Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը Եվրոպայի մութ անցյալի արձագանքն է: Բայց ելքը նույնպես կապված է Եվրոպայի հետ
Երբ ավելի քան 100,000 մարդ փախչում է Ադրբեջանի իշխանութունից խուսափելու համար, ժամանակն է, որ ԵՄ-ն դիտարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը։
Ինքնահռչակ «Արցախի Հանրապետության» նախագահը՝ Սամվել Շահրամանյանը, լուծարել է Լեռնային Ղարաբաղի տարանջատված շրջանի բոլոր ինստիտուտները, և գրեթե բոլոր արցախահայերը, կարելի է ասել, արդեն փախել են անկլավից, որ վերաինտեգրվելու է Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ դասեր կարելի է քաղել Եվրոպայում երեք տասնամյակ տևած անջատողական այս հակամարտության ողբերգական վերջաբանից։
Լեռնոտ Ղարաբաղից դեպի հարևան Հայաստան հեռացող մեքենաների երկար հերթերի նկարները էթնիկ զտման մռայլ հիշողություններ են արթացնում, որ, Եվրոպայի համոզմամբ, անցյալում էին մնացել։ Ինչպես Ռուսաստանն իր կայսերական անխոհեմությամբ, խրամատներով և խիստ ավերածություններով ներխուժեց Ուկրաինա՝ դրանով իսկ Եվրոպային հետ տանելով համաշխարհային պատերազմների սարսափազդու օրեր, այնպես էլ էթնիկ հայերի տեղահանությունը մեզ վերադարձնում է 1990-ականների Բալկաններ կամ, գուցե, ավելի հետ՝ դեպի Օսմանյան կայսրության անկման ժամանակները Առաջին համաշարհային պատերազմի ընթացքում։
Հստակության համար նշենք՝ կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է պաշտոնապես ճանաչված Արդբեջանի սահմաններում։ Եվրոպան և միջազգային հանրությունը երբեք հարցականի տակ չի դրել սա, և Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը ևս մեկ անգամ շեշտեց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նշանակությունը՝ որպես միջազգային իրավունքի առանցք: Որպես այդպիսին, չկան իրավականորեն հիմնավոր պատճառներ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի վերաինտեգրումը արգելելու համար: Նաև անհրաժեշտ է ընդգծել, որ Ադրբեջանի նախագահը՝ Իլհամ Ալիևը, 120,000 տեղացի հայերին չի հրամայել հեռանալ, և ոչ էլ ատրճանակ պարզել նրանց գլխին: Բաքուն առաջարկել էր քաղաքացիություն տալ բոլոր այն արցախահայերին, որոնք վայր կդնեին իրենց զենքերըը և կհրաժարվեին անկախության համար մղող քաղաքական պայքարից։
Այնուամենայնիվ, ձևից զատ կա նաև բովանդակություն, որը կտրուկ մատնանշում է Եվրոպայում էթնիկ զտման ևս մեկ դեպք։ Ալիևը գուցե և ցանկանում է վերաինտեգրել արցախահայերին, սակայն Ադրբեջանը ժողովրդավարություն չէ: Այդքան էլ գրավիչ առաջարկ չէ վերաինտեգրվել մի երկրում, որտեղ մարդու անհատական իրավունքները և հիմնարար ազատությունները պաշտպանված չեն, իսկ խմբային կամ հավաքական իրավունքները՝ առավել ևս, որոնք դժվար թե շնորհվեին հայերին։
Ավելին, հայերի և ադրբեջանցիների միջև ատելությունը ավելի, շատ ավելի խորն է, քան վրացիների և աբխազների կամ օսերի, մոլդովացիների և մերձդնեստրացիների միջև եղածը: Թեև այս ատելությունը տարբերվում է Ադրբեջանի հետ հարաբերություններից, այն կապված է էլ ավելի խորը վերքերի հետ, որոնք բխում են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից՝ այդպես էլ չճանաչված Թուրքիայի կողմից, որը ողջունեց Ադրբեջանի տեղաշարժը դեպի անկլավ։ Չնայած դաժանության և մասշտաբների անհամեմատելիությանը՝ թուրքական Ադրբեջանից արցախահայերի արտագաղթը հավանաբար հայոց ժողովրդի համար կդառնա զոհողությունների և կորուստների ավելի մեծ և ավելի հին պատմության ևս մի էջ: Հայերի՝ այդպես էլ չսպիացած վերքերը, նորից արնահոսում են:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ տեղի ունեցավ կտրուկ շրջադարձ: 1988-94 թվականներին Ադրբեջանի դեմ պատերազմում Հայաստանը անվիճելի հաղթանակ տարավ Ռուսաստանի աջակցությամբ: Սա ոչ միայն հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի տարանջատված պետության հիմնմանը, այլև Հայաստանի կողմից Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական 7 շրջանների օկուպացմանը և գրեթե 850,000 ադրբեջանցիների տեղահանմանը։ 30 տարի շարունակ արցախահայերը անզիջող են եղել և երբեք չեն ցանկացել հետ կանգնել անկախության ճանապարհով ինքնորոշման հասնելու իրենց պահանջներից։ Նախքան 2018 թ․-ին Նիկոլ Փաշինյանի ընտրվելը Հայաստանը կառավարվում էր ղարաբաղյան կլանի կողմից, այսինքն՝ ինչպես ասում են, պոչն էր թափահարում շանը։
Հիշում եմ, որ 2001 թվականին Լեռնային Ղարաբաղ կատարած իմ առաջին այցի ժամանակ ինչքան զարմացած էի՝ հասկանալով, թե որքան փոքր հնարավորություն կար խաղաղ բանակցությունների համար, եթե, իհարկե, կար։ Նույնիսկ այն ժամանակ՝ նախքան Ադրբեջանի նավթային վերելքը և վերջինիս բերած եկամուտների հսկայական ներդրումները երկրի պաշտպանության մեջ, պարզ էր, որ Ղարաբաղը երբեք չէր դառնա անկախ պետություն: Բայց այդ իրականությանն առերեսվելու և հաղթական խաղաղություն ապահովելու համար իրենց ժամանակավոր լծակներն օգտագործելու փոխարեն, հայերը ենթադրում էին, որ հավերժ կվայելեն իրենց գերիշխանությունը: Տասնամյակներ շարունակ նրանք հետ չեն կանգնել անկախանալու իրենց պահանջներից, իսկ այժմ ողբերգորեն տեղահանված են և վտարված:
Սա մի դաս է, որը պետք է նկատի ունենան այլ հակամարտությունների կողմերը։ Նույնիսկ այն հակամարտություններում, որտեղ ուժը մեծապես թեքված է մի կողմ, ապագան հստակ կանխատեսելի չէ։ Միջին Արևելքում իսրայելցիները ամրապնդել ու հաստատել են պաղեստինյան օկուպացված տարածքների գրավումը` օգտագործելով իրենց ռազմական կարողությունները և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի անվերապահ աջակցությունը: Նրանք այժմ իրենց էլ ավելի հզոր են զգում, մինչ արաբական երկրները կարգավորում են իրենց հարաբերությունները Իսրայելի հետ, իսկ Սաուդյան Արաբիայի հետ հաշտության տեսքով մեծ մրցանակը վերջապես հասանելի է։ Սակայն համաշխարհային մակարդակում իշխանության հավասարակշռությունը այնպես է փոփոխվում, որ խորապես կազդի Մերձավոր Արևելքի վրա։ Սա հետագայում կարող է ավելի հզորացնել Իսրայելին, բայց նաև կարող է թուլացնել: Լավ կլինի, որ իսրայելցիները դասեր քաղեն հայ-ադրբեջանական հակամարտությունից:
Վերադառնանք Լեռնային Ղարաբաղին․ 2020 թ․ պատերազմում, որտեղ Բաքուն վերստանձնեց Ղարաբաղի օկուպացված շրջանների իշխանությունը, Ադրբեջանի վերազինմանը զուգահեռ՝ 2023 թ․ վերջաբանը տեղի ունեցավ նաև Ռուսաստանի՝ Հայաստանին լքելու հետևանքով։ Այստեղ նույնպես Երևանը և Ստեփանակերտը՝ տարանջատված պետության մայրաքաղաքը, կարծում էին, որ Ռուսաստանը երբեք չի թողնի քրիստոնյա հայերին՝ ի նպաստ մուսուլման ադրբեջանցիների։ Նրանք սխալվում էին։ Ռուսաստանը, որի «խաղաղապահները» ներկա էին տարածաշրջանում, ոչինչ չարեց այն 10 ամիսների ընթացքում, երբ Ղարաբաղն ու Հայաստանը միմյանց կապող Լաչինի միջանցքը Բաքվի կողմից փակված էր՝ Ղարաբաղի բնակիչներին զրկելով սնունդից և դեղորայքից։ Ռուսաստանն ուղղակի աչք փակեց, երբ Ադրբեջանը նախաձեռնեց իր վերջնական ռազմական քայլը՝ անկլավի հանդեպ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու համար։
Վլադիմիր Պուտինը բախտի քմահաճույքին թողեց արցախահայերին, մասամբ քանի որ ավելի հրատապ խնդիրներ ուներ Ուկրաինայում կատարած իր ձախողված ներխուժման հետևանքով, և մասամբ՝ ելնելով զայրույթից, որ տածում էր Փաշինյանի հանդեպ, որովհետև վերջինս փորձում էր իր երկիրը տանել դեպի Եվրոպա և Արևմուտք: Լավ բեմադրված այս խաղում Մոսկվան հույսի ունի վերստանձնել Հայաստանի հանդեպ վերահսկողությունը՝ հրահրելով Փաշինյանի իշխանաթողությունը և ճանապարհ բացելով իր նախընտրած իշխանության համար: Իսկ ո՞րն է սա անելու ամենահեշտ միջոցը, եթե ոչ հետ կանգնելը՝ թողնելով Հայաստանին պարտվել, և հուսալ, որ սա կհանգեցնի ռեժիմի փոփոխության։ Եվ իրոք, վերջին շաբաթների ընթացքում Փաշինյանի հրաժարականը պահանջող զայրացած խմբերը քիչ չէին:
Միևնույն ժամանակ՝ հայերը պարզ հասկանում են և լավատեղյակ են, որ եթե Ռուսաստանը չթողներ նրանց, ամեն բան այս կերպ չէր ընթանա։ Մոսկվայի կողմից դավաճանված լինելու զգացումը շատ խորն է։ Ե՛վ Վաշինգտոնը, և՛ Բրյուսելը փորձում են լրացնել այդ բացը և հայերի հանդեպ համերաշխություն ցուցաբերել, որի մասին վկայում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի վերջին այցը Երևան: Հայաստանի ճանապարհը դեպի ժողովրդավարություն ամրապնդելու համար կպահանջվի ավելին, քան խոսքերն ու կանխիկ միջոցներն են: Երկարամյա և կայուն ջանքերի անհրաժեշտություն կլինի՝ նախ և առաջ եվրոպացիների կողմից։ Քանի որ ԵՄ-ն վերսկսում է իր ընդլայնումը Ուկրաինայի, Մոլդովայի և, հնարավոր է, Վրաստանի անդամակցության գործընթացի միջոցով, դա անելու լավագույն տարբերակը, եթե Երևանը հայտնի իր շահագրգռվածության մասին, Հայաստանին նույնպես ԵՄ անդամակցության հեռանկարը առաջարկելն է:
Նատալի Տոչչին «The Guardian»-ի թղթակից է։ Նա Իտալիայի արտաքին գործերի ինստիտուտի ղեկավարը և Թյուբինգեն համալսարանի պատվավոր պրոֆեսորն է։
Թարգմանիչ՝ Հասմիկ Խաչատրյան (Hasmik Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։