այսօր Լեռնային Ղարաբաղի օրինական իշխանության՝ մարզային խորհրդի վերականգնումն է, որը գոնե միառժամանակ կարող է որոշ չափով կարգավորել մարզի իրավիճակը՝ մինչեւ արցախյան խնդրի վերջնական լուծումը։ Ճիշտ է՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե դա պարզապես կնշանակի ապարդյուն վերադարձ դեպի 1988 թ. փետրվարի 19-ի վիճակը, սակայն իրականում դրանով Արցախում կստեղծվի բոլորովին նոր մի վիճակ, քանի որ վերականգնված խորհուրդն արդեն կգործի մարզի ձեռքբերած վարչա-տնտեսական անկախության պայմաններում, որի մասին մանրամասն խոսվեց սույն հոդվածի սկզբում։ Պարզ է սակայն, որ Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի վերականգնումը կապված է լուրջ դժվարությունների հետ, քանի որ նրա նշանակությունը շատ լավ է հասկանում նաեւ հակառակ կողմը։

Իսկ մինչեւ մարզային խորհրդի վերականգնումը, որի համար, ակնհայտ է, դեռեւս որոշ ժամանակ կպահանջվի, անհրաժեշտ է շուտափույթ կերպով վերսկսել Արցախի Ազգային խորհրդի գործունեությունը, որն, ինչպես հայտնի է, արգելված է արտակարգ դրության կարգավիճակով։ Սակայն պարզվում է, որ կա արգելքը շրջանցելու չափազանց  հեշտ, միաժամանակ քաղաքական մեծ հնչողություն խոստացող ճանապարհ, եթե Ազգային խորհրդի ղեկն իրենց ձեռքը վերցնեն Լեռնային Ղարաբաղից ընտրված ԽՍՀՄ հինգ ժողովրդական դեպուտատները՝ Հենրիկ Պողոսյանը, Վաչագան Գրիգորյանը, Զորի Բալայանը, Բորիս Դադամյանը եւ Վահան Գաբրիելյանը, ինչպես նաեւ Հայաստանից ընտրված մի շարք հայտնի դեպուտատներ՝ Սոս Սարգսյանը, Հենրիկ Իգիթյանը, Լյուդմիլա Հարությունյանը, Խորեն Աբրահամյանը, ՍերոԽանզադյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Գրիգոր Խանջյանը, Կարեն Սիմոնյանը, Սերգեյ Համբարձումյանը եւ ուրիշներ։ Օգտվելով դեպուտատական անձեռնմխելիության իրավունքից՝ այս հարգարժան անձինք կարող են գոնե մի որոշ ժամանակով հաստատվել Ստեփանակերտում եւ իրենց վրա վերցնել Արցախի օրինական իշխանության լիազորությունները։ Դա կարող է ժամանակավորապես զսպել զինվորական հրամանատարության եւ ադրբեջանական իշխանությունների կամայականությունները եւ արագացնել մարզային խորհրդի վերականգնումը, հետեւաբար՝ նաեւ Արցախի հարցի քաղաքական լուծումը։ Կլինեն առարկություններ, թե նույնը կարող են կրկնել նաեւ Ադրբեջանից ընտրված ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատները. կարող են, բայց նրանք ստիպված կլինեն Պոլյանիչկոյի պես Արցախում շրջել զրահամեքենաներով, մինչդեռ հայ դեպուտատները ազատ կհյուրընկալվեն մարզի համարյա բոլոր բնակավայրերում, ձեռնարկություններում, դպրոցներում ու մշակութային կենտրոններում եւ վստահաբար տեղում կլուծեն բազմաթիվ գործնական խնդիրներ։ Եթե անգամ այս քայլը չտա սպասված քաղաքական ու գործնական արդյունքը, ապա նման նշանավոր անձանց ներկայությունը գոնե բարոյական մեծ աջակցություն կհանդիսանա արցախահայության համար եւ կօգնի նրան՝ թոթափելու լքվածության հուսահատական զգացումը։ Կարծում եմ, հայ ժողովուրդը լիակատար իրավունք ունի իր ընտրյալներից այդպիսի ազգանվեր ու հույժ անհրաժեշտ ծառայություն ակնկալելու։


ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N 21, 1 հուլիսի 1990


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