Հոկտեմբերի 29-ին «Ինլայթ» հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ թիմային առցանց հանդիպում՝ «Կորպորատիվ/թիմային մշակույթի ձևավորումը․ առաջնորդության ոճերը» խորագրով։ Հանդիպման բանախոսը կազմակերպության գլխավոր խմբագիր Աննա Խաչյանն էր։ Աննան բանախոսությունը ներկայացրեց թեյախմության ձևաչափով՝ հանդիպումը ավելի ջերմ դարձնելու և ինլայթցիներին միասնացնելու նպատակայնությամբ։
Հանդիպումը բազմաշերտ էր՝ բաղկացած մի քանի թեմաներից և դրանց շուրջ կարծիքների փոխանակումից։ Բանախոսության նպատակն էր տարբերակել թիմային մշակույթը, դրա կարևորությունը, հստակեցնել թիմի բնութագրիչները, դրա ձևավորման ու թիմային աշխատանքի հաջողության գրավականները։
Քննարկելով թիմային մշակույթը և դրա ձևավորման հարցերը՝ մասնակիցները հնարավորություն ստացան ավելի խորը ճանաչել թիմային մշակույթի բովանդակության առանձնահատկությունները և դրա կիրառումը թիմերում։
Թիմային դրական մշակույթում առկա համոզմունքն այն է, որ կազմակերպությունը առավել արդյունավետ կարող է առաջ շարժվել, երբ մտածողության, պլանավորման և որոշումների կայացման հիմքում ընկած են համագործակցությունն ու հաղորդակցությունը: Նման մշակույթը հնարավորություն է տալիս կազմակերպության յուրաքանչյուր անդամի՝ գործադիր ղեկավարությունից մինչև փոքր օղակի աշխատակցի, ներգրավվել, փոխգործակցել, ինչպես նաև աշխատել արդյունավետ, նվիրվել աշխատանքին ու գաղափարին: Այսպիսով՝ թիմային մշակույթը կարող ենք որոշարկել որպես ընդհանուր վերաբերմունքի, արժեքների, նպատակների և գործելակերպի շղթան, որը բնութագրում է կազմակերպությունը։
Անդրադառնալով թիմային մշակույթի տարբեր ոճերին, դրանց դասակարգմանը և բացատրությանը՝ առանձնացվեցին հետևյալները․
- Հոգատարություն (caring)՝ կենտրոնանում է հարաբերությունների և փոխադարձ վստահության վրա,
- Նպատակ (purpose)՝ բնութագրվում է իդեալիզմով և ալտուրիզմով,
- Ուսումնառություն (learning)՝ բնութագրվում է բացահայտ ընդլայման և ստեղծագործական ունակություններով,
- Հաճույք (enjoyment)՝ արտահայտվում է զվարճանքի և հուզմունքի միջոցով,
- Արդյունքներ (results)՝ բնութագրվում են ձեռքբերումներով և հաղթանակներով,
- Իշխանություն/ուժ (authority)՝ բնութագրվում է ուժով, վճռականությամբ և քաջությամբ,
- Անվտանգություն (safety)՝ որոշվում է պլանավորմամաբ, զգուշությամբ և պատրաստակամությամբ,
- Կարգ (order)՝ կենտրոնանում է հարգանքի, կառուցվածքի և ընդհանուր նորմերի վրա։
Հստակեցվեցին նաև թիմի ձևավորման հիմնական քայլերը՝ սահմանել թիմի մշակույթը, ուսումնասիրել առկա փորձը, բացահայտել խթանը, սահմանել հիմական արժեքներն ու առաքելությունը և այլն։
Բանախոսությունը բաղկացած էր նաև երկրոդ մասից՝ «օնլայն թեյախմությունից», երբ ինլայթցիները ներկայացրին ինլայթյան թիմային մշակույթի իրենց տեսլականը, դրա հենասյուները, արժեքները և այդ մշակույթը պահպանելու ու զարգացնելու իրենց տարբերակները։ Այսպիսով՝ հետևյալ բանախոսությունը հնարավորություն տվեց մասնակիցներին ընդհանուր գաղափար կազմել թիմային մշակույթի՝ դրա արտահայտման ձևերի, ինչպես նաև առաջնորդության ոճերի վերաբերյալ։
Հանդիպումն ավարտվեց ինլայթյան մշակույթի հենասյուների ամրացմանն ուղղված քայլերի ընդգծմամբ և նմանատիպ բանախոսությունների շարունակական բնույթ կրելու խոստումով։
Պատրաստեցին՝ Տաթև Գալստյանը, Մարիամ Մանուկյանը
Բանախոսության սահիկը՝ Թիմային մշակույթի ձևավորում. առաջնորդական ոճեր