«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի հայտարարությունն Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և օրհասական իրավիճակի շուրջ
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ: Ռազմական այս գործողությունները շարունակությունն են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսված Արցախի շրջափակման:
Հարձակման և շարունակվող շրջափակման հետևանքով ֆիզիկապես խոչընդոտվում է Արցախի միակ ճանապարհի գործունեությունը: Արցախի 120․000 բնակչությունը, ներառյալ 30․000 երեխաներ, մնացել են լիակատար մեկուսացման մեջ՝ մարդու անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների, ինչպես նաև գոյաբանական և անվտանգության բազմակողմ սպառնալիքների ներքո:
Արցախում իրավիճակն օրհասական է և պահանջում է րոպե առաջ քայլերի ձեռնարկում:
Արդ՝ ներկայացնում ենք մեր պահանջն՝ ուղղված Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և պետական գերատեսչություններին
- Գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու երկրում ներքին կայունություն՝ չեզոքացնելով պառակտչական ատելության խոսքը և դրա տարբեր դրսևորումները:
- Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ արցախահայության անվտանգ ու արժանապատիվ կերպով տարհանումը կազմակերպելու համար:
- Իրականացնել հանրային և պետական ռեսուրսների բյուջետային վերաբաշխում՝ ապահովելով Արցախի ժողովրդի արժանապատիվ կենսագործունեության բոլոր պայմանները՝ բնակություն, սոցիալական մինիմալ ծառայություններ տրամադրելով:
- Ապահովել թափանցիկություն և հետևողականություն Արցախի և Հայաստանի շուրջ ընթացող բանակցային գործընթացներում:
- Հետևողականորեն իրականացնել անհրաժեշտ փաստահավաք գործունեություն Ադրբեջանի կողմից իրականացվող ապօրինի գործողությունների վերաբերյալ՝ միջազգային կառույցներին ներկայացնելու համար:
- Դիվանագիտական խոսույթում չհիմնվել ռեֆլեքսային և հակազդական քաղաքականությունների ու հռետորաբանության վրա, փոխարենը՝ հաշվարկել յուրաքանչյուր հայտարարությունն ու խոսքը:
- Խուսափել և զգուշանալ մեծ տերությունների կողմից Հայաստանի ներկայիս խնդիրների հնարավոր որևէ գործիքավորումից և այլ երկրների կառավարություններին չվերագրել դերեր, որոնք այդ երկրները չեն կարող ստանձնել, և, որոնք նրանք, իրականում, չեն ստանձնել։
- Չեղարկել երկրորդային և ժամանակավրեպ միջոցառումները, նախագծերը և ծախսերը:
Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար: Կոչ ենք անում մեր բոլոր հետևորդներին և գործընկերներին ձևավորել նման հանրային պահանջ՝ ուղղված ՀՀ իշխանություններին:
Ուժ և համբերություն Արցախի մեր հայրենակիցներին:
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ
Արցախի խնդրի և շրջափաման շուրջ մյուս հրապարակումները կարդացեք Արցախյան քրոնիկոն խորագրի ներքո: