Աշխարհագրագետ Էնսոն Մաքեյը` էկոհամակարգի ծառայությունների, Երկրի վրա քաղցրահամ ջրի պահանջների և կենսաբազմազանության անկման մասին։
Պատրաստվում եմ խոսել հիմնականում քաղցրահամ ջրերի անվտանգության մասին, որ ծագում է մակերևութային ջրերից, լճերից և գետերից. չեմ անդրադառնա ստորերկրյա ջրերին, քանի որ դա իր սեփական հետևանքներն ու խնդիրներն ունի աշխարհի տարբեր մասերում: Քաղցրահամ ջրի անվտանգությունը կարևոր է, օրինակ, էկոհամակարգային ծառայությունների տեսանկյունից: Էկոհամակարգը համակեցվող միկրոօրգանիզմների, բույսերի, կենդանիների մի խումբ է, որ ապրում է, օրինակ, ջրային միջավայրում, և փոխազդում քիմիական և կլիմայական երևույթների հետ: Էկոհամակարգային ծառայությունն այն բարիքն է, որն էկոհամակարգը տալիս է մարդկության բարեկեցության տեսքով։ Օրինակ լճերը բարիք են ապահովում սննդի և քաղցրահամ ջրի տեսքով։ Լճերը նաև օգնում են մաքրել ջուրը, կարգավորել ածխածնային ցիկլը, կլիմայական փոփոխությունները` ևս։
Եթե մենք սկսենք խաթարել լճերի և գետերի էկոհամակարգի գործունեությունը, ապա մենք նաև մեծ վտանգ կձևավորենք քաղցրահամ ջրերի անվտանգության համար: Դրա հիանալի օրինակն է Արալյան ծովը։ Վերջինս ժամանակին աշխարհի չորրորդ ամենամեծ լիճն էր. այն գոյություն է ունեցել նախկին Խորհրդային Միությունում՝ Ղազախստանի և Ուզբեկստանի միջև: 1950-ականներին տեղի կառավարություննները կարծում էին, որ կկարողանան նպաստել Արալյան ծովի ջրահավաք ավազանում բամբակի ոռոգման հետագա գործընթացին: Արալյան ծովի հիմնական մասն անապատում է, ուստի այն շատ զգայուն է տեղումների փոփոխության, գոլորշիացման և հատկապես դրա մեջ հոսող գետերի նկատմամբ:
Այսպիսով, 1950-ականներին և հատկապես 1960-ականներին Արալյան ծովից ջուր բաց թողնվեց բամբակի ոռոգման համար, և հետևաբար շատ ավելի քիչ ջուր էր հոսում հենց Արալյան ծով, որովհետև այն հիմնականում գնում էր դեպի բամբակի տնկարկներ: Այսպիսով, 1960-ից 1980 թվականներին Արալյան ծովը կորցրեց իր ծավալի մոտ 90%-ը և փոքրացավ: Դա նշանակում էր, որ հարյուրավոր կենդանիների տեսակները, որ ապրում էին այնտեղ, վերացան։ Արալյան ծովն այնքան փոքրացավ, որ լուրջ առողջական խնդիրներ առաջացրեց տեղի բնակչության համար, քանզի նրանք գրեթե հիմովին կորցրին ձկնարդյունաբերությունը, հետևապես և քաղցրահամ ջրերի անվտանգությունը, իսկ տեղի ձկնարդյունաբերությունն ամենախոշորն էր նախկին Խորհրդային Միությունում, և այն պարզապես անհետացավ մի քանի տասնամյակների ընթացքում: Այս պատճառով վտանգվեց մարդկանց առողջությունը՝ մեծացավ հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը: Այսպիսով, մենք տեսնում ենք ծայրահեղ մի օրինակ, թե ինչպես մարդն իսկապես կարող է ազդել քաղցրահամ ջրի անվտանգության վրա:
Համաշխարհային տնտեսական ֆորումն ընդունել է, որ քաղցրահամ ջրերի անվտանգությունը ապագայի ամենակարևոր մտահոգություններից մեկն է: Աշխարհում բնակչության աճի հետևանքով մենք քաղցրահամ ջրի ավելի շատ պահանջներ ենք ներկայացնում ինչպես խմելու, այնպես էլ արդյունաբերության և գործարարության համար: Բայց խնդիրներից մեկն այն է, որ քաղցրահամ ջուրն ինքնին բավականին անհավասարաչափ է բաշխված` Հյուսիսային Ամերիկայում աշխարհի քաղցրահամ ջրի կեսից ավելին է, Հարավարևելյան Ասիայում առկա է մակերեսային քաղցրահամ ջրի ընդամենը մոտ 10%-ը: Աշխարհի բնակչության 60%-ը ապրում է Հարավարևելյան Ասիայում, ուստի այնտեղի պահանջներն ավելի շատ են և ծայրահեղ, ինչը մեծ մտահոգություն է առաջացնում:
Մի քանի շատ լավ ուսումնասիրություններ կան, որոնք վերաբերում են ամբողջ աշխարհում գոյություն ունեցող քաղցրահամ ջրերին, և հաշվարկվում է, որ տարվա ցանկացած մեկ ամսում մոտ չորս միլիարդ մարդ առնչվում է քաղցրահամ ջրի անվտանգության խնդրին, օրինակ, երբ մարդիկ ջուրը ստանում են գետից, որտեղով ճահիճ է հոսում: Մոլորակի մարդկանց մոտ կես միլիարդը ամբողջ տարվա ընթացքում բացահայտ առնչվում է քաղցրահամ ջրի անվտանգության շատ վտանգավոր մակարդակին, այնպես որ, դուք էլ կարող եք տեսնել, որ դա չափազանց կարևոր խնդիր է:
Կլիմայի փոփոխությունը որոշակի ազդեցություն ունի նաև դրա վրա։ Կարող եք մտածել, որ այսօր աշխարհում իրականում ավելի շատ քաղցրահամ ջուր կա, քան երեսուն տարի առաջ, քանի որ քանակությունը իրականում աճում է, բայց այն աճում է աշխարհի որոշ շրջաններում, որոնք, հավանաբար, դրա կարիքն այդքան էլ չունեն: Այսպիսով, կրկին, դա ունի իր վատ հետևանքները:
Հիմնական խնդիրներից մեկը, որը մենք տեսնում ենք քաղցրահամ ջրի անվտանգության շուրջ այժմ և ապագայում, կապված է կենսաբազմազանության հետ: Քաղցրահամ ջուրը ծածկում է մոլորակի ցամաքային մակերեսի մոտ 3%-ը։ Այնուամենայնիվ, քաղցրահամ ջրերը պարունակում են աշխարհի կենսաբազմազանության 6%-ը, այդ թվում՝ աշխարհի ողնաշարավորների ավելի քան մեկ երրորդը և աշխարհի ձկների ավելի քան 40%-ը: Դա նշանակում է, որ շատ փոքր տարածքներում կենսաբազմազանության շատ մեծ համամասնություն կա, ինչը կարևոր է դարձնում քաղցրահամ ջրերի անվտանգությունն ու կենսաբազմազանությունը:
Իսկապես լավ ուսումնասիրություններից մեկն է «Կենդանի մոլորակի ինդեքս»-ը, որն արվել է Բնության համաշխարհային հիմնադրամի և Լոնդոնի կենդանաբանական ասոցիացիայի կողմից: Նրանք ուսումնասիրել են հազարավոր տեսակների տասնյակ հազարավոր պոպուլյացիաներ 1970 թվականից մինչև մեր օրերը:
Նրանք գտել են, որ ողնաշարավորների պոպուլյացիան նվազել է ավելի քան 83%-ով, ուստի աշխարհի քաղցրահամ ջրերի ողնաշարավորների 4/5-ն անհետացել է:
Մենք հույսը դնում ենք ողնաշարավոր կենդանիների վրա՝ սննդի, հանգստի, էկոհամակարգի առողջության համար, և դա իսկապես վնասակար է: Կարծում եմ, որ լճերի աղտոտվածությունը կարող է վնասել քաղցրահամ ջրերի անվտանգությանը, բայց մենք կարող ենք մաքրել այն միջազգային օրենսդրության միջոցով, օրինակ՝ թթվային անձրևներից, մենք կարող ենք մաքրել այն տեղական և տարածաշրջանային օրենսդրության միջոցով, օրինակ՝ լճերի և գետերի վրա գյուղատնտեսական ազդեցությունից: Սակայն կենսաբազմազանության տեսանկյունից շատ դժվար է վերականգնել պոպուլյացիաները, և, եթե պոպուլյացիաները գնալով պակասում են, ապա դրանք կարող են ոչնչացման եզրին հասնել, և, երբ պոպուլյացիայի մի տեսակ վերանա ոչնչացման հետևանքով, այն երբեք չենք կարողանա վերականգնել։
Այսպիսով, խոսակցություններն այն մասին, որ Երկիրն ընդհանրապես գնում է դեպի վեցերորդ զանգվածային վերացման, երբ մենք կկորցնենք այս բոլոր տեսակները, շատ են: Պոպուլացիաների նվազումը, հատկապես քաղցրահամ ջրերում, չի հերքում վեցերորդ զանգվածային վերացման վարկածը, ընդհակառակը: Այսպիսով, մենք կարող ենք գնալ Երկրի նմանատեսակ բեկումնային կետին ընդառաջ, և դա թերևս բացատրում է, թե ինչու է քաղցրահամ ջրերի անվտանգությունը չափազանց կարևոր ոչ միայն մարդու առողջության և բարեկեցության համար, այլև ընդհանրապես ամբողջ մոլորակի վրա ապրող կենսաբազմազանության համար: Կենսաբազմազանությունը կարևոր է ածխածնային և ազոտային ցիկլը կարգավորելու համար, այնպես որ մոլորակի բոլոր բաղադրիչները փոխկապակցված են, և, եթե մենք սկսենք վնասել մեկին, ապա այն ազդեցություն կունենա նաև աշխարհի մեկ այլ վայրում:
Վերջին տարիներին շատ հետազոտություններ են արվել, օրինակ՝ արբանյակներից հեռահար զոնդավորումը, պարզելու համար, թե որտեղ է ջուրը, որտեղ է անհետանում, և հեռանկարում էլ որտեղ նման երևույթ սպասել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում որոշ ուսումնասիրություններ են ի հայտ եկել, որոնք ցույց են տվել, որ քաղցրահամ ջրի մեծ անկում կա, օրինակ՝ ինչպես Գրենլանդիայի սառցե շերտից, այնպես էլ Անտարկտիդայի սառցաշերտից, որը կապված է գլոբալ տաքացման և օվկիանոսների մեջ սառույցի հալման հետ: Բայց նաև մեծ անկում կա, օրինակ, Հյուսիսարևելյան Ասիայից, Կենտրոնական Ամերիկայի որոշ հատվածներից, Միացյալ Նահանգների հարավ-արևմուտքից: Թվում է, թե սա գյուղատնտեսության պատճառով է, և այնտեղի ինտենսիվ հողագործությունն օգտագործում է ողջ քաղցրահամ ջուրն այնպես, որ դրա հետևանքները կարելի է տեսնել Երկրի ձգողականության փոփոխություններում: Վերոնշյալը նորագույն հետազոտությունների արդյունք է, որ մատնանշում է վերջին մի քանի տարիների իրական մտահոգության ոլորտները:
Թարգմանիչ՝ Միլենա Առաքելյան (Milena Arakelian) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։