Հունիսի 18-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարված է որպես Ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օր։
Աշխարհում բռության նշանակալի մի մաս հիմնված է ատելության վրա։ Մարդիկ այնքան շատ պատճառներ են գտնում իրար ատելու համար՝ իրենց դասը, սեռը, հեղինակությունը, կրոնը, մաշկի գույնը, էթնիկ պատկանելությունը, սեռական կողմնորոշումը, դավանանքը, ավանդույթները, ազգությունը, քաղաքական կարծիքները, ֆիզիկական կամ երևակայական հատկանիշները։ Եվ շատերը, որոնք ատելության թիրախում են հայտնվում, իրենց հերթին ատում են իրենց ատողներին և փոխադարձ բռնություն կիրառում։
Ատելությունն ու բռնությունը սպառնալիք են մարդկության առողջության և համաշխարհային կայունության համար։ Լինելով բժիշկ, որն ուսումնասիրում է հանրային առողջությունը՝ որպես խաղաղության գործիք, ատելությունը համարում եմ վարակիչ հիվանդություն և առողջապահական միջազգային արտակարգ իրավիճակ։
Ատելությունը շատ թանկ է նստում մարդու առողջության և կյանքի վրա։ Այն պետք է ճանաչվի որպես վարակիչ հիվանդություն, հանրային առողջապահական հիմնախնդիր և առողջության որոշիչ, քանզի այն կանխել է անհրաժեշտ, և քանզի դրա դեմ պայքարում անհրաժեշտ առողջապահական ռեսուրսները սահմափակ են։
2002թ․ մի հոդվածում Առողջապահության համարշարհային կազմակերպությունը բռնությունը անվանեց «հանրային առողջապահական գերխնդիր» և տվյալներ ներկայացրեց, համաձայն որոնց, տարեկան 1,6 միլիոն մարդ զրկվում է կյանքից բռնության պատճառով։ Այդ հոդվածը արդեն գրեթե 20 տարվա է։ Որքա՞ն մարդ է այդ պահից ի վեր մահացել բռնության արդյունքում։
Ատելության երկար պատմությունը
Վերջերս աշխարհը ականատես եղավ ատելության հողի վրա կատարված բռնության օրինակի, որ տեղի ունեցավ պաղեստինցիների և իսրայելցիների միջև։
Իսրայելի և Համասի միջև հրադադար հաստատվեց բռնության մեկնարկից 11 օր հետո, ինչի հետևանքով ավելի քան 250 մարդ սպանվեց Գազայում ՝ որոնց թվում են 66 երեխա և 39 կին, և վիրավորվեց 2000 մարդ։ Բացի մահերի թվից, հարձակումների պատճառով ավերածություններ հասցվեցին նաև ենթակառուցվածքներին, ինչը միջազգային որոշ կազմակերպությունների կողմից համարվում է պատերազմական հանցագործություն․ դրա հետևանքով հազարավոր պաղեստինցիներ տեղահանվեցին։
Ի՞նչ ենք մենք ակնկալում նրանցից, ովքեր ենթարկվում են տաբեր տեսակի վնասների՝ սկսած խտրականությունից, ռասիզմից, ահաբեկչությունից, նվաստացումից, ճնշումից, բռնագրավումից, հանցագործություններից, ատելության խոսքից, հրարումից և բռնությունից։
ԱՀԿ-ն սահմանում է բռնությունը որպես «ֆիզիկական ուժի կիրառում կամ կիրառման սպառնալիք որևէ անձի, անձանց խմբի կամ հանրության նկատմամբ, որը կա՛մ հանգեցնում է, կա՛մ շատ հավանական է, որ կհանգեցնի վնասվածքների, մահվան, հոգեբանական վնասի, թերզարգացման կամ բաժանման կորստի»։
Ատելությամբ սնուցված
Առողջությունը, ազատությունը, արդարությունը, կրթությունը, բարօրությունը, բռնությունը և պատերազմը կախված են նրանից, թե ով ես ու որտեղ ես ապրում։ Աշխարհում ներկայիս բռնի քաղաքացիական կամ քաղաքացիական-ռազմական հակամարտություններից շատերը հիմնված են ատելության վրա կամ սնուցված են ատելությունից։
«Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունը․ հիվանդություն, որի հիմնական պատճառները պետք է ճանաչել և բուժել» վերնագրով ակադեմիական մի աշխատության մեջ, որը համահեղինակել եմ 2017թ․ դոկտոր Նեիլ Այրայի հետ, նշել ենք, որ ատելությունը քայլում է բռնության հետ կողք կողքի։ Ատելությունը սովորաբար վերարտադրվում է ատելության և հակաատելության, բռնության և հակաբռնության շրջապտույտների շնորհիվ՝ երբեմն հանդես գալով որպես վրեժխնդրություն։
Ատելությունը դարեր շարունակ ուսումնասիրել են փիլիսոփաներն ու աստվածաբանները, իսկ վերջերս նաև սոցիալական հոգեբանները, մարդաբանները և էվոլուցիայի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները։
Չկա ատելության սահմանման կոնսենսուս, որը լինի գիտական, ըմբռնելի և ամբողջական։
Ատելությունը ավելին է, քան ուղղակի զգացմունքը․ իսրայելցի հոգեբան և քաղաքական գիտնական Էրիկ Հալփերնը սահմանել է ատելությունը որպես «բացասական զգացմունք, որը դրդապատճառ է հանդիսանում և կարող է մղել բացասական վարքագծի՝ դաժան հետևանքներով»։
Ատելությունը վարակիչ է
Ատելությունը կարող է ընկալվել որպես վարակիչ հիվանդություն, առողջության որոշիչ և հանրային առողջապահական հիմնախնդիր, որ բռնություն, վախ ու տգիտություն է տարածում։ Ատելությունը վարակիչ է և հատում է արգելքներն ու սահմանները, և ոչ ոք դրա ռիսկերի դեմ դիմադրողականություն չունի։
Ավանդական հիվանդությունների պես ատելությունը ի սկզբանե առաջանում է պատճառահետևանքային գործոնի կամ վնասակար ազդեցության պատճառով։ Հենց որ այդ ազդեցությունը դրսևորվում է և աճում է ընդունողի մեջ, այն կարող է կա՛մ որոշ ժամանակում դանդաղորեն վերածվել քրոնիկ շարունակական ազդեցության, կա՛մ անմիջապես՝ սուր ազդեցության միջոցով։
Հենց որ այդ վնասակար ազդեցությունը սկսում է աճել, այն սկսում է բացասական ազդեցություն ունենալ ընդունողի առողջության և բարօրության վրա։ Հինվելով անհատի հանդուրժողականության և դիմացկունության մակարդակի վրա՝ ատելությունը կարող է կա՛մ զարգանալ ու տարածվել, կա՛մ մեղմացվել և կանխվել։ Եթե ատելությունը զարգանում է, ընդունողը ակտիվորեն մասնակցում է ատելության գործընթացին, ինչը հանգեցնում է տրավմայի և ատելությունը ուրիշների վրա տարածելուն։
Ճիշտ ինչպես այլ հիվանդույթունները, ատելությունը կարող է լինել վարակիչ և ժառանգաբար՝ թե՛ հորիզոնական (նրանց վրա, ովքեր մոտ են ձեզ) և թե՛ ուղղահայաց (սերնդեսերունդ) փոխանցելու կարողությամբ։
Ատելությունը հանրային առողջապահական հիմնախնդիր է, քանի որ այն հաճախ հանգեցնում է ֆիզիկական, հոգեբանական և քաղաքական բռնության։
Ներկայիս քաղաքացիական և քաղաքացիական-ռազմական հակամարտութությունները ամբողջ աշխարհում, որոնցից շատերը կա՛մ հիմնված են ատելության վրա, կա՛մ սնուցված են ատելությամբ, փաստում են, որ ատելությունը վտանգավոր և վարակիչ հիվանդություն է՝ առնվազն փոխաբերական առումով, բայց հավանական է՝ նաև բառացիորեն։
Վտանգավոր առողջության համար
Որոշ տվյալների համաձայն՝ ատելության արգասիքները, ինչպիսիք են սթրեսը, ճգնաժամը և վախը, վնասվածքներից ու մահից բացի նաև առողջապահական այլ խնդիրների հետ են կապված։
Բրիտանացի բժիշկ և հետազոտող Մարշալ Մարինկերը հիվանդությունը սահմանել է որպես պաթոլոգիական, շատ հաճախ ֆիզիկական գործընթաց՝ երբեմն անորոշ ծագմամբ։ Իր «Ատելություն․ բռնության հոգեբանական ծագումը» գրքում կլինիկական հոգեբուժության պրոֆեսոր Ուիլիարդ Գալինը առաջադրում է այն տեսակետը, որ ատելությունը մտքի հիվադություն է։
Ատելությունը նաև մարդու սրտի, հոգու և մարմնի հիվանդություն է։ Այն գործընթաց է, որ հարձակվում է մարդկության վրա և դառնում հասարակական հիվանդություն։ Ատելությունը բարդ է, վերացական, ավերիչ մտադրություն է պարունակում, վարակում է անհատներին, խմբերին և համայնքներին, և հաճախ վնասակար ազդեցության արդյունք է։ Այն քրոնիկական հիասթափության արդյունք է, որ հանգեցնում է անհասցե կատաղության դրվագների։
Ատելությունը ռիսկային գործոններ և պատճառներ ունի, որոնց զարգացումը կարող է կանխվել կամ փոփոխվել, և որի հետևանքները պետք է բուժել։ Ատելությունը ունի ֆիզիկական և զգացմունքային բացասական ազդեցություն, որը խախտում է անհատի հոմեոստազը և զգացմունքային հավասարակշռությունը՝ հանգեցնելով ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և վարքագծային փոփոխությունների։
Պատճառների հետազոտություն
Ահա թե ինչու է արդարացված դիտարկել ատելությունը որպես վարակիչ հիվանդություն, առողջության որոշիչ և հանրային առողջապահական խնդիր՝ ցուցաբերելով հանրային առողջապահական մոտեցում՝ ուսումնասիրելով դրա սոցիալական բնույթն ու պատճառները, ճանաչելով փոփոխական ռիսկային գործոնները, կանխումն ու կառավարման ռազմավարությունները։
Ատելության հոգեբանական, պաթոլոգիական, ֆիզիոլոգիական և նեյրոբիոլոգիական հետևանքները հասկանալը ենթադրում է, որ կապը հիվանդության հետ զուտ փոխաբերական չէ, այլ բառացի և չափելի այն մարդու համար, ով զգում է դա։
Ատելությունը հանրային առողջապահական հրատապ խնդիր է, որը պահանջում է բժշկական համայնքի, հանրության, կառավարությունների և այլ կառույցների լուրջ մոտեցումը։ Ատելությունը ինտենսիվ կործանարար վերաբերմունք է։ Դրա դրսևորումներն են պատերազմը, հիվանդությունները, բռնությունը ու դաժանությունը․ սրանք այնպիսի ախտանիշներ են, որ վտանգում են մարդու առողջությունը, բարեկեցությունն ու գործունեությունը թե՛ անհատական, թե՛ ողջ բնակչության մակարդակում։
Համաշխարհային համայնքը պետք է ճանաչի ատելությունը որպես հանրային առողջապահական հիմնախնդիր, որպեսզի ատելության կառավարումից անցում կատարենք դրա հիմնական պատճառների կանխմանը՝ առաջխաղացման, կրթության և իրազեկման միջոցով։ Պետք է չափենք այն, ու եթե անհնար լինի դրա կանխումը, ապա գոնե մեղմենք։
Թարգմանիչ՝ Լիլիթ Արսենյան (Lilit Arsenyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։