Կա հայտնի մի թևավոր խոսք՝ «Պատմությունը գրում են հաղթողները»: Սակայն իրականությունը ավելի դաժան է. բարոյականությունը, դրա շրջանակներն ու որպիսությունը նույնպես որոշում են հաղթողները։ Այս տեսության հիմնավորման համար մենք կանդրադառնանք անտիկ շրջանի ամենահայտնի իրողություններից մեկին՝ Հուլիոս Կեսարի սպանությանը և Բրուտոսի կերպարին։ Սակայն, մինչ այդ ամենին անդրադառնալը, ներկայացնենք մի փոքրիկ հարցման համակարգված արդյունքը, որն իրականացվել է վերլուծության պատրաստման նախօրեին։i
Հարցմանը մասնակցել են 150 հոգի 23 երկրներից։ Պատասխանել են երկու հիմնական հարցերի.
1. ո՞վ էր Ձեր կարծիքով Հուլիոս Կեսարը՝
-
մեծ առաջնորդ
-
ուզուպատոր
-
տիրան
-
Ձեր տարբերակը
2. ո՞վ էր Ձեր կարծիքով Մարկուս Բրուտոսը՝
-
դավաճան
-
հերոս
-
չեմ ճանաչում
- Ձեր տարբերակը
Հարցման տվյալներից կարելի է ենթադրել, որ հարցվածների բացարձակ մեծամասնության համար Կեսարը մեծ առաջնորդ է, իսկ Բրուտոսը՝ դավաճան։ Ժամանակաշրջանի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների մոտ այսպիսի արդյունքները ժպիտ են առաջացնում, քանի որ դրանք բավականին հեռու են պատմական իրողություններից և արդյունք են լրիվ այլ գործոնների։
Պատմական ակնարկ՝ ոչ այնքան հայտնի մանրամասնություններով
Այստեղ խոսքը չի գնա պատմական շրջանի քաղաքական գործընթացների մասին՝ ի նկատի ունենալով, որ ընթերցողը դրանց քաջատեղյակ է։ Խոսքը կգնա որոշ յուրահատուկ կողմերի և դրանց գնահատականների մասին, որոնք այնքան էլ հայտնի չեն։ Այսպիսով՝ երբ Կեսարը իր բանակով անցնում էր իրեն վստահված պրովինցիաները Իտալիայից առանձնացնող Ռուբիկոն գետը, նա փաստացի կատարում էր պետական դավաճանություն։ Կռվելով օրինական ընտրված և լեգիտիմ կոնսուլի՝ Պոմպեուսի, ապա և մի շարք սենատորների (Կատոն և այլք) դեմ, այդ դավաճանությունը միայն խորանում էր (չմոռանանք նաև, որ նա կամ անձամբ մասնակցեց վերջիններիս սպանությանը, կամ հասցրեց նրանց ինքնասպանության)։ Բռնի ուժով գրավելով իշխանությունը հանրապետությունում՝ նա փաստացի նաև իրականացնում է պետական հեղաշրջում և սկսում արագորեն քանդել հինգ հարյուրամյա հանրապետության հիմքերը։ Ք. ա. 44 թվականին Հուլիոս Կեսարը հռչակվում է ցմահ դիկտատոր և ստանձնում երկրի փաստացի գերագույն կառավարումը՝ նախապատրաստելով Հռոմեական Հանրապետության տրանսֆորմացիան ժառանգական միապետության։ Սա ոչ միայն պետական դավաճանություն ու պետական հեղաշրջում էր հռոմեացու համար, այլ նաև սրբապղծություն, քանի որ հանրապետությունը և դրա ինստիտուտները սակրալացված էին դրա բնակիչների և հատկապես վերնախավի աչքերում։
Այս ամենի ականատեսն էր Մարկոս Բրուտոսը՝ երիտասարդ ազնվական՝ սերող Հռոմի ամենահին և ամենապատվավոր ընտանիքներից մեկից՝ Յունիոսների տնից, ժառանգորդը Լուցիուս Բրուտոսի՝ հին հռոմեական գործչի, ով նկարագրվող դեպքերից 4 դար առաջ գահընկեց էր արել Հռոմեական վերջին թագավորին և դարձել Հռոմեական Հանրապետության հիմնադիրներից մեկըii, իսկ նրա ընտանիքը ոչ միայն վերածվել էր հանրապետության երդվյալ պաշտպանների, այլ նաև դրա սիմվոլներից մեկիiii։ Եվ ահա բազմակողմանի զարգացած և իր