Ոսկեղենիկ #20

Ոսկեղենիկ նախաձեռնության 2022 թ. ապրիլի հրապարակումները

Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Թարգմանիչների ու խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:

Ոսկե հորթ

Մի բացահայտ գաղտնիք կա. կենսագոյդ չարժեզրկելու համար պիտի չծառայես ոսկե հորթին, սիրելի´ բարեկամ:

Հին Կտակարանում պատմվում է այն մասին, որ հրեաները եգիպտական գերությունից հայրենիք վերադառնալիս երկար թափառում էին անապատում և ամբողջությամբ կորցրել էին հավատը, որ շուտով վերջ կտրվի իրենց դեգերումներին:

Այդ ժամանակ հոգևորական Ահարոնը պատվիրեց հավաքել հրեաների մոտ եղած բոլոր ոսկե զարդարանքները, և ձուլելով պատրաստել հորթի տեսքով մի արձան: Հրեաները սկսեցին երկրպագել ոսկե հորթին և զոհեր մատուցել` շուտ տուն վերադառնալու աղերսանքով:

 ️«Եվ նրանք ասացին. «Սա է քո աստվածը, Իսրայե´լ, որ քեզ Եգիպտոսի երկրից հանեց»: Սակայն Մովսես մարգարեն կանխեց այդ կռապաշտությունը:

«Ոսկե հորթ» արտահայտությունը, սերելով Աստվածաշնչից, այլաբանորեն նշանակում է հարստություն, ոսկի, փող:

Աղբյուրը`

Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ

Ամենալավագույն թե՞ լավագույն

Հայերենում տարածված սխալներից է ածականի համեմատության աստիճանը կրկնակի ձևով կազմելը, օրինակ՝

Նա ոլորտի ամենալավագույն մասնագետն է,

Տեղի ունեցավ ամենախոշորագույն մրցաշարը և այլն։

Ամենա-ն և -ագույնը երկուսն էլ առանձին-առանձին արտահայտում են գերադրական աստիճանի իմաստը, և հետևաբար դրանց միաժամանակ կիրառության կարիք չկա, ուստի պետք է ասել՝ լավագույն կամ ամենալավ, ամենախոշոր կամ խոշորագույն և այլն։

Աղբյուրը՝

 Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն

Ձայն բարբառոյ յանապատի

Գոտեպնդվելու և համախմբվելու օրհասական այդ հորդորն ավաղ հնչեց որպես ձայն բարբառո հանապատի ու գրվեց սառույցին:

Ըստ Աստվածաշնչի` Եղիա մարգարեն հրեաների համար ճանապարհ պիտի հարթեր առ Աստված, և նրա կանչին ընդառաջ` լեռները պիտի իջնեին, ու հարթ ճամփա պիտի բացվեր: Բայց նրա ձայնը անպատասխան է մնում անապատում:

«Ձայն բարբառոյ յանապատի» արտահայտությունը, վերածվելով թևավոր խոսքի, նշանակում է անարձագանք, անպատասխան կոչ, հորդոր, անհետևանք նախազգուշացում,  իզուր թափած ջանք, անուշադրության մատնված խոսք:

Աղբյուրը`

Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ

Մակաբույծ բառեր. հա՞

Բանավոր խոսքում երբեմն գործածվում են ավելորդ «հա՞»-եր։

Օրինակ՝

Հայերենը մեր մայրենի լեզուն է, հա՞, և մեր պարտքն է, հա՞, պահպանել այն։

Հասկանալի է, որ այս «հա՞»-երը պատասխան չեն ենթադրում և տվյալ դեպքում «մակաբույծ» են։ Մակաբույծ անվանում են այն բառերը, որոնք նախադասության մեջ որևէ իմաստ չունեն և միանգամայն ավելորդ են։

Խոսքը մակաբույծ բառերից զերծ պահելը խիստ ցանկալի է։ Պետք է խուսափել ավելորդ «հա՞»-եր ասելուց, այլապես ինչ-որ մեկը կարող է ասվածը հերքել ու պատասխանել՝ «չէ՛»։

Աղբյուրը՝

hy.wikipedia.org. «Մակաբույծ բառեր» բառահոդվածը (https://bit.ly/3JYGVrR)