18-րդ դարում կարծում էին, որ կինը կարիք չունի կրթություն ստանալու․ նրա դերը տնային գործերով զբաղվելն էր։ Անգլիացի փիլիսոփա Մերի Ուոլսթոնքրաֆթը (1759-1797թ․թ․) առաջ է քաշում կանանց կրթության վերաբերյալ իր տեսլականը՝ թողնելով մի քանի աշխատություններ կանանց կրթության և իրավունքների հավասարության մասին։ «Կնոջ իրավունքների պաշտպանություն»-ն (1792թ․) անգլալեզու առաջին տեքստերից մեկն է, որ ջատագովում է կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարությունը։ Իր ժամանակից մոտ կես դար առաջ մտածող մեծ կինը, որ երկար ժամանակ մոռացության էր մատնված, այսօր համարվում է ֆեմինիզմի առաջին հիմնադիրներից մեկը։
Մերի Ուոլսթոնքրաֆթի կյանքը՝ հակառակ չարաբախտություններին, իր ստեղծագործության նմանությամբ է՝ համարձակ, ազատ և կրակոտ։ Ֆրանսիական հեղափոխությամբ խանդավառված փիլիսոփան ջանաց լսելի դարձնել կանանց ձայնը արմատական փոխակերպման այդ պահին՝ վերջ տալու համար անցյալի ճնշումներին։ «Կնոջ իրավունքների պաշտպանություն»-ի հեղինակին հաճախ համարում են «անգլիական Օլեմպ դը Գուժ»։
Համատեքստը
«Կնոջ իրավունքների պաշտպանություն»-ը Ուոլսթոնքրաֆթը շարադրել է ի հակադարձումն այն առաջարկությունների, որ Տալեյրանը ներկայացրեց Սահմանադիր ժողովում 1791 թվականին․ վերջինս, ըստ էության, խորհուրդ էր տալիս սահմանափակել երիտասարդ կանանց կրթությունը տնային բնույթի կրթությամբ։ Ուոլսթոնքրաֆթն ընդվզում է․ կանայք և տղամարդիկ հավասար բարոյական արժանապատվություն և հավասար ինտելեկտուալ ունակություն ունեն, ուրեմն, երկու սեռերն էլ արժանի են օգտվելու նույն որակի կրթությունից։ Եթե կանայք ավելի ցածր են թվում մեծամասնության աչքին, ապա հենց այն հայրիշխանական հասարակության պատճառով, որը նրանց զրկում է բավարար կրթությունից և նրանց դուրս է թողնում իրենց տաղանդները զարգացնելու հնարավորությունից։
«Քանի որ մանկությունից ի վեր նրանց քարոզում են, որ գեղեցկությունն է կնոջ իշխանությունը, նրանց ոգին նրանց մարմնի ձևն է ընդունում և, այդ ոսկե վանդակում փակված, միայն իր բանտը զարդարելով է զբաղվում»։ Իրենց բանականությանը համարժեք կրթությունից զրկված՝ կանայք միայն կործանվում են սենտիմենտալության չարաշահումից, որում նրանց մեղադրում են։ Միայն մեկ լուծում կա այդ սխեման փշրելու համար․ տղաներին և աղջիկներին կրթել «նույն մոդելով», խառը դպրոցներում, որպեսզի կանայք այլևս չլինեն զարդարանք «կանայք», այլ դառնան իսկական «ընկերուհիներ»։
Հատված
«Եթե կանայք պետք է հեռացվեն մարդկային ցեղի բնական իրավունքներին մասնակցությունից և բոլորովին զրկվեն իրենց ձայնն ունենալուց, համենայն դեպս, գոնե այն բաներում, որոնք մասնավորապես իրենց են վերաբերում, ապա ապացուցեք նախևառաջ, ինքներդ ձեզ ազատելով անարդարության և չարաշահման մեղադրանքից, որ նրանք բավականաչափ բանական չեն, ապա թե ոչ՝ ձեր նոր սահմանադրության՝ առաջինը, որ բանականության վրա է հիմնվել, այս բիծը գալիք դարերին միշտ կվկայի, որ մարդն ի վիճակի չէ չգործել ինչպես բռնակալ և, որ բռնակալությունը, հասարակության որ մասում էլ, որ իր բրոնզե ճակատը բարձրացնի, միշտ կսպանի բարոյականությունը […]:
Հուսով եմ իմ սեփական սեռի բարեհաճությանն արժանանալ, եթե վերաբերվեմ կանանց` որպես բանական էակների՝ նրանց գայթակղիչ գրավչությունները խրախուսելու և նրանց` ասես հարատև մանկության վիճակում դիտարկելու փոխարեն, ինչը նրանց դարձնում է անընդունակ ինքնուրույն հաստատվելու առանց խնամակալության։ Ուժգին տենչում եմ ցույց տալ, թե որն է մարդու իսկական արժանապատվությունը, իրական երջանկությունը։ Ուզում եմ ցույց տալ Կանանց, որ նրանք պետք է ջանան ձեռք բերել հոգու և մարմնի ուժը, և համոզել նրանց, որ մեղրածոր խոսքերը, սրտի չափազանցված զգայունությունը, զգացմունքների ուռճացված նրբությունը և ճաշակի գերազանց նրբակատարությունը թուլությունն արտահայտելու համար նախատեսաված տարբեր մակդիրների գրեթե հոմանիշներն են։ Կարճ ասած, որ այս էակները, որ միայն խղճահարության և, այսպես կոչված, քնքշանքի առարկաներ են, քիչ ժամանակ անց կդառնան արհամարհանքի առարկաներ։
Ուրեմն, մի կողմ թողնելով այդ գեղեցիկ կանացի արտահայտությունները, որոնցից սիրահոժար օգտվում են տղամարդիկ՝ մեր ստրկական կախվածությունը մեղմացնելու համար, և, քամահրելով այդ նրբագեղությունը, որը նախանշում է հոգու թուլությունը, այդ նուրբ զգայունությունը, այդքան մեղմ հնազանդությունը, բարքերի ճկունությունը, որ ավելի թույլ կաղապարի սեռական հատկություններին է վերագրվում, ուզում եմ ցույց տալ, որ նրբագեղությունը առաքինության ուժից ցածր է, որ գովելի հավակնության առաջին առարկան պետք է լինի նշանակալից բնավորություն ձեռք բերելը որպես մարդ՝ անկախ սեռի տարբերությունից և, որ կարելի կլինի ավելի ճիշտ կշռել երկրորդական հայացքները՝ միայն դրանք ենթարկելով այս փորձաքարին»։
Հատված «Կնոջ իրավունքների պաշտպանություն»-ից, Ձոն և ներածություն, Բյուիսոն, Պարիզ, 1792
Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։