Պիկասոն` իր նկարների շարքում, արջերն ընդդեմ Շիշկինի, հարգանքի տուրք Պոլլոքին և այլ անիմացիոն սյուժեներ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ արվեստը:
Երեխաներին արվեստը հասկանալ սովորեցնելու լավագույն տարբերակներինց մեկը խաղալն է նրանց հետ, ցույց տալը, որ այն սառած ու մեռած չէ, որ դրա մեջ կարելի է ծիծաղելի դետալներ և հետաքրքիր գաղտնիքներ գտնել, որ այն ունակ է շարժվել, որ դրա հետ կարելի է չարաճճիություն անել և սեփականը ավելացնել նույնիսկ մեծ արվեստագետների գործերին: Եվ այս առաջադրանքներն անիմացիան հիանալի կերպով իրագործում է:
«Աստիճաններով իջնող Մոնա Լիզան» («Mona Lisa Descending a Staircase»)
Ռեժիսոր՝ Ջոան Կ. Գրաց ԱՄՆ, 1992
Ամերիկացի ռեժիսոր Ջոան Գրացի ժապավենը, որը 1992 թվականին «Օսկար»-ի է արժանացել, ամենահայտնի անիմացիոն ֆիլմերից է, որը արվեստին կյանք է հաղորդում։ Գրացը վերստին պատկերում էր հայտնի նկարները ոչ թե ներկով, այլ պլաստիլինով։ Առանց համակարգչից օգտվելու` նա արտահայտիչ կերպով ցույց տվեց, թե ինչպես է մի ստեղծագործությունը վերածվում մյուսի, և այդպիսով շատ բան բացատրեց տարբեր դարաշրջանների և ուղղությունների արվեստի կապի մասին:
«Բավակա՛ն է» («None of That»)
Ռեժիսոր՝ Աննա Հինդս Փադոք, Իզաբելլա Լիտգեր դե Պինյո, Կրիթի Կաուր, ԱՄՆ, 2015
Պատումային ֆիլմերում ամենատարածվածը, որն արդեն ավանդական է դարձել, «գիշերը թանգարանում» սյուժեն է՝ նկարների ու քանդակների կենդանացմամբ: Հաճախ դա զվաճալի է: Ամերիկացի ուսանողների կողմից նկարահանված «Բավակա՛ն է» համակարգչային 3D ֆիլմը մերկ քանդակի մասին պատմությունը ուղղում է դեպի «հավատացյալների զգացմունքները վիրավորելու» շատ արդիական հարթության։ Նույն կերպ հորինվում են նաև անիմացիոն հումորային պատմություններ քաղաքի կամ զբոսայգու քանդակների մասին: Այս թեմայով լավագուններից է (բայց արդեն ոչ գիշերվա, այլ հանգստյան օրերի մասին) ամերիկացիներ Ուիլ Ուինթոնի և Բոբ Գարդների շատ զվարճալի պլաստինե կարճամետրաժ ֆիլմը «Փակ է երկուշաբթի օրերին» («Closed Mondays»)՝ ցուցահանդեսին թափառող հարբած տղամարդու մասին: 1974 թվականին այն «Օսկար»-ի է արժանացել։
«Ներքին բնանկար/բնանկարիչ»
Ռեժիսոր՝ Ժակ Դրուեն, Կանադա, 1976
Մեկ այլ սյուժե, որն օգնում է կենդանացնել արվեստը՝ «հերոսը մտնում է նկարի մեջ»: Սրա շուրջ նույնպես բազմաթիվ ֆիլմեր կան՝ և՛ զվարճալի, և՛ լուրջ: Կանադացի Ժակ Դրուենը, օրինակ, շատ հազվագյուտ ասեղի անիմացիայի տեխնիկայով ֆիլմ է ստեղծել, որտեղ նա չի անդրադառնում հայտնի գործերին, այլ ցույց է տալիս նկարչի երևակայության աշխատանքը, նրա «ներքին բնանկարը»:
«Մինոտավրոմախիա. Պաբլոն լաբիրինթոսում» («Minotauromaquia: Pablo en el laberinto»)
Ռեժիսոր՝ Խուան Պաբլո Էթչվերի, Իսպանիա, 2004
Նկարիչների մասին սյուժեները միշտ լի են նրանց գործերով: Իսպանական այս հետաքրքիր տիկնիկային ֆիլմում նույնպես ցույց է տրված նկարչի «ներքին բնանկարը», բայց այստեղ խոսքը գնում է ոչ թե հորինված հերոսի մասին, այլ Պիկասսոյի, որը շրջում է իր երևակայության լաբիրինթոսում, իր սեփական արարածների հետ, որոնք հետևում են նրան ու փրկում: Այստեղ հետաքրքիր է հետևել, թե ինչպես են իր պայմանական կուբիստական կերպարները դառնում ծավալային: Ի դեպ, հաշվի առեք այն, որ ֆիլմը շատ լարված է և սարսափելի տեսարաններ կան:
«Արջի սիրտը եղբայրություն» («Vennad karusüdamed»)
Ռեժիսոր՝ Ռիհո Ունթ։ Էստոնիա, 2005
Պարզվում է, որ «Առավոտը սոճուտում» նկարի արջուկներին նկարել է նրանց մայր արջը, իսկ նրան սպանած որսորդը՝ Շիշկինը, իրեն է վերագրել բոլոր դափնիները: Մեծացած արջուկերի՝ Վինսենտի, Անրիի և Օգյուստի կյանքը նույնպես կապված կլինի արվեստի հետ: Հայտնի էստոնացի ռեժիսորի շատ ծիծաղելի տիկնիկային ֆիլմը գնում է անգլերեն ենթագրերով, բայց հասկանալի է անգամ առանց լեզվի իմացության:
«Ամբողջ ստեղծագործական աշխատանքը փոխառություն է» («All Creative Work Is Derivative»)
Ռեժիսոր՝ Նինա Փեյլի, ԱՄՆ, 2010
Ամերիկացի հիանալի անկախ ռեժիսոր Նինա Փեյլին նկարել է այս կարճ ֆիլմը QuestionCopyright.org կազմակերպության պատվերով, որը հանդես է գալիս հեղինակային իրավունքի բարեփոխման օգտին։ Ցուցադրելով այն միտքը, որ ցանկացած ստեղծագործություն օգտվում է նրանից, ինչն արդեն գոյություն ունի, Նինան ստեղծել է քանդակների մի պար, որոնց ինքը լուսանկարել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում՝ առանց որևէ կերպ փոփոխելու: Շատ հմայիչ է ստացվել:
«25-րդ, օր առաջին» («25-е, первый день»)
Ռեժիսոր՝ Յուրի Նորշտեյն, Արկադի Տյուրին, ԽՍՀՄ, 1968
Հաճախ մուլտֆիլմերում սյուժեները, որոնք խիստ կապված են կոնկրետ ժամանակի հետ, զարգանում են վիզուալ միջավայրում՝ հիմնված այդ ժամանակի պատկերագրության վրա, և այստեղ հնարավոր չէ չհիշել Յուրի Նորշտեյնի դեբյուտը «25-րդ, օր առաջին» ֆիլմով (Արկադի Տյուրինի հետ համատեղ աշխատանք է)՝ ռուսական հեղափոխության մասին ստեղծագործություն, որը կառուցված է հեղափոխության սկզբնական տարիների արվեստի՝ Լենտուլովի, Ալյտմանի, Պետրով-Վոդկինի գեղանկարչության և գրաֆիկայի հիմքի վրա: Նորշտեյնի ստեղծագործության հետ համակցվում է 45 տարի անց նկարված, բայց ինտոնացիայով մոտ Տեոդոր Ուշևի «Գլորիա Վիկտորիա» («Gloria Victoria») ֆիլմը, որտեղ պատերազմի պատկերը հիմնվում է 20-րդ դարի արվեստի պատկերների վրա: Իհարկե, դա վերաբերում է ոչ միայն պատերազմներին. օրինակ՝ կա հրաշալի մուլտֆիլմ «Մադմուազել Կիկին` Մոնպարնասից»` («Mademoiselle Kiki et les Montparnos») նկարված երիտասարդ ֆրանսուհի Էմիլի Արրոյի կողմից` 20-րդ դարի Փարիզի բոհեմական-գեղարվեստական կյանքի մասին, բնականորեն հիմնված նկարիչների գեղանկարչության և գրաֆիկայի վրա, որոնց մասին էլ գնում է խոսքը:
«Ապակե հարմոնիկա» («Стеклянная гармоника»)
Ռեժիսոր՝ Անդրեյ Խրժանովսկի, ԽՍՀՄ, 1968
Ռուսական անիմացիայում արվեստի հետ շատ են աշխատել, և առաջին հերթին դրանով է հայտնի Անդրեյ Խրժանովսկին: Նրա ֆիլմերի վրա աշխատում էին ժամանակի մեծագույն նկարիչները՝ Վլադիմիր Յանկիլևսկի, Հուլոտ Սոստեր, Յուրի Նոլև-Սոբոլև, որոնք այժմ դասականներ են համարվում: Բացի այդ, Խրժանովսկին հետաքրքրված էր հանճարների «դիլետանտական» նկարներով: Նա ունի տրիլոգիա Պուշկինի նկարներով, որոնք միացվել են մի ամբողջական «Իմ սիրած ժամանակը» («Любимое мое время») ստեղծագործությունում, նաև Ֆելլինիի նկարներով կարճամետրաժ «Երկար ճանապարհորդություն» («Долгое путешествие) ֆիլմը, իսկ «Մեկուկես սենյակ» («Полторы комнаты») ֆիլմի համար նա կենդանացրել է Բրոդսկու նկարները: Խրժանովսկու հայտնի «Ապակե հարմոնիկան», որը հակադրում է արվեստն ու իշխանությունը, ամբողջությամբ կառուցված է դասական ստեղծագործությունների հիման վրա. Վերածննդի գեղեցիկ դիմանկարներից՝ ներդաշնակության տեսարաններում մինչև միջնադարյան հրեշները՝ Մագրիտի հետ համատեղ այն դրվագներում, որտեղ արվեստը վտարված է քաղաքից: Մուլտֆիլմը կարող եք դիտել այստեղ։
«Միրո» («Miro»)
Ռեժիսոր՝ Ալեքսեյ Բուդովսկի, ԱՄՆ, 2004
Այս հավաքածուի միակ մուլտֆիլմը՝ նկարված անմիջականորեն երեխաների համար: Սանկտ Պետերբուրգում ծնված և այժմ Կոլումբիայում բնակվող ռեժիսորը նկարել է այս ստեղծագործությունը ամերիկյան HBO հեռուստաալիքի «Դասական երեխա» («Classical Baby») սերիալի համար։ Հիանալի օրինակ, թե ինչպես մանուկներին կարելի է ցուցադրել աբստրակտ արվեստ:
«Բոհերի աշտարակը» («Tower Bawher»)
Ռեժիսոր՝ Թեոդոր Ուշև, Կանադա, 2006
«Tower Bawher» հանգավոր անվանումով այս ֆիլմը կանադացի ռեժիսորը նվիրել է կոմունիստական ուտոպիայի հուշարձանի՝ Տատլինի աշտարակի կառուցմանը։ Ֆիլմը հիմնված է հեղափոխական տարիների նկարիչների՝ Տատլինի, Ռոդչենկոյի, Էլ Լիսիցկու, Պոպովայի կառուցողական ստեղծագործությունների վրա։ Ֆիլմում սյուժե չկա, այն վերացական է, բայց Գեորգի Սվիրիդովի երաժշտության շնորհիվ այն գերում է իր հզոր ճնշմամբ։
«Սև քառակուսի» («Черный квадрат»)
Ռեժիսոր Դմիտրի Վիսոցկի, նկարիչ Անդրեյ Սիկորսկի, Ռուսաստան, 2014
Արվեստի հետ խաղում է նաև պատվիրված անիմացիան: Ոչ վաղ անցյալում Սանկտ Պետերբուրգի ժամանակակից արվեստի «Էրարտա» թանգարանի համար Դմիտրի Վիսոցկին և Անդրեյ Սիկորսկին նկարահանեցին «Սև քառակուսի» հումորային սերիալը, որտեղ Մալևիչի նկարը թանգարանից փախչում է Կրուգլով անունով արվեստաբանի մոտ, և նրանց հետագա արկածները նույնպես տեղի են ունենում արվեստի շրջապատում, և ոչ միայն ավանգարդային:
«Նկարներ խժռողը» («Dripped»)
Ռեժիսոր՝ Լեո Վերիեր, Ֆրանսիա, 2011
Ջեքսոն Պոլլոքին նվիրված ֆրանսիական ֆիլմը պատմում է մի մարդու մասին, ով այնքան էր սիրում արվեստը, որ ուտում էր այն: Նա թանգարաններից նկարներ էր գողանում ու ուտում դրանք, ընդ որում, ժամանակավոր ընդունելով կերած ստեղծագործության տեսքը։ Իսկ սեփական վատ նկարներից նա ործկում էր: Իսկ հետո պարզվեց, որ Պոլլոքի նկարչական տեխնիկայի օգնությամբ՝ դրիփինգով, այսինքն՝ ներկ շաղ տալով, կարելի է ստեղծել գեղեցիկ՝ շատ համեղ կտավներ։ Մուլտֆիլմը կարող եք դիտել այստեղ։
«Լունի Թյունզ․ կրկին գործում» («Looney Tunes: Back in Action»)
Ռեժիսոր՝ Ջո Դանթե, ԱՄՆ, Գերմանիա, 2003
Ամերիկյան լիամետրաժ կատակերգությունում, որը միավորում է խաղային տեսարանները անիմացիայի հետ, հերոսների թվում են Բագս Բաննի նապաստակը և Դաֆի Դաք բադը՝ Լունի Թյունզ սերիալից: Ֆիլմի այս հատվածում նրանց արկածները ընթանում են Փարիզում։ Հերոսները հայտնվում են Լուվրում և այնտեղ, նկարից նկար թռնելով, փախչում են Լունի Թյունզի մեկ այլ կերպարից՝ ատրճանակով Էլմեր Ֆադից:
«Դա Վինչիի ժամանակային ծածկագիրը» («Der Da Vinci Timecode»)
Ռեժիսոր՝ Գիլ Ալկաբեթս, Գերմանիա, 2009
Գերմանացի ռեժիսորի այս ֆիլմը հիմնված է Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» կտավի վրա, ի դեպ՝ շատ զարմանալի կերպով։ Ֆիլմում բացի այս նկարից ոչինչ չկա, և Ալկաբեցը դրանում ոչինչ չի փոխել։ Նա ընդամենը մոնտաժել է դրա պատառիկներն ու այնպես է հնչյունավորել, որ ստացվում է, կարծես՝ մարդիկ, սեղանի շուրջ նստած, ուտում, խոսում են։ Միայն վերջում՝ «սսս…», և բոլորը լռում են։ Այս ֆիլմը ցույց է տալիս, որ կյանքն ու շարժումն արդեն իսկ ներառված են հենց նկարի մեջ, կարիք չկա ոչինչ կենդանացնելու: Դե, իսկ հեգնական վերնագիրը, ինչպես հասկանում ենք, վերաբերում է Դեն Բրաունի երբեմնի մոդայիկ «Դա Վինչիի ծածկագիրը» գրքին:
«70 միլիոն» («70 Million»)
Ռեժիսոր՝ Դեյվիդ Ֆրեմոնտ, Ֆրանսիա, 2006
Ֆրանս-ամերիկյան Hold Your Horses խմբի տեսահոլովակում ավելի շատ, իհարկե, կենդանի կատարումն է, քան անիմացիան, բայց երաժիշտները շատ հմայիչ կերպով հիմարությամբ են զբաղվում՝ խաղալով հայտնի նկարի հետ։ Ի դեպ, նրանց համար, ովքեր չեն կարողանում ճանաչել բոլոր նկարները, բայց շատ են ցանկանում, կա առանձին տեսանյութ, որը համեմատում է տեսահոլովակի կադրերը բնօրինակ աղբյուրների հետ։
Ընդհանրապես, շատ հոլովակներ են նկարահանվել դասական ստեղծագործությունների հիման վրա։ Կարծես՝ հատկապես սիրում են երաժշտությունը համատեղել երկրաչափական ձևերի աբստրակտ արվեստի հետ, ինչպիսին Կանդինսկունն է, որը լավ տարանջատվում է դետալների, և, այնուհետև, նորից հավաքվում կոնստրուկտորի պես: Համացանցը լի է նման էտյուդներով։ Վերջերս, նոր հնարավորությունների՝ վիրտուալ իրականության և շրջանաձև տեսադաշտի, որը ի սկզբանե միայն համակարգչային խաղերում էին օգտագործում, ի հայտ գալով նման տեխնիկաներով, սկսեց խաղալ նաև հեղինակային անիմացիան: Նկարների ներսում վիրտուալ ճանապարհորդությամբ էտյուդները ավելանում են: Այսպես, դուք կարող եք քայլել Դալիի սարսափելի լանդշաֆտներով (մի մոռացեք նայել, թե ինչ է շուրջը` շարժելով կուրսորը), կամ «մտնել» Վան Գոգի նկարների մեջ. «Սիրով, Վինսենթ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի պրեմիերայից առաջ դրանք հատկապես շատ էին։
«Քննադատը» («The Critic»)
Ռեժիսոր՝ Էռնեստ Պինտոֆ, ԱՄՆ, 1963
Եվ վերջապես, ծնողների համար շատ զվարճալի ֆիլմ «Քննադատը», որը 1964 թվականին արժանացել է «Օսկար»-ի. երգիծանք՝ աբստրակտ անիմացիայի և, հիմնականում, մեծ փորձարար Նորման Մաքլարենի ֆիլմերի վրա: Այստեղ էկրանի վրա երկրաչափական պատկերների շարժումն ուղեկցվում է մի հեռուստադիտողի բարձր մեկնաբանություններով, ով փորձում է հասկանալ, թե ինչ է նշանակում այդ ամենը, իսկ մնացածը վրդովված սաստում են նրան։ Մուլտֆիլմը հնչյունավորել է ամերիկացիների կողմից սիրված Մել Բրուքսը՝ կինոկատակերգությունների և կինոծաղրերգության ռեժիսորը։
Թարգմանիչ՝ Նելլի Գևորգյան (Nelli Gevorgyan), խմբագիր՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakhshibekyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: