Անցյալի հայ ապագայապաշտները

Illustration by EVN Report

Հայկական մշակույթը իբրև ճանաչման առանցք և կենտրոն դիտարկելը դեռևս այդքան հատուկ չէ հայկական մտքին։ Սեփական մշակույթի մասին օտար լեզվից թարգմանելը յուրատեսակ փորձառություն է, քանզի պահանջում է թարգմանչից նախ օտարացնել այն, ինչ արդեն իսկ քեզ հարազատ է, ապա կրկին հարազատացնել այն սեփական մշակույթին՝ իբրև օտար մի բան։ Նման մի փորձ է ստորև ներկայացված թարգամությունը։ 

 

Նյութը հրապարակվում է «Ինլայթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Թարգմանչական և խմբագրական պրակտիկա» ծրագրի շրջանակում:

Ապագայապաշտության հակիրճ պատմությունը

1909 թվականի փետրվարի 5-ի առավոտյան Իտալիայի մշակութային էլիտան ապշած էր ֆրանսիական «Le Figaro» օրաթերթի առաջին էջում հրապարակված «Il manifesto del futurismo» («Ապագայապաշտական մանիֆեստ») վերտառությամբ հոդվածից: Իտալացի բանաստեղծ և արվեստի տեսաբան Ֆիլիպպո Թոմմազո Մարինեթթին հայտարարել էր նոր շարժման՝ «ապագայապաշտության» ծնունդի մասին:

20-րդ դարի իտալական ավանգարդ արվեստի շարժումը՝ ապագայապաշտությունը, ձգտում էր քանդել մշակույթի ավելի հին ձևերը և փառաբանել արդիականության գեղեցկությունը, որը ներառում էր մեքենան, արագությունը, բռնությունը և փոփոխությունը:

Շարժումը ներառում էր անարխիստական ​​և ֆաշիստական ​​տարրեր: Ավելի ուշ Մարինեթթին կդառնա որպես «Il Duce» (Առաջնորդ)՝ հայտնի իտալական ֆաշիզմի հիմնադիր և 1922-1943 թվականներին Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսսոլինիի ակտիվ հետևորդը և աջակիցը:

Մարինեթթիի մանիֆեստից որոշ հատվածներ վկայում են.

«Մենք հայտարարում ենք, որ աշխարհի հոյագեղությունը հարստացել է մի նոր գեղեցկությամբ, այն է՝ արագությամբ: Մրցարշավային ավտոմեքենա, որի կապոտը զարդարված է վիշապանման բռնկուն շնչառությամբ մեծ խողովակներով…մռնչացող շարժիչով մեքենան, որը, թվում է, թե աշխատում է գնդացրի կրակով, ավելի գեղեցիկ է, քան Սամոթրակի հաղթանակը:

Միայն պայքարում գեղեցկություն գոյություն ունի: Չկա մի գլուխգործոց, որ ագրեսիվ բնույթ չունենա: Պոեզիան պետք է անհայտի հանդեպ կատաղի գրոհ լինի, որպեսզի ստիպի նրանց խոնարհվել մարդու առջև:

Մենք ցանկանում ենք գովերգել մարդուն՝ նստած ղեկին, որի իդեալական առանցքը հատում է Երկիրը՝ ինքն իրեն նետելով ուղեծրի շուրջ:

Մենք ցանկանում ենք վերացնել թանգարանները և գրադարանները, պայքարել բարոյագիտության, ֆեմինիզմի և ողջ պատեհապաշտ ու օգտապաշտ երկչոտության դեմ»:

Ապագայապաշտությունն անցյալի լիակատար մերժումն ու ապագայի փառաբանումն էր: Մի գաղափար, որ փոթորկեց Եվրոպան և «ապականեց» աշխարհը. բացառություն չէին հայ մտավորականները Կոստանդնուպոլսում, Թբիլիսիում և Երևանում:

Հրանտ Նազարեանց.
«Ֆ.Թ. Մառինէթթի և ապագայապաշտությունը»
Կոստանդնուպոլիս

Հայկական լրատվամիջոցներում ապագայապաշտության մասին հանրային առաջին բանավեճը տեղի է ունեցել Պոլսում 1910 թ.-ին այնպիսի հրապարակումներում, ինչպիսինք են «Շանթ» գրական շաբաթաթերթը և «Մեհյան» գրական պարբերականը: Բանաստեղծ, խմբագիր և թարգմանիչ Հրանտ Նազարեանցը, որն անձնական նամակագրություն է ունեցել Մարինեթթիի հետ, հրապարակել է համաշխարհային գրականության մեջ ապագայապաշտության առաջին ուսումնասիրություններից մեկը համարվող «Ֆ.Թ. Մառինէթթի և ապագայապաշտություն» գիրքը:

Սա Օսմանյան կայսրությունում ապրող հայերի դեմ թուրքական ագրեսիայի ժամանակ հայկական հայտնի թերթերում ապագայապաշտության համակիրների և հակակիրների միջև բուռն քննարկումներ բորբոքեց։ Ապագայապաշտության մանիֆեստը՝ որպես առաջընթաց, հայ որոշ մտավորականների համար դարձավ ոգեշնչում, մինչդեռ մյուսները թույլ չէին տալու հայկական դասական ժառանգության ոչնչացումը:

Թբիլիսի

Հակոբ Գենջյանը բանաստեղծ, հայտնի լրագրող, թարգմանիչ, գրական գործիչ և թատերական ռեժիսոր էր Թբիլիսիում: Գենջյանը նաև Հնչակյան կուսակցության «Շեփոր» շաբաթաթերթի խմբագիրն էր: Վերապատրաստվելով որպես մերսման թերապևտ` նա շրջում էր բոհեմական շրջանակներում և հայտնի էր ապագայապաշտներին հաճախ հատուկ «անտանելի» վարքով: 

Իր կյանքի ընթացքում նա 35-ից ավել արտասովոր կեղծանուններ է օգտագործել` Վ. Նուրյան, Ալթալենա, Գենջ-օղլի, Գենջիև, Բեդրոսով… և Կարա-Դարվիշ, որը հայկական համատեքստում հավերժ պետք է հոմանիշ մնար ապագայապաշտությանը:

Դարվիշի հիացմուքը ապագայապաշության հանդեպ սկսվել է 1913 թ.-ին: Այս շրջանը համընկավ Մարինեթթիի Մոսկվա կատարած այցի և Կովկաս ռուս ապագայապաշտների այցելությունների հետ, որոնք ասում էին. «Միայն մենք ենք մեր ժամանակի դեմքը… Դեն նետեք Պուշկինին, Դոստոևսկուն, Տոլստոյին և այլոց Արդիության նավից»: («Ապտակ հանրային ճաշակի երեսին», «Ապագայապաշտական մանիֆեստ», 1912 թ․)

1914 թ.-ին Կարա-Դարվիշը հրապարակեց «Ի՞նչ է ապագայապաշտությունը» վերնագրով մի գիրք՝ ազդարարելով ապագայապաշտական շարժման սկիզբը (արևելյան) հայկական շրջանակներում:

Հետևելով ծանոթ ապագայապաշտներին՝ Կարա-Դարվիշը պնդում էր, որ արագ զարգացող աշխարհում գրականությունը պետք է հետ չմնա. «Հստակ է՝ ժամանակակից մարդը պահանջում է այլընտրանքային գրականություն, այլընտրանքային արվեստ՝ համապատասխան անդրադարձումներով, այնպիսին, որ քննարկելիս կհարաբերվեր ժամանակակից մարդու մտքի և հոգու հետ, ոչ թե գրականություն, որը թակարդված է առավելապես հայկական ռոմանտիզմի նախագծում» [1]:

Դարվիշը նաև մերժելու էր սիրո գաղափարը, և ամենակարևորը, կանանց փառաբանումը՝ ասելով, որ «կանայք թույնի պես են», իսկ սերը՝ «մեծ և վտանգավոր» հասկացություն:

Կարա-Դարվիշը մերժում է Սայաթ-Նովային և բարդ/աշուղական մշակույթը: Նա պնդում է, որ Խորենացին, Բուզանդը և հայ մշակութային կյանքի այլ հսկաներ թողնվեն անցյալում, քանի որ 20-րդ դարը նոր գաղափարների և շարժումների ժամանակ էր. տվյալ ժամանակաշրջանի մեքենաների պես մշտապես շարժվող և զարգացող անհատի ժամանակ։

«Ի՞նչ է ապագայապաշտությունը» գրքում նա գրում է. «Եվ զարմանալի է` մենք էլ ունենք գրականություն և գեղարվեստ իբր թե, բայց նա միշտ հնավանդների և փոշակալածների կողմից պահպանվել է արտաքին «վնասակար» ազդեցություններից»: Խոշոր դեր է կատարել այդ դեպքում մեր տգետ և տիրացուական մամուլը, որ միշտ ընդդիմադիր ուժ է եղել նոր հոսանքների դեմ ամեն մի ծիլ, բողբոջ, նորագույն գրական հոսանքի կամ ազդեցության սաղմում իսկ խեղդել է՝ իր կրծքին սեղմած պահելով և զարգացնելով միջնադարյան բորբոսնած փոշեկազմերը: Այդ է պատճառը, որ մեր կյանքը մի նեխած, հոտած ճահիճ է դառել, որի երեսը մի կանաչած շերտ է կանգնած, և որը հեռվից եկողին-անծանոթին կանաչազարդ մարգագետին է երևում, և բավական է ոտները կոխի խաբուսիկ արոտամարգի վրա, որ խրվի, սուզվի և խեղդվի միամիտ անծանոթը» [2]:

Կարա-Դարվիշ. Կարա պարսկերեն/ֆարսի նշանակում է սև։
Դարվիշը, ևս պարսկերենից է, մուսուլմանական կրոնական միաբանության անդամն է՝ հայտնի բարեպաշտ գործերով և նաև՝ որպես հոգիների ասպետ:
Դարվիշները հասարակության կողմից ընդունվում էին որպես հոգևոր արժեքները նյութականից գերադասող մարդիկ: Ուստի, Կարա-Դարվիշը կարող է թարգմանվել որպես Սև ասպետ:
Երևան

Մինչ Թբիլիսին 1920-ականներին Կովկասում ապագայապաշտական միջոցառումների, դասախոսությունների, հոդվածների և քննադատության կենտրոնն էր, Երևանում մի խումբ հայ բանաստեղծ-մտավորականներ՝ Եղիշե Չարենցը, Գևորգ Աբովը, Ազատ Վշտունին, յուրացրին ապագայապաշտական գաղափարները:

Աբովի և Վշտունու հետ միասին Չարենցը ստեղծեց «Երեքի դեկլարացիան»՝ ավանգարդ/ապագայապաշտ մտավորականների միություն: 1922 թ.-ի հունիսին նրանք հրապարակեցին իրենց հռչակագիրը «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, որն արագ արձագանք ստացավ հայ մշակութային և գրական կյանքում:

Չարենցը և իր ապագայապաշտ ընկերներն անվերապահ հավատում էին իրենց նորահայտ գաղափարախոսությանը: Նրանք մերժում էին դասական պոեզիան, պատվանդանից զրկում պլատոնական սերը: Ոգևորությամբ ծաղրում էին ինչպես իրենց նախահայրերին, այնպես էլ ժամանակակիցներին: Քիչ հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցը ժամանակի հայտնի և հարգված բանաստեղծ Վահան Տերյանին մերժող դասախոսություն է կարդացել, թեև նախկինում մեծարել է նրան որպես «փայլուն բանաստեղծ և առասպելական անձնավորություն» իր օրագրային գրառումներից մեկում, որտեղ նկարագրել է 1917 թ.-ին Տերյանին Թբիլիսիի սրճարանում տեսնելը. «Նա ինչ-որ մեկի հետ նստած թեյ էր խմում և թերթ կարդում: Նրան մոտեցավ Կարա-Դարվիշը՝ այն ժամանակ ինձ անձամբ ծանոթ միակ հայ հեղինակը։ Ես անչափ նախանձեցի նրան, որ խոսում է այդպիսի մի հանճարեղ մարդու հետ… Շատ շուտով նա բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն, թերթերը խոթեց գրպանը և գնաց։ Ես դուրս եկա փողոց և երկար նայում էի նրա ետևից…» [3]:

«Երեքի դեկլարացիան»

Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի

«Ներկա հայ բանաստեղծությունը թոքախտավոր է և անխուսափելիորեն դատապարտված է մահվան։ Նրա գոյության միակ արդարացումը մահամերձ լինելն է։ Նրա տրադիցիաները նման են թոքախտավոր երեխաների, որոնք, բացի վարակումից, ոչինչ չեն առաջացնում։

«Հայրենիք», «Սեր անբիծ», «Անապատ ու մենություն», «Մթնշաղներ նրբակերտ», «Մոռացում ու երազներ». ահա մեր գրական թոքախտի մանրէները, որոնց առաջացրած պտուղներն են՝ նացիոնալիզմ, ռոմանտիզմ, պեսիմիզմ և սիմվոլիզմ։

Մենք հանդես ենք գալիս որպես ախտահանողներ։

Մենք բերում ենք մեզ հետ մաքուր օդ և երկաթե առողջություն։

Քաղքենի նացիոնալիզմին մենք հակադրում ենք պրոլետարական ինտերնացիոնալիզմը։

«Անբիծ սիրուն» մենք դեմ ենք դնում սեռական առողջ բնազդը։

Մեզ համար «Անապատներ» դարձել են բազմաժխոր քաղաքներ։

Իսկ մեր երակների մեջ մենք զգում ենք բազմահազար ամբոխների հույզը։

«Նրբակերտ մթնշաղներին» այսօր հաջորդել է բոսոր արշալույսը, և պայքարող դասակարգի մարտական շեփորը արթնացրել է մեզ «մոռացման երազներից»։

Մեր մեջ ստեղծագործում է բազմությունների տեմպը, և մենք դեպի բազմությունն ենք իջեցնում մեր ստեղծագործությունը։

Մենք պահանջում ենք.

Դուրս հանել բանաստեղծությունը սենյակներից դեպի փողոցներն ու մասսաները և գրքերից՝ դեպի կենդանի խոսքը։

Արտահայտել այն, ինչ որ այժմեական է՝ շարժում, դասակարգային պայքար, երկաթ ու կարմիր։

Այդ նպատակներին հասնելու համար բանաստեղծության մեջ պետք է կիրառել․

Ռիթմը՝ որպես շարժում։

Պատկերը (образ)՝ որպես կենցաղի բնորոշում։

Ոճը և լեզուն՝ որպես նյութի և խառնվածքի արտահայտություն։

Մեր օրվա լոզունգն է.

Կորչե՛ն գրական արիստոկրատ շկոլաները, առանձնասենյակային գրողները, գրադարաններում ննջող գրքերը և սալոնային կանայք։

Կեցցե՛ գեղարվեստական կենդանի խոսքը ստեղծագործող բազմություններում։

Կեցցե՛ ստեղծագործող բազմությունը իր հզոր ռիթմով։

Կեցցե՛ պրոլետարական հեղափոխությունը»։

***

1920-ական թվականներին «Երեքի դեկլարացիան» բավականին հայտնի էր: Նրանց դասախոսությունները միշտ ոգևորություն էին առաջացնում: Մարդիկ գրում էին «Երեքը և մենք» վերնագրերով հոդվածներ: Այդ հոդվածներից մեկի մի հատվածում ասվում էր. «Միայն նրանք են ցույց տալիս մեր պեոզիայի նոր ուղին. երիտասարդությունը պետք է խորապես ընկալի նրանց գաղափարները և լուրջ վերաբերվի Երեքին»:

Կարա-Դարվիշը, վերադառնալով Թբիլիսի, քաջատեղյակ էր «Երեքի դեկլարացիային»: Նա խստագույնս քննադատում էր Ապագայապաշտ եռյակին, սակայն հաճախ նաև կոչում էր «իմ հոգևոր հետևորդներ»:

Հայ ապագայապաշտական շարժման անկումը

Հայ ապագայապաշտական շարժումը սկիզբ առավ հայ ազգի համար ճգնաժամային ժամանակահատվածում՝ պատերազմ, ջարդեր և անկախության բացակայություն: Չնայած այն երկար կյանք չունեցավ հայ արվեստի աշխարհում, սակայն երիտասարդ մտավորականների և իրենց ապագա աշխատանքների վրա մեծ ազդեցություն թողեց:

Ապագայապաշտների և հակաապագայապաշտների միջև լարվածությունն այնքան մեծ էր, որ հանգեցրեց կեղծ գրական դատավարության: 1923 թ. նոյեմբերի 15-ին Թբիլիսիում՝ Հայարտան թատրոնում, ապագայապաշտները և հակաապագայապաշտները հավաքվել էին դատելու Կարա-Դարվիշի գրական աշխատանքները: Հենց ինքը՝ Կարա-Դարվիշը, ոտքի կանգնած երկու «մեղադրյալներից» մեկն էր: Նա նաև իր իսկ իրավապաշտպանն էր: Դատավարության ամենատարօրինակ մասը դրա կառուցվածքն ու կազմն էր՝ բաղկացած երեք բանվորից և սղագրողից: Այն սկսվեց Դարվիշի բացման խոսքով. նրա հիմնական պաշտպանությունը հիմնված էր այն փաստի վրա, որ «ապագայապաշտությունը հեղափոխական արվեստ է, իսկ դրա էությունը՝ պրոլետարական»: Մեղադրող կողմը մեղադրում էր ապագայապաշտությունը միջազգային, հնաոճ գրական ժանր լինելու մեջ: Ապագայապաշտությունը քննադատվում էր նաև էապես ռուսական լինելու համար:

Ապագայապաշտական «Ստանդարտ» ամսագրի միակ համարի շապիկը, Մոսկվա 1924:

Կարա-Դարվիշը մեղադրվում էր ապագայապաշտ-ֆունդամենտալիստ, ինչպես նաև ծայրաստիճան անհատապաշտ լինելու մեջ:

Դատարանը մեղավոր ճանաչեց Դարվիշին: Դատավճիռը հրապարակվեց մի ռուսական թերթում, որտեղ ասվում էր, որ դատարանը ապագայապաշտությունը ճանաչել է բուրժուական մշակույթի ձև, իսկ «հայ ապագայապաշտ Կարա-Դարվիշի գրական աշխատանքները ո՛չ ընկալելի, ո՛չ էլ վայել աշխատավոր դասակարգին: Հետևաբար, այդ աշխատանքները դատապարտվում են մեկուսացման և մահվան»:

Մոսկվայում՝ Գրականության և արվեստի ինստիտուտում սովորելու տարիներին Եղիշե Չարենցը ճարտարապետներ Միքայել Մազմանյանի և Կարո Հալաբյանի հետ մեկտեղ 1924 թ.-ին հիմնում է հայկական առաջին ավանգարդ, ապագայապաշտական «Ստանդարտ» ամսագրի հրատարակությունը: Նա նպատակ ուներ շարունակելու «Երեքի դեկլարացիայի» գործունեությունը նոր ամսագրի միջոցով:

«Ստանդարտն» ունեցավ միայն մեկ թողարկում, սակայն բառացիորեն ծվեն-ծվեն արեց արվեստի աշխարհը: Այն մերժեց անիշխանական ապագայապաշտությունը և ծայրաստիճան անհատապաշտությունը՝ մատնացույց անելով Կարա-Դարվիշին: Տեսողական արվեստում «Ստանդարտը» ընդունում է պաստառներ, ծաղրանկարներ, նկարազարդումներ, կարճ ասած՝ միայն այն ամենը, ինչը միտված էր զանգվածային սպառմանը, օգտապաշտական էր համատեքստով և կարող էր վերարտադրվել մեքենայական եղանակով: Ինչ վերաբերում է ճարտարապետությանը, «Ստանդարտը» դեմ էր որևէ ոճի վերակառուցման ցանկացած դրսևորմանը: Հոգեբանության փոխարեն թերթն առաջարկում էր ֆիզիկական վարժություններ կատարել և ֆիլմ դիտել:

Առաջին համարի հրապարակումից հետո Ալեքսանդր Մյասնիկյանը Չարենցին և նրա ընկերներին խորհուրդ տվեց այրել թերթի բոլոր պատճենները: Բարեբախտաբար, երեք նմուշ պահպանվել է. մեկը՝ Մազմանյան ընտանեկան արխիվում, մեկը՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, և երրորդը՝ Հայաստանի ազգային գրադարանում:

1924 թ.-ին «Ստանդարտի» հրապարակումից հետո Չարենցը յոթամսյա ճանապարհորդություն ձեռնարկեց դեպի Եվրոպա: Համաշխարհային գրականության կենտրոններում ճանապարհորդելով՝ նա վերադարձավ գրականության դասական գաղափարներին, չնայած 1930-ականներին, գրաքննադատ Դավիթ Գասպարյանի պնդմամբ, ապագայապաշտական գաղափարախոսության ազդեցությունը դեռ մնում էր նրա ուշ աշխատանքներում:

Ծանոթագրություն

  1. Հայերեն սկզբնաղբյուր չունենալու պատճառով սույն հատվածը թարգմանված է անգլերեն տարբերակից, ուստի չենք հավակնում բնօրինակի հետ լիակատար համարժանությանը:
  2. Քանի որ հայերեն սույն գրքի բնօրինակը գտնել չհաջողվեց, իբրև հենք ընդունել ենք «Հրապարակ» թերթի սույն հրապարակման մեջ տեղ գտած մեջբերումները:
  3. Տես՝ «Հրապարակ» թերթում, որին և հղում ենք արել:

Բնօրինակի հեղինակ՝ Arpine Haroyan, EVN Report


Թարգմանիչ՝ Սաթենիկ Իսկանդարյան (Satenik Iskandaryan), խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: