Կրելով անցյալից եկող հաղորդագրություններ` սերունդների պատմական հուշարձանները ներկայում ապրող մարդկանց համար դարերի պատմություն ունեցող ավանդույթների կենդանի վկաներն են: Մարդկությունը հետզհետե առավել շատ է գիտակցում մարդկային արժեքների կարևորությունը և համարում հին հուշարձանները որպես մարդկության համընդհանուր ժառանգություն:
Վենետիկի Խարտիա, 1964 թ.
Կարգավիճակը՝ մայրաքաղաք
Տարածքը՝ 223 քառ. կմ
Բնակչության թվաքանակը՝ 1 071.5 հազ. մարդ
Հնազանդված, աբսուրդ, խոսուն, փոշի, գնացող1
Երբ 1923 թվականին ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը վերադարձավ Հայաստան, «քաղաքում» իշխում էր պարսկա-թյուրքա-ցարական ոճը: Նա փորձեց կառուցել արևի քաղաք, կատարյալ քաղաք, որտեղ իր հեղինակած գլխավոր կառույցները կնայեին դեպի Արարատ:
Քաղաքի համար շատ կարևոր է լինել պատմական հիշողության պահպանող: Դա այսօր պատմական տարածք ունեցող խոշորագույն քաղաքների գերխնդիրն է:
Սույն վերլուծությամբ կանդրադառնանք Երևանի խորհրդանիշ համարվող` ինչպես ոչնչացված, այնպես էլ «վերանորոգված» կամ վերափոխված մի քանի շինությունների, ինչպես նաև ընթերցողի ուշադրությանը կներկայացնենք Երևանի Կենտրոնի գլխավոր հատվածներից երկուսի` Մաշտոցի պողոտայի ու Սայաթ-Նովայի փողոցի սոցիալ-ճարտարապետական ու քաղաքային միջավայրի կառուցակցման առանձնահատկություններն ու նշանակությունը:
Ճարտարապետությունն՝ իբրև հաղորդակցման բարդ միջոց
Ճարտարապետությունը հասարակական փոփոխությունների նրբագույն սեյսմոգրաֆ է, որի շնորհիվ այդ փոփոխություններն ավելի ակներև են դառնում, ներկայացվում ու վերարտադրվում: Որպես հասարակական գործընթացների արտացոլանք՝ այն ազդում է մարդկանց վրա մինչվերբալ մակարդակում՝ ստեղծելով մի միջավայր, որը մարդու մոտ ձևավորում է պատկերացում սեփական «ես»-ի, հասարակության և աշխարհի վերաբերյալ: Փաստորեն, ճարտարապետությունը հաղորդակցման «բարդ» միջոց է, որն իր նշանակությունը ստանում է իր իսկ նյութականության միջոցով: Եվ այս առումով շատ կարևոր է, որպեսզի ճարտարապետը հասկանա, թե զարգացման ինչպիսի կոնտեքստում է կառուցվում շինությունը, հասկանա իր հնարավորություններն ու սահմանափակումները, որը և պետք է իր գործունեության մեկնարկային կետը դառնա:
Ճարտարապետության մեջ արտակարգ կարևոր խնդիրներից է հնի և նորի երկխոսայնացումը: Կառուցված նոր շինությունը պետք է «խոսի» պատմականի հետ և «գործի» առկա միջավայրում: Այստեղ ևս շատ կարևոր է ճարտարապետի ընկալման մեկնակետը, նրա կողմից տարածության, կառուցվածքի, մատերիալների ընկալման ու հասկացման առանձնահատկությունները:
Հնի և նորի համադրման վերաբերյալ հետաքրքիր ուսումնասիրություն կատարվեց 2012 թվականին՝ «Հյուսիսային պողոտայի մենտալ կերպարը Երևան քաղաքի ամբողջական կերպարի համատեքստում» թեմատիկայով: Կարծում ենք՝ վերջին տարիների իրողությունները պայմաններ ստեղծեցին մայրաքաղաքի ինդիվիդուալիզմի կորստի համար:
Երևանի սոցիալ-ճարտարապետական միջավայրը. Սայաթ-Նովայի փողոց, Մաշտոցի պողոտա (Փակ շուկա)
Մայրաքաղաքի սոցիալ-ճարտարապետական միջավայրի ձևավորման համար առանցքային նշանակություն ունեցան հատկապես Սայաթ-Նովայի փողոցն ու Մաշտոցի պողոտան:
Սայաթ-Նովայի փողոցը կառուցվել է 1963 թվականին՝ պոետի 250-ամյակի առթիվ: Սա ամբողջովին նորություն էր թե՛ ներակառույց շենքերի ճարտարապետական, և թե՛ լանդշաֆտային լուծումներով, որը լիովին նոր շունչ հաղորդեց քաղաքին ու քաղաքի բնակիչներին: Երևանում առաջին անգամ փողոցը պատվել է բետոնե սալիկներով, ամեն հարյուր մետրի վրա փոքր պղնձե դեկորատիվ շատրվաններ ու լողավազաններ են տեղակայված եղել: Փողոցի սկզբնամասում գտնվում էր Սայաթ-Նովայի ստիլաժային ոճով մոզաիկ դիմանկարով սրճարանը, որն իր դիզայներական լուծմամբ միանշանակ նորություն էր քաղաքի համար: Փողոցի երկայնքով ձգվում էր սիզամարգը` ալ կարմիր ու սպիտակ վարդերով, պտղատու ծառերով: Փողոցը լուսավորված էր, կային բազմաթիվ նստարաններ, հատկապես կանգառներում:
Բայց քաղաքի համար «ամենա» նորությունը երկու ութհարկանի բետոնե շենքերի կառուցումն էր, որոնց արտաքին պատերը զարդարված էին պղնձե օղակներով: Փողոցն ավարտվում էր հրապարակով, որի կենտրոնում կար Սևանա լճի նմանությամբ, մոդեռն ոճով կառուցված մեծ դեկորատիվ լողավազան, որտեղ լողում էին սև ու սպիտակ կարապներ. այն ստացավ Կարապի լիճ անունը: Նորություն էր նաև լճակի մեջտեղում գտնվող կղզյակը, որը փոքր կամրջով կապվում էր ափին: Փողոցը միանգամից մեծ ուրախությամբ ընդունվեց երևանաբնակների կողմից, իսկ սրճարաններում հնչող ջազ երաժշտությունը յուրահատուկ տրամադրություն էր հաղորդում: Այս փողոցը շատ կարևոր դեր ունեցավ Երևանի ու երևանցու կերպարի ձևավորման համար: Հետագայում քաղաքում շատացան նմանատիպ արհեստական լճակներն ու փոքր կամրջակները, որոնք այս կամ այն կերպ կրկօրինակում էին Սայաթ-Նովայի լանդշաֆտի ու տարածության, միջավայրի օգտագործման լուծումները:
Ինչ վերաբերում է Մաշտոցի պողոտային, ապա այստեղ, նախևառաջ, քանդեցին 1930-1940-ական թվականների հին կավակերտ տներն ու փոխարենը կառուցեցին հինգհարկանի շենքեր, արդյունքում տարածքի երթևեկության քաոսային վիճակը վերածվեց հստակ երթևեկելի ուղղության:
Սկզբում այս փողոցը կոչվում էր Армянская, հետագայում վերանվանվեց Սունդուկյան, իսկ ավելի ուշ, Թամանյանի շնորհիվ, այն դարձավ պողոտա, որը կրում էր Ստալինի, ապա` ձնհալի տարիներին` Լենինի անունը, իսկ արդեն 1990-ականներին պողոտան վերանվանվեց Մաշտոց: Նշանաբանության լեզվով ասած` տեղի ունեցավ կոմունիստական մետատեքստի դեստրուկցիա, փոխարենը ձևավորվեց նոր մետատեքստ, որի շրջանակում արդեն օտար դարձած կոմունիստականը տեղը զիջեց ազգայինին, հարազատին: Անվանափոխությունից բացի՝ կոդի փոփոխությունը նշանավորվեց դեռևս 1959 թվին, երբ բլրի լանջին բացված Մատենադարանը կնքվեց Մեսրոպ Մաշտոցի անվամբ: Դրանից հետո՝ 1962 թվին, հանվեց Ստալինի, իսկ 1967-ին տեղադրվեց Մայր Հայաստանի արձանը:
1950-1960-ական թվականների «Թամանյանական դպրոց» հասկացության ամբողջ շրջանը դժվար է պատկերացնել առանց Փակ շուկայի: Սա պողոտայի կարևորագույն ատրիբուտն էր, որի օրինակով կառուցվել են «Երրորդ մասի», «Կոմիտասի» փակ շուկաները: Փակ շուկան պատկանում է հետպատերազմյան շրջանի կառույցների թվին, երբ շենքերը կառուցվում էին հաղթանակած ժողովրդի ոճով, հարուստ դեկորացիաներով: Այն գրավում էր 5 հազ. քառ. մետր տարածք ու երեսպատված էր վարդագույն տուֆով: Շուկայի ներսում փոքրիկ շատրվանով ջրավազան կար, որը ոչ միայն դեկորատիվ դեր ուներ, այլև այն կարգավորում էր տարածքի միկրոկլիման` չեզոքացնելով տարբեր ծանր, տհաճ հոտերը, ինչպես նաև մարդիկ կարող էին պարզապես խմել այդ ջրից, իսկ կամարակապ բոլոր միջանցքներն ու սրահները ներսից զարդարված էին հայկական գեղանկարչության նուրբ նախշաքանդակներով: Այն իր տեսքով առաջին փակ շուկան էր, մինչ այդ ժողովուրդը սովոր էր, որ շուկան պետք է բացօթյա լինի՝ հրապարակ-շուկա:
Շուկայի ճարտարապետական լուծման մեջ Գրիգոր Աղաբաբյանը կիրառել է առանց սյուների մեծաթռիչք ծածկ, ինչն այդ ժամանակ քիչ էր կիրառվում: Սովետահայ ճարտարապետները «սնվում» էին միջնադարյան ճարտարապետության լավագույն ճարտարապետներից, և նոր կառույցներ ստեղծելիս հիմքում դնում էին միջնադարի ճարտարապետության լավագույն օրինակները: Ճարտարապետը պարզապես գեղեցիկ շենք չէր կառուցել, նա ստեղծել էր մթնոլորտ՝ գեղագիտական, տարածական, հոգեբանական: Կապեր էին ստեղծվում, քաղաքային մի հյուսվածք էր ստեղծվում, որում Փակ շուկայի դերը շատ մեծ էր: 1950-ականների վերջերից մինչև 1980-ական թթ. ձևավորվել էր մի հասարակություն, որի ներկայացուցիչները հանդիպում էին ծանոթ վայրերում, և Փակ շուկան այդ վայրերից մեկն էր: Հենց սա է ճարտարապետության ազդեցություն ասվածը:
Որոշակի ավանդույթների վրա հիմնված հանրային հիշողության միջոցով է, որ կառույցը դառնում է իկոնիկ, կազմում տվյալ մշակույթի բաղադրիչը և այդպիսով դառնում ներկայացուցչական նաև աշխարհի համար: Փակ շուկան ավանդույթ էր, միջավայր: Եվ այդ ավանդույթը անմիջականորեն կապված էր տեղի՝ կառույցի հետ: Դրանք մեկը մյուսի շարունակությունն էին հանդիսանում: Վերը մեջբերված Վենետիկի խարտիայի մեկ այլ կետի համաձայն` հուշարձան-կառույցի պահպանությունը առավել նպատակահարմար է դառնում, երբ այն կիրառելի է որոշակի հանրային գործառույթների իրականացման տեսանկյունից, սակայն այդ կիրառման արդյունքում չպետք է փոխվեն կառույցի դեկորատիվ լուծումներն ու կառուցվածքը: Այս պարագայում կարևոր է ֆիքսել, թե կառույցի կարևորությունն ինչումն է կայանում, ինչ պարամետրերի միջոցով է այդ կարևորությունն արտահայտվում և ինչպես կարելի է ադապտացումն իրականացնել՝ առանց այդ պարամետրերը խաթարելու: Որպես ճարտարապետական հուշարձան՝ կառույցի ճարտարապետական ինքնությունը, ամբողջականությունը, աուտենտիկությունը կայանում է դրա կոնստրուկտիվ համակարգի, ներքին տարածության, դեկորատիվ լուծումների, կառույցի ճակատային լուծման ու սիլուետի մեջ:
Թվում է, թե խնդրի էությունը շատ պարզ է և միանշանակ. կար հուշարձանի կարգավիճակ ունեցող, բոլորի կողմից սիրված մի կառույց, հաստատություն, որը, ի հեճուկս բոլոր օրենքների ձևափոխվեց՝ կորցնելով իր ճանաչելի և սիրելի կերպարն ու ֆունկցիան, այն է՝ աուտենտիկությունը: Առանց այն էլ՝ արդեն վաղուց «շուկա անելու» ավանդույթը փոխարինվել է սուպերմարկետից առևտուր անելու կամ անկյունի փոքրիկ կրպակից «ձեռի հետ» միրգ-բանջարեղեն առնելու կենցաղային հոգսով: Փակ շուկան էլ, որպես հասարակության և հասարակարգի անմիջական պատկեր, դարձել էր «աշխատավոր էլիտայի» այցելության վայր, լավագույն դեպքում՝ տուրիստների համար ազգային ֆոլկլորի վիտրինա:
Երիտասարդական պալատը՝ մոդեռնիզմի լավագույն օրինակ
Անզեն աչքով էլ էր երևում, որ կենդանության օրոք Երիտասարդական պալատը (Կուկուռուզնիկ) ուներ բացառիկ ինժեներական լուծումներ: Ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո նման յուրահատուկ կառույց մենք չենք ունեցել ու չունենք:
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ իշխանությունները որոշեցին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում Երիտասարդական պալատներ կառուցել: 1980-ականների կեսերին համալիրն արդեն ամբողջությամբ պատրաստ էր: Ճարտարապետներն էին Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանը և Սպարտակ Խաչիկյանը, ովքեր Երիտասարդական պալատի նախագծի համար ստացան Կոմերիտմիության համամիութենական մրցանակ: Երիտասարդական պալատը ստեղծվեց այն ժամանակ, երբ արգելված էր ցանկացած մուտք դեպի ճարտարապետության արևմտյան աշխարհ: Սա կարծես մի հնարավորություն լիներ ժողովրդավարական աշխարհ ներխուժելու համար:
1980-ականներին Երիտասարդական պալատը մեծ դեր ունեցավ հայկական ռոք-շարժման մեջ: Հաճախ տեղի էին ունենում նաև հանրապետական ռոք-փառատոններ, Երևան էին ժամանում խմբեր Լենինականից, Սիսիանից, Կիրովականից: Երիտասարդական պալատի ռոք-ակումբի գործունեության գագաթնակետը դարձավ 1987թ-ին կազմակերպված եռօրյա ռոք-փառատոնը, որը տեղի ունեցավ ապամոնտաժված հեծանվային հրապարակի տարածքում: Այդ տարիներին Հայաստանում կար մոտ 50-60 ռոք-խումբ, և Երևանը ռոքի համամիութենական կենտրոնի համբավ ուներ:
«Հայնախագիծ» ինստիտուտը 2003 թվականին իրականացրեց Երիտասարդական պալատի վիճակի ուսումնասիրությունը: Խնդիրը հետևյալն էր՝ պարզել, թե ինչ է հնարավոր անել շենքը գործող սեյսմիկ նորմերին համապատասխանեցնելու համար: Կատարված հաշվարկների արդյունքում մասնագետները եկան այն եզրակացության, որ շենքի սեյսմակայունությունն ուժեղացնելու նպատակով որոշ հատվածներ պետք է ամրացնել: Սակայն այդ ուսումնասիրություններից հետո սեփականատիրոջ մոտ այլ ցանկություններ առաջ եկան: Երիտասարդական պալատի հյուրանոցի սենյակների առաստաղը 2.5 մետր էր: Սեփականատերը ցանկանում էր, որ առաստաղը լինի ավելի բարձր` բարձրակարգ հյուրանոցների նորմերին համապատասխան: Ճարտարապետների կողմից առաջարկվեց հյուրանոցի համարները տեղակայել շենքի ստորին հատվածում կամ որոշ սենյակներ միացնել իրար՝ ուղղահայաց և հորիզոնական տարբերակներով: Իսկ հետո կազմվեց մի փաստաթուղթ, որի համաձայն Երիտասարդական պալատը իբր թե վատթար վիճակում էր գտնվում, վերականգնման ենթակա չէր և անպայման պետք է քանդվեր: Արդեն տասը տարի է շուրջ 4 հա բլրի տարածքը վերածվել է մեծ շինհրապարակի: 2010 թվականին այդ տարածքում նոր շենք կառուցելու մրցույթ հայտարարվեց2: Հաղթող ճանաչված նախագիծը քննարկվեց Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում և, որոշ դիտողություններով հանդերձ, հավանություն ստացավ: Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ նախագիծը չիրագործվեց:
«Ռոսիա» կինոթատրոն` երևանյան ֆիլմերի պրեմիերաների կենտրոն
Հրաչ Պողոսյանի, Արթուր Թարխանյանի ու Սպարտակ Խաչիկյանի՝ պարզ, հստակ ու համարձական ճարտարապետական մտքին է պատկանում նաև «Ռոսիա» կինոթատրոնը, որը համարվում է (էր) Երևանի ամենամոդեռնիստական կառույցներից մեկը, և որի նախագծի համար հեղինակները 1979 թվականին արժանացան ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակին: Ցավոք, այսօր այն հայտնվել է այնպիսի միջավայրում, որը թույլ չի տալիս շենքն ընկալել այնպես, ինչպես որ այն նախատեսել էին հեղինակները: Ու չնայած նրան, որ ի տարբերություն այս հեղինակների կողմից նախագծված Երիտասարդական պալատի՝ «Ռոսիա» կինոթատրոնի շենքը կանգուն է, իրականում այն գտնվում է անկենդան վիճակում: Հետաքրքրական է, որ նախկինում «Ռոսիա» կինոթատրոնի տարածքում էր գտնվում Երևանի ամենահին շուկաներից մեկը` բավականին կեղտոտ տարածքով, սակայն ինքնատիպ կոլորիտով: «Ռոսիա» կինոթատրոնը կոմունիստական Հայաստանում կառուցվեց հայտնի «սև շուկայի» տեղում, իսկ անկախ Հայաստանում այդ հսկայական կառույցը կրկին վերածվեց շուկայի:
Շուկայի փոխարեն կինոթատրոնի կառուցման որոշման մասին ճարտարապետները տեղեկացել են մամուլից ու, տարված լինելով համաշխարհային ճարտարապետության նորամուծություններով, որոշել են իրենց նախագիծն առաջարկել (1970-71 թվականներ): Այնտեղ ռումբի պայթյունի նման մի բան տեղի ունեցավ. այդ տարիներին բոլորը դասական թամանյանական ոճով էին աշխատում: Կինոթատրոնի բացումը կայացավ 1974 թվականի դեկտեմբերին: Եվ չնայած կինոթատրոնի շուրջ ընթացող բուռն խոսակցություններին` հաջորդ օրվանից կինոթատրոնում սկսեցին ֆիլմեր ցուցադրել: Ականատեսների խոսքերով՝ խոսակցությունների հիմնական թեման այն էր, որ Մոսկվան չէր տալիս Երևանում նման մեծ կինոթատրոն կառուցելու թույլտվություն, և Հայաստանի ղեկավարներին հաջողվեց ստանալ այն՝ ապագա կինոթատրոնը «Ռոսիա» անվանելու գնով: Իհարկե, դժվար է ասել, թե որքանո՞վ է այս պատմությունը համապատասխանում իրականությանը: Գուցե նման խոսակցությունները գալիս էին մարդկանց՝ «Ռոսիա» անունից դժգոհ լինելուց, քանի որ Երևանում արդեն կար կինոթատրոն, որը կրում էր «Մոսկվա» անվանումը: Այնուամենայնիվ, մարդիկ շատ սիրեցին այդ կինոթատրոնը: Նախևառաջ, գրավիչ էին ճարտարապետական լուծումները` հատկապես կախովի ծածկը, որը եզակի էր:
«Ռոսիան» այդ ժամանակահատվածի լավագույն շենքերից էր: Կինոթատրոնն ունի երկու մեծ դահլիճ` 1600 և 1000 նստատեղով: Երկհարկանի մասում, որտեղ այժմ առևտրային սրահներ են, կար ևս մեկ սրահ` 280 նստատեղով, մյուս մասերում գտնվում էին ցուցասրահներ, պարասրահներ, սրճարաններ: «Ռոսիան» լիարժեք մշակութային կենտրոն էր: Այդ տարիներին ավանդույթ էր նոր ֆիլմերի պրեմիերաները կազմակերպել «Ռոսիայում»: Դահլիճները լեփ-լեցուն էին լինում, տոմս գնել հնարավոր չէր: 1980-ականներին «Ռոսիա» կինոթատրոնում ցուցադրվեց «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմը, որտեղ առաջին անգամ Արարատը ցուցադրված էր հանդիսականների համար անսովոր` Թուրքիայի կողմից: Հայտնի է, որ ժամանակին կինո կամ թատրոն հաճախելը հատուկ մշակույթ էր, իսկ «Ռոսիան» միայն կինո դիտելու վայր չէր, այլև ժամանցի իսկական կենտրոն: Մարդիկ սովորաբար մեկ-երկու ժամ շուտ էին գնում, որպեսզի մինչ կինոյի սկսվելը ներսում հաճելի ժամանակ անցկացնեին: Կինո գնալը 3-4 ժամանոց արարողություն էր դառնում՝ գնալ թեյարան, մի քիչ զրուցել, ճեմել նախասրահում, սուրճ ըմպել բարում, ծանոթանալ կինոյի նորություններին ու վերջապես` ֆիլմ դիտել:
«Ռոսիա» կինոթատրոնը ՀՀ կառավարության որոշմամբ սեփականաշնորհվեց 2004 թվականին: Սեփականատերը դարձավ «Սիլ կոնցեռն»-ին պատկանող «Նարեկ» ընկերությունը, որը կառույցի համար վճարեց 500 հազար դոլար: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք: Այդ տարիներին կինոթատրոնի ներքին հարդարանքը զարդարող քանդակների ու նկարների հեղինակների գործերից կամ ոչ մեկը չի պահպանվել, կամ էլ` կիսով չափ պահպանված գտնվում է անհայտ մի վայրում:
Ամփոփում
Իհարկե, Երևանի խորհրդանիշ հանդիսացող կառույցների ու ավանդույթների մասին դեռ շատ երկար կարելի է խոսել, սակայն ամփոփելով՝ կցանկանայի նշել, որ ինչպես հայտնի է, քաղաքները անհատականության, ազատության և զանազանության կենտրոններ են, և որ քաղաքի կառուցման մեջ պետք է լինել ճկուն, հաշվի առնել ապագայում հնարավոր փոփոխությունները: Բոլոր դարերում հայ ճարտարապետների հանճարը կայացել է նրանում, որ նրանք կառուցել են շինություններ (ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր), որոնք անկարելի էր մոռանալ, բայց և անհնար ճշգրտորեն հիշել:
Բացի շենքերից՝ շատ կարևոր է նաև հենց քաղաքի բնակիչների կամ զբոսաշրջիկների համար նախատեսված հանրային վայրերի՝ կանաչ տարածքների, զբոսայգիների առկայությունը: Համաձայն Նյու-Յորքի քաղաքային պլանավորման բաժնի ղեկավար Ամանդա Բուդենի՝ անձնային ընկալումը շատ ավելի կարևոր է դիզայներական հմտություններից: Զբոսայգին պետք է այնպես կառուցել, որպեսզի ինքդ ցանկանաս այնտեղ գնալ: Զբոսայգին այն վայրն է, որը կարող է փոխել բնակչի կենսակերպը, նրա վերաբերմունքը քաղաքի նկատմամբ:
Կարծում եմ՝ այս ամենից հետո ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ քաղաքային իշխանությունների առջև պետք է ծառանա երկու կարևոր հարց. մեկը ռազմավարական նշանակության՝ պլանավորման, զարգացման, ժառանգության պահպանման ինչպիսի մոտեցումներն են առավել հարմար ու բնորոշ այս քաղաքի ոգու պահպանման համար: Եվ մյուս հարցը ի՞նչ անել, որպեսզի դադարեցվի հին շենքերի ավերումը, ինչպե՞ս փրկել ու վերաշինել հին Երևանի մնացորդները, ապահովել նոր ծրագրերի նպատակահարմարությունը:
1Հինգ բառ Երևանի ճարտարապետության մասին
2Նախագծեր էին ներկայացրել ավելի քան 1 000 ճարտարապետներ` 60 երկրներից: 274 աշխատանքներից ի վերջո հաղթող ճանաչվեց ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արային` “Arai Architects” ընկերությունից։ Նրա ներկայացրած նախագիծն իր մեջ ներառում է «ԻնտերԿոնտինենտալ–Հայաստան» հյուրանոցային համալիրը, միջազգային գործարար կենտրոնը, բնակարանային համալիրը։ Նախագծով նախատեսված շենքերի պատուհանների 95 տոկոսը նայում են Արարատին։ Բացի դրանից, Արարատի երկու գագաթների սիմվոլիկան ճարտարապետը նույնպես օգտագործել է իր նախագծում։ Գագաթներից մեկը՝ բարձրահարկ հյուրանոցն է, իսկ երկրորդը՝ բնակարանային համալիրը։ Նախագծի համաձայն՝ համալիրն ամբողջությամբ բացվում է այցելուների համար՝ Տերյան փողոցից։ Երեք հիմնական շենքերը միանում են հրապարակով։ Նույն տեղանքում նախատեսվում է նաև երկու հազար ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղի։
Օգտագործած գրականության ցանկ
- Time. – Vol. 59. – May 12, 1952. – P. 47.
- http://les-urbanistes.blogspot.am/search/label/архитектура/
- http://les-urbanistes.blogspot.am/2009/05/blog-post.html
- http://urbanurban.ru/blog/experience/774/Ellen-Danem-Dzhons-Edinstvennyy-gorod-kotoryy-unichtozhil-probki-stroya-magistrali”eto-Detroyt/
- http://urbanurban.ru/blog/reflection/728/Salvatore-Settis-Kultura”eto-raznoobrazie-i-mnogoobrazie-somneniya-inakomyslie/
- http://urbanurban.ru/blog/experience/701/Glavnyy-arkhitektor-Barselony”o-prichinakh-populyarnosti-goroda-oshibkakh-Baukhausa-i-zle-globalizatsii/
- http://urbanurban.ru/blog/experience/1063/Chto-obschego-u-goroda-i-interneta”tezisa-iz-lektsii-Stivena-Dzhonsona/
- http://archi.ru/world/37058/severnyi-prospekt-vedet-v-kond-etyudy-o-duhe-mesta-chast-i
- http://nashasreda.ru/kond-sayat-nova/
- http://www.mediamax.am/am/news/yerevan-XX-century/6188/
- http://www.mediamax.am/am/specialprojects/yerevan-XX-century/
- http://www.novayagazeta.ru/arts/55886.html
- http://svlourie.narod.ru/civilization/history.htm
- http://armstat.am/file/article/marz_2015_24.pdf
Հեղինակ՝ Հռիփսիմե Դայան (Hripsime Dayan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: