Բոմոնթ փողոցի փոքր տներից մեկի բակում մագնիտոլայից զիլ հնչում է «Like a Bat out of Hell» հիթը։ Երկու երեխաներ ունեցող զույգի համար փոսոտ ճանապարհին դրված նստարաններին դա լսելը իսկական զվարճանք է Անգլիայի ամենաթշվառ քաղաքի ամենահեռավոր մասի համար։ Կեսօրից հետո՝ 3։30-ին, մի քանի յարդ հեռավորության վրա գտնվող ոգելից խմիչքների խանութից մի մարդ է դուրս գալիս՝ երերալով ու հազիվ ոտքի վրա մնալով։
Սա Միդլսբրո քաղաքի Հյուսիսային Օրմսբի շրջանն է, որը մի քանի մղոն հեռավորության վրա է Անգլիայի հյուսիսարևելյան քամոտ, բայց գեղեցիկ ափից։ Ապաարդյունաբերականացումը (Թիսայդի խորհրդանշական պողպատաձուլարանը քանդման ընթացքի մեջ է) ու կրթական նվաճումների պակասը (Միդլսբրոյում գերազանցության մակարդակը պետական միջին ցուցանիշի ընդամենը կեսի չափ է) տարիներ շարունակ այս շրջանը պահել են Անգլիայի տնտեսապես ամենաանապահով տեղական իշխանությունների թվում։
Covid-19-ի հետևանքներն ու լոքդաունով պայմանավորված սահմանափակումները տնտեսական սթրես չպատճառեցին ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ զարգացած աշխարհի մեծ մասին։ Եվ իրոք, համաձայն Resolution Foundation հիմնադրամի տվյալների, Մեծ Բրիտանիայի տնային տնտեսությունների հարստությունն ավելացել է մոտ 900 միլիարդ ֆունտ ստեռլինգով։ Բայց այդ համընդհանուր պատկերը թաքցնում է հարուստ-աղքատ շերտերի միջև եղած մեծ տարբերությունը. ակտիվներ ու աշխատանք ունեցողները շահեցին, իսկ ցածր եկամուտ ունեցողներն ավելի խրվեցին պարտքերի մեջ։
Resolution Foundation հիմնադրամի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործազուրկները, աշխատանքից ազատվածներն ու աշխատավարձի կրճատում ստացածների մեկ երրորդը սկսել է ծախսել իրենց խնայողությունները։ Վերոնշյալների 20%-ից ավելիի շրջանում շատացել են պարտք վերցնելու դեպքերը։
Վալ Գիբսոնը, որ Հյուսիսային Օրմսբիի համայնքային կենտրոնի ղեկավարն է ու մոր պես սիրված բնակիչների շրջանում, ամեն օր ականատես է եղել նման ծանր դեպքերի։ «Վերջերս [Covid-19-ի ընթացքում] իրենց կրած ֆինանսական կորուստների և հատկապես շաբաթական 20 ստեռլինգ նպաստի կորստի [քանի որ քովիդյան շրջանի համար նախատեսված բյուջեն սպառվում է] պատճառով ընտանիքներն այստեղ տառապում են», ” պատմում է նա։
«Նրանց ամենամեծ մտահոգությունը պարտքերն են, ընտանեկան ծախսերը և, ընդհանրապես, գումարի մեջ տեղավորվելը։ Շատերն իրենց [պետական] նպաստներն օգտագործում են ստանալուն պես և բյուջե չեն էլ կազմում»։
Տնտեսական անապահովությունը մեղմացնելը հսկայական աշխատանք է, բայց բյուջեն կառավարելու հմտությունները բարելավելու, պարտքերը գրագետ կարգավորելու ու ներդրումների մասին գաղափար ունենալու համար անհրաժեշտ հիմնական ֆինանսական կրթությամբ աջակցել կարողանալն այդպիսին չպիտի լինի։ Եվ, այնուամենայնիվ, ֆինանսների մասին հիմնական պատկերացում ունենալը կարող է հսկայական նշանակություն ունենալ ոչ միայն աղքատ համայնքների, ինչպիսին է Հյուսիսային Օրմսբին, այլ ցանկացած մարդու համար՝ գրեթե բոլոր հանգամանքներում։
«Ֆինանսների տնօրինման բարելավումը կարող է վերափոխել և՛ անհատների, և՛ ընտանիքների կյանքը, ” հաղորդում է Դիանա Մաքսվելը՝ Նոր Զելանդիայի՝ պետության կողմից աջակցվող ֆինանսների տնօրինման բարելավման ընկերության նախկին ղեկավարը։ ” Մարդիկ հայտնում են, որ ավելի լավ են քնում, ավելի կենտրոնացած են, ընտանիքում՝ ավելի համախմբված, և ավելի են միտված որևէ բանի շուրջ երկար մտածելու։ Այդ առումով այն շարժիչ հզոր ուժ է»։
Նոր ուսումնասիրության տվյալները, որոնք Financial Times (FT) համար ներկայացրել է Ipsos Mori ընկերությունը, ֆինանսական գրագիտության հարցում ապշեցուցիչ թերություններ են բացահայտում, որոնք էլ խորացնում են անհավասարությունը։ Financial Times-ի՝ իր իսկ բարեգործական ձեռնարկությունը՝ FT ֆինանսական գրագիտության և ներառականության արշավը (FT FLIC), ստեղծելու հետ մեկտեղ կատարած հետազոտությունը ներկայացնում է 4 խմբեր, որոնք պետական ցուցանիշի համեմատ գիտելիքների լուրջ բացեր ունեն՝ անապահով շրջանները, երիտասարդները, կանայք ու էթնիկ փոքրամասնությունները։
Financial Times-ի ֆինանսական գրագիտության և ներառականության արշավի ստրատեգիական տեսլականը ներկայացնում է Մեծ Բրիտանիայում և ողջ աշխարհում ֆինանսական գրագիտությանը խթանելու իր պլանը՝ թիրախավորելով երիտասարդներին, կանանց ու իրավազուրկներին։
Տնտեսական անապահովության բարձր մակարդակի ու ֆինանսական գրագիտության ցածր մակարդակի միջև հարաբերակցությունը չափից դուրս ակնհայտ է։ Անգլիայում, Ipsos Mori-ի ուսումնասիրության համաձայն, արդեն իսկ խոցելի համայնքների ֆինանսական խնդիրներն իրենց իսկ անտեղյակության պատճառով ավելի են սրվում։ Մարդիկ պատկերացում չունեն, թե ինչպես է պետք հաշվել պարտքի տոկոսները, դրանց կուտակումը՝ մեղմացնելով ռիսկերն ու խնայելով իրենց բյուջեն։
Բայց ֆինանսական գրագիտության հարցում թերություններ ունեցող մյուս խմբերը նույնպես այդ թեմաների շուրջ հարցումներում ցածր միավորներ են հավաքել։ Այն հարցին, թե 100 ստեռլինգ տարեկան պարտքի մարման (ա)105 ստեռլինգ կամ (բ)100 ստեռլինգ +3% տոկոսադրույքներից որն է ավելի ցածր, Անգլիայի ամենաանապահով 5 շրջաններում ապրողների միայն 72%-ը, իսկ ամենաբարվոք պայմաններում ապրող շրջանների 86%-ը գիտեր, որ պատասխանը բ-ն է։ Կանանց դեպքում այդ ցուցանիշը 77% է, էթնիկ փոքրամասնությունների դեպքում՝ 66, իսկ 16-24 տարեկանների դեպքում՝ 69։
Շատ երիտասարդներ նույնպես հստակ չպատասխանեցին գնաճի մասին հարցին։ 16-24 տարեկանների կեսից քիչը գիտեր, որ փողը արժեք չի ունենա, եթե այն բերի 1% եկամուտ, իսկ գնաճը լինի 2%-ի սահմաններում։ Ճիշտ պատասխանն իմացողներն ընդհանուր առմամբ կազմում էին 77%, այդ թվում, 71%՝ կանայք, 63%՝ ամենաանապահով շրջաններում ապրողները և 60%՝ էթնիկ փոքրամասնությունները։
Որոշ հարցեր բոլորի համար էին անլուծելի։ Հարցվածների հազիվ կեսն էր կարողացել ճիշտ համեմատել կրեդիտ քարտով և բանկային օվերդրաֆտի միջոցով փոխառության հարաբերական արժեքը հատուկ վճարների հետ միասին՝ գրեթե անկախ ունեցվածքի չափից, տարիքից, էթնիկ պատկանելությունից, բնակության շրջանից կամ սեռից։ Մեզ բոլորիս ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը չէր խանգարի։
Դատելով Ipsos Mori-ի ուսումնասիրության ֆինանսական գրագիտության հիմնական հարցերից (որոնցից որոշներն ընդօրինակում են Standard & Poor’s Ratings Services գործակալության 7 տարի առաջ իրականացրած գլոբալ հետազոտությանը)՝ բնակչությունը լավատես լինելու շատ քիչ պատճառներ ունի։ Այս բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել ընդամենը ամեն հինգերորդ հարցվող։
Համաշխարհային բանկի՝ 2014 թ․ S&P ֆինանսական գրագիտության գլոբալ հետազոտության վերլուծության համաձայն, որը հիմնված էր 5 նմանատիպ հարցերից 3-ին՝ այդ թվում բարդ տոկոսի մասին մեկ հարցին ճիշտ պատասխանելու վրա, ֆինանսապես գրագետ էր աշխարհի բնակչության միայն մեկ երրորդ մասը։ Մեծ Բրիտանիայի արդյունքը 67% էր (ելնելով այն հանգամանքից, որ անգլիացիների ֆինանսական գրագիտության ցուցանիշը Financial Times-Ipsos Moriի նույն հիմքերով հարցման մեջ եղել է 82%, փորձագետները կարծում են, որ դա, ամենայն հավանականությամբ, արտացոլում է հեռախոսայինից առցանց հարցման անցումը, այլ ոչ թե պետական նշանակալի բարելավում)։
«Ցածր եկամուտն ու աղքատությունը շատ հաճախ պայմանավորված են չկարգավորվող շուկաներով, դժվար ըմբռնելի լեզվով և ֆինանսական սահմանափակ հասկացողությամբ, ” ընդգծում է Էյմե Ալլամը՝ FT ֆինանսական գրագիտության և ներառականության արշավի գործադիր տնօրենը։ ” Ֆինանսական գրագիտության բացը լրացնելը շատ կարևոր է սոցիալական հավասարության բացը լրացնելու համար։ Առհասարակ բոլոր սոցիալական շերտերում ևս ֆինանսական գրագիտության բարձրացման կարիք կա»։
Հենց այդ առաքելությունն է որդեգրել FT ֆինանսական գրագիտության և ներառականության արշավը նախ Մեծ Բրիտանիայում, ապա ժամանակի ընթացքում նախատեսվում է ընդգրկել ամբողջ աշխարհը։ Այն կրթական ծրագրեր կմշակի ֆինանսական գրագիտության մակարդակը երիտասարդների, կանանց ու անապահով համայնքների բնակիչների շրջանում բարձրացնելու և կձեռնարկի քաղաքականության փոփոխությանն ու ֆինանսական ընկերությունների կողմից ծառայությունների ավելի մատչելի ներկայացմանն ուղղված արշավ։
Լիան Ֆիլդենը անապահով խավի ներկայացուցիչ է։ Գործազուրկ է, ապրում է Միդլսբրո աղքատ շրջանում։ Նրան հանդիպել եմ մարզման անվճար դասի ժամանակ, որը կազմակերպել էր Միդլսբրո ֆուտբոլային ակումբի (ՄՖԱ) բարեգործական հիմնադրամը։ Ինչպես հարյուրավոր այլ կանայք, ովքեր Ռիվերսայդ մարզադաշտի տրիբունաներից ներքև գտնվող լայնարձակ միջանցքներում մարզվելու տարատեսակ վարժություններ են անում, նա էլ հիանում է համայնքային ոգով, որը բարձր են պահում առողջապահական հարցերի համակարգող Փոլ Սաութն ու մարզիչների իր թիմը։ «Սա մի բան է, որն ինձ օգնում է ազատվել ֆինանսական սթրեսից», — ասում է Ֆիլդենը՝ ավելացնելով, որ կորցրել է 10 սթոուն (63,5 կգ) քաշ մասամբ էլ ծրագրի շնորհիվ։
Նրա կերպարից նկատվում է իր բանիմացությունը ֆինանսական ոլորտից։ «Ես բախտավոր եմ, որ աշխատել եմ Barclaycard-ի ու Visa-ի համար։ Գումարային առումով հաճախ օգնում եմ ընտանիքիս ու ընկերներիս», ” պատմում է նա։ Այնպես որ նա ֆինանսական հարցերից չի վախենում։ «Բայց ես վախենում եմ երիտասարդ սերնդի համար, ” նշում է նա ու ավելացնում, որ վստահ է՝ լուծում կա։ ” Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ երեխաները դպրոցից գաղափար կազմեն ֆինանսների մասին։ Չափազանց շատ երեխաներ, որոնց թվում են նաև իմ երեխաները, կարծում են, որ փողը աճում է ծառերի վրա։ Նրանք չեն հասկանում, որ երբ մեծանան, պետք է բյուջե կազմեն ողջ գումարի համար, վճարեն ծախսերը։ Ես էլ եմ այդպիսին եղել։ Մայրս ու հայրս ինձ ամեն ինչ տվել են։ Մայրս մահացավ, երբ 17 տարեկան էի, ինչից հետո ինձ մնում էր տեղափոխվել արտասահման՝ աշխատելու։ Եվ դա ինձ համար չափազանց բարդ դաս եղավ։ Ես չգիտեի պատրաստել, մաքրություն անել, արդուկել, ֆինանսներս կառավարել․ այդ ամենն իրոք դժվար էր։ Դա անհրաժեշտ է սովորեցնել երեխաներին, որպեսզի նրանք պատրաստ լինեն իրական աշխարհ դուրս գալուն»։
Չնայած ֆինանսական գրագիտությունը տեսականորեն կա Անգլիայի ու Մեծ Բրիտանիայի այլ շրջանների դասացուցակներում` այն հաճախ անտեսում են։ Որոշ ուսուցիչներ ժամանակի պակասի վրա են բարդում այն չդասավանդելն առողջ ապրելակերպի, քաղաքացիության, սեռական կրթության ու անձնական հարաբերությունների հետ մեկտեղ, այսպես կոչված, անձնական, սոցիալական, առողջապահական և տնտեսական կրթության դասաժամերին։ Մյուսներն ընդունում են, որ իրենք էլ վախենում են դրանից, ինչը նշանակում է, որ նրանք դրան առաջնահերթություն չեն տալիս։
Փոփի Թրեյնը՝ դեռահաս, ով նույնպես հաճախում է ՄՖԱ հիմնադրամի ֆիթնեսի դասերին, իր մաշկի վրա է զգում դրա պակասը։ «Մենք սովորում ենք պարզ և բարդ տոկոսներ և ուրիշ ոչինչ», նկատում է նա։ Էմման՝ նրա մայրը, վկայում է, որ ինքն ու իր դուստրը 100%-ով համոզված են, որ դա պետք է դպրոցում դասավանդեն, ինչպես հարկն է. «Ուսուցիչները պետք է ներկայացնեն իրականությունը, օրինակ՝ խանութի իրավիճակ ստեղծեն, որպեսզի երեխաները հասկանան, թե ինչպես կազմել ծախսերը»։
Financial Times-Ipsos Mori հետազոտության համաձայն՝ հարցին, թե դպրոցում ֆինանսների մասին ինչ են սովորել, Անգլիայում 3194 հարցվածների 90%-ը պատասխանել է «բոլորովին ոչինչ» կամ «շատ քիչ բան»։
FT ֆինանսական գրագիտության և ներառականության արշավը անհատներին ու ուսուցիչներին ֆինանսական կրթություն տրամադրելու հետ մեկտեղ նախատեսում է ազդել պառլամենտի վրա, որպեսզի փոխվի կրթության քաղաքականությունը, մասնավորապես՝ ֆինանսական գրագիտությունը դպրոցների դասացուցակ ներմուծվի պատշաճ կերպով, այլ ոչ թե որպես անձնական, սոցիալական, առողջապահական և տնտեսական կրթության դասաժամերի աննշան մաս։
Ինչպես Ֆիլդենն է ասում․ «Դա նրանց համար ավելի օգտակար է լինելու, քան ուսումնական պլանով նախատեսված շատ առարկաներ։ Դուստրս այժմ միջնակարգ կրթության ընդհանուր վկայական ստանալու փուլում է սովորում և այդտեղ ֆրանսերեն է անցնում։ Այժմ տեսնում եմ, որ ֆրանսերենը հաճելի լեզու է, բայց նրան դա պետք է գալու միայն այն ժամանակ, երբ ուզի Ֆրանսիա գնալ, մինչդեռ ֆինանսական գիտելիքների կարքիը նա միշտ է ունենալու»։
Երիտասարդներին թիրախավորելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ կյանքի հետագա փուլերում նրանց վրա ազդեցություն ունենալն ավելի բարդ է։ Վերադառնալով Հյուսիսային Օրմսբիի համայնքային կենտրոնին՝ նշենք, որ ղեկավար Վալ Գիբսոնը ևս այդ հարցում կասկածներ չունի․ «Մենք բյուջեի տնօրինման հմտությունների մասին դասընթացներ ենք կազմակերպել։ Բայց նրանք, ում դրանք իսկապես պետք են, չեն մասնակցում, մինչև նրանց ինչ-որ բան չես տալիս»։ Ապացույցը արդուզարդի մի քանի պարագաներով, Covid-19-ի թեստերով ու բառեր փնտրելու խաղերով լի նվերների տասնյակ պայուսակներն են, որոնք ցաքուցրիվ դրված են սեղանին՝ սպասելով օգտագործման հաջորդ առիթին։
ՄՖԱ հիմնադրամի ղեկավար Մարկ ՄաքՖիլիպսը գտնում է, որ իր զբաղմունքը նույնքան դժվար է մոտակա Արևելյան Քլիվլենդի (ժամանակին երկաթի հարուստ աղբյուր տարածաշրջանի արագ անկում ապրող պողպատի արդյունաբերության համար) ամենաաղքատ համայնքներում: «Սա այն շրջանն է, որը ժամանակը մոռացության է մատնել՝ գործազրկության, վատ կրթության, հասարակական վատ տրանսպորտի տեսանկյունից: Եվ երբ մենք եկանք, խորը անվստահություն կար», ” ասում է նա։ Հեջ ֆոնդի նախկին տնօրենի շնորհիվ, ով վերադարձավ իր ծննդավայր և շռայլորեն (բայց անանուն) ֆինանսավորում տրամադրեց, հիմնադրամը Covid-19-ի ծանր շրջանում վճռորոշ փրկօղակ դարձավ՝ տրամադրելով սննդի փաթեթներ և դպրոցական սնունդ, ինչպես նաև սպորտային պարապմունքներ և «Բորո ավտոբուս»՝ հագեցած առողջապահական և մարզական շարժական հարմարություններով։ Նրանք նույնիսկ անցում են կատարել հատուկ ֆինանսական կրթության՝ համագործակցելով տեղի վարկային միության հետ:
FT ֆինանսական գրագիտության և ներառականության արշավի անելիքներից մեկը լինելու է արդեն գործող բարեգործական ու այլ կազմակերպությունների հետ ֆինանսական կրթության հարցում համագործակցելը՝ ամբողջացնելու առկա լավագույն նյութերը, ինչպես նաև բարելավելու իր իսկ կոնտենտը։
Եթե ֆինանսական գրագիտության կրթությունը կարող է ամենաաղքատներին օգնել բարելավել իրենց վիճակը, այն կարող է նույն կերպ ազդել այլ խմբերի վրա, որոնք չունեն հիմնարար տարրական գիտելիքներ, որպեսզի վերջիններս խուսափեն ֆինանսական վտանգներից և բարեփոխեն իրենց կյանքը:
Բացի տպավորիչ ֆուտբոլիստներ լինելուց, 80 անհատները, ովքեր ՄՖԱ հիմնադրամում մասնակցում են ապաստան հայցողների համար ամենշաբաթյա խաղերին՝ Փոլ Սաութի և նրա գործընկերների կողմից կազմակերպվող, հաղթահարել են մի շարք դժվարությունները՝ դեպի Բրիտանիա` իրենց ուղին հարթելով 25 տարբեր երկրներից՝ Աֆղանստանից մինչև Սուդան և Կամերուն, և դիմանալով չարչարանքներին ու տնտեսական սթրեսին: Նրանք զարմանալիորեն մնում են ձգտումներով լի:
Ռենե Պերեսը Էլ Սալվադորից է, որտեղի գնալով ուժեղացող ավտորիտար ռեժիմից 2019-ին նրա ընտանիքը փախել է: 27-ամյա երիտասարդը հիասթափված է ապաստան հայցողի կարգավիճակից և ցանկանում է նոր կյանք ստեղծել: «Ես չեմ կարող աշխատել, բայց Միդլսբրոյի քոլեջում սովորում եմ անգլերեն և մաթեմատիկա: Ուզում եմ քոլեջում մասնագիտություն ձեռք բերել և աշխատել շինարարության ոլորտում: Սիրում եմ երկնաքերեր։ Կցանկանայի կռունկ [գործարկել]»: Հարցրի՝ ինչն է նրան մոտիվացնում։ «Երազանքներիցս մեկը Մանչեսթերում, իսկ ավելի կոնկրետ Սալֆորդում՝ Օլդ Թրաֆորդ մարզադաշտի մոտ, բնակարան գնելն է: Մի հրաշալի բնակարան։ Դա երազանքներիցս միայն մեկն է, խնայել է պետք»: Ես բացատրում եմ նրան, թե ինչպես կարելի է ավանդ կուտակել և հիփոթեքային վարկ վերցնել։ Նրա համար անհավանական է թվում այն միտքը, որ ստիպված չի լինի ամբողջ գումարը խնայել անշարժ գույք գնելու համար, այլ հենց որ հարմար աշխատանք գտնի, իր երազանքը իրականանալի կդառնա գույքի վրա երաշխավորված ավանդի և վարկի միջոցով: «Կարող եմ պա՞րտք վերցնել: Պետք է պատասխանատու գտնվեմ»։
Ֆինանսական գրագիտությանն ուղղված կրթությունը ճիշտ մատուցման դեպքում ինչպես գաղթականների համար կարող է դառնալ իրենց ապաստան տված երկրում հաստատվելու, այնպես էլ կարիքավորների համար անապահովությունը հաղթահարելու միջոց։ Այն թիրախավորում է հատկապես երիտասարդությանը, ում համար կարող է հետագա բարեկեցության հիմնաքար դառնալ՝ օգնելով առաջ ընթանալ, ծանոթացնելով ռիսկերի և ներդրումների հնարավորություններին։ Կարճ ասած՝ ֆինանսական գրագիտությունը ֆինանսական ազատության հասնելու անհրաժեշտ նախապայման է։
Տվյալների վերլուծությունը Չելսի Բրյուս-Լոքհարթի և Ջոն Բըրն-Մերդոքի կողմից։
Պատրիկ Ջենքինսը FT-ի խմբագրի տեղակալն է, ֆինանսական նախկին խմբագիրն ու FT ֆինանսական գրագիտության և ներառականության արշավի նախագահը։
Թարգմանիչ՝ Իվետա Ավագյան (Iveta Avagyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։