Դանիել Կոնտովսկին՝ տրիվիումի և քվադրիվիումի, հեղինակավոր գրքերի ավանդույթի ու դասական կրթությանը հակադրվող փաստարկների մասին։
Դասական կրթությունը համախոհներ ու հակառակորդներ ունի։ Շատերի համար հումանիտար կրթությունը պարզապես դասական կրթություն է. դա կրթություն է, որն իրականացվում է գրեթե այնպես, ինչպես Հին Հունաստանում (կամ գոնե մտածում են, որ այդպես է): Այդ կրթության ժամանակ Դուք ոչ թե ծրագրավորում կսովորեք, այլ շատ Պլատոն կկարդաք, և, անկեղծ ասած, հումանիտար կրթության որոշ օրինակներում դա վստահաբար ճիշտ մոտեցում է:
Հումանիտար գիտությունների ուսուցման գործում դասական ավանդույթների դերի մասին փաստարկների պատմությունն իրականում բավականին հետաքրքրաշարժ է։ Կարծում եմ՝ դասական կրթության առնվազն երկու հիմնական մոտեցումներ կան։ Դրանցից մեկը ավանդական կրթությունն է, իսկ ավանդական մոտեցումը նշանակում է, որ դասական կրթությունը միջնադարյան համալսարաններում եղածն է, ինչը որոշ տեղերում մինչ այսօր շարունակում է պահպանվել գրեթե անփոփոխ ձևով։ Սա կրթություն է, որը կենտրոնանում է տրիվիումի ու քվադրիվիումի [1] վրա, այսինքն՝ նույնն է, ինչ միջնադարյան ուսումնական ծրագիրը։
Այս տարբերակի դժվարությունը, բնականաբար, այն է, որ մարդիկ շատ ավելին են սովորում, իսկ հիմնական փաստարկ` այն, որ նրանք նախևառաջ պետք է սովորեն քերականություն, դիալեկտիկա (բանավիճելու արվեստ) կամ տրամաբանություն և ճարտասանություն, և միայն երբ տիրապետեն այս ամենին, պատրաստ կլինեն ուսումնասիրելու մաթեմատիկա, ապա նաև թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն և աստղագիտություն։ Սա հրապուրիչ չի թվում, շատ տեղերում ոչ էլ իրականացվում է անմիջապես այս ձևով, բայց շատ հաստատությունների ուսումնական ծրագրերը նայելիս նկատվում է, որ կան նույն առարկաների մի քանի ժամանակակից մոտեցումներ։ Մարդկանց սովորեցնում են գրել, հրապարակային խոսքի արվեստ, տրամաբանություն կամ փիլիսոփայության պատմություն գրեթե նույն ձևով, սովորեցնում են մաթեմատիկա ու բնական գիտություններ այն մտքով, որ յուրաքանչյուր կիրթ մարդ պետք է այդ հիմնական բազային տիրապետի, սակայն դասական կրթության ավանդական մեկնաբանությունը այս առարկաները որպես արժեք չի դիտարկում։
Դասական կրթության օգտին բերվող փաստարկներից գլխավորները, եթե կարող ենք այդպես ասել, միանգամայն օժանդակող բնույթ ունենև, օրինակ, ենթադրում են, թե ուսուցման այս եղանակը (որը ժամանակին ներկայացվում և ամենից առաջ կենտրոնանում էր լատիներեն ու հունարեն տեքստերի, ինչպես նաև դասական լեզուների իմացության վրա) միտված է զարգացնելու կարգուկանոնն ու մտահորիզոնը, ինչպես նշվում էր Եյլի 1828 թ․-ի հայտնի զեկույցում։
Ջոն Հենրի Նյումանի` կարդինալ Նյումանի նման մարդիկ ասում էին, որ սա է մտքի իսկական սնուցումը, որ մեր աշխարհից դուրս նման առարկաների ուսուցման հիմնական նպատակը ոչ թե այն է, որ դրանք օգտակար են կամ, որ մարդկանց ձեռքբերումների հիմքն են, այլ որովհետև դա մարդու ինտելեկտը զարգացնելու ապացուցված միջոց է։ Ինչքան այն դժվարանում է մեզ համար, այնքան ակնհայտ է դառնում, որ պետք է շարունակենք, քանի որ այն գնալով դառնում է մեկ այլ բարձունքի հասնելու միջոց։
Այսպիսով՝ կա ավանդական մոտեցում, որը քիչ թե շատ նման է վերոնշյալ կետերին, և, որն ակնհայտորեն որոշ թերություններ ունի։ Ավանդական մոտեցումը հիմնված էր բաց շարադրանքի վրա, իսկ ակտիվ ուսուցումը բացակայում էր։ Գնալով ավելի քչերն էին տիրապետում լատիներենին․ եթե լատիներեն գիտես, ուրեմն հավանաբար բարձր խավի ներկայացուցիչ ես, որովհետև այն դարձել էր որոշ բարձր առաջադիմության ծրագրերի առանձնահատկություն, ինչպես նաև որոշ ավագ դպրոցների, որոնց դասացուցակներում վերջինս ընդգրկված էր, մինչդեռ մնացած բոլորը ինչ-որ չափով հեռացած են դրանից, և ահա մարդիկ դա օգտագործում են որպես հասարակական դիրքի ցուցիչ։
Դասական կրթության մեկ այլ մոտեցում էլ կա, որը գրեթե նույն արդյունքն է տալիս, ինչ հեղինակավոր գրքերը։ Ըստ դրա՝ հեղինակավոր գրքեր չեն կարդում, որովհետև դրանք ավելի խելացի են դարձնում, ավելի արագամիտ, որովհետև դրանք բարելավում են հաղորդակցման հմտություններն ու օգնում հաղթող դուրս գալ բանավեճերում, այլ որովհետև դրանք կարևոր են, և կարևոր են, որովհետև մարդիկ տարակարծիք են դրանց արժեքի շուրջ։ Բայց հեղինակավոր գրքերն իրականում շոշափում են այնպիսի գաղափարներ, որոնք, ըստ դրանց կողմնակիցների, շատ մոտ են մարդու էությանը․ բոլոր մարդիկ դարեր շարունակ պայքարել ու պայքարում են որոշակի խնդիրների ու գաղափարների համար, և մենք համաձայնության չենք գալիս որոշ գրքերի ներկայացրած արժեքների շուրջ, և հենց այդ տարակարծությունն է, որ դառնում է մեր քաղաքակրթության պատմությունը։ Ցանկացած քաղաքակրթության մեջ դժվար է պնդել, որ կրթված եք, եթե չգիտեք, թե ինչպես է այդ քաղաքակրթությունը ձևավորվել։
Հեղինակավոր գրքերը ստեղծվել են այդ նպատակով առնվազն երեք տարբեր վայրերում՝ Կոլումբիայում, Չիկագոյի համալսարանում և, օրինակ, Ս. Ջոնի քոլեջում։ Բոլորն ունեն դրանց շատ չնչին տարբերություններով մոտեցումներ, որոշները դեռևս գործում են որոշակիորեն փոփոխված ձևերով։ Նման գրքերի շատ օրինակներ բավականին արագ են անհետացել, բայց դրանք եղել են հետազոտական համալսարանի վերելքի, կարգապահ մտածելակերպի և այն խստապահանջ կրթության արդյունք, որին ձգտում էին ամերիկացիները։
Հետաքրքրական է, որ այս գրքերը չեն հայտնաբերվել Եվրոպայում, չնայած կարդացվող հեղինակների 80-90%-ը եվրոպացի է։
Ուշագրավ է նաև այն, որ հեղինակավոր այդ գրքերի ավանդույթը ինքնին հիմնված է անգլերենի վրա․ մարդիկ կարդում են դրանք, բայց կարդում են թարգմանված տարբերակները: Իրատեսական որևէ սպասելիք չկա, որ այդ գրքերը կկարդաք բնօրինակ լեզվով, ինչպես աստվածաբաններից են ակնկալում կարդալ Աստվածաշունչը բնօրինակով։
Այսպիսով՝ այս ավանդույթը ձևավորվել է այնտեղ, և վերջին 30 տարիներին, կարելի է ասել, Եվրոպայում մի շարք մարդկանց և նույնիսկ այս ինստիտուտի համար բավականին գրավիչ է եղել այն միտքը, որ մենք չենք ունենա հումանիտար գիտությունների լիարժեք ուսուցում, եթե շարունակենք անտեսել նման գրքերի կարևորությունը։ Բայց եկեք ինքներս մեզ չխաբենք․ սա մի փոքր մասն է միայն այն ծրագրերի, որոնք ունեն նման գրքերի որևէ բաղադրիչ մասեր, քանի որ դրանք մեղադրվում են (և ոչ առանց պատճառի) բացառիկ լինելու, 20-րդ դարավերջի կրթությանը օգտակար չլինելու և ավելի հեշտ ու արդյունավետ մեթոդների առկայության համար, որոնք հնարավորություն են տալիս նմանօրինակ գիտելիք և ուսումնառություն ստանալու։ Ուրեմն, ավանդապաշտը կասեր, թե դա այնքան էլ ավանդական չէ, իսկ առաջադիմականները՝ թե դա դեռևս չի լուծել եղած որևէ խնդիր։
Այսպիսով՝ դասական կրթությունը ինչ ձևով էլ որ ներկայացված լինի վերջին 100 տարիներին, առնվազն 3 հիմնական հակառակորդներ ունի։ Առաջինը, բնականաբար, հետազոտական համալսարանն է, որտեղ եթե ուզում եք, օրինակ, քիմիկոս կամ պատմաբան դառնալ, սովորում եք միայն դրանց առնչվող առարկաներ։ Դուք սահմանափակ ժամանակ ունեք այնտեղ գտնվելու համար, իսկ դա աշխարհում այն միակ վայրն է, որտեղ կարող ես լինել հետազոտությունների կիզակետում՝ շրջապատված այնպիսի մարդկանցով, որոնք նույնպես ունակ են նման հետազոտություններ իրականացնել։ Ուրեմն ինչո՞ւ պետք է վատնեք Ձեր ժամանակը, կամ համալսարանը վատնի իր ռեսուրսները Ձեզ հետազոտության հետ աղերս չունեցող ինչ-որ բան սովորեցնելու վրա։ Նշանակալի գրքերը մասնագիտացման մասին չեն. ամբողջ հետազոտության նպատակը այդ մասնագիտացման մակարդակը բարձրացնելն ու որևէ կոնկրետ ուղղությամբ գնալով առաջընթացի հասնելն է։ Այսպիսով՝ սա կրթության մի տեսակ այլ իդեալ է։
Դասական կրթության դեմ երկրորդ փաստարկն այն է, որ դա օգտակար չէ։ Ավելի լավ է սովորել գյուղատնտեսություն, բիզնես, գուցե մարքեթինգ կամ օպտիկա։ Շատ քիչ օրինակներ կան, որտեղ մասնագիտական ցանկացած հաստատություն կամ մասնագիտական հատուկ թեքումով հաստատություն ներառի հեղինակավոր գրքերի ավանդույթը՝ էլ չասած տրիվիումի և քվադրիվիումի մասին։ Ավանդույթը հետ է գնում մինչև 19-րդ դարի կեսերի՝ պետական դրամաշնորհ ստացած համալսարաններ, որոնց նպատակը ուսանողներին և՛ մեխանիկա, և՛ հումանիտար գիտություններ սովորեցնելն էր, սակայն մարդիկ գրեթե մոռացել են երկրորդի մասին ու կենտրոնացել առաջինի վրա։
Եվ վերջում՝ նման գրքերի և ընդհանրապես դասական կրթության վրա հարձակում կա առաջադեմների կողմից, որոնք ասում են, թե այդ գրքերը միշտ հեռու են լինելու ուսանողների անմիջական օգտագործումից: Դրանք չեն օգնում ուսանողներին իրենց տեղը գտնել ժամանակակից աշխարհում: Հեղինակավոր այդ գրքերում կան շատ խնդրահարույց պնդումներ, այդ պատճառով էլ պետք է դադարենք հրատարակել դրանք և սկսենք անել այնպիսի բաներ, որոնք ավելի էական են մեր ուսանողների համար և ավելի արդյունավետ մեր հասարակությունն ավելի արդար կամ պարզամիտ դարձնելու համար, իսկ այդ գրքերն ուղղակի անցյալի վերապրուկներ են. դրանք եղել են, բայց հիմա հարկավոր չեն։
Կարծում եմ, որ դասական կրթությունն ընդհանուր առմամբ հաջողության չի հասնում աշխարհում։ Դա նկատելի կլինի, օրինակ, երբ փորձենք հասկանալ, թե ինչու պետք է ամբողջ աշխարհում մարդիկ կարդան միայն մեկ քաղաքակրթության մասին, և անհասկանալի է՝ ինչպես հաղթահարել կոնկրետ այս տեսակետի սահմանափակումները ավելի ու ավելի գլոբալ և շարժուն հասարակության մեջ՝ նկատի ունենալով, որ այն նախատեսված էր որոշակի մշակութային տարածքի համար։ Աշխարհում կան օրինակներ, ինչպիսին է Հիմնական տեքստերի և դասընթացների ասոցիացիան (Association for Core Texts and Courses), որոնք մեծ թե փոքր հաջողությամբ փորձում են վերաիմաստավորել կամ թարմացնել նշանակալի գրքերի իդեալը այնպես, որ ինքնին արժեքավոր կլինի, ապա դա տարածել ամբողջ աշխարհով: Բայց անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նրանք այլևս չեն խոսում հեղինակավոր գրքերի մասին և ոչ էլ դասական կրթության, այլ հիմնական տեքստերի՝ հասկանալով, որ դրանցում հիմնական կմախք կա, որը բոլոր կրթված մարդիկ պետք է հասկանան: Հավանաբար, մեզնից է կախված որոշելը, թե արդյոք հավատում ենք, որ այդ տեքստերն իսկապես գոյություն ունեն, և եթե այո, ապա որոնք են մեր փաստարկները՝ համոզելու նրանց, ովքեր դրանում համոզված չեն:
Ծանոթագրություն
- Թարգմանչի կողմից՝ դասական կրթությունը բաղկացած էր յոթ ազատ արվեստներից, որոնք բաժանված են տրիվիումի և քվադրիվիումի: Տրիվիումը կազմող առարկաներն էին՝ քերականություն, տրամաբանություն և հռետորաբանություն են, քվադրիվիումը՝ թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն և աստղագիտություն:
Թարգմանիչներ՝ Իվետա Ավագյան (Iveta Avagyan), Շուշան Գրիգորյան (Shushan Grigoryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։