Յուրի Ապրեսյան․ «Չգիտեմ թե ինչու, բայց բախտս միշտ բերել է լավ մարդկանց հարցում»

«Գիտական խորհուրդ» /«Ученый совет»/ շարքի նոր հրատարակության մեջ լեզվաբան Յուրի Դերենիկի Ապրեսյանը հիշում է Տաշքենդում անցկացրած մանկության և Մոսկվա վերադարձի, իրական ընկերների, կոմունիզմի հանդեպ պատանեկական հավատի, մտքի պայծառացման, ինչպես նաև այն մասին, թե ինչպես իր առջև բացվեց լեզվաբանության հիանալի ու անկրկնելի աշխարհը։   

Յուրի Դերենիկի Ապրեսյան (ծ.թ. 1930)

Լեզվաբան, Մոսկվայի իմաստաբանական դպրոցի ղեկավար, ռուսերենի և անգլերենի բառարանագիր, ЭТАП մեքենայական թարգմանչական համակարգի մշակողներից մեկը: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Վարշավայի համալսարանի պատվավոր դոկտոր (honoris causa), Սոֆիայի համալսարանի պատվավոր դոկտոր (honoris caus)՝ պատվավոր կապույտ ժապավենի շնորհմամբ, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ, Դալի անվան ոսկե շքանշանի մրցանակակիր, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան հիմնադրամի 1993թ. կրթաթոշակառու, սլավոնական լեզուների քերականական կառուցվածքի ուսումնասիրման հանձնաժողովի և սլավոնագետների միջազգային կոմիտեին կից ասպեկտոլոգիայի հարցերով հանձնաժողովի անդամ:

Գիտական հետաքրքրությունները՝ բառային իմաստ, բառարանագրություն, շարահյուսություն, մեքենայական թարգմանություն։

Ծովի ու սևազգեստ մարդու մասին 

Մանկահասակ Յուրա Ապրեսյանը լուսանկարչական արհեստանոցում, Մոսկվա, 1935թ. © Յուրի Ապրեսյանի անձնական արխիվից

Մանկությունս սկզբում շատ երջանիկ էր: Ես, ցավոք սրտի, ինձ հիշում եմ միայն չորս տարեկանից սկսած, ընդ որում շատ քիչ դրվագներ են ընդմիշտ մխրճվել հիշողությանս մեջ: Ամռանը մենք հանգստանում էինք Ղրիմում: Հիշում եմ, երբ մի անգամ մտա ծովը, այնտեղ` ծովափնյա գծից ոչ հեռու, կար մեծ, կլոր մի քար՝ լավ հարթ ու շատ ողորկ: Կանգնեցի դրա վրա, ընկա ծովը մյուս՝ խորը հատվածի կողմից և սկսեցի խեղդվել: Լողալ դեռ չէի կարողանում, բայց կողքիս կանգնած էր հայրս, նա ինձ դուրս քաշեց: Հիշում եմ նաև խաղողի ողկույզները, որոնց կարելի էր հասնել մեր սենյակի պատուհանից, ձիաքարշին, որը հանգստացողներին քաղաքի կենտրոնական հրապարակից տանում էր ծովափ ու հետ բերում, և մի մարդու՝ հրապարակում, ով միշտ ոտքից գլուխ սևազգեստ էր: Փորձում էի նրանից հեռու մնալ՝ այդ կերպարի մեջ ինչ-որ չարագուշակ բան կար:     

Ծնողների մասին 

Մորս անունն էր Սոֆյա Գրիգորիի Բրաուդե: Նա Կուրսկի մերձակայքից է, ծնվել է 1900 թվականին  «նստակեցության սահմանագծում» [1] : Նրա կրթություն ստանալու հավանականությունը գրեթե չկար, սակայն նա շատ էր ցանկանում սովորել և նրան՝ իր ընտանիքի ութ քույրերից ու եղբայրներից միակին, հաջողվեց ընդունվել գիմնազիա՝ ընդգրկվելով ցարական Ռուսաստանում այն ժամանակ գոյություն ունեցող հրեաներին տրված տոկոսային նորմի մեջ: 1918թ. ավարտել է գիմնազիան ոսկե մեդալով և նույն թվականին էլ համալրել է կոմունիստական կուսակցության շարքերը:  

Հայրս ծնվել է 1899 թվականին Իջևանում։ Նա քահանա և ուսուցիչ Զաքար Ապրեսյանի ընտանիքի վեց որդիներից ավագն էր: Հայրս ևս վաղ է սկսել հետաքրքրվել քաղաքականությամբ և 1919 թվականին մտել է կոմունիստական կուսակցության շարքերը: Ուսում ստանալու ցանկությամբ ընդունվել ու ավարտել է Թիֆլիսի Անդրկովկասյան համալսարանի բժշկական ֆակուլտետը: Այդտեղից էլ, որպես կոմունիստ, մոբիլիզացվել է ՆԳԺԿ (ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) և այդ ժամանակից էլ նրա կարիերան ծավալվել է այս գերատեսչությունում: Եվ ավարտվել է այնպես, ինչպես պետք է ավարտվեր: Երբ 30-ական թվականների երկրորդ կեսին Ստալինը սկսեց զանգվածային ճնշումները, դրանք առնչվեցին Խորհրդային Միության բոլոր հանրապետություններին: Յուրաքանչյուր հանրապետություն նա ուղարկում էր ՆԳԺԿ–ի գործակալներ, ովքեր պետք է իրականացնեին ճնշումները: Ընդ որում, շատ ազգային հանրապետություններ նա ուղարկում էր այլազգի ներկայացուցչի՝ ամենայն հավանականությամբ նպատակ ունենալով նվազեցնել նրա մարդկային հույզերը՝ դահճի աշխատանքն իրագործելիս: Ազգությամբ հայ Դերենիկ Զաքարի Ապրեսյանն ուղարկվեց Ուզբեկստան: 

Ուզբեկստանում կյանքի մասին

Յուրա Ապրեսյանն ընկերոջ հետ: Տաշքենդ, 1938 թվականի © Յուրա Ապրեսյանի անձնական արխիվից

Հայրս զբաղեցնում էր Ուզբեկստանի ներքին գործերի ժողովրդական կոմիսարի պաշտոնը: Այս պաշտոնն ուներ մի շարք առավելություններ՝ հանգիստ Ղրիմում կամ այլ հարավային առողջարաններում, շքեղ տներ ծովի մոտ, տնտեսվարներ, խոհարարներ, էլիտային վագոններով ճանապարհորդություն, իսկ 1983 թվականից՝ նույնիսկ, այսպես կոչված, սրահ-վագոններով ուղևորություններ: Այդպիսի վագոնները կցվում էին գնացքի վերջում, նախատեսված էին մեկ ընտանիքի սպասարկման համար և բաղկացած էին խոհանոցից, ճաշարանից և ննջավագոններից: Իսկ հետո՝ վերադարձ Տաշքենդ ամառային հանգստից հետո: Տաշքենդում ունեինք հինգսենյականոց տուն մեծ այգիով, մեկ հարկանի,  բայց բոլոր հարմարություններով և բացարձակապես ավելորդ ճոխությամբ: 

Ուզբեկստանում հայրս կատարում էր իր վրա դրված խնդիրները: Ընդ որում, Տաշքենդում գիտեին այդ մասին, գիտեին նաև, թե ինչ ընտանիք ունի ու որտեղ է բնակվում: Սրա հետ կապված իմ հիշողության մեջ մնացել է երկու դրվագ: 

Դրվագ առաջին՝ ես վերադառնում եմ տուն դպրոցից, ձմռանն էր: Ձմեռը Տաշքենդում տաք է, բայց այնուամենայնիվ մայրս ինձ հագցնում էր ձմեռային վերարկու: Մեր տան ճանապարհին նստարանի վրա նստած են երկու տղա: Շարունակում եմ ճանապարհս, բայց զգում եմ, որ ինչ-որ մեկը վազելով մոտենում է և ինչ-որ բան է անում մեջքիս վրա: Ինձ թվաց, թե վերևից ներքև գծեցին կավիճով: Երբ եկա տուն, խնդրեցի մորս նայել, թե ինչ կա մեջքիս վրա: Երկար, հարթ, երկայնակի կտրվածք էր՝ հավանաբար արված ածելիով: Քանի որ իմ հագին ձմեռային վերարկու էր վատինե աստառով՝ գործը սահմանափակվեց միայն վերարկուի մակերեսով:

Իսկ հետո տեղի ունեցավ դրամատիկ մի իրադարձություն: Մի անգամ գիշերը, երբ հայրս աշխատանքից ոտքով վերադառնում էր տուն, նրա նկատմամբ մահափորձ կատարվեց. հետևից հարձակվել էին ու աղյուսով հարվածել գլխին: Նա ընկել էր, կորցրել գիտակցությունը, առատ արյունահոսել: Հարևանները գտան նրան և տեղեկացրին մեզ: Մայրս շտապօգնություն կանչեց, նրան բերեցին տուն և դրեցին սեղանի վրա` տնտեսական սենյակում, որպեսզի մշակեն վերքը: Սեղանը երկու երեսով էր՝ հատակից 10 սանտիմետր բարձրության վրա երկրորդ երեսն էր: Ունեինք շուն՝ գերմանական գամփռ` Ռեքս անունով, և ես հիշում եմ, թե ինչպես ես ու Ռեքսը թաքնվել էինք սեղանի տակ, ու նվնվում էինք մինչև հայրիկին կարգի էին բերում: Դա տեղի ունեցավ 1938 թվականի վերջին:  

Հորս ձերբակալության մասին 

Հիշում եմ այն օրը, կարծես թե 1939 թվականի փետրվարի սկզբին էր, երբ հայրս վերադարձավ աշխատանքից տուն, կախեց կեռիկից գլխարկը և ասաց. «Пришел верблюд и к нашему порогу»:  Սա ռուսերեն թարգմանությունն է հայկական ասացվածքի, որը նշանակում է. «դժբախտությունը թակեց նաև մեր դուռը»: Ինչպես պարզվեց, հայրս ստացել էր հեռագիր Բերիայի ստորագրությամբ՝ կանչում էին Մոսկվա: Նա հասկացավ, թե ինչ նպատակով էին իրեն կանչում և ցանկանալով առավելագույնս ապահովել ընտանիքի անվտանգությունը՝ հրահանգներ տվեց մայրիկին, թե ինչպես պետք է իրեն պահի, ու մեկնեց:  Չգիտեմ, թե ինչպես կդասավորվեր մեր կյանքը, եթե հայրս այդ հրահանգները տված չլիներ: Չգիտեմ, թե ինչպես էր իրեն պահում մայրս, երբ նրան հարցաքննում էին իրավասու մարմինները: Չնայած նրան խստորեն հանդիմանեցին «կուսակցական զգոնության բթացման համար»՝ դա անձնական գործի մեջ գրանցելով, այնուամենայնիվ, նա պահպանեց իր ազատությունը: Ընդհանուր առմամբ, այս սարսափելի ժամանակներում ճակատագիրը բարեգութ էր մեր հանդեպ:  Ճիշտ է, շքեղ տնից մեզ տեղափոխեցին ճեղքերով լի, քար ու քանդ եղած մի տուն, որը պատրաստված էր փտած երկշերտ ֆաներայից, բայց փետրվարը Տաշքենդում բավականին տաք է, այնպես որ, դիմացանք:  

Հետո ես փորձեցի պարզել հորս հետագա ճակատագիրը, բայց միակ բանը, որ ինձ հաջողվեց 1956 թվականին ստանալ Պետական անվտանգության կոմիտեից ՝ դա տեղեկանքն էր առ այն, որ մահը վրա է հասել 1939 թվականի փետրվարի 22-ին: Մահվան պատճառի դիմաց գիծ էր դրված, մնացած ամեն ինչի դիմաց՝ գիծ: Ավելի ուշ ես իմացա նաև պաշտոնական դատավճռի բովանդակությունը՝ «տաս տարի առանց նամակագրության իրավունքի»: Այսպիսի դատավճիռը ճիզվիտական ստալինյան արդարադատության մեջ նշանակում էր անհապաղ գնդակահարում: 

Մոսկվա տեղափոխվելու մասին

Ես արդեն ասել եմ, որ մորս սկզբնական ընտանիքում կար ութ երեխա: Ամենամեծ քույրը՝ Եվգենյան (ինձ համար՝ մորաքույր Ժենյա), ապրում էր Մոսկվայում՝ Պովարսկայա փողոցի վրա (այն ժամանակ այն կոչվում էր Վորովսկոյ փողոց), № 11 տան երկհարկանի կողաշենքում: Հորս ձերբակալությունից հետո մայրս հեռագիր ուղարկեց նրան Տաշքենդից: Չգիտեմ, թե ինչպես էր նա նկարագրել մեր ընտանիքում տեղի ունեցածը, բայց, հավանաբար, այս հեռագրի մեջ եղել էր հարցադրում՝ չի՞ կարող արդյոք մորաքույր Ժենյան ապաստան տրամադրել մեզ: Նա այդ ժամանակ հանրակացարանում զբաղեցնում էր երկու սենյակ, որում, բացի իր ընտանիքից բնակվում էին ևս երեքը: Եվ մորաքույր Ժենյան սխրանք գործեց՝ նա ընդունեց մեզ: Նրա ընտանիքում կար երեք անձ՝ ինքը, ամուսինը և որդին, բայց նա ընդունեց նաև մորս, ինձ ու քրոջս. ինձ ու քրոջս տեղավորեց իր սենյակներից մեկում: 

Մայրս միակն էր իր սկզբնական ընտանիքում, ով ուներ բարձրագույն կրթություն՝ նա ավարտել էր այսպես կոչված Կոմունիստական ակադեմիան [2]: Դրա համար էլ նրան հաջողվեց Մոսկվայում աշխատանք գտնել տրեստում, այսինքն հարաբերականորեն ինտելեկտուալ հաստատությունում, այլ ոչ թե, ասենք, սննդի մնացորդների մթերման գրասենյակում: Տրեստը կառավարում էր Րեշևսկի ազգանունով մի մարդ: Նա մորս  կադրերի բաժնի պետ նշանակեց: 1946 թվականին, երբ Ստալինի ներքին քաղաքականության մեջ արդեն հստակորեն նշմարվեցին հակահրեականության նշաններ, վերադաս ատյաններից վերահսկիչ հանձնաժողով եկավ տրեստ: Մորս փաստաթղթերում արտացոլված էին նրա կենսագրության երկու անհարմար փաստերը՝ մեկն այն, որ նա հրեա էր և մյուսը՝ հանդիմանությունը «կուսակցական զգոնության բթացման համար»: Րեշևսկուն ասացին. «Այդ ո՞վ է ձեզ մոտ նստած կադրերում»: Բայց նա, այնուամենայնիվ, մորս չազատեց աշխատանքից, տեղափոխեց այլ բաժին: Այնպես որ, մենք կարողացանք գոյատևել: 

Գոյատևումը, պետք է ասել, շատ համեստ էր: Մեկ մանրամասնություն. hանրակացարանում, որտեղ մենք ապրում էինք, մեր հարևան սենյակը զբաղեցնում էր մի կին, ով գիշերներն այցելող ունևոր սիրեկան ուներ: Դրա համար էլ նա միշտ լավ մթերք ուներ և կարիք չուներ տնտեսելու: Երբ նա կարտոֆիլ էր մաքրում, հանում էր դրա հաստ կճեպն ու նետում կեղտաջրի դույլի մեջ: Մենք վերցնում էինք կճեպը, լվանում ու անցկացնում մսաղացով, ավելացնում էինք ալյուր և ստացված կիսաֆաբրիկատից յուղաբլիթներ թխում: Իսկ ամենաճոխ նախաճաշը կիրակի օրերին էր՝ կազմված անյուղ կարագով եփված կարտոֆիլից և մի կտոր ծովատառեխից:  

Առաջին ընկերոջ ու պատերազմի սկսվելու մասին 

1939 թվականի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին՝ անմիջապես Տաշքենդից Մոսկվա մեր տեղափոխությունից հետո, իմ կյանքում տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն՝ հանդիպում տան բակում, Վորովսկոյ փողոցի վրա: Դուրս եկա բակ, այնտեղ մի տղա էր զբոսնում: Նրա անունը Ֆելիքս էր, նա մի քիչ էր փոքր ինձնից: Ինչ-որ  անակնկալ կերպով մեր կողքին հայտնվեցին մեզնից ավելի մեծ երկու տղաներ՝ տասներկուսից-տասներեք տարեկան, ովքեր առաջարկեցին մեզ կպնել իրար հետ: Մենք խնդրեցինք, որպեսզի սկզբում իրենք մենամարտեն: Նրանք գրկախառնվեցին, մի քիչ ըմբշամարտեցին, դրանով էլ գործն ավարտվեց, ընդ որում մենք ոչ մի կերպ ուշադրություն չդարձրինք այն բանին, որ նրանք ոչ թե մենամարտում  էին, այլ ըմբշամարտում: Իսկ «կպնել» նշանակում է «կռվել բռունցքներով»: Հասավ մեր հերթը: Իմ ձախ ռունգը թույլ էր, ընդունված էր մենամարտել մինչև առաջին արյունը: Մի քանի րոպե անց իմ քթից արյուն եկավ, կռիվը դադարեցրին:    

Այս դրվագից էլ սկսվեց իմ ընկերությունը Ֆելիքս Եֆիմի Կուպերմանի հետ:

Պետք է ասել, որ Ֆելիքսը մանկուց մոլի գրքասեր էր: Մեր ծանոթության հենց առաջին օրերին նա հետաքրքրվեց, թե ինչ գրքեր եմ կարդացել: Ասացի «Երեխաներն ու փոքրիկ գազանները»՝ Օլգա Պերովսկայայի գիրքն էր կենսոլորտային արգելոցի մասին: Ֆելիքսն ինձ նայեց ներողամտաբար և սկսեց թվարկել այն գրքերը, որոնք կարդացել էր, ընդ որում, ամեն ընթերցած գիրքը թվարկելիս ծալում էր ձեռքի մատներից մեկը: Հիշում եմ, որ երկու ձեռքի մատներն էլ բավական չէին: Իսկ տասնհինգ-տասնվեց տարեկանում նա վերածվեց նաև մոլի թատերասերի: Հատկապես տարված էր Մեծ թատրոնով, վերանայել և ունկնդրել էր այն ժամանակվա ողջ խաղացանկը ու մոտ երկու-երեք տարի լրջորեն մտածում էր դերասանի կարիերայի մասին: Նա, ի դեպ, հիանալի ասմունքում էր Մայակովսկու գործերը: Սիրում ու նրբորեն զգում էր երաժշտությունը, սիրում էր տարբեր ժամանակաշրջանների ու ուղղությունների գեղանկարչությունը: Եվ այն, ինչը նա սիրում էր, ամբողջ կյանքում առատորեն կիսում էր ոչ միայն իր ընկերների, այլև այն մարդկանց հետ, ում ներառում էր իր շրջապատում: 

Ֆելիքսը հեշտ էր սիրահարվում: Իններորդ դասարանում մեզ քիմիա էր դասավանդում հիանալի մի կին, որի անունն էր Սոֆյա Մատվեևնա: Հավանաբար Ֆելիքսը սիրահարվել էր նրան և նրա հետ միասին սիրեց քիմիան: Կարծում եմ նա միակն էր մեր դասարանում, ով իրոք քիմիա էր հասկանում: Նա դարձավ քիմիկոս, գիտությունների թեկնածու, անվադողերի համար նոր կաուչուկի ստեղծողը, ներառյալ մեծածավալ բեռների համար նախատեսված ինքնաթիռների հենասարքերի համար կաուչուկի ու կորդի գյուտարարը, կաուչուկի մասին գրքերի հեղինակը: Արտոնագրեց 15 գյուտ, որոնց թվում նաև այդ կորդը:   

Ֆելիքսի հետ ընկերությունը շարունակվեց ողջ կյանքի ընթացքում. վերջերս նա մահացավ: 

Ինչպես արդեն նշել եմ, մենք ապրում էինք Վորովսկոյ փողոցի վրա: Այնտեղ դեռ պահպանված էին այն մոսկովյան բակերը, որոնք գովերգվել են Բուլատ Օկուջավայի կողմից: Լավ եմ հիշում իմ մանկության մոսկովյան բակը: Եվ լավ եմ հիշում մեր բակի «արքային»: Դույզն ասած, նա ապրում էր ոչ թե մեր բակում, այլ հարևանությամբ, բայց նա կատարելապես համապատասխանում էր Օկուջավայի կողմից ստեղծված կերպարին [3]:

Հետո սկսվեց պատերազմը: Հստակ հիշում եմ հոկտեմբերի 16-ը, երբ գերմանացիներն արդեն հասել էին Մոսկվայի մոտ, և սկսել էր խուճապը: Այդ օրը իրենց բնակարաններից բակ սկսեցին դուրս գալ տարօրինակ ընկերներ: Նրանք գետնի վրա խարույկներ էին վառում և այրում իրենց կուսակցական տոմսերը: Ես նրանց արարքի ականատեսն էի: Հավանաբար պատրաստվում էին գեմանացիների ժամանմանը: 

Ժենյա մորաքույրը Մոսկվայի կուսակցական շրջաններում կապեր ուներ, նրան յոթտեղանոց ЗИС-101 լիմուզին տրամադրեցին, որպեսզի մեր երկու ընտանիքները հասնեին Կազանի կայարան, այնտեղից էլ տարհանվեին: 

Տարհանման մասին 

Երբ հասանք կայարան, մայրս տեղավորեց ինձ Ուֆա մեկնող գնացքի վագոնում և դուրս եկավ, որպեսզի իրերը տեղավորի: Արդյունքում նա ինձ կորցրեց. Կազանի կայարանում ուղիները շատ են, այդ գիշեր բոլոր գնացքները մեկնում էին դեպի արևելք և նա մոռացավ, թե դրանցից որ մեկի մեջ էր ինձ նստեցրել: Իսկ ես բացարձակապես հանգիստ էի: Ճիշտ է, չքնեցի: Իմ դիմաց զինվորական համազգեստով մարդիկ էին և ես մտածում էի. «Կգնամ նրանց հետ, սարսափելի ոչինչ չկա, զինվորականների հետ չեմ կորի»: Դուրս էինք եկել տնից կեսգիշերին, այսպես նստած մնացի մինչև առավոտվա ժամը հինգը: Հանկարծ լսում եմ մորս խուճապի մատնված ձայնը. «Յու՛րա, Յու՛րա»: Ես արձագանքեցի, ու մայրս ինձ վերցրեց:   

Երբ ժամանեցինք Ուֆա, մեզ տեղավորեցին ոչ թե քաղաքում, այլ քաղաքից չորս կիլոմետր հեռու՝ Նոր տներ (Новые дома) կոչվող գյուղում: Այս գյուղում միայն երկհարկանի փայտե տներ էին, առանց տարրական կենցաղային հարմարությունների, մասնավորապես առանց կոյուղու: Չեմ նկարագրի, թե ինչ զարմանալի բնական երևույթի էր դա վերածվում ձմռանը, երբ սառնամանիքը հասնում էր 25-30 աստիճանի: 

Մեր երկու ընտանիքներին, այսինքն 6 հոգու, տեղավորեցին մեկ սենյակում՝ 15-16 քառակուսի մետրից ոչ ավել, որում արդեն երկու տեղաբնակներ կային՝ մի պառավ իր դստեր հետ: Այս ակցիան կոչվում էր խտացում: Մահճակալ ոչ ոք չուներ, բոլոր ութ անձն էլ քնում էին հատակին:  

Հակասեմականության մասին 

Հակասեմականությունը միշտ մարմրում էր մեզ մոտ, բայց պատերազմի ժամանակ այն բոցավառվեց չտեսնված թափով: Հիմնավորումն այն էր, որ, ինչպես պոետն է դառնությամբ ասում. «հրեաները չէին մեռնում, նրանք ողջ վերադառնում էին»։ Իրականում նրանք կռվում էին, և, դատելով ամեն ինչից, ոչ վատ: Պաշտոնական տվյալներով՝ 157 հրեա զինվորներին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում: Հարյուր հազար հրեա բնակչության հաշվարկով՝ 6.83 հերոս: Առաջին տեղում միայն ռուսներն են՝ 7.66 հերոս հարյուր հազարի հաշվարկով: Ի դեպ, պետք է հիշենք, որ Խորհրդային Միության Հերոսի կոչումով պարգևատրվող բոլոր զինվորները հաստատվում էին անձամբ Ստալինի կողմից, իսկ նա, մեղմ ասած, հրեաներին չէր սիրում:   

Ուֆայում հակասեմականությունն այնքան հրեշավոր էր, որ տեսնելով ինձ որևէ մարդաշատ վայրում, մեծահասակ տղամարդիկ սկսում էին կատակել. «Ասում են հրեաներն արդեն կռվում են, արդեն Ուֆան են գրավել»: 

Չնայած մեր ընտանիքը տեղյակ էր այս տրամադրությունների մասին, այնուամենայնիվ մայրս որոշեց, որ ես պետք է սովորեմ, և ես գնացի դպրոց: Ուֆայում հրեաներին տվել էին «уже-узе» [4] մականունը. Կատակում էին. «Ուժե-ուզեն եկավ այծի վրա նստած, այծն ընկավ՝ ուզեն կորավ»՝ նման մի  բան: Եվ, ահա, առաջին անգամ գնացի դպրոց: Երբ մոտեցա, դպրոցի բարձր շքամուտքում տեսա վեց երեխաների, նրանցից մեկը՝ հավանաբար պարագլուխը ասաց. «Ուժե-ուզեն է գալիս»: Նրանք իջան, շրջապատեցին ինձ, զգում եմ, որ հետևումս ինչ-որ մեկը կա: Պարագլուխը հրեց կուրծքս, և ես դեմ առա խոչընդոտի՝ պարզվում է ծնկների ու արմունկների վրա իջած տղա կար, նրա վրայով շուռ եկա, ընկա ձյան մեջ, իսկ նրանք ինձ շրջապատեցին և սկսեցին հարվածել ոտքերով: Ծեծեցին, կարելի է ասել, առանց ոգևորության և ոչ երկար: Երբ վերադարձա տուն,  մարմնիս վրա կապտուկներ չհայտնաբերվեցին: Այնուամենայնիվ, մորս ասացի, որ այդ դպրոց այլևս չեմ գնա: Ինչպես հետո պարզվեց՝ դա խելացի որոշում էր:  

Գյուղում գրադարան կար և կես տարվա ընթացքում իմ հիմնական զբաղմունքը դարձավ ընթերցանությունը: Կարդում էի շատ աղոտ լույսի տակ և հավանաբար այդ ժամանակվանից էլ սկսեց զարգանալ կարճատեսությունը: 

Հրաշքով բուժվելու և Մոսկվա վերադառնալու մասին 

Մորս փոքր քույրերից մեկը՝ մորաքույր Բերթան, մորս նման վաղ տարիքից կուսակցության անդամ էր ու շատ կարևոր տեղ էր զբաղեցնում Գլավլիտում [5]:  Նա նույնպես տարհանվել էր, բայց բոլորից շուտ վերադարձավ Մոսկվա և կանչ ուղարկեց մորս՝ փաստաթուղթ, որով կարելի էր վերադառնալ տուն: Կանչ ստանալու պահին ես հիվանդ էի, ունեի 38.8 ջերմություն, բայց վերադառնալու մասին նորությունը այնպիսի ուրախության էներգիայի պոռթկում առաջացրեց, որ հաջորդ առավոտյան ես արթնացա բացարձակապես առողջ: Տաս օր անց՝ 1942 թվականի գարնանը մենք վերադարձանք Մոսկվա:   

Երկրորդ իրական ընկերոջս մասին 

Յուրի Դերենիկի Ապրեսյանը Ֆելիքս Եֆիմի Կուպերմանի ու Աբրահամ Լվովի Սիռկինի հետ: Մոտավորապես 2015 թվական © Յուրի Ապրեսյանի արխիվից

Դպրոց եմ գնացել յոթ տարեկանում: Նախքան պատերազմը՝ երեխաները սկսում էին սովորել ութ տարեկանից սկսած: Բայց, քանի որ մեկ տարի բաց էի թողել տարհանման պատճառով, Մոսկվա վերադառնալուց ու դպրոցներում դասերը վերսկսվելուց հետո՝ 1942 թվականի վերջին, ես հայտնվեցի Ֆելիքս Կուպերմանի հետ միևնույն դասարանում: Երեք տարի անց նույն դասարանում հայտնվեց նաև Ալիկ Սիռկինը՝ Աբրահամ Լվովի Սիռկինը, իմ երկրորդ ընկերը մնացած ողջ կյանքի համար:  

Ծանոթացել ենք նրա հետ դեռ 1943 թվականի ամռանը, երբ մեր դպրոցից վեց երեխաներով՝ ներառյալ Ալիկը, մեկնեցինք Մոսկվայից մոտ հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող կոլխոզում աշխատելու: Որպես ղեկավար մեզ հետ եկավ անգլերենի ուսուցչուհի Սառա Ակիմի Կուպեցյանը: Կոլխոզում աշխատանքի համար վճարում էին ոչ միայն փողով, այլև բնամթերքով՝ ցորենով, կարտոֆիլով, ընդ որում, Մոսկվայի մերձակայքում կար ջրաղաց, որտեղ կարելի էր ալյուրն աղալ: Երկուսն էլ կարևոր օգնություն էին մեր ընտանիքի աղքատիկ սննդակարգի դեպքում՝ ալյուրն ու կարտոֆիլը բավականացնում էին համարյա մինչև ձմռան վերջը: 

Ամառային երեք ամիսների ընթացքում մեկ անգամ կարելի էր գնալ Մոսկվա: Այդ ուղևորության համար տալիս էին երեք օր՝ մեկ օր գնալու, մեկ օր Մոսկվայում անցկացնելու և մեկ օր էլ հետ վերադառնալու համար:  Մոսկվայում գործը չէր սահմանափակվում միայն սեփական տան մեջ հանգստանալով: Հարկավոր էր շրջել բոլոր «կոլխոզնիկների» տներով և յուրաքանչյուրի համար նվեր ստանալ: 

Ամռան կեսերին հասավ իմ հերթը Մոսկվա գնալու: 

Ետդարձի ճանապարհին գնացքում տեղի ունեցավ տհաճ միջադեպ: Երթևեկում էինք, բնականաբար, ամենաէժան, ընդհանուր վագոններով: Ես բարձրացա իրերի համար նախատեսված երրորդ դարակի վրա, դրեցի նվերներով լի պարկը գլխիս տակ ու քնեցի: Այդ տարիներին քնում էի շատ ամուր, այդ գիշեր էլ ոչինչ չզգացի:  Առավոտյան միայն հայտնաբերեցի երկայնակի կտրվածք պարկիս վրա: Պարզվեց, որ մի նվերը գողացել են: Իմն էր: Թեթևության զգացում իջավ վրաս, երբ գիտակցեցի, որ մնացած նվերները պահպանվել էին ու կհասնեին իրենց հասցեատերերին: 

Ինձնից հետո Մոսկվա գնաց Տոլյա Տաբաշևը՝ երեքներով սովորող և, ընդհանրապես, քիչ համակրելի մի սուբյեկտ: Նա վերադարձավ միայն վեց օր անց՝ մի տեսակ խղճուկ ու կեղծ արդարացումներով: Հաջորդը Ալիկ Սիռկինի հերթն էր գնալու, սակայն Սառա Ակիմովնան նրան թույլ չտվեց: Երևի կարծեց, որ Տաբաշևի օրինակը կարող էր վարակիչ դառնալ: Այնուհետև տեղի ունեցավ մի պատմություն՝ հանուն որի կարելի է մի փոքր շեղվել:     

Գյուղական խոսքը մի տեսակ զարմանալիորեն տարբերվում էր Մոսկվայի խոսքից: Այն հագեցած էր թունդ հայհոյանքով: Հիշում եմ ինձ ապշեցրած մի դրվագ:   

Երեկո է, հովիվը ոչխարի հոտով վերադառնում է արոտավայրից գյուղ, և տերերը նրանց տանում են իրենց բակերը (յուրաքանչյուր գյուղացու բակում կար յոթից ութ ոչխար): Խրճիթի շքամուտքում, որտեղ մենք ապրում էինք, կանգնած է տան տիրուհին՝ կրծքին խաչած ձեռքերով: Նրա երկուսուկես տարեկան որդին ծառի շիվը ձեռքին իրենց ոչխարներին ներս է քշում բակ՝ կատաղի հայհոյանքներով: Մոր դեմքին գոհունակ ժպիտ է՝ տանտեր է մեծանում:

Մոսկվայի դպրոցականները, հիմնականում մտավորական ընտանիքների երեխաները, շատ արագ էին յուրացնում գյուղի լեզուն՝ ներառյալ թունդ հայհոյանքը, մասամբ նաև այն պատճառով, որ այդ լեզուն լավ էին հասկանում ձիերը: Իսկ առանց ձիերի դաշտում ոչ մի աշխատանք չէր կարող կատարվել: Բացի այդ, կար երդման արարողություն ազնիվ խոսքի համար՝ հարկավոր էր բթամատի եղունգով դիպչել առջևի ատամներին, հետո կտրուկ ու ձայնով հեռացնել մատը, ափի եզրով հպվել կոկորդին ու ասել. «*** լինեմ, թե չանեմ»:

Բայց կար նաև իսկական չարաճճիություն: Բացի այդ ամենից, երբ երեկոյան դաշտից տուն էինք վերադառնում, երգում էինք Սադկոյի մասին երգը՝ ծայրաստիճան հագեցած թունդ հայհոյանքներով:

Միակ մարդը, ով երբեք չէր հայհոյում, երբեք այդպես չէր երդվում ու չէր միանում Սադկոյի մասին երգերին՝ Ալիկն էր: Բայց երբ նա Սառա Ակիմովնայից ստացավ չհիմնավորված մերժում, նա երդվեց նշված կերպով («*** լինեմ, թե չգնամ») և ժամուկես անց մեկնեց: Երրորդ օրը վերադարձավ:   

Պետք է ասեմ, որ ո՛չ Սառա Ակիմովնան, ո՛չ էլ Ալիկը այս միջադեպի հետ կապված քեն չպահեցին իրար հանդեպ: Եվ երբ Սառա Ակիմովնան թոշակի անցնելուց հետո ծանր հիվանդացավ, Ալիկը՝ այդ ժամանակ արդեն հայտնի սրտաբան, անձնվեր կերպով բուժում էր նրան: 

Ութերորդ դասարանից սկսած ես ու Ֆելիքսը նստում էինք միևնույն նստարանին, առաջին շարքում, երկուսս էլ կարճատես էինք: Իսկ Ալիկը նստում էր վերջին շարքում: Եվ մի օր նա դիմեց մեզ, այդ բառացի դիմումը կարելի էր մեկնաբանել որպես հարց կամ, հնարավոր է, խնդրանք: Իմաստը հետևյալն էր՝ կարելի՞ է արդյոք ընդլայնել այդ միությունը: Եվ միությունն անմիջապես ընդլայնվեց:  

Իններորդ դասարանում ես ու Ալիկը դասերից հետո հաճախ էինք մնում դպրոցում հերթապահության: Երեկոյան, հերթապահությունից հետո, իջնում էինք առաջին հարկ և կանգնելով հանդերձարանի պատուհանի մոտ ու միմյանց աչքերին նայելով, երկուսս էլ՝ միանգամայն զուրկ երաժշտական լսողությունից ու բաղաձայն, կատարում էինք երկու երգ՝  «Օյ, լի է, լի է կողովը, կա և՛ չիթ, և՛ դիպակ» և «Իմ խարույկը լույս է տալիս խավարում / Կայծերը մարում են օդում…»: Մի օր, երբ նման համերգից հետո դուրս եկանք դպրոցից, հանկարծ հիշեցի Անատոլի Վասիի Լունաչարսկու հետևյալ քառատողը՝  

Счастливая земля! На крови поколений
Жизнь расцветет невинна и мудра,
И будешь ты чиста, моя планета-гений,
Зеленая звезда с луной из серебра.

Այն ժամանակ դեռ չէի գիտակցում, որ դա բանաստեղծական առումով անտաղանդություն է, փիլիսոփայական առումով՝ կեղծիք: Չարտասանելով այն՝ ես Ալիկին տվեցի հանգեր՝ «поколений — гений»՝ սերունդ-տաղանդ, «мудра — серебра»՝ իմաստուն-արծաթ. Հինգ րոպե անց նա կարդաց հետևյալ քառատողը՝  

Не вдохновеньем нас пленяет гений,
Народной правдой речь его мудра.
Так из руды отживших поколений
Осталась нам частичка серебра.

Դպրոցից հետո Ալիկն ընդունվեց Սեչենովի անվան առաջին բժշկական ինստիտուտը: Դարձավ բարձրակարգ սրտաբան: Նույն ինստիտուտում ստեղծեց սրտաբանության կլինիկա, մշակեց բազմաթիվ սրտաբանական մեթոդներ, գրեց (մի մասը գործընկերների՝ կլինիկայի աշխատակիցների հետ) ավելի քան 400 գիտական աշխատություն: Բուժում էր մեր երկրի դերասանական ու գիտական վերնախավին:

Ֆելիքսն ու Ալիկը իմ մանկության երկու ընկերներն էին, կան նաև երիտասարդական տարիների երկու ընկեր՝ Կոստյա Բաբիցկին ու Իգոր Մելչուկը: 

Կոմունիզմի հանդեպ հավատի վերաբերյալ

Պատանեկան տարիներին խորապես հավատում էի կոմունիզմի գաղափարներին ու ակտիվ կոմերիտական էի: Ութերորդ դասարանից մեր դպրոցի կոմերիտականների բյուրոյի անդամ էի: Իսկ Ֆելիքսն ու Ալիկը բյուրոյի քարտուղարներն էին՝ համապատասխանաբար իններորդ ու տասներորդ դասարաններում: 

Ինստիտուտ ընդունվելու մասին

Յուրի Ապրեսյան: Ուսանողական տարիների լուսանկար փաստաթղթի համար© Յուրի Ապրեսյանի անձնական արխիվից

Ավարտեցի դպրոցը 1948 թվականին հինգերով, բացառությամբ շարադրության, որի համար ստացա չորս «поэтому» բառը սխալ տողադարձ անելու համար՝ (գրել էի «поэ-тому»): Արդյունքում զրկվեցի ոսկե մեդալից: Թեև մտածում եմ, որ եթե անգամ ստացած լինեի, դա ոչինչ չէր փոխելու իմ կյանքում: 

Երիտասարդ տարիներին ունեի հիմար, ռոմանտիկ երազանք՝ ուզում էի դառնալ գրող: Եվ հիմարաբար ենթադրում էի, որ դրա համար անհրաժեշտ էր ստանալ բանասիրական կրթություն: Այս տրամաբանությունը դրդեց ինձ ՄՊՀ բանասիրական ֆակուլտետ դիմում տալու որոշում կայացնել: Ես հասկանում էի, որ իմ կենսագրության մեջ կա սև բիծ՝ հորս ձերբակալությունը (որ նրան գնդակահարել էին, ես այդ ժամանակ դեռ չգիտեի): Բայց քանի որ այդ ժամանակ գործածական էր «որդին հոր փոխարեն պատասխանատու չէ» բանաձևը, ես խորապես հավատում էի, որ այդպես էլ կա: «Կենսագրություն» կոչվող փաստաթղթում ես գրեցի իմ մասին ամբողջ ճշմարտությունը և չընդունվեցի բանասիրական ֆակուլտետ: Սկզբունքորեն ունեի անցողիկ բալ (երեք հատ հինգ և չորս՝ չորս այլ քննությունների համար), բայց շարադրությունս գնահատել էին երեք, իսկ շարադրության համար երեք գնահատականով բանասիրական ֆակուլտետ չէին ընդունում: 

Ես գնացի արդարության հասնելու և ընկա, կարծես, դեկանի տեղակալի մոտ: Նա սկզբում լսեց ինձ կարեկցաբար, իսկ հետո խնդրեց. «Դե, պատմեք ձեր ընտանիքի մասին»: Պատմեցի ընտանիքիս մասին. «Իսկ հա՞յրդ»: Ասում եմ. «Նա ռեպրեսիայի է ենթարկվել այսպես ու այնպես…». — «Ա… Դե, եկեք վերցնենք ձեր շարադրությունն ու մտնենք դեկանատ». Բանասիրական ֆակուլտետում շարադրության գնահատականը ուներ նաև ազդանշանի ֆունկցիա՝ այն դնում էին հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ այդ թվում կենսագրականը: Մտանք դեկանատ, նա սկսեց նայել իմ շարադրության մեջ ընդգծված մասերը, պարզվեց, որ ինձ հաշվել էին երեք թե չորս կետադրական սխալ: 

Երբ դեկանատում ստացա իմ փաստաթղթերը, այդ թվում ինքնակենսագրականս, այնտեղ տեսա հաստ սև գծով ընդգծված այն տողը, որ հայրս ռեպրեսիայի էր ենթարկվել: Ի դեպ, իմ ընկերոջ՝ Ֆելիքս Կուպերմանի հայրը, Ֆելիքսը դիմել էր նուրբ քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի քիմիական ֆակուլտետ ընդունվելու համար, Քաղաքացիական պատերազմի ժամանակ Բուդյոնովի բանակի մարտիկ էր։ Եվ Ֆելիքսի ինքնակենսագրականում այն տողը, որ նրա հայրը Առաջին հեծելազորի կարմիրբանակային էր, ընդգծված էր կարմիր մատիտով: Դա ողջունելի հանգամանք էր։ Պարզվում է գույնը նշանագիտության առումով կարևոր էր: Հասկացա, որ իզուր եմ գրել ճշմարտությունը: 

Որոշեցի՝ դե լավ, համալսարանն իմ համար չէ, կդիմեմ օտար լեզուների ինստիտուտ: Այնտեղ ստեցի՝ նշելով, որ հայրս մահացել է 1940 թվականին: Ինձ ընդունեցին, սկսեցի սովորել: 

Օտար լեզուների ինստիտուտ ընդունվելիս պետք է հանձնեի միայն մեկ քննություն` անգլերենից: Մնացած բոլոր քննությունները համընկնում էին համալսարանական քննությունների հետ և դրանց արդյունքներն ավտոմատ կերպով հաշվի առնվեցին: Բայց ընդունելության քննություններին երեք գնահատականով (իմ դեպքում շարադրության համար) կրթաթոշակ չէին տալիս, իսկ կրթությունն այն ժամանակ վճարովի էր: Իմ ընտանիքը դրա համար գումար չուներ, առանց այն էլ հազիվ էինք ծայրը ծայրին հասցնում: 

Օգնությունը եկավ Ալիկի ընտանիքի կողմից: Նրա հայրը՝ Լև Աբրամի Սիռկինը, բժշկական գիտությունների դոկտոր էր և իր ինստիտուտում ամբիոնի վարիչ, խնդրեց ինձ օգնել իրենց՝ ձևավորելու ինչ-որ տեսանելի ձեռնարկ,  որի համար պահանջվում էր, ի թիվս այլ բաների, գծագրել նաև սխեմաներ  (դպրոցում գծագրությունից լիարժեք հինգին գումարած էի ստանում՝ զարդանկարների առումով հնարամիտ էի): Աշխատանքը վճարովի էր և ստացած գումարով վճարեցի ուսմանս համար: Այդ ժամանակ միամիտ էի և ուշադրություն չդարձրի այն փաստին, որ որևէ փաստաթղթով ինձնից ստորագրություն չպահանջեցին կատարածս աշխատանքի դիմաց գումարը ստանալու համար: Շատ ավելի ուշ, գիտակցեցի, որ դա նվեր էր: Ընդհանրապես Ալիկի ընտանիքին, որտեղ ինձ ընդունում էին հարազատի պես, շատ բանով էի պարտական: 

Բարեհաջող կերպով ավարտելով առաջին կուրսը և հինգերով հանձնելով բոլոր քննությունները՝ ևս մեկ փորձ ձեռնարկեցի իրականացնելու երազանքս՝ դիմեցի ոչ բարձրակարգ համարվող Պոտյոմկինի անվան Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժին ընդունվելու համար (ավելի ուշ այն կազմացրվեց անպետք լինելու պատճառով)։ Նորից ինքնակենսագրականումս գրեցի ամբողջ ճշմարտությունը, նորից ստացա երեք շարադրության համար (մնացած քննությունները հանձնեցի հինգերով) և նորից մերժվեցի ինքնակենսագրականիս նույն տողի տակ հաստ սև գծի պատճառով: 

Փառք աստծո, այս նոր դասը ինձ բավական էր: Ուսումնական տարվա սկզբին վերադարձա օտար լեզուների Ինստիտուտ և վերականգնվեցի երկրորդ կուրսում: 

Ուսումնական տարվա սկզբին ինձ՝ որպես հասարակական կյանքի ակտիվ մասնակցի, առաջ քաշեցին կուրսի կոմերիտականների բյուրոյի կազմի մեջ: Այստեղ ես իմ հերթական ազնիվ արարքն արեցի՝ խոստովանեցի, որ ինստիտուտ ընդունվելու ժամանակ թաքցրել եմ հորս մասին ճշմարտությունը: Համակուրսեցիներիցս մեկը, կուրսի բյուրոյի անդամ, պահանջեց կոմերիտականների շարքերից ինձ հեռացնել, որն էլ ավտոմատ կերպով տանելու էր ինստիտուտից հեռացնելուն: Իմանալով այդ մասին՝ Ֆելիքսն ու Ալիկը իմ օգտին նամակ գրեցին կուրսի բյուրոյին՝ դպրոցի կոմերիտականների բյուրոյում իրենց պաշտոնները նշելով: Այդ նամակը ինձ փրկեց․ գործն ավարտվեց խիստ հանդիմանությամբ, որն անցկացվեց անձնական գործիս մեջ: 

Մտքի պայծառության մասին

Ես համալրեցի կոմերիտականների շարքերը, երբ լրացավ 14 տարիս, 18 տարեկանում համոզված կոմերիտական էի և ծրագրում էի երեք-չորս տարուց դիմում ներկայացնել՝ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության շարքերը համալրելու համար: Ընդ որում, շատ ակտիվ կոմերիտական էի: Մասնավորապես, երբ ինսիտուտի առաջին կուրսում հայտնաբերեցի, որ շատ ուսանողներ թերթեր չեն կարդում ու չգիտեն, թե ինչ է կատարվում մեր երկրում ու աշխարհում, ես իմ կուրսում ներդրեցի քաղաքական գրագիտության ստուգումներ: Վարչությունն ուրախությամբ ընդունեց սա:

Բայց քիչ-քիչ սկսեցին աչքերս բացվել: Ծայրահեղ մեծ էր տարբերությունը պաշտոնական քարոզչության ու այն ամենի միջև, ինչը տեսնում էի իմ շուրջը: Չորրորդ կուրսում լիովին բացվեցին աչքերս: Իսկ հինգերորդ կուրսում, 1953 թվականի մարտին, երբ մարդիկ ուժով խցկվում էին առաջնորդի թաղմանը մասնակցելու համար ու մեռնում էին  հրմշտոցի մեջ, ես, գործի բերումով լինելով փողոցում, վճռականորեն գնացի այլ ուղղությամբ: Այդ ընթացքում, հատկապես Ստալինի կողմից մտահղացված «սպիտակ հանդերձանքով մարդասպանների» [6] գործից հետո, պատրանքներ նրա հանդեպ արդեն չունեի: 

Ուսման ավարտի ու աշխատելու մասին 

Ինստիտուտում եռանդով սովորում էի, մի պահ լրջորեն տարվեցի լեզվաբանությամբ և ուսման վերջում՝ 1953 թվականին, գրեցի երկու դիպլոմային աշխատանք՝ բառագիտության և լեզվի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ: Երկու աշխատությունն էլ, ներողություն եմ խնդրում այս փաստը հիշատակելու համար, պաշտպանության ժամանակ գրախոսների կողմից գնահատվել են որպես համարյա ավարտված թեկնածուական ատենախոսություններ: 

Անգլերենի ֆակուլտետում, որտեղ սովորում էի, կար երեք ամբիոն՝ բառագիտության, քերականության ու լեզվի դասավանդման մեթոդիկայի: Բոլոր երեք ամբիոնների կողմից ինձ երաշխավորել էին ասպիրանտուրայի համար, որն էլ ավարտեցի ժամկետից շուտ՝ 1956 թվականի գարնանը՝ պաշտպանության ներկայացնելով թեկնածուական ատենախոսություն: Ասպիրանտուրայի երկրորդ կուրսում սկսվեց իմ կարճաժամկետ դասավանդման կարիերան՝ ինձ առաջարկեցին կես դրույքով անգլերենի ուսուցչի հաստիք: 

Ասպիրանտուրայում իսկական ուսուցիչներ չունեի: Սովորում էի, ըստ էության, հեռակա՝ ակադեմիկոս Վիկտոր Վլադիմիրի Վինոգրադովի ու պրոֆեսոր Ալեքսանդր Իվանի Սմիռնիցկիի աշխատություններով: Վինոգրադովի մոտ ինձ դուր էր գալիս փաստերին անթերի տիրապետումը, իսկ Սմիռնիցկիի մոտ՝ համակարգային դատողությունների անխախտելի տրամաբանությունը: Գիտակցությանս մեջ այս երկու գիտնականները, իրար նման չլինելով հանդերձ, լրացնում էին մեկը մյուսին: Բայց, ավելի լուրջ, լեզվաբանական դպրոց ես անցա ավելի ուշ: 

50-ական թվականների վերջին Մոսկվայում սկսեց աշխատել մեքենայական թարգմանության միավորման սեմինարը և այնտեղ էլ ինձ համար առաջին անգամ բացվեց մեր լեզվաբանության հիանալի ու անկրկնելի աշխարհը: Դա ալեկոծությունների ու գրոհների դարաշրջան էր, երբ թվում էր, որ մաթեմատիկոսների ու հումանիտարների միությունը ուր որ է լեզվաբանությունը կվերածի ճշգրիտ ու ապացուցիչ գիտության: Ավելի ուշ հասկացա, որ ցանկացած էմպիրիկ գիտության խստության աստիճանը հակադարձ համեմատական է դրա օբյեկտի փոփոխության արագությանը: Մեր օբյեկտը փոփոխվում է չափազանց արագ և դրա համար էլ վատ է ենթարկվում նկարագրման խիստ բանաձևերի ու թեորեմների տեսքով:  Բայց այն ժամանակ, որքան էլ տարօրինակ թվա, հենց լեզվաբանության մաթեմատիկացման գաղափարն իրականացնելու անզիջում փորձը՝ հանգեցրեց ավանդական լեզվագիտական պարադիգմի հիմնավոր նորացմանը:      

Իգոր Մելչուկի հետ ծանոթացման ու ընկերության մասին 

Յուրի Ապրեսյան (ներքևում) և Իգոր Մելչուկ (վերևում) մերձմոսկովյան արշավներից մեկի ժամանակ: 1960-ական թվականների կեսին © Յուրի Ապրեսյանի անձնական արխիվից

Օտար լեզուների ինստիտուտում ընթանում էր ազատամտության առումով միանգամայն եզակի մեքենայական թարգմանության սեմինար՝ Վիկտոր Յուլիի Ռոզենցվեյգի [7] գլխավորությամբ: Առաջին անգամ այնտեղ տեսա Իգոր Մելչուկին, Վյաչեսլավ Իվանովին, Վլադիմիր Տոպոռովին, Վլադիմիր Ուսպենսկուն և այլ հիանալի գիտնականների, ովքեր հիմնադրել էին նոր ուղղություն մեր լեզվաբանության մեջ: Չեմ հիշում, արդյոք այդ սեմինարին հաճախում էր Անդրեյ Զալիզնյակը [8], բայց ես նրա հետ ծանոթացա և պատիվ ունեցա լինել նրա ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսը, որը միաժամանակ և՛ թեկնածուական էր, և՛ դոկտորական: 

Ավելի մոտ ծանոթացա, իսկ հետո նաև ընկերացա Իգոր Մելչուկի հետ: Հիշում եմ մի անգամ տեսա նրան Լենինյան գրադարանում, երբ դուրս էր գալիս ընթերցասրահից գրքերի հսկայական կապոցով, որը տանում էր ներքև ձգված ձեռքերով ու այդ կապոցը հասնում էր մինչև իր կզակը: Չգիտեմ արդյոք խեթերեն թե՞ թոհերեն լեզուն էր նա այդ ժամանակ ուսումնասիրում: Բարևեցինք իրար, քանի որ ծանոթ էինք վերոնշյալ սեմինարից, չնայած իրար դեռ դիմում էինք «դուք»-ով: Եվ, կարծես թե շատ արագ, ծագեց մի նոր՝ երրորդ ընկերություն: 

Իգորի մասին շատ տեքստեր եմ գրել, որոնք մեծ մասամբ հրապարակվել են, բայց պատկերի լիակատարության համար ինձ թույլ կտամ այստեղ կրկնել գլխավոր դրույթները: 

Ես համարում եմ Իգորին մեր ժամանակների ամենախոշոր լեզվաբաններից մեկը, ով արմատապես բարեփոխեց ժամանակակից լեզվաբանության տեսության ու պրակտիկայի բոլոր հիմնական ոլորտները: Ավելի կոնկրետ․

  1. Նա մշակեց սկզբունքորեն նոր մոտեցում լեզվաբանական նկարագրության համար, որը հայտնի է որպես կառուցվածքային մոդել «Իմաստ Տեքստ» (ՄԻՏ):  ՄԻՏ–ը բազմամակարդակ տրամաբանական սարք է, որը նմանակում է խոսողի լեզվական գործունեությունը: Սա նշանակում է, որ այն ի վիճակի է փուլ առ փուլ թարգմանել իմաստը, որը խոսողը ցանկանում է արտահայտել, այդ միտքն արտահայտող բավականին մեծաքանակ, այսինքն՝ իրար հոմանիշ նախադասություններով: Լինելով խորապես նորարական՝ ՄԻՏ-ը միևնույն ժամանակ ներառում է իր մեջ նախկին լեզվաբանական ավանդույթների կուտակած իմաստաբանության, շարահյուսության, ձևաբանության, բառակազմության և այլ լեզվաբանական դիսցիպլինների բոլոր բազային գիտելիքները: Իմ կարծիքով, ՄԻՏ-ը ներկայիս գոյություն ունեցող ընդհանուր լեզվաբանական տեսություններից ամենաբազմակողմանին, խորն ու հուսալին է: 
  2. ՄԻՏ կոնցեպտուալ հիմունքների մշակումը իր տրամաբանական ավարտին հասցնելու համար  անհրաժեշտ էր որոշակի իմաստ ներկայացնելու միջոցներ ստեղծել մաքուր շարահյուսությունից մինչև իրական հոմանիշ նախադասությունների մակարդակ, որոնք արտահայտում են այդ իմաստը: Իգորը գտավ լավ հիմնավորված լուծումներ այստեղ ծագած շատ խնդիրների համար: Հատուկ հիշատակման են արժանի գրաֆների ֆորմալիզմը [9]՝ ապագա նախադասությունների իմաստաբանական կառուցվածքները ներկայացնելու համար, կախվածության հարաբերությունների հավաքակազմը՝ դրանց մակերեսային շարահյուսական կառուցվածքները պատկերացնելու համար [10], և ունիվերսալ բառապաշարային գործառնույթների լեզուն՝ բառույթների կոմբինատոր հատկությունների [11] և դրանց իմաստային հարաբերությունները բառարանում այլ բառույթների հետ ներկայացնելու համար [12] (վերջինը՝ համատեղ Ալեքսանդր Կոնստանտինի Ժոլկովսկու հետ համատեղ)։ 
  3. Ի տարբերություն այլ տեսաբանների՝ Իգորը չէր սահմանափակվում նոր տեսության ընդհանուր կոնցեպտուալ ակնարկով: Նա գրեց ՄԻՏ մեծ հատվածներ այնպիսի տարբեր կառուցվածքով լեզուների համար՝ ինպիսիք են ռուսերենը, անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը, հունգարերենը, ալյուտորերենը, բաֆիան, ռուանդան, դիրբալը (հիմնականում շարահյուսության, իմաստաբանության ու ձևաբանաության ոլորտներից):
  4. ՄԻՏ-ի անբաժանելի մասը կոնկրետ լեզվի համար հանդիսանում է բացատրական-համակցական բառարանը՝ ԲՀԲ: ԲՀԲ տեսական հիմունքները և փորձնական ռուսական բառային հոդվածները մշակվել են Իգորի կողմից` Ալեքսանդր Ժոլկովսկու հետ միասին: Սա նոր տիպի բառարան է՝ խոսողի կարիքներին ուղղված: Այն պարունակում է աննախադեպ ծավալի խիստ կանոնակարգված և շարահյուսորեն բացատրված տեղեկատվություն` նշանակության, կառավարման մոդելների [13] (ստորոգելիական բառույթների համար [14]), համակցական պոտենցիալի ու յուրաքանչյուր բառույթի շարահյուսական կապերի մասին:  Ընդգծեմ, որ այստեղ ևս Իգորը չսահմանափակվեց նոր տիպի բառարանի համար պարզ, տեսական հայտով: Համախոհների խմբի հետ միասին նա մշակեց Խորհրդային Միությունում ու Կանադայում միահատոր ԲՀԲ ռուսաց լեզվի և չորս հատոր նմանատիպ, բայց որոշ առումներով ավելի կատարելագործված բառարան ֆրանսերեն լեզվի համար: 
  5. Իգորի գլխավոր զբաղմունքներից մեկը, բացի լեզվաբանական աշխատանքից, մետալեզվաբանական [15] ուսումնասիրություններն են: Միայնակ, գիտության մեջ իր կյանքի քառասունից ավել տարիների ընթացքում, իրապես տիտանական ջանքեր թափելով՝ նա ստեղծեց հինգ հատորից բաղկացած «Cours de morphologie générale»` «Ընդհանուր ձևաբանության կուրս» աշխատությունը: Այս մենագրությունը՝ հետագայում ռուսերեն թարգմանված, իրենից ներկայացնում է կարևորագույն լեզվաբանական հասկացությունների «բառ» հասկացության հետ կապված համառոտագիր: Իգորը ձևակերպեց մոտ 250 սահմանում՝ կառուցված խիստ դեդուկտիվ կերպով չսահմանված հասկացությունների ոչ մեծ կազմի վրա և լուսաբանեց դրանք ավելի քան երկու հարյուր լեզուների նյութերով: Դրա համար էլ նրա մենագրությունը դարձավ կարևոր ուղենիշ նաև լեզվաբանական տիպաբանության զարգացման մեջ: Հետո նա սկսեց համանման մի աշխատանք իմաստաբանության ոլորտում: 
  6. Հասկանալի է, որ այս համառոտ շարադրանքով ես չեմ կարող արժանիորեն ներկայացնել Իգորի բոլոր տեսությունները, նկարագրությունները, արդյունքները, մտքի պայծառությունն ու լեզվաբանական բացահայտումները: Օրինակ` չհիշատակեցի նրա ներդրումը որսողական [16] ու մաթեմատիկական [17] լեզվագիտության մեջ, տարբեր լեզվական երևույթները լեզվաբանական հաշվարկումների միջոցով նկարագրելու նրա մոտեցման մասին, ինչպես նաև նրա մեծ ու փոքր այլ գործերի մասին: Ես լռությամբ լիովին շրջանցեցի Իգորի աշխատությունների` հաշվողական լեզվաբանության [18] վրա ունեցած ազդեցությունը, մասնավորապես այն փաստը, որ ռուսաց ու անգլերեն լեզուների շարահյուսության ոլորտում նրա արդյունքների մեծ մասը, ինչպես նաև ԲՀԲ-ի ընդհանուր հասկացությունը արդյունավետորեն օգտագործվել են մեքենայական թարգմանության համակարգերում և այլ հավելվածներում՝ մշակված նրա մի խումբ հետևորդների կողմից Ռուսաստանում: Բայց անգամ այն փոքր մասը, որ ես ասացի, բավական է հասկանալու Իգորի անձնավորության որպես գիտնականի՝ մեծ ընդգրկումի տաղանդը: 
  7. Որպես եզրափակում կուզեի հիշատակել Իգորի եզակիությունը՝ որպես դասախոսի, ով ունակ է էլեկտրականացնել ցանկացած հանդիսատեսի, նրա հսկայական ու վեհ ձիրքը թիմային աշխատանք տանելու, որում նա իր ուսերին է վերցնում ամենամեծ ծանրությունն ու պատասխանատվությունը, նրա հմայքը՝ որպես մարդ, նրա առկայծող չարաճճի հումորը, շլացուցիչ պայծառությունն իր անձի, նրա շիտակությունն ու շփվելու ունակությունը: Նրա ընկերների թվում լինելը պատիվ է, առավելություն և ուրախություն:     

Մեծ տհաճության ու կառուցվածքային լեզվաբանության մասին 

Իմ ուսանելու տարիներին օտար լեզուների ինստիտուտը ղեկավարում էր Վառվառա Ալեքսեյի Պիվովառովան՝ հիանալի մարդ, ում շատ բանով եմ պարտական: 1953 թվականի հունիսին նա գնաց ԽՄԿԿ Կենտկոմ՝ միջնորդելու իմ համար: Ստալինը մահացավ մարտի սկզբին. այնուամենայնիվ կար անհրաժեշտություն նրա կողմից այս քայլն անելու, որպեսզի ինձ թույլատրեին իրագործել ինստիտուտի երեք ամբիոնների կողմից տրված երաշխավորումները և ընդունվել ասպիրանտուրա:  

Մեքենայական թարգմանության սեմինարին հաճախումը հանգեցրեց նրան, որ ես տարվեցի նոր գաղափարներով: Դրա համար էլ, երբ Իսահակ Իոսիֆի Րևզինը՝ ճանաչված լեզվաբան ու Տարտուի դպրոցի հիմնադիրներից մեկը, ով այդ նույն դպրոցում դասավանդում էր նաև գերմաներեն, առաջարկեց ինձ երաշխավորագիր տալ 1960 թվականի ամռանը  Գիտությունների Ակադեմիայի ռուսաց լեզվի ինստիտուտում ստեղծված Սեբաստիան Կոնստանտինի Շահումյանի կառուցվածքային լեզվաբանության բաժնի համար, ես ընդունեցի այդ առաջարկը երախտագիտությամբ: Ինձ իրոք շատ էր հետաքրքրում գիտությունը և ես մոռացա այն լավությունը, որն իմ համար արել էր Վառվառա Ալեքսեևնան: Մեծ տհաճություն պատճառեցի նրան: Միակ բանը, որ կարող եմ ասել ինձ արդարացնելու համար այն էր, որ ռուսաց լեզվի ինստիտուտ փոխադրվելով ես զգալի կորուստ կրեցի աշխատավարձիս հարցում: Նախկին աշխատավայրում ավագ ուսուցիչ էի` 300 ռուբլի ամսական դրույքով, իսկ փոխադրվելով կրտսեր գիտական աշխատակցի պաշտոնին՝ աշխատավարձս նվազեց մեկ երրորդով:   

Ծանր խոսակցություն եղավ իմ ու Վառվառա Ալեքսեևնայի միջև, որին ներկա էր նաև օտար լեզուների ինստիտուտի կուսակցական կազմակերպության քարտուղարը: Նա աջակցեց ինձ իր պատասխանով. «Վառվառա Ալեքսեևնա, մենք չենք կարող ներգործել մարդու կամքի վրա՝ նա որոշում է կայացրել, նա ուզում է զբաղվել գիտությամբ»:

Հենց այսպես էլ 1960 թվականի սեպտեմբերից սկսեցի աշխատել Շահումյանի բաժնում, որտեղ կամաց-կամաց հավաքվել էր բավականին խայտաբղետ, բայց շատ հետաքրքիր հասարակություն: Կթվարկեմ հինգ անուն՝ Կոնստանտին Իոսիֆի Բաբիցկի, Սիլվիա Սեմյոնի Բելոկրինիցկայա, Լարիսա Իոսիֆի Բոգոռազ, Բորիս Վիկտորի Սուխոտին և Վիտալի Վիկտորի Շևոռոշկին: Շահումյանի առաջին հանձնարարությունն էր մեզ բոլորիս՝ գրել աշխատանքների ամփոփ ակնարկ լեզվաբանության այն ոլորտից, որով մեզնից յուրաքանչյուրը պատրաստվում էր հետո զբաղվել: Ոչ ոք բացի ինձանից չարեց դա, իսկ ես խելոք լծվեցի գրականության ընթերցմանը և մեծ հոդված գրեցի  իմաստաբանության նոր ուղղությունների վերաբերյալ: Հոդվածը հրապարակվեց՝ ոչ մի արտասովոր բան, ուղղակի ազնիվ ակնարկ այն ամենի վերաբերյալ, ինչը այդ պահին շատ թե քիչ հետաքրքիր էր այդ բնագավառում: Բայց իմ հոդվածը գրավեց «Просвещение» հրատարակչության աշխատակից Գենադի Վասիլի Կառպյուկի ուշադրությունը: Նա ինձ առաջարկեց գիրք գրել կառուցվածքային լեզվաբանության մասին: Նորից լծվեցի գրականության ընթերցմանը: Արդյունքը «Ժամանակակից կառուցվածքային լեզվաբանության գաղափարներն ու մեթոդները: Համառոտ ակնարկ» մենագրությունն էր, որը լույս տեսավ 1966 թվականին՝ հետագայում թարգմանվելով եվրոպական յոթ լեզուներով և ճապոներեն: Այն ակնարկ էր այդ ժամանակաշրջանում Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և մեզ մոտ ձևավորված կառուցվածքային լեզվաբանության հիմնական ուղղությունների վերաբերյալ:

Հարկ է ասել, որ գրքի հրապարակմանը փորձեց խոչընդոտել Շահումյանը: Նախքան ձեռագիր աշխատությունս տպագրության հանձնելը, բնականաբար, խնդրեցի գործընկերներիս կարդալ ու ներկայացնել ինձ իրենց դիտողությունները, որն էլ նրանք արեցին: Սակայն Շահումյանի արձագանքը խոցեց ինձ: Նա ասաց, որ այն, ինչը ես գրել եմ, կառուցվածքային լեզվաբանություն չէ, և եթե գիրքը հրապարակվի, ապա նա՝ որպես ազնիվ գիտնական, ստիպված կլինի արտահայտել մամուլում իր բացասական կարծիքը դրա վերաբերյալ: Իսկ Շահումյանը իր բացասական կարծիքը պահեց իրեն: 

Կոստյա Բաբիցկիի մասին 

Կոնստանտին Բաբիցկին և Յուրի Ապրեսյանը Կոստրոմայի մարզի Շչելիկովո գյուղում, որտեղ Բաբիցկին ապրում ու աշխատում էր աքսորից հետո: 1978 թվական, © Յուլիա Բաբիցկայայի անձնական արխիվից

Կոստյա Բաբիցկին բացարձակապես ազատ ու բացարձակապես խիզախ մարդկանց հազվագյուտ տեսակից էր: Մասնագիտությամբ լինելով ռադիոինժեներ՝ նա իրեն ավելի շատ համարում էր հումանիտար գիտությունների կրող: Նա ընդհանրապես տարբեր շնորհներով էր օժտված՝ գրում էր բանաստեղծություններ, երաժշտություն` իր ու այլոց բանաստեղծությունների համար, ակադեմիկոսների համար կառուցում էր ամառանոցներ Մոսկվայի մերձակայքում: Շահումյանի բաժնում նա ցանկանում էր զբաղվել շարահյուսությամբ և նույնիսկ փոքրիկ աշխատություն գրեց շարահյուսական կապերի մասին: Սակայն Շահումյանը, ով սկսել էր իր լեզվաբանական գործունեությունը որպես հնչյունագետ, ասաց, որ Կոստյան պլանավորել է մի ամբողջ հայտնագործություն, որի մանրամասն մշակման համար ժամանակ կպահանջվի: Ուստի լավ կլինի, որ զբաղվի ձևաբանությամբ: Կես տարի, թե մեկ տարի անց Շահումյանը հրապարակեց շարահյուսական կապերի սեփական տարբերակը, որում, համեմատած Կոստյայի աշխատության հետ, փոփոխված էին միայն դրանց անվանումները: Նրա ու Կոստյայի միջև լարվածություն առաջացավ, նա որոշեց ազատվել Կոստյայից ու առաջարկեց նրան հեռանալ սեփական կամքով: Այդ ժամանակ ես, Բորյա Սուխոտինը և ինքը՝ Կոստյան, եկանք Շահումյանի մոտ ու ասացինք, որ եթե նա պնդի իր որոշումը, ապա կհեռանանք նաև ես ու Սուխոտինը: Այդպիսի սկանդալի նա որոշեց չգնալ:

Կոստյան սկսեց զբաղվել ձևաբանությամբ, գրեց ռուսաց լեզվի ձևաբանության ձևական մոդելը՝ մի ամբողջ գիրք, որը տրվեց հրատարակչություն և անգամ շարվեց: Սակայն 1968 թվականի օգոստոսին շարվածքը ցրվեց: Պատճառը արտաքին իրադարձություններն էին:  

1968 թվականի գարնանը նա գնաց Չեխոսլովակիա: Դա Պրահյան գարնան ժամանակն էր [19]: 

Գնալուց առաջ Կոստյան սովորեց չեխերեն և Չեխոսլովակիայում կարդում էր առաջին անգամ մեզ անծանոթ ազատ մամուլ: Նա լիովին արբած էր չեխական ազատությամբ և, վերադառնալով տուն, պատմում էր մեզ, թե որքան հրաշալի է այն: Բայց վրա հասավ 1968 թվականի օգոստոսը, խորհրդային զորքերը և Վարշավյան համաձայնագրի մի շարք երկրների զորքեր ներխուժեցին Չեխոսլովակիա: Գիտությունների ակադեմիայի ինստիտուտներում ցույցեր էին անցկացվում, որտեղ աշխատակիցներն արտահայտում էին իրենց կարծիքն այդ կապակցությամբ: Մեծ մասամբ դրանք, իհարկե, ունեին ստացած «հավանություն», բայց ռուսաց լեզվի ինստիտուտում մի քանի ընդդեմ ելույթներ եղան: Ամենակարճ ու վառ ելույթներից մեկը Կոստյայինն էր: Նա բարձրացավ ամբիոն ու ասաց. «Հայրենիքը՝ մայր է, նրան չեն ընտրում, բայց այսօր ես ամաչում եմ, որ Խորհրդային միության քաղաքացի եմ»: 

Մինչև օգոստոսի վերջը ես արշավի էի Ալթայում, բայց մեջբերման ճշտության համար երաշխավորում եմ՝ ստուգել եմ: Կոստյան, Տատյանա Բաևան, Լարիսա Բոգոռազը, Նատալյա Գորբանևսկայան, Վադիմ Դելոնեն, Վլադիմիր Դրեմլյուգան, Պավել Լիտվինովը և Վիկտոր Ֆայենբերգը որոշեցին օգոստոսի 25-ին կազմակերպել բողոքի ցույց Կարմիր հրապարակում` սովետական զորքերի Չեխոսլովակիա մուտք գործելուն ընդդեմ: Կոստյան տանը մի քանի պլակատ էր պատրաստել: Գլխավոր պլակատի վերնագիրն եմ հիշում. «Մեր և ձեր ազատության համար»: Կեսգիշերին նրան զանգեց Լարիսա Բոգոռազն ու ասաց. «Գինարբուքը չեղարկվում է»: Կոստյան էլ պատասխանեց. «Ինչպես կուզեք, կգնամ մենակ»: Արդյունքում դուրս եկան բոլորը, ինչ տեղի ունեցավ հետո՝ պարզ է:  

Ցույցի բոլոր մասնակիցները երեք ամիս անցկացրին բանտում, իսկ հետո նրանց դատապարտեցին տարբեր ժամկետներով աքսորի: Կոստյան ստացավ երեք տարի. բանտում անցկացրած երեք ամիսը հավասար էր աքսորի մեկ տարուն: Աքսորը նա ացկացնում էր Սիկտիվկարի մոտակայքում՝ աշխատում էր նավանորոգման գործարանում: Երկու անգամ գնացել եմ նրա մոտ` չորս-հինգ օրով: Առաջին անգամ, հենց որ մտա նրա սենյակ, իմ հետևից անմիջապես հայտնվեց ևս մեկը: Մենք սկսեցինք խոսել, ընդ որում Կոստյան նրա ներկայությամբ ցանկացած թեմայով արտահայտվում էր բացարձակապես ազատ: Երբ այդ մարդը հեռացավ, հարցրի. «Կոստյա, ինչ է, չե՞ս հասկանում, որ այս տիպը օրգանից է»: Նա պատասխանեց. «Իհարկե, հասկանում եմ: Թող սովորի»:

1970 թվականի վերջին նա ազատվեց, վերադարձավ ռուսաց լեզվի ինստիտուտ Ֆիլինի մոտ, ով այդ ժամանակ արդեն տնօրեն էր նշանակվել ակադեմիկոս Վինոգրադովի փոխարեն և ասաց, որ ավարտվել է իր պատժի ժամկետը, բոլոր իր իրավունքները վերականգնված են ու ցանկանում է վերադառնալ ինստիտուտում իր աշխատանքին:  Ֆիլինն ասաց. «Մենք այդպիսի հնարավորություն չունենք»: Հապաղեց մի փոքր ու ավելացրեց. «Եվ չի լինի»: Կոստյան արդարության պահանջով գնաց կենտկոմի գիտության բաժին, որը ղեկավարում էր ոմն Իվանով: Այս պետական պաշտոնյային նա բացատրեց, որ ավարտվել է իր պատժի ժամկետը, բոլոր իր իրավունքները վերականգնված են և չի հասկանում, թե ինչու չի կարող վերադառնալ նախկին աշխատանքին: Պատասխանն էր. «Կենտկոմը չի կարող ազդել ինստիտուտի տնօրինության որոշման վրա»: Որից հետո այս Իվանով կոչվածը զանգ տվեց բոլոր այն ինստիտուտներին, որոնց Կոստյան նրա կարծիքով կարող էր դիմել, հրահանգեց տնօրեններին՝ չընդունել: 

Որոշ ժամանակ Կոստյան մի կերպ գլուխը պահում էր պատահական վաստակով, մասնավորապես, ակադեմիկոսների համար մերձմոսկովյան տարբեր մասերում արդեն հիշատակած ամառանոցների կառուցմամբ: Այնուհետև նա, իր ծանոթներից մեկի խորհրդով, ուղևորվեց Շչելիկովո՝ գյուղ Իվանովոյի մարզում, Վոլգայից 15 կմ հեռու, որտեղ արգելոցն է Օստրովսկու տուն-թանգարանով: Նրան հաջողվեց տեղավորվել այդ թանգարանում հյուսն-կարմրափայտագործի պաշտոնում: Մենք (Կոստյայի ընկերները) գնեցինք նրա համար տուն՝ ամուր մի խրճիթ` ռուսական վառարանով:  Այն կանգնած էր գյուղի վերջում` ութ տների մեջ, արգելոցից վեցից-յոթ կիլոմետր հեռավորության վրա: Ութ տներից բնակեցված էին ընդամենը երկուսը (երկրորդում ապրում էր Լենինգրադից եկած մտավորական մի զույգ): Սա այն ամենն էր, ինչը մնացել էր երբեմնի մեծ ու հարուստ գյուղից: Հեռվում անչափելի, մինչև հորիզոնը չհերկված տարածություն էր: Կոստյան չորս հարյուրից հինգ հարյուր մետր հողակտոր ցանկապատեց, դարձրեց բոստան և նույնիսկ կենդանիներ՝ այծ, հավ, ճագար պահեց: Կենդանիների համար սարքեց ցախանոց:

Յոթ տարիների ընթացքում, քանի դեռ Կոստյան այնտեղ ապրում էր, ես տարին երկու անգամ մեր ընդհանուր ընկերների ու գործընկերների խմբով, որոնց մեջ էին Լեոնիդ Լեոնիդի Կասատկինը, Յուրի Սեմյոնի Մարտեմյանովը, Վերա Ալեքսեյի Մատվեենկոն, Լեոնիդ Պետրի Կռիսինը, Ռոզալիա Ֆրանցի Պաուֆոշիման (հնարավոր է, որ մոռացկոտությանս պատճառով ինչ-որ մեկին բաց եմ թողել), գալիս էինք նրա մոտ գյուղատնտեսական աշխատանքների՝ գարնանը հերկելու և ցանելու, իսկ աշնանը՝ բերքը հավաքելու: 

Հարկ է նշել, որ Պետանվտանգությունը այնտեղ էլ Կոստյային հսկողության տակ էր պահում, երբ առաջին անգամ եկա Շչելիկովո և գնացի նրա գյուղական տուն, ինձ անմիջապես միացավ ինչ-որ ընկեր: Նա, Բուլգակովի խոսքերով ասած, բառացիորեն «օդից հյուսվեց» ու ամբողջ ճանապարհին հարցուփորձ էր անում Կոստյայի ու իմ գալու նպատակի վերաբերյալ:  

Ինչ-որ պահի Պետանվտանգությունում նույնիսկ որոշեցին, որ հյուսն-կարմրափայտագործի պաշտոնը Կոստյայի համար չափազանց լավն է և թանգարանի տնօրինությանը հրահանգեցին տեղափոխելու նրան ավելի քիչ հեղինակավոր պաշտոնի:  Արդյունքում նրան ուղարկեցին աշխատելու արգելոցի հնոցատանը՝ որպես մոխիր հավաքող: Աշխատանքը կայանում էր նրանում, որ նա պետք է արգելոցի բոլոր տները տաքացնող վառարաններից քերեր հաներ մոխիրը: Դրա համար էլ ամուր, անպատուհան աղյուսե շինություններում, որտեղ տեղադրված էին վառարանները, օդում միշտ կախված էր ածուխի նուրբ փոշի: Այդ կեղտոտ օդը ստիպված շնչում էին աշխատանքային ողջ ութ ժամվա ընթացքում, ընդ որում մոխիր մաքրողներն աշխատում էին հերթափոխով՝ առավոտյան, երեկոյան ու գիշերային:   Ըստ երևույթին վտանգավոր էր դրա ազդեցությունը ոչ միայն թոքերի, այլ նաև ուղեղի և հատկապես հիշողության համար․ երբ ընկերների ու գործընկերների հերթական բրիգադը ռուսաց լեզվի ինստիտուտից գարնանը եկավ Կոստյայի մոտ ցանքի աշխատանքների՝ նա արդեն որոշ գործընկերների չէր ճանաչում:  

Քաղաքական պրոցեսների ու բողոքարկման նամակների մասին 

1960-ական թվականների վերջին սկսվեցին դատական գործընթացները այլադավան անձանց նկատմամբ՝ Դանիելի ու Սինյավսկիի, Գինզբուրգի ու Գալանսկովի և այլոց [20]: Յուրաքանչյուր պրոցեսից հետո բողոքարկման նամակներ էին գալիս այլախոհների հետապնդման դեմ ուղղված, որն էլ իշխանության նյարդային արձագանքն էր առաջացնում: Հետաքրքրական է, որ ռեակցիան անձնական ու կոլեկտիվ նամակների հանդեպ տարբեր էր: Ես, օրինակ, նամակ գրեցի ի օգուտ Սոլժենիցինի, բայց նրա վրա ուշադրություն չդարձրին, իսկ բոլոր կոլեկտիվ նամակները հաշվի առան: Բացի այդ, մասնակցում էի նաև կոլեկտիվ նամակների տակ ստորագրահավաքներին՝ ռուսաց լեզվի ինստիտուտում. հավաքվեց 13 ստորագրող: 

Ակադեմիկոս Վինոգրադովի մասին 

Ակադեմիկոս Վիկտոր Վինոգրադով: Մոսկվա, 1964 թվական © Օլեգ Մակարով / ՌԻԱ «Նովոստի»

Ռուսաց լեզվի ինստիտուտի ղեկավարն էր այդ ժամանակ ակադեմիկոս Վիկտոր Վլադիմիրի Վինոգրադովը: Նրան կանչեցին ԽՄԿԿ Կենտկոմ ու պահանջեցին բացատրել՝ ինչպես կարող էր նրա ինստիտուտում այդպիսի անկարգություն լինել: Վինոգրադովը խելացի գտնվեց:  Ասաց, որ իհարկե, այս բոլոր մարդիկ, աստված գիտի, թե ինչ գիտնականներ են, բայց եթե նա հիմա նրանց հեռացնի, ապա բոլորը կասեն, որ նա հեռացրեց նրանց ոչ թե նրա համար, որ միջակություն էին, այլ նրա համար, որ ստորագրել էին բողոքարկման նամակները: Ուստի նա չի կարող գնալ նման քայլի:   

1967 թվականին լույս տեսավ իմ «Ռուսերենի բայի իմաստաբանության փորձարարական ուսումնասիրություններ» գիրքը: Նրանում էականորեն օգտագործված էր Վինոգրադովի գաղափարը, այսպես կոչված, կառուցվածքով պայմանավորված իմաստի մասին: Ես նվիրում էի այն ռուսաց լեզվի ինստիտուտի իմ գործընկերներին, բայց այնքան հիմար էի, որ չնվիրեցի Վինոգրադովին: Համարում էի, որ նա այնքան էլ անթերի չպահեց իրեն այլադավանների ու ստորագրողների հետ կապված: Դա այն դեպքում, երբ Վինոգրադովը բավականին լավ էր վերաբերում այն ամենին, ինչ անում էի, հետևում էր իմ աշխատանքներին, մասնավորապես նաև նրա համար, որ ես հղում էի արել նրան որպես կառուցվածքով պայմանավորված իմաստի գաղափարի սկզբնաղբյուրի: 

Վինոգրադովը կանչեց ինձ ու ասաց. «Գիտեմ, որ ձեր գիրքը լույս է տեսել, կցանկանայի ստանալ այն ձեզնից»: Եկա նրա մոտ գրքով ու նվիրատվության գրառմամբ, որի համար առ այսօր նզովում եմ ինձ՝ «Ակադեմիկոս Վիկտոր Վլադիմիրի Վինոգրադովին՝ ի նշան իր աշխատությունների հանդեպ ունեցած խորը հարգանքի». Մանկիկ, հիմար՝ չգիտեմ թե ինչպես էլ կոչեմ ինձ այս առիթով: Նվիրեցի ու արդեն կանգնել էի հեռանալու համար: Վինագրադովն ասաց. «Սպասե՛ք». Վերցրեց իր սեղանի վրայից բարալիկ մի բրոշյուր և ասաց, որ նույնպես ուզում է ինձ ինչ-որ բան նվիրել: Եվ գրեց. «Յուրի Դերենիկոյի Ապրեսյանին՝ կարեկցանքով». Ճիշտ էր գրել, որովհետև ես պահեցի ինձ ծայրահեղ հիմար կերպով և ստացա ըստ արժանվույն դրա համար: 

Ռուսաց լեզվի ինստիտուտից հեռանալու մասին 

1969 թվականին, երբ ինստիտուտի ղեկավարը դեռ Վինոգրադովն էր, ես անցա հերթական վերաատեստավորումը, չնայած որ գիտական խորհրդի կազմի մեջ մտնող շատ կոմունիստներ դեմ էին քվեարկել: Իսկ հետո Կենտկոմի ցուցումով Լենինգրադից Մոսկվա տեղափոխեցին Ֆիլինին՝ սկզբում լեզվագիտության ինստիտուտի ղեկավար, որտեղ հաստատեց դրակոնյան կարգեր, այնուհետև՝ ռուսաց լեզվի ինստիտուտ: Նա վերակազմավորեց գիտական խորհուրդը, և 1972 թվականի վերաատեստավորումը ես արդեն չանցա: Երբ Նատալյա Յուլևնան գիտական խորհրդի նիստից հետո հանդիպեց նրան միջանցքում, հարցրեց. «Ֆեդոտ Պետրովիչ, եթե Ապրեսյանը չի կարող աշխատել ռուսաց լեզվի ինստիտուտում, ապա էլ ո՞վ»: Նա պատասխանեց. «Կպարզենք»: 

Շատ շուտով դրանից հետո Ֆիլինը իր առանձնասենյակում հավաքեց ինստիտուտի հասարակությանը՝ կուսակցական կոմիտեին, տեղկոմին, գիտական խորհրդի անդամներին: Նա առաջարկեց ինձ հանել իմ ստորագրությունները բողոքարկման նամակներից, մեղքերս խոստովանել և երաշխավորեց, որ այդ դեպքում միայն աշնանը կրկնվելիք վերաատեստավորման ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը: Բայց ես ո՛չ մեղքերս խոստովանեցի, ո՛չ էլ ստորագրություններս հանեցի:  

Տեղկոմի նախագահն էր այն ժամանակ Վոլոդյա Լոպատինը, ով ջերմեռանդորեն ելույթ էր ունենում իմ օգտին և ասում էր, որ եթե Ապրեսյանին հեռացնեն, դա ճիշտ չի հասկացվի կոլեկտիվում:  

Հաջորդ օրը Ֆիլինը կանչեց ինձ դեմ առ դեմ խոսելու համար: Նստած էի նրա աջ կողմում, նրա ականջը՝ սև մազերով, ուղղված էր իմ կողմը: Նա սկսեց համոզել, որ հանեմ իմ ստորագրությունը, գոնե իր ականջին ասեմ, որի դեպքում նա երաշխավորում էր վերաատեստավորում։ Դրանից հետո նա քթի տակ ծուռ ծիծաղեց:  

Ես ունեմ ակնառու պատկերացում բացարձակ չարի ու մասին, ու թե ինչպես է այն իրեն դրսևորում, երբ իր չարությունն է անում. այն ժպտում է բերանի ծայրով: Ես համարում եմ Ֆիլինին՝ իր ծուռ ժպիտով, բացարձակ չարի մարմնացում: Եվ ես կռահեցի նրա դիտավորությունը՝ ստանալ ինձնից մեղքերի խոստովանություն, իսկ վերաատեստավորման ժամանակ այնուամենայնիվ տապալել: Պատասխանեցի նրան. «Ֆեդոտ Պետրովիչ, ի՞նչ արժեք ունի ճնշման տակ ստացված խոստովանությունը: Ո՞վ դրան կհավատա: Եկեք, ավելի լավ է, բաժանվենք այնպես, ինչպես կա, պատրաստ եմ հեռանալ դիմումիս համաձայն». Եվ նա ստորագրեց իմ կամքով աշխատանքից հեռանալու մասին դիմումս. նա հեռուն գնացող ծրագրեր ուներ գիտությունների ակադեմիայում՝ անպայման ուզում էր դառնալ ակադեմիկոս,  վիճաբանություն նրան պետք չէր: Ինչևէ, դա նրան չօգնեց, նա այդպես էլ ակադեմիկոս չդարձավ: 

Ինֆորմէլեկտրոյի մասին 

Յուրի Ապրեսյանը՝ օտար լեզուների ինստիտուտի ուսուցիչը, մերձմոսկովյան արշավներից մեկի ժամանակ, ուր նա տանում էր իր ուսանողներին: © Յուրի Ապրեսյանի անձնական արխիվից

Խորհրդային Միությունում յուրաքանչյուր նախարարություն ուներ մի քանի տասնյակի հասնող մասնաճյուղային տեղեկատվական ինստիտուտներ: Ինֆորմէլեկտրոն էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարության մասնաճյուղային ինստիտուտներից մեկն էր: Այս ինստիտուտում էր աշխատում ոմն Լյոլյա Վոլկովիսսկայա, ով ավելի ուշ արտագաղթեց Իսրայել: Նա ծանոթ էր Բորիս Ռումիշսկիի հետ, ով ղեկավարում էր Ինֆոէլեկտրոյում մեծ տեղեկատվական համակարգերի բաժինը: Վոլկովիսսկայան պատմեց Ռումշիսկիին իմ մասին, ասելով, որ կորցրել եմ աշխատանքս ռուսաց լեզվի ինստիտուտում, և տվեց նրան իմ հեռախոսահամարը: 1972 թվականի հունիսին Ռումշիսկին զանգեց ու հրավիրեց զրույցի:  

Ինֆորմէլեկտրոն այդ ընթացքում սիրախաղի մեջ էր մի ֆրանսիական կազմակերպության հետ, որը թողարկում էր համակարգիչներ առաջին սերնդի հսկայական հաշվողական մեքենաներ, որից յուրաքանչյուրը զբաղեցնում էր մի ամբողջ սրահ: Այս կազմակերպությունը անվճար տեղադրեց Ինֆոէլեկտրոյում «Iris 50» մեքենան՝ մի պայմանով, որ նրա մեջ գործարկվեր որևէ համակարգչային ծրագիր` ֆրանսերեն լեզվի հետ կապված: Ռումշիսկին մեր զրույցի ընթացքում ասաց. «Կարող եք զբաղվել ինչով ուզում եք: Ուզու՞մ եք՝ ֆրանսերեն-ռուսերեն մեքենայական թարգմանությամբ»: Այնուհետև ինձ ընդունեց Ինֆորմէլեկտրոյի տնօրեն Սերգեյ Գլեբի Մալինինը՝ շատ առումներով հիանալի մի մարդ: Մասնավորապես, մարդուն աշխատանքի ընդունելիս նա բացառապես հաշվի էր առնում նրա որակավորումը, այլ ոչ թե նրա կենսագրության հինգերորդ կետը [21]: Ռումշիսկիի կողմից առաջարկված գաղափարը նրա կողմից հավանության արժանացավ, և ես սկսեցի բաժին ձևավորել դրա իրագործման համար: 

Պետք է ասեմ, որ կուսակցության իմաստուն քաղաքականությունը թեթևացրեց այս խնդրի լուծումը՝ շրջապատում կային շատ շնորհաշատ գործազուրկ մասնագետներ, որոնց միակ թերությունը ևս իրենց կենսագրության հինգերորդ կետն էր:  Առաջինը նոր ընդունվածներից իմ ասպիրանտ Լյոնյա Իոմդինն էր՝ հիանալի լեզվաբան, ով տեղափոխվել էր  Նովոսիբիրսկից Մոսկվա, ամուսնացել էր, բայց աշխատանք չէր կարողանում գտնել: Երկրորդը Իգոր Բոգուսլավսկին էր՝ ՄՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի փայլուն շրջանավարտ, ում երաշխավորել էին ասպիրանտուրա ընդունվելու համար, բայց չէին թույլատրել մասնակցել քննությունների՝ իր համակուրսեցու, կուսակցության անդամի հակահրեական մատնության պատճառով: Հետո եկավ Լյոնյա Կռիսինը, ում հինգերորդ կետի հետ կապված որևէ խնդիր չկար, բայց նա վերոնշյալ բողոքարկման նամակների ստորագրողներից մեկն էր: Վերջին ընդգրկվածը Սաշա Լազուրսկին էր՝ Վիկտոր Յուլիի Ռոզենցվեյգի լավագույն շրջանավարտը: 

Ֆրանսերենից ռուսերեն տեքստերի մեքենայական թարգմանության համակարգի ստեղծման համար պետք էր մշակել. ա) ֆրանսերեն լեզվով նախադասությունների ձևաբանական ու շարահյուսական վերլուծության ֆորմալ մոդելներ, բ) վերլուծության արդյունքում ստացված ֆրանսերեն նախադասությունների շարահյուսական կառուցվածքի փոխակերպման կանոնների համակարգ (նրանք ունեին կախվածությունների ծառերի տեսք) [22] ռուսաց լեզվի շարահյուսական կառուցվածքներում, գ) ռուսաց լեզվի նախադասությունների ձևաբանական ու շարահյուսական սինթեզի ֆորմալ մոդելներ, դ) երկու լեզուներով մեքենայական բառարաններ (յուրաքանչյուրը 100.000–ից ավել բառերի ծավալով)՝ վերը թվարկված տեքստերի վերլուծության ու սինթեզի ֆորմալ մոդելների փոխներգործության հնարավորությամբ: 

Միակ մարդը նմանատիպ աշխատանքային փորձով Լյոնյա Իոմդինն էր: Իր փորձը նա ձեռք էր բերել Իգոր Մելչուկի հետ համագործակցության ընթացքում, որն էլ, բնական է, իրենց տանդեմի գնացքաքարշն էր: Նրանք մշակեցին շարահյուսական վերլուծության կանոններ ռուսաց լեզվի երեք հիմական շարահյուսական հարաբերությունների համար՝ ներառյալ ստորոգելիականը. ֆորմալ շարահյուսության մեջ դա հարաբերությունն է ստորոգյալի ու ենթակայի միջև, ընդ որում նախադասության գլխավոր անդամը համարվում է ստորոգյալը: 

Ֆրանսերենից ռուսերեն մեքենայական թարգմանության համակարգի մեր աշխատանքը, սակայն, սկսեցինք մեր մայրենի լեզվի շարահյուսության ֆորմալ մոդելի մշակումից: Ավելի ստույգ, կախվածությունների ծառի կառուցումից «По весне в Информэлектро потянулись подводы с мочеными яблоками. (Գարնանը Ինֆորմէլեկտրո հասան թթու խնձորներով սայլերը:)» նախադասության համար: Մենք երիտասարդ էինք, ուրախ և աշխատանքի ժամանակ անընդհատ ծիծաղում էինք:  

Մեր ծիծաղը հետաքրքրեց Լյոնյա Ցինմանին՝ ևս մեկ ստորագրած-վտարյալ անձ, նրան վռնդել էին Ֆրունզեի անվան Ակադեմիայից, որտեղ մաթեմատիկա էր դասավանդում:  Մի անգամ նա նստեց մեզ մոտ, սկսեց լսել մեր քննարկումները և դրանք նրան այնքան գրավեցին, որ նրա մոտ ցանկություն առաջացավ գրելու ծրագիր ֆրանսերենից ռուսերեն տեքստերի մեքենայական թարգմանության համար: 

Հարկ է նշել, որ սկզբնապես մեր համակարգի ծրագրավորողի դերին հավակնում էր լաբորատորիայի վարիչ Ռումշիսկին: Բայց նրա մոտ անընդհատ ինչ-որ գործեր էին ծագում, որոնք խանգարում էին նրան իսկապես լծվել աշխատանքին: Ես ավելի ու ավելի համառորեն ստիպում էի նրան, և նա, վերջապես, հանձնեց ինձ 56 էջանոց ձեռագիր: Ինձ չհաջողվեց ո՛չ հասկանալ, ո՛չ էլ գոնե որոշել դրա ժանրը: Դրանում ալգորիթմի նման կամ ալգորիթմ հիշեցնող ոչինչ չկար: Դրանք փիլիսոփայական մտորումներ էին՝ անհեթեթության հասնող: 

Հենց այդ պահին լաբորատորիա եկավ բաշխման ցուցումը՝ մի քանի մարդ էր հարկավոր ուղարկել հովանավորվող սովխոզ: Ռումշիսկին ուղարկեց ինձ ու երկու ծրագրավորողների՝ Վիտյա Ալշվանգին և Ֆելիքս Սկլյարինսկուն: Այնպես ստացվեց, որ աշխատանքային օրվա ավարտից և ընթրիքից հետո ես կիսվեցի նրանց հետ իմ խնդիրներով: Ու նրանք ինձ ասացին, որ Ռումշիսկին տապալում էր բոլոր այն ծրագրերը, որոնք հանձն էր առնում գրել: Երբ մենք վերադարձանք Մոսկվա, լաբորատորիայի առաջին իսկ ժողովի ժամանակ ասացի Ռումշիսկուն, որ հրաժարվում ենք նրա հետ հետագա համագործակցությունից: Չեմ հիշում, թե ի պատասխան ինչ ասաց նա, բայց այնքան անարդարացի, որ ես նրա խոքերն անվանեցի զրպարտություն: Սկսվեց մեր համագործակցությունը Լյոնյա Ցինմանի հետ:    

Առաջին հերթին նա բացեց մեր աչքերը՝ բացատրելով, թե ինչն է համարվում ֆորմալ մոդել լեզվաբանության մեջ և ֆորմալ մոդել՝ ավելի ճշգրիտ գիտություններում: Պարզվեց, որ բնական լեզվի շարահյուսության մոդելը կարող է համարվել ֆորմալ միայն այն դեպքում, երբ նրա կանոնները գրված են համակարգչի համար հասկանալի լեզվով: Նա ստեղծեց այդպիսի լեզու, մենք յուրացրինք այն և դրանով գրեցինք վերը թվարկված մեր մեքենայական թարգմանության լեզվաբանական մոդելի բոլոր բաղադրամասերը: Իսկ Լյոնյա Ցինմանը մշակեց ֆրանսերենից ռուսերեն տեքստերի թարգմանության ալգորիթմ և ծրագրեր: 

Մեքենայով կատարված առաջին թարգմանությունների որակը լիովին տանելի էր, բայց մեզ մոտ առաջացան այլ բնույթի խնդիրներ: Բանը նրանում է, որ Խորհրդային Միությունում մասնաճյուղային ինստիտուտում մշակվող յուրաքանչյուր գիտական խնդրի համար նշանակվում էին, այսպես կոչված գլխամասային ինստիտուտներ: Մեր խնդրով գլխամասային էր նշանակվել Թարգմանությունների Համամիութենական Կենտրոնը (ԹՀԿ), որը ղեկավարում էր Յուրի Նիկոլայի Մարչուկը: Մենք, սակայն, հրաժարվեցինք նրան ենթարկվել: 

Մեզ Մարչուկի հետ միասին կանչեցին Գիտության ու տեխնիկայի պետական կոմիտե (ԳՏՊԿ), բաժին, որը ղեկավարում էր Օլեգ Վալերիանի Կեդրովսկին:  Նա հարցրեց, թե ինչու ենք հրաժարվում գլխամասային ինստիտուտի հետ համագործակցությունից: Ես նախ անկեղծ դեմագոգիկ հարց տվեցի Կեդրովսկուն` նա ուզում է ղեկավարումը լինի ըստ էության, թե՞ ձևական: Բնականաբար նա պատասխանեց, որ խոսքը գնում է իրական ղեկավարման մասին: Ի պատասխան, ասացի, որ իրական ղեկավարում ԹՀԿ-ի կողմից հնարավոր չէ, քանի որ այնտեղ աշխատում են վատ մասնագետներ և նրանք չեն կարող ղեկավարել մեր խմբին: ԹՀԿ-ի հետ համագործակցելուց մեր հրաժարվելը ձևակերպվեց վերջնագրի տեսքով․ եթե, այնուամենայնիվ, ղեկավարությունը ստիպի մեզ ենթարկվել այս ինստիտուտին, ապա խումբը կնախընտրի ինքնալուծարվել: Այսպիսի սկանդալի ղեկավարությունը որոշեց չգնալ, մեզ վրա սկսեցին ճնշում գործադրել և մենք պահպանեցինք մեր ինքնուրույնությունը:  

Սակայն մեզ վրա սկսեցին ճնշում գործադրել այլ կողմից, և 70-ական թվականների վերջին այն հասավ ծայրահեղ կետի: Ինձ կանչեցին էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարության տեխնիկական վարչության ղեկավար ընկեր Ջանոյանի մոտ և նա բացատրեց, որ Ինֆորմէլեկտրոյում չի կարող պահել մեքենայական թարգմանության խումբ: Առաջին հերթին, այս հարցով զբաղվում է Թարգմանությունների Համամիութենական կենտրոնը, երկրորդ՝ նախարարությունում ֆրանսերեն լեզվով փաստաթղթաշրջանառության հոսքն այնքան շատ չէ, որպեսզի դրանց թարգմանության համար ստեղծվի առանձին արտադրական գիծ: 

Դա մաքուր ճշմարտություն էր, բայց Խորհրդային Միությունում այդպես էր կառուցված գիտական կյանքը՝ շատ բանիմաց մարդիկ չէին կարողանում զբաղվել երկրին անհրաժեշտ գործով, անհրաժեշտ վայրում: Բավական է հիշել գենետիկայի ջախջախումը: Գենետիկների միակ խումբը, որը հրաժարվեց հանձնվել (Վլադիմիր Պավլի Էֆրոիմսոնի խումբը), փրկվեց երկրի գլխավոր ատոմային մասնագետի՝ Իգոր Վասիլի Կուրչատովի կողմից: Նա օթևան տվեց կենսաբաններին իր ատոմային էներգիայի ինստիտուտում:

Բարեբախտաբար, մենք ունեինք պաշտպաններ, այդ թվում՝ գիտությունների ակադեմիայում: Կնշեմ նրանցից ամենահամառին՝ ակադեմիկոս Անդրեյ Պետրոյի Երշովին:  Դրա համար էլ Ջանոյանն անձամբ չհամարձակվեց կազմալուծել խումբը, այլ ինչ-որ տեղ զանգեց: 

Որոշ ժամանակ անց ինձ իր առանձնասենյակ կանչեց Ինֆորմէլեկտրոյի տնօրենի տեղակալ Սենկևիչը, ով անվանապես վերահսկում էր մեր աշխատանքը: Այնքան վախեցած էր, որ ցավալի էր նրան նայել: Նրան կանչում էին ընկեր Կարպուշինի մոտ մեր աշխատանքի վերաբերյալ զեկուցելու: «Իսկ ո՞վ է ընկեր Կարպուշինը», ” հարցրի ես: Սենկևիչը շնչահեղձ եղավ ու որոշ ժամանակ ուշքի չէր գալիս: Վերջապես ուժերը հավաքեց և պատասխանեց. «Դե Ջանոյանը Կարպուշինի համար, նույնն է ինչ դուք Ջանոյանի համար: Նա Կենտկոմի գիտության բաժնի ղեկավարի տեղակալն է»: Ես մտովի հաշվեցի հիերարխիկ աստիճանները՝ ինձ Ջանոյանից բաժանող, (դրանք ութն էին) և հասկացա, թե ինչու է Սենկևիչը խառնվել իրար: Ամեն դեպքում նա ուժ գտավ ասելու, որ ինքն անձամբ չի գնալու Կենտկոմի գիտության բաժին, այլ ուղարկում է ինձ մեքենայական թարգմանության փաստաթղթերով: Մեր խմբի ճակատագիրը կրկին մազից էր կախված: 

Ինձ ընդունեց միջին տարիքի մի տղամարդ՝ հասարակ գյուղացու դեմքով և մտավորականի խելացի աչքերով:  «Նստեք, պատմեք, 20 րոպե ունեք», ” արտաբերեց նա և իմ մենախոսության ընթացքում չընդհատեց ոչ հարցով, ոչ դիտողությամբ: Նայեց ֆրանսերենից ռուսերեն մեքենայական թարգմանության օրինակները: Վերջում ասաց. «Շնորհակալություն, դուք ազատ եք»: Վեր կացա ու հարցրի. «Իսկ ի՞նչ ասեմ ընկերներիս, երբ վերադառնամ աշխատանքի»: Նա հազիվ նկատելի ժպտաց ու պատասխանեց. «Փոխանցեք, թող հանգիստ աշխատեն: Իսկ նախարարություն ես կզանգեմ»: Այստեղ ես հասկացա, թե Ջանոյանն ինչպես էր որոշել ապահովագրել իրեն:  

Գոյության համար այսպիսի պայքար մենք մղում էինք անդադար և հոգնեցուցիչ կլիներ պատմել այն իր ողջ բարդություններով: Կպատմեմ միայն մի ցուցադրական դրվագի մասին, երբ ես ստիպված էի անցնել թեթև դեմագոգիայի, որպեսզի մեզ չկազմալուծեն: 

Չնայած Կենտկոմում հանդիպումից հետո նախարարության կարևոր պաշտոնյան ծայրահեղ չկամությամբ հանդուրժում էր մեզ, նա դեռ ընկալում էր մեր խմբին որպես բացարձակ օտար մարմին: Ճիշտ էր համարում: Դրա համար էլ, երբ մեր աշխատանքի հերթական փուլն ավարտվեց, նա` իր տեղակալ Կոչետկովի գլխավորությամբ հանձնաժողով ուղարկեց Ինֆորմէլեկտրո` պաշտոնապես ընդունելու այն: 

Այս հանձնաժողովը եկավ Ինֆորմէլեկտրո 1980 թվականին: Մեր աշխատանքի արդյունքները, այսինքն ֆրանսերենից ռուսերեն էլեկտրատեխնիկական տեքստերի թարգմանությունը, Կոչետկովին դուր եկան, բայց ինչ-որ բան նրա դեմքի վրա ինձ ասում էր, որ խոչընդոտը դեռ հաղթահարված չէր և ես որոշեցի ամեն դեպքում ուժեղ միջոց կիրառել: Երբ նա կանչեց ինձ առանձնասենյակ վերջնական դեմ առ դեմ զրույցի համար, ես նրան պատմեցի մեծ ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի մասին հետևյալ պատմությունը (շարադրում եմ համաձայն Դեյվիդ Վեյսի գրքի «Մերկ եմ եկել ես…», որը նոր էի ընթերցել): 

Քսան տարեկանում, քրոջ մահից հետո, Օգյուստ Ռոդենը ծանր հոգեկան ճգնաժամ ապրեց և գնաց վանք, որտեղ սկսեց ապրել որպես սովորական վանական՝ եղբայր Կլոդ անունով: Մեկ տարի անց վանքի վանահայր, վանական Պիեռ-Ժուլյեն Էմարը դուրս եկավ բակ ու գտավ այնտեղ Ռոդենին: Նա ուշադիր զննում էր պատի տակ թափված գերանները՝ փայտեր, որոնք ավելի ուշ վանքն են տաքացնելու: «Ի՞նչ տեսար այնտեղ, եղբայր Կլոդ», ” հարցրեց նրան վանահայրը. «Քանդակ», ” պատասխանեց Ռոդենը:

Հաջորդ օրը վանահոր հրամանով վանք բերվեցին քանդակագործի բոլոր գործիքները և Ռոդենը սկսեց զբաղվել իր իրական գործով: Եվս մեկ տարի և նա դուրս եկավ վանքից լիովին ապաքինված, 50 տարեկանում հանրաճանաչ դարձավ, իսկ 1917 թվականի նոյեմբերին նա մահացավ: Եվրոպայում պատերազմող երկրները մեկ օրով դադարեցրին ռազմական գործողությունները: Անցավ ևս որոշ ժամանակ և Պիեռ-Ժուլյեն Էմարը, ով օթևան էր տվել քանդակագործին վանքում, սրբերի շարքը դասվեց: 

Հանձնաժողովի նախագահը լսեց իմ առակն ու ընդունեց, սակայն հասկանում էր, որ սրբերի շարքին դասվելու հեռանկար իրեն չի առկայծում: «Լավ, ” ասաց նա, ” բայց սկսեք ստեղծել համակարգ անգլերեն-ռուսերեն մեքենայական թարգմանության համար»: Ինֆորմէլեկտրոյում մենք դրանով զբաղվեցինք ևս չորս տարի, իսկ գորբաչովյան վերակառուցման հենց սկզբում տեղափոխվեցինք Խարկևիչի անվան տեղեկատվության փոխանացման պրոբլեմների ակադեմիական ինստիտուտ և այնտեղ ենք առ այսօր: Այս տեղափոխությունը հնարավոր եղավ երկու հիանալի մարդկանց ջանքերի շնորհիվ՝ մեր ականավոր մաթեմատիկոս Ռոլանդ Լվովի Դոբրուշինի և ինստիտուտի տնօրենի տեղակալ Իոսիֆ Աբրամի Օվսեևիչի: Նրանք դիմեցին ԽՍՀՄ ԳԱ նախագահություն՝ Եվգենի Պավլի Վելիխովին, և նա բացեց մեր տեղափոխման համար անհրաժեշտ հաստիքները: 

Պետք է ասեմ, որ երբ ես ստիպված սկսեցի զբաղվել մեքենայական թարգմանությամբ, ոչ մի լավ բան այդ գործունեությունից չէի սպասում: Մեքենայական թարգմանությունը իմ ոլորտը չէ: Բայց պարզվեց, որ այս անգամ ևս կյանքը կամ ճակատագիրը շատ իմաստուն կերպով են որոշել: Շնորհիվ մեքենայական թարգմանության՝ մենք սովորեցինք մի կարևոր բան՝ լեզվի ինտեգրալ նկարագրությունը, առանց որի ճիշտ լեզվաբանական աշխատանքը անհնար է: Բացատրեմ, թե դա ինչ է:

Նախքան համակարգիչների ի հայտ գալը` քերականներն ու բառագետներն աշխատում էին քիչ թե շատ իրարից անկախ: Չնայած, որ քերականության մեջ ներկայացվում էին բառերի հիմնական դասերը, որոնց վրա տարածվում էին որոշակի կանոններ, իսկ բառարաններում տարրական քերականական տեղեկատվություն էր տեղադրվում բառերի մասին (խոսքի մաս, գոյականների սեռ, բայի տեսակ, կարևոր քերականական ձևեր), սակայն ոչ մի լեզվի համար կազմված չէր «քերականություն-բառարան» զույգը, որոնք մաքսիմալ համաձայնեցված կլինեին իրար հետ՝ դրանց մեջ տեղադրված բոլոր տեսակի տեղեկատվությամբ և դրա գրառման ֆորմալ լեզվով: Սա էլ հենց լեզվագիտական նկարագրությունների ինտեգրալության սկզբունքն է: Ոչ մի այլ նկարագրություն համակարգչի համար պիտանի չէ, բայց այս կիրառական գործառույթով դրա նշանակությունը չի սահմանափակվում: Իրականում լեզվի ինտեգրալ նկարագրությունը պարզվում է` տեսական իդեալ է: 

Յուրի Ապրեսյանը կոնֆերենցիայի ժամանակ` իր 90-ամյակի պատվին: Ռուսաց լեզվի ինստիտուտ ԳԱ, փետրվար 2020 թվական © Քսենիա Սեմյոնովա / Յուրի Ապրեսյանի անձնական արխիվից /

Այդ իդեալին հասնելու կամ գոնե մոտենալու համար քերականը պետք է աշխատի լեզվի բառույթների ողջ ծավալի վրա, պետք է հաշվի առնի դրանց բոլոր ձևերը, որոնք անմիջականորեն չեն ընդգրկվել բառարանում: Իր հերթին բառագետը պետք է աշխատի քերականական կանոնների ողջ ծավալի վրա, այդ թվում` շարահյուսական ու վանկաչափական, և ներառի բառակազմության կանոնները՝ ստույգ առանձին բառույթների կամ բառույթների ոչ մեծ խմբերի համար, դրանց բառային բաժնում:  

Լեզվաբանական նկարագրությունների ինտեգրալության ուղղվածությունը դարձել է մեր գործունեության ղեկավար սկզբունքը: 

1994 թվականին մեր խմբի ղեկավարումը, որը դեռ 1989 թվականին ձեռք էր բերել համակարգչային լեզվաբանության լաբորատորիայի կարգավիճակ, ես փոխանցեցի Իգոր Միխայիլի Բոգուսլավսկիին: Ներկայումս լաբորատորիայի գլխավոր գործը կիսաֆունկցիոնալ լեզվաբանական պրոցեսոր ЭТАП-ն է: Սա բնական լեզուներով տեքստերի վերլուծության ու սինթեզի տարբեր համակարգչային համակարգերի մեծ ամբողջություն է, որը վաղուց դուրս է եկել պարզ թարգմանչական շրջանակներից, որից մենք մի ժամանակ սկսել էինք:    

Իսկ ինձ համար 1990 թվականին հնարավորություն ստեղծվեց իրականացնելու լեզվի ինտեգրալային նկարագրության գաղափարը նաև բառարանագրական պրոդուկտներում՝ սահմանված մարդու համար: Յուրի Նիկոլայի Կարաուլովը, այն ժամանակվա ռուսաց լեզվի ինստիտուտի ղեկավարը, առաջարկեց ինձ վերադառնալ ինստիտուտ ու այնտեղ բաժին ձևավորել իմաստաբանության պարապմունքների համար: Երջանիկ էի ընդունելու այդ առաջարկությունը և 1991 թվականի մայիսին տեսական իմաստաբանության բաժնի հիմքը դրվեց, որը սկսեց մշակել ռուսաց լեզվի հոմանիշների նոր բացատրական բառարանը (НОСС): Հոմանիշների նոր բացատրական բառարանի երեք հրատարակում լույս տեսավ 1997, 2000 և 2003 թվականներին համապատասխանաբար, իսկ 2004 թվականին լույս տեսավ միահատոր բառարանի երկրորդ հրատարակությունը՝ ուղղված ու լրացված: Դրանից հետո բաժնի կոլեկտիվը` էականորեն մեծացած (հիմա նրա կազմում են Վալենտինա Յուրևնա Ապրեսյանը, Յուրի Դերենիկի Ապրեսյանը, Ելիզավետա Էդուարդովի Բաբաևան, Օլգա Յուրևի Բոգուսլավսկայան, Յան Միխայիլի Բուխարովը, Մարինա Յակոլևի Գլովինսկայան, Բորիս Լեոնիդի Իոմդինը, Տատյանա Վլադիմիրի Կռիլովան, Իրինա Բորիսի Լևոնտինան, Անաստասիա Ալեքսանդրի Լոպուխինան, Անդրեյ Վլադիմիրի Սաննիկովը,  Եկատերինա Անդրեյի Սմիրնովան, Ելենա Վլադիմիրի Ուռիսոնը), ձեռնամուխ եղավ ռուսաց լեզվի ակտիվ բառարանի կազմմանը: Այս աշխատանքին մասնակցում են ՄՊՀ բանասիրական ֆակուլտետի երկու դասախոսներ՝ Իրինա Վլադիմիրի Գալակտիոնովան ու Աննա Վադիմիրի Պտենցովան: 2010 թվականին լույս տեսավ այս բառարանի ուրվագիրը, իսկ 2014 թվականին՝ առաջին երկու հատորները (А-ից Г-ն ներառյալ), 2017 թվականին՝ երրորդ հատորը (Д-ից З-ն ներառյալ): Ներկայումս տպագրության ենք պատրաստել չորրորդ հատորը (И — К) և աշխատում ենք հինգերորդի վրա: 

«Բառային իմաստաբանություն» գրքի մասին

Յուրի Ապրեսյանի «Բառային իմաստաբանություն» գրքի շապիկը։ Մոսկվա, 2009 թ․, © «Սլավոնական մշակույթների լեզուներ» հրատարակչություն

1970 թվականին Ռուսաց լեզվի ինստիտուտի պլանով, որտեղ ես դեռ աշխատում էի, ես պետք է հանձնեի տպագրության «Բառային իմաստաբանություն» գիրքը: Ավարտեցի այն ու ժամանակին հանձնեցի, որից հետո սկսեցին տարաձայնությունները:

Ես չասացի, որ Ռուսաց լեզվի ինստիտուտում աշխատում էր նաև իմ կինը՝ Մարինա Յակովի Գլովինսկայան: Մի օր նա գալիս է տուն ու ասում. «Տարօրինակ է՝ Ֆիլինը, երբ տեսնում է ինձ միջանցքում, շրջվում ու չնկատելու է տալիս, իսկ այսօր նետվեց դեպի ինձ՝ համարյա գրկախառնվելով: Տեսնես՝ ինչո՞ւ»: Ես արտահայտեցի ենթադրությունս, որ երևի ինչ-որ ստորություն է կազմակերպել: Եվ, իրոք, պարզվեց, որ նա նամակ էր ուղարկել «Գիտություն» հրատարակչություն, որում խորհուրդ էր տալիս հրատարակության պլանից դուրս նետել «Բառային իմաստաբանությունը» և դրա փոխարեն տպագրել Կոտելովայի բարակ բրոշյուրը, որի մեջ նա հայհոյում էր իմ աշխատությունները: Պետք է նշել, որ նրա բրոշյուրը շատ արագ տպագրվեց:     

Չգիտեմ թե ինչու, բայց բախտս միշտ բերել է լավ մարդկանց հարցում: «Գիտություն» հրատարակչությունում այդ ժամանակ աշխատում էր Օլգա Պավլովի Ռոժկովան, ով, առաջին հերթին, կուսակցության անդամ էր, երկրորդ՝ հրատարակչությունում զբաղեցնում էր կարևոր պաշտոն: Նա կապվեց ինձ հետ և ասաց, որ իրեն զանգահարել են կուսակցության Կենտկոմից՝ խնդրելով բերել «Բառային իմաստաբանություն» աշխատության ձեռագիրը:  Նա տարել է այն Կենտկոմ, ըստ երևույթին գիտության բաժին: Նրան ասել էին. «Թողեք, կնայենք, կպարզենք»: Իսկ հարցին «ե՞րբ ձեզ զանգենք»՝ ասել էին «մեկ շաբաթից»։ Երբ նա մեկ շաբաթ անց զանգել էր, շատ էին զարմացել. «ի՞նչ գիրք, ոչ մի գիրք մեզ չի հասել»: Նա զանգեց ինձ, ներկայացրեց ամբողջ այս խոսակցությունը և ասաց. «եթե ձեզ մոտ մնացել է պատճեն՝ մենք կհավաքենք ու կհրատարակենք»: Ինձ մոտ մնացել էր չորրորդ մեքենայագիր պատճենը, ամենաանպարզը, մյուս երկուսը համենայն դեպս ուղարկել էի արտասահման՝ գործընկերներիս: Երկու ամիս աշխատեցի մնացած պատճենի վրա Ինֆորմէլեկտրոյի մեր սենյակում՝ լրացնելով նրանում տառերը: Իմ ընկեր-պաշտոնակիցները փակում էին աչքերը այն բանի վրա, որ չէի մասնակցում ընդհանուր աշխատանքներին, ու ամեն կերպ խրախուսում էին այդ զբաղմունքս: 

1974 թվականին գիրքը լույս տեսավ: Եվ երբ Ֆիլինը նորից հանդիպեց Մարինային Ռուսաց լեզվի ինստիտուտի միջանցքում, նա խույս էր տվել նրանից: 

Դոկտորական ատենախոսության մասին 

Քանի դեռ Ռուսաց լեզվի ինստիտուտում ղեկավարը Ֆիլինն էր, մտածել դոկտորական ատենախոսության պաշտպանության մասին բացարձակապես անհնարին էր: Սակայն ինձ հետ այնտեղ շատ լավ էր վերաբերվում Նիկիտա Իլյաի Տոլստոյը, ով գնահատում էր «Բառային իմաստաբանություն»-ը և նույնիսկ անվանեց այն դասական աշխատություն: Հենց Նիկիտա Իլյիչն էլ եռանդուն կերպով հանձն առավ կազմակերպելու դոկտորականի պաշտպանությունը «Բառային Իմաստաբանության» հիման վրա: Նա պայմանավորվեց մեկ այլ հիանալի մարդու հետ՝ Ադամ Եվգենիի Սուպրունի, ով Մինսկի համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչն էր, այն մասին, որ Սուպրունի ամբիոնում էլ կկազմակերպվի «Բառային Իմաստաբանության» պաշտպանությունը՝ որպես դոկտորական ատենախոսություն: Իմ պաշտոնական ընդդիմախոսներն էին Յուրի Սերգեյի Մասլովը, Վերա Արսենի Բելոշապկովան, Վլադիմիր Պետրայի Նեդյալկովը: Ամեն ինչ ավարտվեց բավականին բարեհաջող կերպով: 

ՏՓՊԻ-ի մասին 

Լեոնիդ Իոմդինը, Ելենա Իոմդինան, Իգոր Բոգուսլավսկին, Մարինա Գլովինսկայան, Յուրի Ապրեսյանը, Օլգա Բոգուսլավսկայան Ապրեսյանի ու Գոլովինսկիի ամառանոցում: 2021 թվականի հուլիս © Յուրի Ապրեսյանի անձնական արխիվից

1985 թվականին սկսվեց հերթական «Ձնհալը»: Իսկ ես 60-ական թվականներից սկսած լավ հարաբերությունների ունեի Ռոլանդ Լվովի Դոբռուշինի՝ ականավոր մաթեմատիկոսի ու նաև բացառիկ հիանալի մարդու հետ: Պետք է ասել, որ նրա հետաքրքրությունների շրջանակի մեջ մտնում էր նաև լեզվաբանությունը: Չեմ հիշում, որ առիթով ու երբ՝ բերեցի նրան նախադասության երկիմաստության օրինակ, որն առաջանում է բայի նշանակության մեջ իմաստային բաղադրիչների վրա գնահատման մակբայի ունեցած ազդեցության հաշվին, որին այն շարահյուսորեն ենթարկվում է: Մի պարզ օրինակ՝ «Պետյան լավ բնութագրեց իր համակուրսեցիներին»: Բնութագրել X մարդու նշանակում է – առաջին մոտեցմամբ՝ «նկարագրել X մարդու հիմնական հատկությունները և ինչ-որ կերպ գնահատել դրանք»:  Գործողության տիրույթում «լավ» մակբայը կարող է ունենալ կամ «նկարագրել», կամ «գնահատել» իմաստը: Առաջին դեպքում ստացվում է լավ նկարագրություն, բայց գնահատականը կարող է լինել բացասական, իսկ ահա երկրորդում՝ գնահատականը, անկասկած, դրական է, չնայած որ նկարագրությունը կարող է լինել վատը: 

Նա ուներ սեփական լաբորատորիա Գիտությունների Ակադեմիայի տեղեկատվության փոխանցման պրոբլեմների ինստիտուտում (ներկայումս ՌԳԱ Խարկևիչի անվան ՏՓՊԻ), և նա հրավիրեց մեր խմբին այս լաբորատորիա: Մեզ համար հաստիքներ էին բացվել Գիտությունների Ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիկոս Եվգենի Պավլովիչ Վելիխովի կողմից: Շատ ջանք էր ներդրել նաև նովոսիբիրսկյան ակադեմիկոս Անդրեյ Պետրոյի Երշովը, որպեսզի մեր տեղափոխումը դառնար իրականություն: 1985 թվականի աշնանը տեղի ունեցավ մեր տեղափոխությունը ՏՓՊԻ: 

Սկզբում մենք Ռոլանդ Լվովիչի լաբորատորիայի կազմում խումբ էինք, բայց տարվա վերջում ՏՓՊԻ-ում ձևավորվեց ինքնուրույն համակարգչային լեզվաբանության լաբորատորիա, որը բարեհաջող կերպով գոյատևում է առ այսօր: Նրա կազմը ընդլայնվել է, համալրվել է շատ երիտասարդ աշխատակիցներով:   

Աստիճանաբար ուսանողներիս փոխանցեցի այն ամենը, ինչը ղեկավարում էի։ Համակարգչային լեզվաբանության լաբորատորիան ներկայումս փոխ առ փոխ ղեկավարում են Իգոր Բոգուսլավսկին ու Լյոնյա Իոմդինը: Տեսական իմաստաբանության բաժնի ղեկավարումը, որտեղ կազմվում է ռուսաց լեզվի ակտիվ բառարանը, նույնպես փոխանցեցի իմ երկրորդ սերնդի ուսանող՝ Բորյա Իոմդինին: 

Ես ունեմ որոշակի համոզմունք, որով փորձում եմ առաջնորդվել իմ կյանքում՝ Ուսուցչի արժանապատվությունը կայանում է նրանում, որպեսզի իր աշակերտներն առաջ անցնեն իրենից, ծնողի արժանապատվությունը կայանում է նրանում, որպեսզի իր երեխաներն առաջ անցնեն իրենից: Ուրախ եմ, որ իմ կյանքում իրականություն են դարձել և՛ մեկը, և՛ մյուսը:  Իմ աշակերտներն ու երեխաներն առաջ են անցել ինձնից: Միգուցե արված աշխատանքի ծավալով դեռ չէ, բայց նրանք, անկասկած, գերազանցել են ինձ նկարագրությունների խորությամբ ու նրբությամբ:  

Եզրափակելով՝ կասեմ, որ իմ կյանքում պատահած ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Չկա չարիք՝ առանց բարիքի: Ունեմ բոլոր հիմքերը՝ ինձ երջանիկ մարդ համարելու համար: 

Ծանոթագրություն

  1. 1791 թվականին Ռուսական կայսրությունում սահմանվեց հրեաների «նստակյացության սահմանագիծը»՝ տարածք, որի սահմաններից դուրս հրեաներին արգելվում էր մշտական բնակվել: Գոյատևեց մինչև հեղափոխությունը:
  2. Կոմունիստական ակադեմիա (մինչև 1924 թվականը Սոցիալիստական ակադեմիա) հիմնադրվել է 1918 թվականին և համարվում էր մարքսիստական կրթության կենտրոնը: Այն ստեղծված էր որպես նախահեղափոխական գիտությունների ակադեմիայի այլընտրանք, սակայն կարճ գոյատևեց: 1936 թվականին Կոմունիստական ակադեմիան փակեցին:
  3. Խոսքը գնում է Բուլատ Օկուջավայի «Արքա» երգի մասին:
  4. Խմգ․ «ուժե-ուզե», բառախաղ։
  5. Գրականության ու հրատարակչությունների գործերով գլխավոր վարչություն՝ զբաղվում էր տպագրված նյութերի գրաքննությամբ, այդ թվում նաև ԶԼՄ-ի:
  6. «Բժիշկների գործը» (նաև հայտնի որպես «բժիշկ-վնասարարների գործ» և «գործ սիոնիստական դավադրության մասին»)՝ քրեական գործ ընդդեմ հայտնի խորհրդային բժիշկների, ովքեր բուժում էին խորհրդային էլիտայի ներկայացուցիչներին ու 1953 թվականի հունվարին ձերբակալվածներին: Գործը դարձավ «հայրենամերժ կոսմոպոլիտիզմի» դեմ պայքարի ավելի ընդհանուր հակասեմական արշավի մի մասը: Շուտով Ստալինի մահից հետո 1953 թվականի մարտին այս գործով բոլոր ձերբակալվածները ազատ արձակվեցին ու վերականգնվեցին։ 
  7. Վիկտոր Յուլիի Ռոզենցվեյգ (1911–1998)` լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր։ Ռոզենցվեյգը մեծ ներդրում է ունեցել մեքենայական թարգմանության, կիրառական և մաթեմատիկական լեզվաբանության զարգացման գործում։
  8. Անդրեյ Անատոլիի Զալիզնյակ (1935–2017)՝ լեզվաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր։  Ռուսերենի շեղման և ակցենտոլոգիայի բնագավառում աշխատությունների հեղինակ է, ինչպես նաև՝ ռուսաց լեզվի պատմության վերաբերյալ ուսումնասիրությունների, հիմնականում նովգորոդյան կեչու կեղևի տառերի և «Ասք Իգորի ճակատամարտի մասին»: Մոսկվայի համեմատական ​​ուսումնասիրությունների դպրոցի հիմնադիրներից։
  9. Формализм (մոտ է «ֆորմալ մոդել» հասկացությանը) — տեղեկատվությունը ֆորմալ տեսքով ներկայացնելու եղանակ՝ հասանելի մաթեմատիկական ու ծրագրային վերլուծության համար: Գրաֆ-ցանկացած համակարգի ներկայացում տարրերի ու սխեմաների միջև զույգ կապերի տեսքով, որտեղ տարրերը ներկայացված են կետերի տեսքով՝ այսպես կոչված կապերի կամ գագաթների՝ միացած իրար հատվածներով կամ կողերով:
  10. Մակերեսային շարահյուսական կառուցվածք՝ շարահյուսական կառուցվածք լեզվաբանական տեսությունների շարքում, որը պատասխանատու է լեզվի մեջ անմիջականորեն ուսումնասիրվող երևույթների, բառերի դասավորության համար և այլն: Կա նաև խորքային՝ ավելի վերացական կառուցվածք, որը բերվում է մակերեսայինի՝ ֆորմալ կանոնների օգնությամբ:
  11. Բառույթի հատկություններ (կոմբինատոր պոտենցիալ)՝ բառի հատկություն՝ համակցվելու որոշ բառերի և չհամակցվելով այլոց հետ (օրինակ՝ «играть роль» (դեր խաղալ), բայց «иметь значение» (նշանակություն ունենալ) իմաստով, իսկа «играть значение» (նշանակություն խաղալ)՝ սխալ համակցում է)։
  12. Բառույթ՝ բառը՝ որպես լեզվի բառային միավոր: Օրինակ՝է «слово», «слову», «словами» (բառ, բառին, բառերով),— սա «слово» (բառ) բառի նույն բառույթն է, բայց տարբեր բառաձևերը:
  13. Քերականական հատկություններ, որոնք գլխավոր բառին պարտադրում է կախվածություն (օրինակ՝ ղեկավարել հնարավոր է ինչ-որ մեկին, մեղադրել՝ ինչ-որ մեկին ինչ-որ բանում, նախատել ինչ-որ մեկին ինչ-որ բանի համար և այլն)։
  14. Ստորոգելիական բառույթ՝ բայ և այդ իմաստով բային հավասարեցված բառեր («ցավում եմ», «ուրախ է», «ոչ» և այլն), որոնք կարող են ծառայել որպես նախադասություններ և ցույց տալ իրավիճակ:
  15. Մետալեզվաբանություն՝ լեզվական հասկացությունների, դրանց հստակ սահմանումների մասին գիտություն (ինչ է բառը, նշանակությունը, նախադասությունը և այլն)։
  16. Որսողական լեզվաբանությունը լեզվի ուսումնասիրությունն է իր մայրենի խոսողների հետ լեզվաբանի հաղորդակցման միջոցով, հաճախ լեզվաբանական արշավի ժամանակ այն վայրերում, որտեղ խոսվում է այդ լեզվով. հարցաթերթիկներ, տեքստերի հավաքածու, վարկածների փորձարկում («Կարո՞ղ եմ այսպես ասել»):
  17. Մաթեմատիկական լեզվաբանությունը լեզվի նկարագրության մեջ մաթեմատիկական հասկացությունների և մոդելների կիրառման ընդհանուր անվանում է։
  18. Հաշվողական լեզվաբանությունը լեզվի ուսումնասիրության համար ծրագրային մեթոդների, տվյալների վերլուծության և այլնի կիրառման ընդհանուր անվանում է։
  19. Պրահյան գարուն՝ դեմոկրատական բարեփոխումների փորձ Չեխոսլովակիայում՝ ձեռնարկված 1968 թվականին տեղական կոմկուսի կենտկոմի քարտուղար Ալեքսանդր Դուբչեկի կողմից: Դուբչեկը կոչ էր անում իրականացնել «այնպիսի քաղաքականություն, որպեսզի սոցիալիզմը չկորցներ իր մարդկային դեմքը»:  Պրահյան գարունն ավարտվեց երկիր սովետական բանակի ներս մտնելով և, այսպես կոչված, Մոսկովյան արձանագրության ստորագրմամբ, որով բոլոր բարեփոխումները չեղյալ հայտարարվեցին:
  20.  «Չորսի պրոցեսը» — այլադավան անձանց նկատմամբ խորհրդային քաղաքական պրոցեսներից մեկը: 1967 թվականի հունվարին Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալեց չորս մոսկվացիների՝ հակախորհրդային քարոզչության ու պրոպագանդայի մեղադրանքով:  Ալեքսանդր Գինզբուրգի հանդեպ մեղադրանքի գլխավոր կետն այն էր, որ նա արտասահմանում կազմել ու հրապարակել էր «Սպիտակ գիրք» ժողովածուն գրողներ Անդրեյ Սինյավսկիի և Յուլիա Դանիելյայի գործի առնչությամբ:  Յուրի Գալանսկուն վերագրվում էր մեղադրանք Գինզբուրգին «Սպիտակ գրքի» նախապատրաստմանն ու «Ֆենիքս», «Ֆենիքս-66» ալմանախների երկրորդ հատորի կազմմանն օգնելու համար, Ալեքսեյ Դոբրովոլսկիին՝ ալմանախի տեքստերից մեկի հեղինակ լինելու մեղադրանք, Վերա Լաշկովային՝ «Սպիտակ գրքի» ու «Ֆենիքս», «Ֆենիքս-66»-ի մեքենագրուհի լինելու համար մեղադրանք: Պրոցեսը սկսվեց 1968 թվականի հունվարին: Մոսկվայի քաղաքային դատարանը դատապարտեց Գինզբուրգին հինգ տարվա ազատազրկման, Գալանսկունն՝ յոթ, Դոբրովոլսկուն՝ երկու, Լաշկովային՝ մեկ տարվա: 
  21. Հինգերորդ կետը անձնական թերթիկում ազգությունը նշելու կետն էր: Անձնական թերթիկի հիման վրա էր ԽՍՀՄ-ում ձևակերպվում անձնագիրը:
  22. Կախվածությունների ծառ՝ նախադասության շարահյուսական կառուցվածքի ներկայացման եղանակ՝ կողմնորոշիչ սյունյակների՝ տեսքով առանց ցիկլի, որի հանգույցներում դրված են բառերը իրենց վերագրվող քերականական բնութագրերով, իսկ սլաքները կապակցում են դրանք մի քանի տասնյակ շարահյուսական ստորադասության հարաբերություններից մեկի հետ, ընդ որում սյունյակի սկիզբը բայական ձևն է:

Բնօրինակի հեղինակ՝ Мария Бурас, Arzamas

Թարգմանիչ՝ Սվետլանա Մխեյան (Svetlana Mkheyan), խմբագիր՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakhshibekyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։