ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները. ռիսկեր և նոր հնարավորություններ

Այսօր ՀՀ-ն, ներքին պահանջարկը բավարարելուց զատ, էլեկտրաէներգիա է արտահանում դեպի հարևան երկրներ: Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ ոլորտն ազգային տնտեսության զարգացման, տնտեսական աճի խթանման, երկրի տնտեսական մրցունակության մակարդակի բարձրացման ու ազգային անվտանգության ապահովման ուղղությամբ կարող է ունենալ կենսական և ռազմավարական նշանակություն, եթե ավելի արդյունավետ կերպով օգտագործվեն դրա հնարավորությունները: Հոդվածում անդրադարձ է կատարվել ՀՀ ժամանակակից էներգետիկ համակարգում առկա միտումներին և դրանցից բխող հնարավոր ռիսկերին ու մարտահրավերներին, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածի կողմից ոլորտի զարգացման շարժառիթներին։

 

Նյութի բնօրինակը հրապարակավել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնում: Նյութի վերահրապարակումը համաձայնեցված է կենտրոնի հետ:

Թեև ներկայում ամբողջ աշխարհում արագորեն զարգանում է այլընտրանքային էներգետիկայի ոլորտը (արևային, հողմային, փոքր ՀԷԿեր և այլն), այնուամենայնիվ, մոտակա տարիներին մարդկության համար ածխաջրածինները մնալու են որպես էներգիայի ապահովման հիմնական աղբյուր: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերում միշտ կարևոր տեղ և դեր է հատկացվել էներգետիկայի ոլորտին և էներգետիկ ենթակառուցվածքներին: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի՝ էներգետիկային վերաբերող բաժնում նշված է. «Էներգետիկայի ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված է երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, տարածաշրջանային ինտեգրման գործընթացի ապահովմանը, էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը` հենվելով ատոմային էներգետիկայի հետագա զարգացման, էներգակիրների մատակարարման տարատեսականացման և տեղական առաջնային (վերականգնվող) էներգապաշարների լիիրավ, արդյունավետ օգտագործման և էներգաարդյունավետ ժամանակակից միջոցների իրականացման ու նոր տեխնոլոգիաների ներդրման վրա» [1]: 

Կառավարության գործող ծրագրում (2019-2023 թթ.) նույնպես պահպանվել են վերը նշված գերակայությունները, որոնցից բխում են էներգետիկ ոլորտում ներդրումների խթանմանն ու Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ առևտրի հնարավորությունների օգտագործմանն ուղղված մի շարք միջոցառումներ, մասնավորապես. 

  • էլեկտրաէներգետիկական համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիների մշակում,
  • ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացում, տարածա ” շրջանում իրացման նոր էներգետիկ շուկաների բացահայտում, արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովում, 
  • նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար օրենսդրական խթանների ձևավորում, 
  • վերականգնվող էներգիայի աղբյուրների արդյունավետ օգտագործում և զարգացում: 

Միաժամանակ, ծրագրում նշվում է, որ ներկայում Հայաստանի էներգահամակարգն ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և ունի էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման ներուժ [2]: 

Միջազգային փորձով ապացուցված է, որ ազգային տնտեսության մրցունակության մակարդակի բարձրացման առանցքային գործոնը տնտեսական զարգացման նորարարական հայեցակարգի մշակումն ու դրա՝ հետևողական կերպով իրականացումն է: Ինչպես յուրաքանչյուր տնտեսական բնագավառի, այնպես էլ էներգետիկայի ոլորտի նորարարական զարգացումը պետք է ենթադրի նոր, ոչ ավանդական ուղիների բացահայտման և դրանց արդյունավետ կառավարման մեթոդների մշակում: Այսօր ՀՀ-ում սպառվող առաջնային էներգակիրների շուրջ 2/3-ը ներկրվում է, ինչը խոցելի է դարձնում հանրապետության էներգետիկ անվտանգությունը` երկրի տնտեսական զարգացումն անմիջական կախվածության մեջ դնելով արտաքին տնտեսական ուժերից: Այս հանգամանքով պայմանավորված` տնտեսության զարգացման արդի փուլում ՀՀ էներգահամակարգի զարգացման գլխավոր մարտահրավերներ են դարձել էներգետիկ միջոցների ներկրման հնարավոր կրճատման ու սահմանափակման ուղիների որոնումը և այդ ուղղությամբ մշակվող քաղաքականության հետևողական կերպով իրագործումը: Հատկանշական է, որ էներգետիկ զարգացման քաղաքականությունը պետք է զուգորդվի էներգետիկ արդյունավետության բարձրացման տեսլականով` միտված ազգային տնտեսական արդյունքի էներգատարության նվազեցմանը: Ժամանակակից տնտեսության էներգետիկ զարգացման կարևորագույն նախապայմաններից է էներգիայի այլընտրանքային և վերականգնվող աղբյուրների շահագործումը:

Արևային էներգիան, որպես վերականգնըվող էներգիայի ստացման առանցքային ուղղություն, համարվում է «ամենամաքուր» աղբյուրներից մեկը: Հայաստանի էներգետիկ համակարգի՝ մինչև 2036 թ.-ի զարգացման ռազմավարությամբ [3] նախանշված են էլեկտրաէներգետիկական շուկայի հետագա ազատականացման, էլեկտրաէներգիայի աղբյուրների բազմազանեցման, վերականգնվող էներգիայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացման, էներգետիկայի ոլորտում նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման, էլեկտրաէներգիայի արտահանման ընդլայնման հնարավորություններն ու եղանակները:

Հայաստանի Հանրապետության ռազմավարական (հեռանկարային) զարգացման տեսանկյունից, անհրաժեշտ է նկատել, որ ներկայիս էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքը ձևավորվել և գործում է հիմնականում ներմուծվող և չվերականգնվող պաշարների (նավթ, գազ, ատոմային վառելիք) հիման վրա, ինչը ենթադրում է վերջիններիս սպառման հետևանքով էներգետիկ անվտանգության ռիսկերի դրսևորում (գծապատկեր 1): Հատկանշական է, որ աշխարհում օգտագործվող էլեկտրաէներգիայի միայն 15.1%-ն է ստացվում վերականգնվող աղբյուրներից: Դա վկայում է նաև, որ նավթի պաշարների սպառմանը մնացել է մոտ 43, իսկ գազի պաշարների սպառմանը՝ մոտ 158 տարի [5]:

Գծապատկեր 2-ից պարզ է դառնում, որ 2005-2020 թթ. զգալիորեն բարելավվել է ՀՀ էլեկտրահաշվեկշռի կառուցվածքը, քանի որ ավելացել է արտադրված և նվազել ներմուծված էլեկտրաէներգիայի ծավալը, իսկ արտահանված էլեկտրաէներգիայի ծավալն արտադրվածի մեջ ավելացել է 7.2 տոկոսային կետով: Թեև 2016-2017 թթ. ՀՀ էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալները որոշ չափով ավելացել են, իսկ 2016-ին արտահանման ծավալները նախորդ տարվա նկատմամբ՝ որոշակիորեն նվազել, սակայն էլեկտրաէներգիան դարձել է ՀՀ-ից արտահանվող (դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, Արցախի Հանրապետություն և Վրաստան) հիմնական արտադրատեսակներից մեկը: 

Որպեսզի գնահատենք ՀՀ-ից էլեկտրաէներգիայի արտահանման նպատակահարմարությունն ու արդյունավետությունը, դիտարկենք դրա արտահանման համեմատական առավելությունների գործակիցը (ՀԱԳ) 2005-2020 թթ.-ին (գծապատկեր 3)։ Որքան ՀԱԳ-ի մեծությունը մոտ է 1-ին, այնքան բարձր է երկրի արտահանման արդյունավետությունը: Բացասական մեծությամբ ՀԱԳ-ն ավելացնում է երկրի վճարային հաշվեկշռի պակասուրդը։ Գծապատկեր 3-ից ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ից էլեկտրաէներգիայի արտահանումը կարող է զգալիորեն բարելավել երկրի վճարային հաշվեկշիռը: Իսկ դա նշանակում է, որ համապատասխան շուկայում վարվող խելամիտ տնտեսական քաղաքականությունը կարող է նկատելիորեն ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություններն ու պետական բյուջեի եկամուտները:

Բնորոշիչ է նաև, որ Հայաստանի Հանրապետությունն ունի էլեկտրաէներգիայի այլընտրանքային և վերականգնվող աղբյուրների զարգացման ու շահագործման գրավիչ ներուժ: Հանրապետության տարածքն օժտված է արևային ճառագայթման զգալի ինտենսիվությամբ: Ընդ որում, արևային էներգիայի հոսքի միջին տարեկան ծավալն ըստ 1 ք.մ-ի մոտ 1700 կՎտժ է, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է եվրոպական երկրների համանման ցուցանիշը: Հանրապետությունում մեկ տարվա կտրվածքով արևային էներգիայի ինտենսիվ օգտագործման ժամանակահատվածը գնահատվում է մոտ 2500 ժամ՝ ինչը տնտեսապես արդարացված է դարձնում էներգետիկ համակարգի այս ճյուղի զարգացման ուղղությամբ նշանակալի ներդրումների կատարումը [8]:

2020 թ.-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի պատկերը հետևյալն է. ՀԱԷԿ՝ 27.67%, ՋԷԿ-եր՝ 39.67%, ՀԷԿ-եր՝ 32.44%, հողմային և արևային էլեկտրակայաններ՝ 0.22% [9]։ Վերականգնըվող աղբյուրների հաշվին ստացվող էլեկտրաէներգիայի նման ցածր մակարդակը (էլեկտրաէներգիայի համաշխարհային սպառման կառուցվածքի համեմատ՝ փոքր է շուրջ 70 անգամ (15.1 / 0.22)) ենթադրում և պարտադրում է ՀՀ-ում արևային և, ինչոր չափով, հողմային էլեկտրակայանների թվի էական ավելացում:

Միաժամանակ, հարկ է նշել, որ վերջին տարիներին ՀՀ-ում զգալիորեն զարգանում են արևային էներգիայի օգտագործմանը միտված նորարարական լուծումների մշակման ու կիրառման գործընթացները: Այսօր արդեն արդյունաբերական նշանակության արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաների շահագործմամբ էներգիայի ստացումը դարձել է բավական մրցունակ էլեկտրաէներգիայի արտադրության այլ տեխնոլոգիաների նկատմամբ: Ուստի կարելի է ասել, որ ներկայում հանրապետության տարածքում արևային ֆոտովոլտանային կայանների տեղադրումը և կիրառումը տնտեսապես շահավետ են՝ էներգախնայողության առումով: ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման՝ մինչև 2040 թ. ռազմավարական ծրագրի համաձայն, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ներուժի օգտագործումը հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկն է: Նախատեսվում է մինչև 2026 թ. արևային կայանների շահագործմամբ ստացվող էներգիայի մասնաբաժինը ՀՀ-ում արտադրվող ընդհանուր էլեկտրաէներգիայի ծավալում հասցնել 10 տոկոսի (1.2 մլրդ կՎտժ), ինչը նշանակում է, որ արևային էներգիայի արտադրության ծավալը կարող է բավարարել ՀՀ ներքին սպառմանն ուղղվող էլեկտրաէներգիայի ծավալի մոտ 23 տոկոսը [10]: Նման ցուցանիշ ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել 700 մՎտ արևային կայանների դրվածքային հզորություններ՝ ապահովելով արևային կայանների և հզորությունների շահագործման ծավալների մոտ 27 անգամ աճ: Ռազմավարական նշանակության այս նպատակի իրագործումը ենթադրում է նվազագույնը 600-700 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների իրականացում, ինչը վկայում է այն մասին, որ ֆինանսական և ներդրումային միջազգային համագործակցությունն առանցքային նշանակություն ունի ՀՀ վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման համար: Հետաքրքրական է, որ վերջին տարիներին զարգացող երկրներում վերազգային կորպորացիաները և համաշխարհային նշանակության խոշոր ներդրողները հիմնականում իրականացնում են նպատակային օտարերկրյա ուղղակի ներդրումներ: Այս առումով, հատկապես լայնածավալ ներդրում­ներ են կատարվում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորման նախագծերում` բնապահպանական աղետների և կլիմայի ոչ բարենպաստ փոփոխությունների համաշխարհային ռիսկը նվազեցնելու նպատակով: Վերջին 11 տարվա ընթացքում միայն Համաշխարհային բանկը թողարկել է 158 «կանաչ» պարտատոմսեր` 13 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Ընդ որում, միայն 2019 թ.-ի ընթացքում թողարկված «կանաչ» պարտատոմսերի համաշխարհային ծավալների շուրջ 36 տոկոսն ուղղվել է վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը [11]:

Ամփոփելով նշենք, որ էներգետիկայի  ոլորտի զարգացումը կարող է ոչ միայն էներգետիկական, այլև սոցիալական ու բնապահպանական խնդիրների լուծման լայն հնարավորություններ ընձեռել: Միաժամանակ, արդյունավետորեն օգտագոր ” ծելով էներգիայի ստացման այլընտրանքային կարողությունները, հանրապետությունը կարող է տարածաշրջանում դառնալ էլեկտրաէներգիայի արտահանման առաջամարտիկ՝ սեփական արտաքին առևտրի հաշվեկշիռը, ինչպես նաև նվազեցնելով ազգային տնտեսության վտանգավոր կախվածությունը ներմուծումից:

ՀՀ-ում տնտեսական գործունեության ծավալման հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ ֆինանսական ռեսուրսների դժվարամատչելիությունը: Մինչդեռ, ինչպես տնտեսության ամեն մի ոլորտում, այնպես էլ էներգետիկ համակարգում արդիականացում ու նորարարական զարգացում ապահովելու համար պահանջվում են հսկայածավալ ներդրումներ: Ընդ որում, էներգետիկայի ոլորտում նորարարական զարգացման արդյունավետության բարձրացումը, նախևառաջ, ենթադրում է ոլորտի ներդրումային միջավայրի գրավչության մակարդակի բարձրացում և անցում «կանաչ» տնտեսության ռազմավարության: Հենց դրա համար էլ երկիրը նախատեսում է մեծացնել էլեկտրաէներգիայի արտադրության մեջ վերականգնվող տեսակների չափաբաժինը՝ հիմնական շեշտը դնելով արևային կայանների հիմ­նադրման վրա: [12]

Չանտեսելով արևային կայանների տեղակայման երկարաժամկետ հետևանքները՝ կարևոր ենք համարում նշել, որ գոյություն ունեն վտանգներ և ազդեցություններ, որոնց առաջացման մասին դեռևս չեն անցկացվում քննարկումներ: Առաջինն արևային վահանակների վերամշակման հիմնախնդիրն է, որն առավել կսրվի դրանց տեղակայումից 10-15 տարի հետո: Մասնավորապես՝ Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության (IRENA) և Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) համատեղ հետազոտության մեջ (2016 թ.) ներկայացվում են արևային ֆոտովոլտային կայանների վերամշակման և կիրառման գործընթացներում առավել նախընտրելի տեխնոլոգիաներն ու գործիքակազմը, որոնք կարող են ուղեցույց դառնալ Հայաստանի նման երկրների համար: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչև 2030 թ. աշխարհում ձևավորվելու են շուրջ 1.7-1.8 մլն տոննա ֆոտոգալվանային թափոններ (կուտակային), իսկ մինչև 2050 թ. ծառայության ժամկետը լրացած արեգակնային վահանակների ծավալը (կուտակային) աճելու է՝ հասնելով մոտ 60-78 մլն տոննայի [13]: 

Մյուս հիմնախնդիրը կապված է հողերի օգտագործման հետ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ խոշոր արևային էլեկտրակայանների դեպքում, որպես կանոն, օգտագործման ժամկետը լրանա ” լուց հետո առաջանում է ապամոնտաժման և հողերի վերականգնման անհրաժեշտություն: Այս տեսանկյունից, Հայաստանի նման սակավահող երկրում պետք է նախապես քննարկվեն արևային կայանների տեղակայման նպատակահարմարությունը, ինչպես նաև կայանների տեղադրման վայրերի ընտրության ժամանակ, հաշվի առնելով որակը, նախապատվությունը տան գյուղատնտեսական և այլ նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի հողերին:

Հղումներ

[1] ՀՀ կառավարության ծրագիր, 2017-2022 թթ., https://www.gov.am/files/docs/2207.pdf 

[2] ՀՀ կառավարության ծրագիր, 2019-2023 թթ., https://www.gov.am/files/docs/3347.pdf

[3] ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները, http://www.minenergy.am/storage/files/pages/pg_5007805337141_Zargacman_uxiner_-2036_11.12__1_.doc 

[4] ՀՀ վիճակագրական կոմիտե, տվյալների բանկ, էլեկտրահաշվեկշիռն ըստ ցուցանիշների և ըստ տարիների, https://armstatbank.am/pxweb/hy/ArmStatBank/ArmStatBank__3%20Industry,%20Construction,%20trade%20and%20services__32%20Industry/IC-in-p.px/table/tableViewLayout2/?rxid=30bc022b-a430-4d19-90ae-1dde7408452f   

[5] Worldometer, https://www.worldometers.info/  

[6] 6 ՀՀ վիճակագրական կոմիտե, տվյալների բանկ, էլեկտրահաշվեկշիռն ըստ ցուցանիշների և ըստ տարիների, https://armstatbank.am/pxweb/hy/ArmStatBank/ArmStatBank__3%20Industry,%20Construction,%20trade%20and%20services__32%20Industry/IC-in-p.px/table/tableViewLayout2/?rxid=30bc022b-a430-4d19-90ae-1dde7408452f   

[7] ՀՀ վիճակագրական կոմիտե, տվյալների բանկ, էլեկտրահաշվեկշիռն ըստ ցուցանիշների և ըստ տարիների, https://armstatbank.am/pxweb/hy/ArmStatBank/ArmStatBank__3%20Industry,%20Construction,%20trade%20and%20services__32%20Industry/IC-in-p.px/table/tableViewLayout2/?rxid=30bc022b-a430-4d19-90ae-1dde7408452f 

[8] RA, Ministry of Natural Protection, Second Biennial Update Report, http://www.mnp.am/uploads/1/15302535542BUR_eng_final.pdf  

[9] ՀՀ վիճակագրական կոմիտե, տվյալների բանկ, էլեկտրահաշվեկշիռն ըստ ցուցանիշների և տարիների, https://armstatbank.am/pxweb/hy/ArmStatBank/ArmStatBank__3%20Industry,%20Construction,%20trade%20and%20services__32%20Industry/IC-in-p.px/table/tableViewLayout2/?rxid=30bc022b-a430-4d19-90ae-1dde7408452f 

[10] ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման՝ մինչև 2040 թ. ռազմավարական ծրագիր, էջ 7: 

[11] Climate Bonds Initiative, 2019 Green Bonds Market Summary, p. 2 The World Bank, Green Bond Impact Report 2019. 

[12] ՀՀ կառավարության ծրագիր, 2019, էջ 43, http://www.parliament.am/Normativ_voroshum7/080219AJV065-A_havelvats.pdf   

[13] End-of-Life Management: Solar Photovoltaic Panels, IRENA, June 2016, 100 pages. https://www.irena.org/publications/2016/Jun/Endof-life-management-Solar-Photovoltaic-Panels  

Գրականություն

  1. ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները, http://www.minenergy.am/storage/files/pages/pg_5007805337141_Zargacman_uxiner_-2036_11.12__1_.doc
  2. ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման՝ մինչև 2040 թ. ռազմավարական ծրագիր, էջ 7:
  3. ՀՀ կառավարության ծրագիր, 2017- 2022 թթ., https://www.gov.am/files/docs/2207.pdf
  4. ՀՀ կառավարության ծրագիր, 2019, էջ 43, http://www.parliament.am/Normativ_voroshum7/080219AJV065-A_havelvats.pdf  
  5. ՀՀ կառավարության ծրագիր, 2019- 2023 թթ., https://www.gov.am/files/docs/3347.pdf
  6. ՀՀ վիճակագրական կոմիտե, տվյալների բանկ, էլեկտրահաշվեկշիռն ըստ ցուցանիշների և ըստ տարիների, https://armstatbank.am/pxweb/hy/ArmStatBank/ArmStatBank__3%20Industry,%20Construction,%20trade%20and%20services__32%20Industry/IC-in-p.px/table/tableViewLayout2/?rxid=30bc022b-a430-4d19-90ae-1dde7408452f 
  7. Climate Bonds Initiative, 2019 Green Bonds Market Summary, p. 2, The World Bank, Green Bond Impact Report 2019.
  8.  End-of-Life Management: Solar Photovoltaic Panels, IRENA, June 2016, 100 pages. https://www.irena.org/publications/2016/Jun/Endof-life-management-Solar-Photovoltaic-Panels
  9. Index or Economic Freedom, 2020, https://www.heritage.org/index/ranking?version=38 
  10. RA, Ministry of Natural Protection, Second Biennial Update Report, http://www.mnp.am/ uploads/1/15302535542BUR_e ng_final.pdf
  11. The World Bank Group, Doing Business 2019 Report, p. 5, https://www.doingbusiness.org/en/reports/globalreports/doing-business-2019 
  12. World Economic Forum, Global Competitiveness Report 2019, p. 62 
  13. Worldometer, https://www.worldometers.info/ 


Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

© «Ամբերդ» հետազոտական կենտրոն