Արցախի Հանրապետության հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքը՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը, փակվել է ադրբեջանցիների կողմից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ առաքելություն ստանձնած զորքերի պատասխանատվության գոտում:
Այսօր արդեն Արցախի շրջափակման 229-րդ օրն է:
Շրջափակման հետևանքով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, դադարեցվել են պարենի, վառելիքի և դեղորայքի կանոնավոր մատակարարումները, առաջացել է մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների պակասուրդ: Շրջափակման արդյունքում խախտվում են մարդկային ամենատարրական իրավունքները:
Այսօր՝ 29.07.2023-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող քաղաքացին առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից:
68-ամյան քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին այսօր ահազանգել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը.
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին առևանգելու լուրը։
Նա ասել է, որ նման գործողությունների պարագայում, երբ մարդկանց տեղափոխում պետք է իրականացվի, իրենք նախապես համաձայնություն են ստանում, որպեսզի հնարավոր լինի ընթացքն ապահով կազմակերպել։ «…Այսօրվա գործողությունն այդ առումով բացառություն չէր և նույն կերպ է կատարվել։ … Մինչ օրս նման նախադեպ չենք ունեցել»,– նշել է Զ. Ամատունին՝ հավելելով, որ իրենք չեն կարող տվյալ պահին ավելի մանրամասն խոսել, թե ինչպես և ինչ է տեղի ունենում:
Առևանգված Վագիֆ Խաչատրյանին Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»: Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։ Աղբյուրի համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանն անցնում է «դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի դատախազության կողմից հարուցված քրեական գործով՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով»։ Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի իրավապահները Խաչատրյանին մի շարք ծանր հանցանքներ են վերագրում, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակում իրականացնելու, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։ Ադրբեջանի գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ Խաչատրյանը կտեղափոխվի Բաքու։
Այսօր նաև երրրոդ օրն է, ինչ Հայաստանից Արցախ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները կանգնած են Բերձորի միջանցքի սկզբնամասում՝ Կոռնիձոր գյուղից մի փոքր ներքև է՝ Հակարի գետի վրա ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետ չհասած։ Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ 19 բեռնատար ավտոմեքենաներով 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախ, սակայն ադրբեջանական զինված ուժերը թույլ չեն տալիս այն անցկացնել իրենց տեղադրած անցակետով։
Հղումներ
#Արցախ #Շրջափակում #ArtsakhBlockade #LachinCorridor #ArtsakhHumanitarianCrisis