Հիմա Հայաստանում գործող շատ խմբեր, կուսակցություններ են յայտարարում, որ իրենց ծրագիրն է ՄԻԱՑԵԱԼ, ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ։ Նույնիսկ շատ կոմունիստներ են այս նշանաբանն ընդունել։ Եւ քչերն են, որ ասում են պարզապէս՝ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ։
Տեսնենք այս երկու տարբերակներից որը ինչ է նշանակում։ Նախ ԱԶԱՏ բառը։ Անցած տասնամեակների ընթացքում այդ բառը շատ չաչարւեց։ Ասում էին Հոկտեմբերեան յեղափոխութիւնը ազատութիւն բերեց, 1920 թ․ նոյեմբերի 29-ին Հայաստանը դարձաւ ազատ, աշխարհի ամենաազատ երկիրը ԽՍՀՄ-ն է և այլն։ Բոլորը սուտ։ Այդպէս հրաշալի ԱԶԱՏ, ԱԶԱՏՈՒԹԻՒՆ առերը տանջւելով վարկաբեկւեցին։ Ուրեմն, եկէք ԱԶԱՏ բառը հանգիստ թողնենք առայժմ, մեղք է, շատ է տառապած։ Քննենք միւսները։
ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ նշանակում է երկիր, որտեղ բոլոր բնագաւառներում պետական լեզուն իրօք հայերէնն է, ունի իր ազգային խորհրդարանը, սրա նշանակած կառավարութիւնը, իր ազգային օրէնքներն ու որոշումները, իր դրամը, դրօշը, զինանիշը, իր ազգային բանակը, իր դեսպաններն այլ երկրներում, այլ երկրների դեսպաններ՝ իրենում, ՄԱԿ-ի անդամ և այլն։
ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ նշանակում է հայոց պատմական հողերը իր մէջ միաւորող Հայաստան։ Իսկ որոնք են այդ հողերը։ Պատմական հայաստանն, ինչպէս յայտնի է, բաղկացած էր 3 մասից՝ Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա, միասին աւելի քան 400 հազար քառակուսի կիլոմետր, Կասպից, Միջերկրական և Սև ծովերի ափերին։ Ինչպե՞ս է մեր օրերում այդ ՄԻԱՑԵԱԼԸ, այդ ծովից ծովը ստեղծւելու, ի՞նչ զօրութեամբ, ո՞ւմ կողմից։ Այդ հողերը (բացի Խորհրդային Հայաստանից) գտնվում են մեր 4 հարևանների տնօրինութեան ներքոյ, որոնք կարծեմ, միտք չունեն դրանք մեզ վերադարձնելու, մենք էլ, հասկանալի է, որ այսօր այդքան ուժ չունենք վերցնելու, իսկ աշխարհի ուժեղները դրանք խլելու և մեզ նւիրելու նպատակ չունեն և երբևէ չեն ունենայ։ Պարզ է, որ այսօրւայ համար այդպիսի ՄԻԱՑԵԱԼ Հայաստան ծրագրելը նշանակում է մանկական խաղ խաղալ։ Աւելին, դա նշանակում է նաև աւելի ու աւելի սրել մեր չորս հարևանների թշնամութիւնը մեր նկատմամբ, այն աստիճան, որ նրանք բոլորը ձգտեն խափանել մեր թէ՛ միացեալը և թէ՛ անկախը, ասինքն նրանց չորսի էլ շահը դառնայ առհասարակ Հայաստանի վերացումը։ Ոմանք էլ ՄԻԱՑԵԱԼ ասելով նկատի ունեն Թուրքիայի 6 վիլայեթների հիմնական մասերով և Ռուսաստանի իշխանութեան տակ գտնւող որոշ հողերով (ներառեալ Խորհրդային Հայաստանը)։ Եւ դարձեալ, ո՞վ է այսօր այդ հողերը Թուրքիայից, Ադրբէջանից, միւսներից խլելու և միաւորելու։ Ո՞վ, ի՞նչ ուժով, ո՞ր պետութեան մէջ (նախքան անկախ Հայաստանը)։ Մի՞թե պարզ չէ, որ ներկայումս այսպիսի միացեալը նոյպէս զուտ երևակայութեան բնագաւառին է պատկանում։
Ուրեմն ի՞նչ։ Այն, որ երբ իբրև ազգային ծրագիր ներկայացնում են ՄԻԱՑԵԱԼ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ, այդ ՄԻԱՑԵԱԼՈՎ խորտակում են ԱՆԿԱԽԸ։ Ասում են առանց միացեալի անկախ մեզ պէտք չէ, նախ միացեալ, յետոյ անկախ։ Պարզից պարզ է, որ դա անկախ Հայաստանի գաղափարի ու ծրագրի դէմ պայքարելու միջոց է։ Ահա մէկը գոռում է ՄԻԱՑԵԱԼ ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ, ժողովուրդն էլ ասում է՝ շատ լաւ է, մեր հողերն է ուզում, և նեղանում է, երբ ասում ես՝ հիմա միացեալն անհնար է։ Հայաստանի անկախութեան թշնամիները ճարպկօրէն օգտագործում են ՄԻԱՑԵԱԼԸ՝ ԱՆԿԱԽԸ թաղելու համար և մեղադրում են անկախութեան իրական կողմնակիցներին, թէ՝ տեսէք, սրանք մեր հողերը չեն ուզում, պահանջատէր չեն։ Սիրելի պարոննե՛ր, ո՞վ է ձեզ խանգարում, միացրէք մեր հողերը, ստեղծէք միացեալ։ Բայց ինչպէ՞ս եք անելու, ի՞նչ ուժ ունէք տասնեակ հազարաւոր քառակուսի կիլոմետրերով հողեր խլելու մեր հարևաններից կամ ուրիշ ո՞վ է այդ անելու։ Այսպէս անվերջ պոռոտախոսել չի լինի, եկէք լրջանանք, սիրելինե՛ր, սուտ խօստումներով ազգ չի փրկւի ու չի պահւի։
Մինչդեռ Անկախ Հայաստանը լիովին իրական հեռանկար է. Ռուսաստանը ինքն է ասելու՝ անկախացէք, ինքն է մեզնից անջատւելու։ Եւ շատ շուտով։ Դրա բոլոր նշանները կան։ Բայց մեր «միապետները» պարզապէս սարսափում են առանց Ռուսաստանի Հայաստան պատկերացնելու ու դրա համար են ասում՝ մենք էլ ենք անկախութեան կողմնակից, բայց նախ միացեալ և մտածում են այդ կերպ կառչած մնալ Ռուսաստանից, թէկուզ Վրաստանի ու Ադրբէջանի անկախացումից յետոյ էլ։ Սա է ՄԻԱՑԵԱԼԸ անընդհատ շեշտելու ետին նպատակը և ոչ բնաւ հայկական գերւած հողերի այսօր անիրականանալի միաւորումը (կարծում եմ՝ իրենք էլ գիտեն, որ այսօր դա անիրականանալի է)։
Ահա թէ ինչպէս է ՄԻԱՑԵԱԼ հարազատ ու հրաշալի բառը չարաշահւում՝ ԱՆԿԱԽԸ մորթելու նպատակով։ Այդ նույն կերպ չարաշահւում են նաև ՀԱՅ ԴԱՏԸ, ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ. ասում են՝ անկախակա՞ն ես, թէ պահանջատէր, իրենց համարում են նախ մէկից, յետոյ՝ միւսից և քանի որ երկրորդը՝ պահանջատիրութիւնը, այսօր բաւարարող չկայ, հէնց դրանով մերժւում է առաջինը՝ անկախութիւնը։
Նոյն նպատակով է չարաշահւում նաև պանթուրքիզմը (համաթուրանականութիւնը)։ Մեր հայ «պանթուրքիստները» մի քանի ամիս առաջ միևնույն եռանդով հայհոյում էին նաև ՊԱՆԻՍԼԱՄԻԶՄԸ, վերջերս կարծես նրանց ուղեղները, այնուամենայնիւ, մտաւ (արդեո՞ք մտաւ), որ հայութեան նկատմամբ մեծագոյն յանցանք է իսլամ ժողովուրդներին մեր ազգի դէմ լարելն ու թշնամացնելը, և հիմա այս ասպարէզում մի փոքր անդորր է իջել։ Բայց պանթուրքիզմից ձեռք չեն քաշում։ Սա անկախութեան դէմ ուղղւած միւս գլխաւոր ռումբն է։ Յամառօրէն շարունակում են մեր չարչարւած ազգին հաւատացնել, որ թուրանական ազգերը՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Բալկաններ, այդ թւում թուրքերին կոտորող ուզբէկները, ուզբէկներին կոտորող կիրգիզները, ղազախներին սպանող ադրբէջձանցիները, նաև քրիստոնեայ չոււաշները, եակուտները և միւսները ուզում են Թուրքիայի հետ միաւորւել մի պետութեան մէջ և որ դրան խանգարում է Հայաստանը, և ուրեմն նրանք պէտք է Հայաստանը ջնջեն իրենց այդ նպատակի համար, իսկ սա էլ, ահա, նշանակում է, թէ մենք ինչ էլ լինի, չլինի, պէտք է մոռանանք անկախութեան մասին, կառչած մնանք Ռուսաստանին, թէկուզ Ռուսաստանը Հայաստանի հանրապետութիւնը վերացնելուց, նրա հողերը բաժան-բաժան անելուց յետոյ, այս կտոր Հայաստանն ու հայկական Արցախն էլ վերացնելու լինի աշխարհի երեսից։ Եւ մանաւանդ չնկատելու են տալիս այն իրողութիւնը, որ Ռուսաստանն ինքն է իր թեւերը տակից քշելու ճտերին, այդ թւում Հայաստանը։
Հետաքրքրւել եմ՝ արդեո՞ք այսօր օտար աղբիւրները գրում են արդի պանթուրքիզմի գոյութեան և Հայաստանը ջնջելու նրա ծրագրի մասին։ Որևէ տեղեկութեան չեմ հանդիպել։ Միայն հայկական այն աղբիւրները, որոնք այսօր կտրականապէս դէմ են Հայաստանի անկախացմանը։
Երբ այս բաներն ասում ենք մեր հայ «պանթուրքիստներին», նրանք գոռում են՝ «Ինչո՞ւ չեք թողնում կռւենք պանթուրքիզմի դէմ»։ Սիրելի բարեկամ, ո՞վ չի թողնում, գնայ, կռւիր ինչքան ուզում ես, միայն յիշիր, որ ամբիոնները և թերթերի ու գրքերի էջերը հայհոյանքներով մաշելը պանթուրքիզմի դէմ կռւել չի նշանակում, այլ նշանակում է կռւել անկախ Հայաստանի դէմ, նաև նշանակում է հայ ժողովրդին ահաբեկել, փախցնել իր հայրենիքի մնացորդից։
Կարծում եմ՝ ով իրատես է, ով իրօք մտայոգւած է Հայաստանի ամենամօտ ապագայով, նրա ծրագրում այսօր Անկախ Հայաստանն է։ Իսկ դրա իրականացումից յետոյ, հնարաւորութիւննռր բացւելու դէպքում՝ միացեալը։
Ռ. Իշխանեան
ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N22, 8 հուլիսի 1990թ․
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