տարիքի համար չափազանց գրագետ այս երիտասարդը, որն աչքի առաջ ուներ իր նախնիների քաջագործությունները և ընտանեկան պարտավորությունները, դառնում է սենատական վերնախավի հիմնական ուշադրության առարկան։ Սենատորների մեծ մասը հանրապետության փրկությունը դարձալ կապում էր Յունիոսների տան հետ: Մարկոսը ի սկզբանե ցույց էր տվել իր նախապատվությունը, երբ Կեսարի և Պոմպեոսի միջև քաղաքացիական պատերազմի ժամանակ անցել էր վերջինիս կողմը, սակայն հետագայում ներում էր ստացել Կեսարի կողմից և վերադարձել Հռոմ։ Բրուտոսը դարձել է բռնապետի սպանության կազմակերպիչներից և անմիջական մասնակիցներից մեկը, որը տեղի է ունեցել Ք․ա․ 44 թվականի մարտին։ Դավադիրների նպատակն էր հանրապետության վերականգնումը և կեսարական բռնապետության թոթափումը: Իրավական տեսանկյունից սա անգամ կարելի է որակել որպես մահապատիժ, քանի որ Կեսարը, իրականացնելով պետական դավաճանություն, արդեն իսկ դատապարտվել էր մահվան։ Կեսարի սպանությունից հետո Բրուտոսը մեկնում է Մակեդոնիա, որտեղ նա հավաքում է բանակ Կեսարի քաղաքական էպիգոնների՝ Մարկոս Անտոնիոսի և Օկտավիանոս Կեսարի հետ պայքարելու համար։ Ք․ա․ 42 թվականի նոյեմբերին նա ճակատամարտում է Ֆիլիպեում (դեպքերի պատահական բերումով), պարտություն է կրում և ինքնասպանությամբ ավարտում իր կյանքը։ Այս իրադարձությունները հսկայական ազդեցություն են թողնում Հռոմի հետագա պատմության և արևմտյան մտքի վրա ընդհանրապես։ Ինչպես տեսանք այս ամենը այնքան էլ չի համապատասխանում մեր պատկերացումներին, որոնք հոլիվուդյան ֆիլմերի և գեղարվեստական աշխատությունների արդյունք են։
Հուդա VS Sic semper tyrannis
Քաղաքացիական պատերազմում կեսարականների ֆրակցիայի հաղթանակից հետո Բրուտոսի կերպարը դարձավ դավաճանության խորհրդանիշ և դեմոնիզացվեց։ Հետագայում սա ժառանգությամբ անցավ եվրոպական քաղաքակրթության և հատկապես քրիստոնեական մտքի մեջ։
Թեմային անդրադարձել են ահռելի քանակությամբ հեղինակներ, որոնք և մեծամասամբ ձևավորել են հասարակական լայն շրջանակների վերաբերմունքը մեր հերոսների նկատմամբ: Սակայն բանն այն է, որ այդ հեղինակների մեջ չկա միաձայնություն, և նրանք երբեմն անգամ հակոտնյա են։
Բացասական վերաբերմունքը Բրուտոսի հանդեպ պարզորոշ երևում է Դանթեի «Աստվածային կատակերգությունը» ստեղծագործության մեջ, որտեղ նա պատկերվում է պատմության ամենաբացասական կերպարների թվում ու նույնականացվում չարի հետ, Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ստեղծագործության մեջ, որտեղ գոյություն ունեցող անգամ մեկ արտահայտությունը՝ «Եվ դո՞ւ՝ Բրուտոս», մասսաների վրա թողնում է դավաճանի անջնջելի տպավորություն։ Եվ ընդհանրապես քրիստոնեական խորը ազդեցության տակ գտնվող հեղինակները մշտապես բացասականացնում և անբարոյականացնում են Բրուտոսի կերպարըvi, հավասարեցնում նրան Հուդայի հետ: Աշխարհիկ և հոգևոր ինշխանության զույգ դավաճանների ձևաչափով։
Մյուս կողմից ուշ վերածննդի և լուսավորության դարաշրջանից սկսած առավել ինտելեկտուալ շրջանակների մեջ սկսվում է հեղափոխություն այս հարցի հետ կապված։ Խիստ չափավոր դրական կերպարից՝ Վոլտեր, ով դրական ու բացառիկ հատկանիշներով օժտված Կեսարի կողքին որոշակի դրական գծեր է հաղորդում նաև Բրուտոսին։ Մինչև անձի հերոսացում՝ Ռուսսո (Ռուսսոն իր նամակներից մեկում գրում է. «Անտիկ աշխարհում վերջինս, հիրավի, բացառիկ մեծության մի կերպար է», նա նաև ափսոսանք է հայտնում, որ չի կարողացել այս թեմայով մի մեծ բան գրել) և բացարձակացում՝ ԱՄՆ Հիմնադիր հայրեր, ովքեր ոչ միայն համարում էին նրան հերոս, այլև արժանի քաղաքացու և ազատ անհատի բացառիկ տիպար։ Նրանց շրջանակներում է լայն տարածում ստանում Բրոտոսին վերագրվող ֆիկցիան՝ «Sic semper tyrannis – սա է տիրանների վերջը»։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ մի կողմից Դանթեն ու Շեքսպիրը, իսկ Ռուսսոն և ԱՄՆ հիմնադիր հայրերը՝ մյուս, Բրուտոսին վերաբերվում են երկրաչափորեն հակադիր մոտեցումներով։
Պատմությունը գրում են հաղթողները, բարոյականությունը նույնպես մշակում են նրանք.
Կեսարի սպանությունից հետո ծավալված քաղաքացիական պատերազմում հաղթեցին կեսարականները, որոնք, ճիշտ է, նախնական շրջանում չգնացին Կեսարի ընտրած ճանապարհով, բայց և այնպես աստվածացրին նրա կերպարը և հետագայում դարձրեցին օրինակելի հռոմեացու և սակրալացված նախնիի տիպար։ Այս ամենի արդյունքում, բնականաբար, սկսվեց Բրուտոսի բացասականացման և անբարոյականացման գործընթացը:։
Կայսերական համակարգում, անշուշտ, գնահատելի էր անձնական հավատարմությունը և ոչ պետական բարձր գաղափարներն ու նվիրվածությունը հայրենիքին։ Ահա այստեղից է գալիս այս հարցում հեղինակների մոտ գոյություն ունեցող երկու ճամբարների բաժանումը. մի կողմից՝ ռոյալիստներ, ովքեր Բրուտոսի գործողությունների մեջ տեսնում են տիրակալի և հոր՝ Կեսարի դավաճանություն, մյուս կողմից՝ ազատականներ ու հանրապետականներ, ովքեր Բրուտոսի արարքի մեջ տեսնում են ազատության պայքար ընդդեմ բռնապետության, ով կանգ չի առնի և ոչ մի բանի առջև: Եվ քանի խորանում է հանրապետական ավանդույթը, այնքան ավելի է դառնում Բրուտոսի կերպարի հերոսացումը գրականության մեջ։
Հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ հարցման պատասխանների մեջ մենք, ամեն դեպքում, տեսանք Բրուտոսի հանդեպ նման բացասական վերաբերմունք։vii Պատասխանը գտնվում է քրիստոնեության պատմության մեջ։ Պետք է հիշել, որ Քրիստոնեությունը ի վերջո ընդունվեց Հռոմեական Կայսրության կողմից որպես պետական կրոն և, բնականաբար, խմբագրվեց հօգուտ կայսերական իշխանության ու որոշ չափով էլ համապատասխանեցվեց դրա բարոյական ու իրավական նորմերին։viii Այս նորմերից մեկն էլ անձնական հավատարմության գծի շարունակությունն էր և Բրուտոսի՝ որպես ազատության համար պայքարող գործչի դեմոնիզացիան, նրա հուդայականացումը։ Մարդկանց մեծ մասը այս կամ այն գործչի մասին պատկերացում կազմելիս առաջնորդվում է հիմնականում բարոյական սկզբունքներով։ Մինդեռ, ա) բարոյականությունը փոփոխական է և տարբեր ժամանակաշրջաններում անգամ հակոտնյա. այն, ինչ կարող է մեր բարոյականության համար անընդունելի լինել, միանգամայն նորմային է եղել պատմության որոշակի շրջաններում, և բ) տարբեր բարոյական կոդեքսներ կարող են գոյություն ունենալ անգամ միաժամանակ՝ կախված նրանից, թե