Գեներատիվ արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է կախարդանք թվալ։ Պատկերներ գեներացնող մոդելները, ինչպիսիք են «Stable Diffusion»-ը, «Midjourney»-ն կամ «DALL E 2»-ը, կարողանում են բացառիկ վիզուալներ ստեղծել` հին լուսանկարներից սկսած մինչև ջրաներկով կամ մատիտով գծագրեր ու պուանտիլիզմ (կետայնացում)։ Արդյունքներն ապշեցնող են․ ինչպես որակը, այնպես էլ ստեղծման արագությունը գերազանցում են մարդկանց միջին կատարողականը։ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը ԱԲ-ի՝ հենց թանգարանի նմուշների օրինակով ստեղծած կտավների ցուցադրություն է իրականացրել, իսկ Հաագայի Մաուրիցհեյս թանգարանում Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի ԱԲ-ի տարբերակն է ներկայացվել, մինչ բնօրինակը տրվել էր վարձակալության։
Տեքստ գեներացնող մոդելների կարողությունները, թերևս, ավելի տպավորիչ են․ նրանք գրում են էսսեներ, բանաստեղծություններ ու ամփոփագրեր, հմտորեն պահպանում են ոճն ու կաղապարը (չնայած փաստերի հետ գործ ունենալիս կարող են ստեղծագործական ազատություն իրենց թույլ տալ)։
Գուցե թվա, թե ԱԲ-ի այս նոր գործիքները ինքնուրույն կարող են նոր նյութ ստեղծել ոչնչից, սակայն դա այնքան էլ այդպես չէ։ Գեներատիվ ԱԲ հարթակների վարժեցումը կատարվում է հսկայական ծավալի տվյալների հիման վրա, որոնք ծրագրային ապահովումը կազմել է՝ մշակելով պատկերների ու տեքստերի ահռելի քանակի արխիվներ։ ԱԲ հարթակները վերակազմում են եղած օրինաչափությունները և դրանց փոխկապակցությունը, դրանց հիման վրա կանոններ ստեղծում, այնուհետև՝ այդ ամենի շնորհիվ դատողություններ ու կանխատեսումներ անում՝ ի պատասխան օգտատիրոջ մուտքագրած հրահանգի։
Այս գործընթացը պարունակում է իրավական ռիսկեր, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի մասին օրենքի խախտում, և այնպիսի իրավական հարցեր, որոնք դեռ լուծման փուլում են։ Օրինակ՝ արդյո՞ք հեղինակային իրավունքի, արտոնագրի ու ապրանքանշանի խախտման մասին օրենքը վերաբերում է նաև ԱԲ-ի ստեղծագործություններին։ Արդյո՞ք պարզ է, թե ում է պատկանում գեներատիվ ԱԲ հարթակների՝ Ձեզ կամ Ձեր հաճախորդների համար ստեղծած բովանդակությունը։ Նախքան բիզնեսները կսկսեն օգուտ քաղել գեներատիվ ԱԲ-ից, լավ կլինի, որ նրանք հասկանան դրա ռիսկերը և դրանցից իրենց ապահովագրելու տարբերակները։
Գեներատիվ ԱԲ-ի տեղն այսօրվա իրավական դաշտում
Թեև գեներատիվ ԱԲ-ն նոր է շուկայում, կան օրենքներ, որոնք կարող են զգալիորեն կարգավորել դրա օգտագործումը։ Այժմ դատարանները կանոնարկում են համապատասխան օրենքների կիրառումը։ Առկա են օգտագործման իրավունքների հետ կապված խախտումներ, անորոշություն կա ԱԲ-ի գեներացրած աշխատանքների սեփականության իրավունքի շուրջ, և հարցեր են ծագում ԱԲ մոդելների վարժեցման նյութերի չարտոնագրված բովանդակության և այն մասին, թե արդյոք օգտատերերը կարող են օգտագործել այս գործիքները՝ ուղղակի հղում տալով մեկ ուրիշի՝ հեղինակային իրավունքով պաշտպանված և ապրանքանիշ ունեցող աշխատանքներին՝ առանց դրա թույլտվությունն ունենալու։
Այսպիսի հայցերն արդեն վիճարկվում են դատարաններում․ սրա վառ օրինակներից մեկը «Անդերսենն ընդդեմ Stability AI-ի և այլոց» դատական գործն է։ 2022 թ․-ին երեք արվեստագետներ միավորվել են՝ հայց ներկայացնելու գեներատիվ ԱԲ-ի բազմաթիվ հարթակների դեմ, որոնք առանց արտոնագրի օգտագործել են նրանց աշխատանքները, ԱԲ-երին «սովորեցրել» նրանց ոճը՝ այդպիսով օգտատերերին թույլ տալով գեներացնել չարտոնագրված, ածանցյալ աշխատանքներ, որոնք քիչ են տարբերվում իրենց՝ հեղինակային իրավունքով պաշտպանված գործերից։ Եթե դատարանը հաստատի սրա իսկությունը, խոշոր տուգանք կնշանակվի։
2023 թ․-ին հարուցված նմանատիպ հայցեր ներկայացնողների պնդմամբ՝ կազմակերպությունները ԱԲ գործիքների վարժեցման համար հազարավոր և մինչև անգամ մի քանի միլիոնավոր չարտոնագրված աշխատանքներ պարունակող տվյալների բազաներ են օգտագործում։ «Getty»-ն՝ պատկերների արտոնագրմամբ զբաղվող ծառայությունը, հայց է ներկայացրել «Stable Diffusion»-ը ԱԲ մոդելի ստեղծողների դեմ՝ պնդելով, որ վերջիններս, խախտելով հեղինակային և ապրանքանիշի հետ կապված իրավունքները, լուսանկարներ են օգտագործել ջրանշաններով պաշտպանված լուսանկարների իրենց հավաքածուից։
Այս դեպքերից յուրաքանչյուրի համար իրավական համակարգը պետք է պարզաբանի, թե ինչ է նշանակում ածանցյալ աշխատանք՝ ըստ մտավոր սեփականության օրենքի, և ունեցած իրավազորություններից կախված՝ դաշնային տարբեր շրջիկ դատարաններ տարբեր բացատրություններ կարող են տալ։ Այս դեպքերի արդյունքը կախված է լինելու «արդար օգտագործում» իրավական եզրույթի (fair use doctrine) մեկնաբանումից, ինչը թույլ է տալիս, որ հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքը առանց սեփականատիրոջ թույլտվության օգտագործվի «այնպիսի նպատակներով, ինչպիսիք են քննադատությունը (այդ թվում՝ երգիծական), մեկնաբանումը, նորությունների հաղորդումը, դասավանդումը (այդ թվում՝ դասարանում կիրառման համար մի քանի պատճենների ստեղծում), կրթաթոշակը կամ հետազոտությունը», ինչպես նաև հեղինակային իրավունքով պաշտպանված նյութի ձևափոխված օգտագործման համար։
Սա տեխնոլոգիաների և հեղինակային իրավունքի մասին օրենքի բախման առաջին դեպքը չէ։ «Google»-ը հաջողությամբ պաշտպանել է իր շահերը մի դատավարությունում՝ պնդելով, որ ձևափոխված օգտագործումը հնարավորություն է տվել գրքերից տեքստ առանձնացնել իր որոնման համակարգը ստեղծելու համար, և մինչ այժմ այդ որոշումը մնում է նախադեպային։
Սակայն կան տեխնոլոգիաներին չառնչվող դեպքեր, որոնք ձևավորում են գեներատիվ ԱԲ-ի աշխատանքների հանդեպ վերաբերմունքը։ ԱՄՆ Գերագույն դատարանին ներկայացված «Էնդի Ուորհոլ»-ի հիմնադրամի դեմ հայցը, որը հարուցել է հանգուցյալ երաժիշտ Փրինսի նկարն արտոնագրած լուսանկարիչ Լին Գոլդսմիթը, կարող է հստակեցնել ԱՄՆ-ում հեղինակային իրավունքի այն հարցը, թե երբ է արվեստի գործը բավականաչափ տարբեր բնօրինակից` հստակորեն այլ, «ձևափոխված» աշխատանք դառնալու համար, և արդյո՞ք դատարանը այդ ձևափոխությունը գնահատելիս կարող է հաշվի առնել ածանցյալ աշխատանքի արժեքը։ Եթե դատարանը գտնի, որ Ուորհոլի դեպքում խախտվել է արդար օգտագործման իրավունքը, ԱԲ-ի տվյալ հարթակը խնդիրներ կունենա։
Այս անորոշությունը գեներատիվ ԱԲ օգտագործող ընկերությունների համար բազում մարտահրավերներ է առաջ բերում։ Պայմանագրերում, որոնցում չի նշվում վաճառողների կամ հաճախորդների կողմից գեներատիվ ԱԲ-ի կիրառումը, կան դիտավորյալ կամ առանց դիտավորության կատարված իրավախախտման ռիսկեր։ Եթե բիզնեսից օգտվողը տեղյակ է, որ վարժեցման տվյալներում կարող են չարտոնագրված աշխատանքներ լինել կամ ԱԲ-ն կարող է ստեղծել չարտոնագրված ածանցյալ աշխատանքներ, որոնք չեն կարող արդար օգտագործման իրավունքով կիրառվել, բիզնեսը կարող է պատասխանատվության ենթարկվել դիտավորությամբ կատարված խախտման մեղադրանքով, ինչը ենթադրում է $150,000-ի տուգանք յուրաքանչյուր դեպքի համար։ Կա նաև առևտրային գաղտնիքներ կամ բիզնեսին վերաբերող կոնֆիդենցիալ տեղեկատվության պատահական արտահոսքի վտանգ դրանք գեներատիվ ԱԲ գործիքներ ներմուծելիս։
Նվազեցնել ռիսկերն ու առաջ շարժվել
Այս նոր մոդելը ցույց է տալիս, որ ընկերությունները թե՛ երկարաժամկետ, թե՛ կարճաժամկետ հեռանկարում իրենց պաշտպանելու համար նոր քայլեր պետք է ձեռնարկեն։
ԱԲ մոդելավորողներն առաջին հերթին պետք է երաշխավորեն, որ իրենց ԱԲ-երի վարժեցման ընթացքում կիրառած տվյալները ձեռք են բերել համաձայն օրենքի։ Սա պետք է ներառի արտոնագրի ձեռքբերում և փոխհատուցում այն անձանց, ում մտավոր սեփականությունը մոդելավորողներն ուզում են ավելացնել իրենց տվյալներին՝ լինի դա արտոնագրմամբ, թե ԱԲ-ից ստացված եկամտի բաժանմամբ։ ԱԲ գործիքներից օգտվողները պետք է ճշտեն, թե արդյոք դրանք ստեղծված են պաշտպանված բովանդակությամբ, ուսումնասիրեն ծառայության պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը և խուսափեն գեներատիվ ԱԲ-ի այն գործիքներից, որոնք չեն կարողանա փաստել, որ պատշաճ արտոնագրում կամ տվյալների ազատ օգտագործման իրավունք ունեն։
Մոդելավորողներ
Երկարաժամկետ մակարդակում ԱԲ մոդելավորողները պետք է տվյալների ձեռքբերման գործում ավելի նախաձեռնող լինեն, իսկ ներդրողները պետք է իմանան դրանց սկզբնաղբյուրը։ «Stable Diffusion»-ը, «Midjourney»-ն և այլք իրենց մոդելները ստեղծել են «LAION-5B» տվյալների բազայի հիման վրա, որը պարունակում է մոտ վեց միլիարդ պիտակավորված պատկեր, որոնք ձեռք են բերվել համացանցը շարունակ փորփրելով և ներառում են հեղինակային իրավունքով պաշտպանված զգալի թվով ստեղծագործություններ։
«Stable Diffusion»-ը ստեղծած «Stability.AI»-ը հայտարարել է, որ նկարիչները հնարավորություն կունենան հրաժարվելու իր՝ հաջորդ սերնդի պատկեր գեներացնող մոդելներից։ Բայց սա պատասխանատվություն է դնում հենց բովանդակություն ստեղծողների վրա՝ պաշտպանելու իրենց մտավոր սեփականությունը, այլ ոչ թե ԱԲ մոդելավորողներից պահանջել դա անել, և նույնիսկ նկարիչների հրաժարվելու պարագայում որոշումը միայն անդրադառնալու է հարթակի հաջորդ տարբերակի վրա։ Փոխարենը՝ ընկերությունները պետք է պահանջեն ստեղծողների համաձայնությունը։
Մոդելավորողները պետք է նաև աշխատեն ԱԲ-ի ստեղծած բովանդակության սկզբնաղբյուրը պահպանելու ուղղությամբ, ինչը կմեծացնի վարժեցման տվյալներում ներառված աշխատանքների թափանցիկությունը։ Սա ներառելու է բովանդակության մշակման համար օգտագործած հարթակի գրանցումը, կարգավորումների հետ կապված մանրամասները, տվյալների նախնական բազա ստեղծելու համար առկա տվյալներին հետևելը և ԱԲ-ի մասին հաշվետվությունները հեշտացնելու համար թեգերի ներդրումը, այդ թվում՝ նախնական տվյալներն ու բովանդակություն ստեղծելու կոնկրետ հրահանգը։ Նման տեղեկատվությունը թույլ կտա ոչ միայն պատճենել պատկերը՝ միևնույն ժամանակ կարողանալով հեշտությամբ ստուգել դրա իսկությունը, այլև ցույց կտա օգտատիրոջ մտադրությունը՝ դրանով իսկ մտավոր սեփականության իրավունքի խախտման պահանջներ ի հայտ գալու դեպքում պաշտպանել բիզնեսից օգտվողներին, ինչպես նաև ապացուցել, որ պատճենելու կամ գողանալու դիտավորություն չի եղել։
Այս աուդիտորական հաշվետվությունների մշակման շնորհիվ ընկերությունները պատրաստ կլինեն, եթե (կամ ավելի ճիշտ՝ երբ) հաճախորդները իրենց իսկ ապահովագրելու համար սկսեն պայմանագրերում ներառել իրենց պահանջները, ըստ որոնց՝ վաճառողի աշխատանքները արտոնագիր պետք է ունենան։ Դեռ ավելի հեռուն նայելով՝ ապահովագրական ընկերությունները կարող են պահանջել այս հաշվետվությունները՝ ԱԲ-ի կողմից ստեղծված աշխատանքներ ունեցող ձեռնարկություններից՝ օգտվողների համար ապահովագրական ավանդական ծածկույթներն ընդլայնելու։ Այն անհատ արվեստագետները, ովքեր իրենց ներդրումն են ունեցել պատկեր ստեղծելուն ուղղված վարժեցման տվյալների զարգացման մեջ, այդպիսով հետագայում նաև կկարողանան համապատասխան փոխհատուցում ստանալ, իսկ իրենց հեղինակային իրավունքները նոր ստեղծագործության մեջ ևս ներառված կլինեն։
Ստեղծագործողներ
Ե՛վ բովանդակություն ստեղծող անհատները, և՛ բրենդները պետք է քայլեր ձեռնարկեն իրենց մտավոր սեփականության պորտֆոլիոներին սպառնացող ռիսկերն ուսումնասիրելու ու դրանցից պաշտպանվելու համար։ Դրա համար անհրաժեշտ է իրենց աշխատանքներն առաջնահերթորեն փնտրել տվյալների հավաքածուներում կամ մեծածավալ բազաներում, այդ թվում՝ վիզուալ էլեմենտներում՝ լոգոներում, արվեստի գործերում և այնպիսի տեքստային միավորներում, ինչպիսիք են պատկերների վրա դրվող թեգերը։ Ակնհայտ է, որ դա միայնակ հնարավոր չէ անել տերաբայթերով կամ պետաբայթերով տվյալների պարագայում, այլ առկա որոնման գործիքներով, որոնք հնարավորություն կտան սա իրականացնել ծախսարդյունավետ ավտոմատացմամբ։ Նոր գործիքներն անգամ կարող են ապահովել այս ալգորիթմների բարդումը՝ այն չարաշահումից պաշտպանելու նկատառումներով։
Բովանդակություն ստեղծողները պետք է ակտիվորեն վերահսկեն թվային և սոցիալական հարթակները՝ իրենց աշխատանքներին ածանցյալներն ի հայտ գալը նկատելու։ Արժեքավոր ապրանքանիշեր ունեցող բրենդների համար դա պարզապես չի սահմանափակվում կոնկրետ տարրեր փնտրելով, ինչպիսիք են «Nike»-ի թռչնանիշը կամ «Tiffany»-ի կապույտի հայտնի երանգը, այլ ապրանքանիշի և այցեքարտային ոճի ստուգման անհրաժեշտություն պիտի առաջանա, որպեսզի ուսումնասիրվի ածանցյալ աշխատանքների ոճը, որն էլ կարող է ձևավորված լինել բրենդի կոնկրետ հավաքածուի պատկերների՝ վարժեցման տվյալներում ներառմամբ։ Չնայած լոգոյի կամ կոնկրետ գույնի նման բնորոշ տարրերը կարող են առկա չլինել ԱԲ-ի ստեղծած պատկերներում, ոճական այլ ակնառու տարրերը կհուշեն ածանցյալ աշխատանքում բրենդի օգտագործման մասին։ Նույնպիսի տեսողական կամ լսողական տարրերի կիրառումը կարող է գրավել օրիգինալ բրենդը հավանող սովորական սպառողին։ Նմանակում կարող է ընդամենը շողոքորթություն դիտարկվել, սակայն այն նաև կարող է հուշել բրենդի նպատակային չարաշահման մասին։
Ապրանքանիշի կեղծման հետ կապված լավ նորությունը բիզնեսի սեփականատերերի համար այն է, որ ապրանքանշաններով զբաղվող իրավաբանները հստակ սահմանել են, թե ինչպես ծանուցել այն կեղծողին և պարտադրել հեղինակային իրավունքներ․ օրինակ՝ խիստ ձևակերպած նախազգուշական ծանուցում կամ արտոնագրման պահանջի նամակ ուղարկել կամ էլ միանգամից հայց հարուցել՝ անկախ նրանից ԱԲ հարթակն է դա ստեղծել, թե՞ մարդը։
Ձեռնարկություններ
Ձեռնարկությունները պետք է վերագնահատեն իրենց գործարքների պայմանները՝ պայմանագրերում դրանք պաշտպանելու համար։ Նրանք առաջին հերթին գեներատիվ ԱԲ հարթակներից պետք է պահանջեն ծառայությունների պայմանները, որոնցում հաստատված կլինի ԱԲ-ի վարժեցման տվյալների արտոնագրված լինելու փաստը։ Նրանք նաև պետք է պահանջեն համապարփակ փոխհատուցում մտավոր սեփականության հնարավոր խախտումների համար, որոնք առաջացել են ԱԲ ընկերությունների՝ տվյալների մուտքագրումը պատշաճ կերպով չարտոնագրելու կամ հենց ԱԲ-ի՝ տվյալների ելքագրման մասին զեկուցելու ձախողման հետևանքով։
Եթե վաճառողը կամ հաճախորդը ԱԲ է կիրառում, ձեռնարկություններն առնվազն պետք է պարզաբանումներ ավելացնեն նրանց պայմանագրերում (մաքսային ծառայությունների և ապրանքների առաքման համար)՝ համոզվելու, որ մտավոր սեփականությանն առնչվող իրավունքները երկու կողմերի համար էլ հասկանալի են, պաշտպանվելու են նրանց կողմից, ինչպես նաև հստակեցնելու, թե կողմերն ինչ ներդրում են ունենալու հեղինակային և սեփականության իրավունքների գրանցման գործում։ Վաճառողի և հաճախորդի պայմանագրերը կարող են ներառել ԱԲ-ին առնչվող լեզու, որն ավելացվել է գաղտնիության դրույթներին, որպեսզի ստացող կողմերին արգելվի գաղտնի տեղեկատվություն մուտքագրել ԱԲ գործիքների հրահանգներում։
Որոշ առաջատար ընկերություններ իրենց հաճախորդների պայմանագրերում փոփոխություններ կատարելու համար գեներատիվ ԱԲ-ի ստուգաթերթեր են ստեղծել՝ յուրաքանչյուր կետում ԱԲ-ի իրավաչափ օգտագործումը հստակեցնելու և չնախատեսված ռիսկերը նվազեցնելու համար։ Այն կազմակերպությունները, որոնք օգտագործում են գեներատիվ ԱԲ կամ աշխատում են այն օգտագործող վաճառողների հետ, պետք է իրենց իրավախորհրդատուներին տեղյակ պահեն իրենց օգտագործման շրջանակի և բնույթի մասին, քանի որ օրենքը շարունակելու է արագ զարգանալ։
◆◆◆
Ընդհանրացնելով՝ կարող ենք ասել, որ բովանդակություն ստեղծողները, որոնք ունեն իրենց մտավոր սեփականության բավարար պաշարներ, որի վրա հնարավոր է հիմնվել, կարող են մտածել սեփական տվյալների հավաքածուների ստեղծման մասին՝ ԱԲ հարթակներ մշակելու և զարգացնելու համար։ Ստացված մոդելների վրա անհրաժեշտություն չկա զրոյից աշխատել, այլ կարելի է դրանք կառուցել բաց աղբյուրներով՝ գեներատիվ ԱԲ այլ մոդելների հիման վրա, որոնք օգտագործել են օրինական աղբյուրներից ստացված տեղեկատվություն։ Սա բովանդակություն ստեղծողներին հնարավորություն կտա ստեղծելու բովանդակություն իրենց իսկ աշխատանքների ոճով` իրենց բազայում անցկացվող աուդիտի միջոցով, կամ շահագրգիռ կողմերի համար արտոնագրելու նման գործիքների կիրառումը ԱԲ մոդելների վարժեցման և դրա արդյունքում ստացվող բովանդակության մեջ։ Նույն ձևով էլ այն բովանդակություն ստեղծողները, ովքեր օնլայն բաժանորդագրության տարբերակ են ստեղծել, կարող են դիտարկել բաժանորդների հետ համագործակցությունը` հաշվի առնելով, որ վերջիններին թույլտվություն խնդրելու հարցում է ուղարկվելու, որպեսզի հնարավոր լինի օգտվել նրանց տվյալներից, ինչպես և սահմանվում է փոփոխված օրենքով։
Գեներատիվ ԱԲ-ն փոխելու է բովանդակություն ստեղծելու ամբողջ ընթացքը` շատերին հնարավորություն տալով անել այն, ինչ մինչ այժմ միայն քչերին է հաջողվել այդքան մեծ արագությամբ անել` հմտությունների կամ առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ։ Քանի դեռ այս տեխնոլոգիան ավելի է առաջադիմում, օգտատերերը պարտավոր են հարգել դրա ստեղծման մեջ ներդրում ունեցողների իրավունքները, որոնք կարող են հետին պլան մղվել։ Եվ, չնայած մենք գիտակցում ենք գեներատիվ ԱԲ-ի իրական վտանգները ստեղծագործական աշխատանքով զբաղվողների ապրուստի համար, այն սպանում է նաև այն բրենդներին, որոնք իրենց անհատական ոճը ջանասիրաբար ստեղծելիս վիզուալ տարրեր են օգտագործել։ Միևնույն ժամանակ և՛ ստեղծագործական, և՛ կորպորատիվ աշխատանքով զբաղվողներն աննախադեպ հնարավորություն ունեն իրենց աշխատանքների ու բրենդավորված նյութերի պորտֆոլիոները ստեղծելու, դրանց վրա մետաթեգեր տեղադրելու և կազմակերպելու իրենց իսկ գեներատիվ ԱԲ հարթակների վարժեցումը, որոնք կարող են ստեղծել լիազորված և սեփականության իրավունքով պաշտպանվող (միանվագ վճար կամ ամենամսյա ռոյալթի ենթադրող) արտադրանք՝ որպես ակնթարթային եկամտի աղբյուր։
Թարգմանիչ՝ Իվետա Ավագյան (Iveta Avagyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։