որ հասարակությունում, որ ուժն է հաղթանակած. օրինակ՝ ռոյալիստները, թե՞ հանրապետականները։ Քանի որ, ի վերջո, ինչպես և պատմությունը, բարոյականությունը նույնպես տարբեր գործիքների կիրառմամբ՝ կրոն, մշակույթ, օրենքներ, ձևավորում են հաղթողները և իշխողները։ Բարոյականությունը հարաբերական երևույթ է թե՛ ժամանակի և թե՛ տարածքի մեջ։ Բրուտոսը մի բարոյական ձևաչափի մեջ դավաճան է, սակայն միևնույն հաջողությամբ մեկ այլում՝ հերոս։ Հարցը այստեղ նրանում է, թե ով է իշխանության ղեկին։ Եվ, փաստորեն, ազատական հասարակության մարդիկ նաև բարոյապես տարբերվում են անազատներից. այլ են նրանց համար արժեքները և այլ է խորհուրդը։
Երկու խոսք
Մարկուս Բրուտոսին համարում են դավաճան, նրան համարում են հերոս։ Սա մի ինքնատիպ ցուցիչ է հասարակության կամ մտածողի բարոյական ընկալումների։ Խոսքը այստեղ պատմական մանրամասնությունների ուսումնասիրության մասին չէ, այլ երևույթի գնահատականի, որ տրվում է ձևավորված արժեհամակարգի ու բարոյականության մասին ինքնատիպ, հիմնականում կոլեկտիվ պատկերացումների հիման վրա։ Այս կոլեկտիվ պատկերացումները ոչ միայն պայմանավորում են մարդուն, այլև հասարակության որպիսությունը, դրա գոյաբանական մոտեցումները ու կարիքները։
Պրոեկցիա
Վերջում նպատակահարմար ենք գտնում պրոեկտել այս ամենը մեր ներկայիս իրականության վրա։ Եթե առաջ բերված թեզիսը, որ իշխանությունն է տալիս բարոյականի ձևաչափը, ընդունենք որպես հիմք, ապա շատ խնդիրներ մեր իրականությունում կդառնան ավելի պարզ։ Այն համընդհանուր դեկադանսը և հոգևոր արժեզրկումը, որ նկատվում է մեր իրականությունում, այն տոտալ մատերիալիստականությունը («Մեջը քյար կա՞» անտանելի հարցադրումով) արդյունք է նաև հաղթողների՝ իշխողների տված բարոյական ձևաչափի։ Սա չի արվում որևէ մեկի դեմ կամ հանուն որևէ բանի, պարզապես մարդկանց այդ խմբի բարոյականությունը և աշխարհընկալումն է այդպիսին, և նրանք, հանդիսանալով այս հասարակությունում հաղթողներ, թելադրում են բարոյականության մոդան։ Սակայն, ինչպես արդեն երևաց մեր պատմական էքսկուրսից, այս օրինաչափությունը հնարավոր է ջարդել՝ անգամ չլինելով իշխանություն։ Սրանում է կայանում լուսավորյալ մտավորականության դերը (վերածննդի գործիչներ, էնցիկլոպեդիստներ և այլն)։ Նոր սերունդ, որ ձևավորում է հասարակության մեջ համապատասխան կամք և ներուժ՝ ի թիվս բազում այլ ձեռքբերումների, նաև փոփոխում բարոյականության հնացած կամ ոչ նպատակահարմար ձևաչափը ու դրանք թելադրողներին։ Այսինքն՝ շրջանակը փակ չէ, և հասարակությանը կարելի է պատրաստել իրեն բարոյազրկող հաղթողներից ձերբազատվելուն թեկուզ բռնությամբ (որպես կանոն՝ այլ կերպ չի էլ լինում, քանի որ անցյալի հետ կապը առանց կտրելու՝ նորը չի կառուցվում)։ Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ շարունակել ապրել նույնովի (պայմանավորված ռեսուրսներով կամ այլ պատճառներով) այլևս հնարավոր չէ, և վրա է հասել դրա գիտակցումը։
Եվ երբ Հայաստանում գա այդ օրը, մենք նույնպես կբացականչենք. «Sic semper tyrannis…»
i Տվյալ դեպքում կարելի է առանձնացնել ընկալման երեք չափումներ – առօրեական, որի արդյունքները ներկայացված են այս հարցման մեջ, գիտական, որին չենք անդրադառնա, գաղափարական-քաղաքական, որի մասին էլ կլինի բուն վերլուծությունը։
ii Ուշագրավ է, որ Լուցիուս Բրուտոսը նույնպես զոհել է իր հարազատներին հանուն հանրապետության։ Նա սպանել է տվել իր երկու որդիներին, որոնք դավաճանել էին նորահռչակ հանրապետությանը և անցել էին վերջին թագավորի կողմը։ Այս քայլից հետո նա այդպես էլ չէր կարողացել գտնել իր հոգևոր առողջությունն ու առույգությունը։
iii Գոյություն ունի լեգենդ, համաձայն որի՝ Հռոմի վերջին թագավորի թագից Լուցիուս Բրուտոսի համար ձուլվել էր մատանի, որը 400 տարի սերնդեսերունդ փոխանցվելով հանրապետության պահապանների՝ Յունիոսների ընտանիքում հասել էր Մարկոսին, ապա վերջինիս ինքնասպանության ու հանրապետության անկման հետ անհետացել։
iv Միքելանջելոն սկսել էր պատրաստել Բրուտոսի մի կիսանդրի, որը սակայն կիսատ էր թողել` վախենալով ժամանակի իշխանությունների հետապնդումներից, քանի որ այդ շրջանի Իտալիայում հանրապետական գաղափարները չէին խրախուսվում: Բայց անգամ կիսատ մնացած կիսանդրին տպավորիչ է և ցույց է տալիս հեղինակի յուրահատուկ վերաբերմունքը մեր հերոսի հանդեպ:
v Րաֆֆու «Սամվել» պատմավեպը շատ խորը նմանություններ ունի մեր պատմության հետ և, որ ավելի կարևոր է, հանուն հայրենիքի հորը սպանած Սամվելը Րաֆֆու մոտ դրական կերպար է։
vi Ընդ որում այստեղ հիմնական հանգամանքը ոչ թե բուն սպանությունն էր, այլ դրա ձևը, դավադրությունը և անզեն մարդու վրա զինված բազմությամբ հարձակվելը:
vii ՈՒշագրավ է, որ ԱՄՆ-ից քվեարկածները հիմնականում Բրուտոսին նշել են որպես հերոս, իսկ հին աշխարհից քվեարկածները՝ դավաճան:
viii Սրա թերևս լավագույն օրինակները Կոստանդին Մեծ ու Հուստինիանոս կայսրերի յուրահատուկ դաշինքներն էին եկեղեցու հետ, որոնց միջոցով ընթանում էր հասարակական կյանքի կազմակերպման քրիստոնեական ձևաչափը։
Օգտագործած գրականության ցանկ
- Данте Алигьери, Божественная комедия, перевод М.Лозинского, Москва, «Правда», 1982
- Вильям Шекспир, «Комедии, Хроники, Трагедии», Том 1-ый, «Юлий Цезарь». Перевод с английского, Москва, ХЛ, 1988
- Жан-Жак Руссо, Избранные сочинения в трех томах, Москва, ГИХЛ, 1961
- Ф. Фукуяма, Конец истории и последний человек, Москва, АСТ, 2015
- Аппиан. Гражданские войны, Пер. Под ред. С.А. Жебелева и О.О. Крюгера.
- Дион Кассий «Римская история», Практикум по истории древнего мира в двух частях, ч. 2, Под.ред. И.С. Свенцицкой, Москва, 1988.
- Тацит, Анналы, перевод А.С. Бобович, Москва, 1993.
- Voltaire «Death of Caesar», Translated and Adapted by Frank J. Morlock, C., 2003
- The Constitution of the United States of America and Selected wirtings of the founding fathers, New York, Barnes and Noble, 2012
- Jacob Boehme, http://www.passtheword.org/Jacob-Boehme/
- Encyclopedia Britannica, http://www.britannica.com/
- Энциклопедия искусства, http://www.artprojekt.ru/
- Новая философская энциклопедия, http://iph.ras.ru/enc.htm
Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: