Հետադարձ կապ ստանալու արվեստը

Հետադարձ կապ ստանալը վախեցնող կարող է լինել, բայց չպետք է այդպես լինի։

Արժեքավոր հետադարձ կապը, անկախ նրանից՝ դուք այն ստացողն եք, թե տվողը, պահանջում է հետաքրքրասեր ու բաց մոտեցում։ Հետադարձ կապ ստանալու միջավայրի նպատակային ստեղծումը կարող է օգտակար լինել, բայց  անգամ ճիշտ միջավայրում այն կարող է բավականին վախեցնող լինել։ Մի շարք կազմակերպություններ հետադարձ կապ ստանալու համար ֆորմալ համակարգեր են ստեղծել՝ տարեմիջյան և տարեկան ստուգումների տեսքով։ Եվ քիչ չեն դեպքերը, երբ ֆորմալ կանոնավոր հետադարձ կապը լրացվում է ոչ ֆորմալ քննարկումներով։ Ֆորմալ, թե ոչ ֆորմալ, եթե բանը հասել է հետադարձ կապին, ամենայն հավանականությամբ մեր նշահամալիրը [1] մեծ ցնցում կապրի։ Եվ երբ դա տեղի ունենա, ընդամենը երեք բան է մնում՝ դիմագրավել վտանգին, խույս տալ կամ քարանալ։ Պրակտիկայի շնորհիվ մենք կարող ենք թողնել պաշտպանվողականությունն ու ռեակտիվությունը և գտնել հետադարձ կապ ստանալու ուղիներ՝ մնալով հավասարակշռված, բաց և հետաքրքրասեր: 

Ի՞նչ է տեղի ունենում, երբ հետադարձ կապ ենք ստանում:

Հետադարձ կապ ստանալիս մարդիկ ամենից հաճախ այն ներս են գցում։ Անմիջապես։ Այն ուղղակի մտնում է մեր ներքին աշխարհ և այդտեղ մշտական բնակություն հաստատում: Այս դեպքում խնդիրն այն է, որ մենք չենք հասցնում հետադարձ կապն ուսումնասիրել, հասկանալ և մշակել: Իսկ երբ շրջանցում ենք այս հույժ կարևոր քայլերը, հետադարձ կապը դառնում է ճշմարտություն: Այս պատճառով էլ հետադարձ կապ ստանալիս ռեակտիվությունն ու պաշտպանվողականությունը սովորական արձագանքներ են. թվում է, թե հենց նոր մի Ճշմարտություն է ներկայացվել, որի ստեղծմանը մենք ներգրավված չենք եղել։

Հետադարձ կապ ստանալու փուլերը

Քայլ 1. Ստուգեք ինքներդ ձեզ: Փորձեք հավասարակշռվել: Հետաքրքրվեք։

Ես ամեն ինչ սկսում եմ ինքս ինձ ստուգելով, և սա էլ բացառություն չէ: Հենց հասկանում եք, որ խոսակցությունը հետադարձ կապի շուրջ է, մի քանի անգամ խորը շունչ քաշեք: Կենտրոնացեք: Փորձեք հարմարվել իրավիճակին: Ինչպե՞ս եք ձեզ զգում։ Ի՞նչ էներգիա եք զգում: Ի՞նչն է ձեր ուշադրությունը գրավում: Ի՞նչ զգացմունքներ են առաջանում: Մի քանի անգամ խորը շունչ քաշեք և փորձեք մի քիչ թուլանալ։

Քայլ 2. Lսեք կենտրոնացած

Լսեք, թե ինչ է ասում դիմացինը: Բայց ոչ իմիջիայլոց, լսեք կենտրոնացած: Իր «Leadership Embodiment» (բռց․՝ «Առաջնորդության մարմնավորում») գրքում Վենդի Փալմերը տարբերակում է «կենտրոնացած լսելը» և «անհատացած լսելը»:

  • Լսել անհատացած. այս ռեժիմում գտնվելիս վերահսկողության, հավանության և անվտանգության կարիք է զգացվում: Եթե ասվածն այն չէ, ինչ ցանկանում եք լսել, սթրեսը, անհանգստությունը և գրգռվածությունն առաջին պլան են գալիս, ինչը դժվարացնում է տեղեկությունը ստանալը, գնահատելը և մշակելը: Այս ռեժիմում մեր մարմինը կարող է կծկվել՝ հանգեցնելով նաև մտքի կծկման, սթրեսի հորմոնների առաջացման, երբ մնում է միայն դիմագրավել, խույս տալ կամ քարանալ։ 
  • Լսել կենտրոնացած. այս ռեժիմի առանձնահատկություններից են ընդհանուր իրավիճակի ընկալումը, փոխկապակցվածության զգացումը և հնարավորությունների ընդլայնումը: Հետաքրքրվածություն կա իրավիճակի, ասվածի և ընկալածի վերաբերյալ: Մեր մարմիններն ազատ են և հանգիստ: Այս ռեժիմի մեկ այլ հատկանիշ է ասվածն ու չասվածը լսելու կարողությունը:

Գրազ կգամ, որ մեզնից շատերը այսպիսի զրույցներում հայտնվելիս լսում են անհատացած: Եվ հենց այստեղ էլ ակտիվանում է նշահամալիրը, ու մենք հետադարձ կապն անմիջապես սրտին մոտ ենք ընդունում: Կենտրոնացած լսելու հմտությունը զարգացնելը ավելի արդյունավետ  զրույցի և պատշաճ արձագանքելու հնարավորություն է տալիս:

Քայլ 3. Հետադարձ կապը դրեք ափսեի մեջ  

Պատկերացրեք, որ ձեր և հետադարձ կապ տվող մարդու միջև մի ափսե կա: Նրա խոսելու ընթացքում պատկերացրեք, որ այդ խոսքերն անցնում են ափսեի մեջ, որտեղ դուք հնարավորություն ունեք դրանք ուսումնասիրելու: Իրավիճակի այսպես պատկերումը բառերին թույլ չի տալիս ներթափանցել մեր մեջ և թույլ է տալիս ասվածը ընկալել և օբյեկտիվորեն վերլուծել։ Այս տեսանկյունից կարող եք պարզաբանող հարցեր տալ, փորձել հասկանալ ասվածը, մնալ հավասարակշռված՝ կենտրոնացած լսելով: Զրույցի ողջ ընթացքում հետադարձ կապն  ափսեի մեջ պահեք:

Քայլ 4. Տարբերակեք փաստերն ու կարծիքները

Հետադարձ կապ ստանալիս փնտրեք փաստերի տակ քողարկվող կարծիքները: Սրա շուրջ լեզվական մի ամբողջ տեսություն կա, բայց, ըստ էության, դա հետևյալն է. փաստերը արժանահավատ են և հիմնավորված: «Դրսում 18° ցելսիուս է»։ Սա փաստ է։ Կարծիքները փաստերի մեկնաբանությունն են։ «Դրսում տաք է» և «դրսում ցուրտ է» արտահայտությունները երկուսն էլ կարող են ճշգրիտ կարծիքներ լինել միևնույն ջերմաստիճանի համար՝ կախված մի շարք գործոններից, ինչպիսիք են՝ խոսողի բնակավայրը, մարմնի կառուցվածքը, շրջանառության որակը և կրած հագուստի քանակը։ 

Հետադարձ կապի շուրջ զրույցի ընթացքում միգուցե լսեք այսպիսի արտահայտություն՝ «Դուք պետք է ավելի հաճախ խոսեք»: Կարծես փաստ լինի, այնպես չէ՞: Բայց դա իրականում կարծիք է՝ հիմնված այն բանի վրա, թե ինչպես է զրուցակիցն ընկալում աշխարհը: Հետադարձ կապը ձեր առջև է՝ ափսեի մեջ, և հասկանալով, որ սա կարծիք է՝ ներկայացված որպես փաստ, դուք արդեն կարող եք սկսել պարզաբանող հարցեր տալ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է փորձում ասել զրուցակիցը: Նրանք, հավանաբար, չեն խնդրում խոսել միայն ձեր խոսքը լսելու համար (չնայած գիտեմ որոշ ընկերություններ, որտեղ հենց այդպես է), բայց մի բան կա, որը, նրանց կարծիքով, կարելի է լուծել՝ իրենց կարծիքը որպես փաստ ներկայացնելով: Նրանք կարող են այլ բաժիններից 10 հոգու հետ զրուցած լինել, և նրանցից ոչ մեկը իմացած չլինի, թե ինչի վրա է աշխատում ձեր թիմը: Կամ գուցե նրանք հանդիպումների ժամանակ այլ գործերով են զբաղված և չեն նկատել, որ դուք խոսել եք: Ինչ էլ որ լինի, «Դուք պետք է ավելի հաճախ խոսեք»-ը փաստ չէ, ոչ էլ՝ շատ գործնական հետադարձ կապ: Երբ կարողանում եք պատկերացնելել այս լեզվական կառույցները գործածության մեջ, ավելի հեշտ է դառնում դրանք օգտագործելը՝ որպես խոսակցությունների պարզաբանման հիմնաքարեր:

Քայլ 5. Ձեր գործիքակազմին ավելացրեք մի քանի պատասխաններ և ժեստեր

Հետադարձ կապի շուրջ զրույցի ընթացքում պատրաստ մի քանի արտահայտություններ և պատասխաններ ունենալը կարող է օգտակար լինել խոսակցության ընթացքը դանդաղեցնելու, ռեակտիվությունը կարգավորելու և արձագանքելու նոր հնարավորություններ ստեղծելու համար: Կարող եք մի լավ, խորը շունչ քաշել՝ դանդաղ գլխով անելով և նմանատիպ ինչ-որ բան ասելով՝ «սա ինձ համար նորություն է, և այն ընկալելու համար ինձ մի քանի րոպե է պետք» կամ «բավականին զարմացած եմ սա լսելով, կարո՞ղ եք ավելի մանրամասնել»:

Սթափության ստուգում

Երբեմն հետադարձ կապ ստանում ենք մեկից, ով իրեն լիովին «ճիշտ» է համարում աշխարհի իր ընկալման մեջ և նյարդայնանում է, երբ սկսում ենք բաց և անկեղծ հարցեր տալ: Սա բարդ իրավիճակ է․ դուք ոչինչ չեք սովորելու այդ զրույցից, քանի որ մյուս կողմը պարզապես ցանկանում է հիմնավորել իր կարծիքը: Այդպիսի հետադարձ կապը սրտին մոտ մի ընդունեք։ Թողեք այն ձեր առջև եղած ափսեի վրա, շնորհակալություն հայտնեք արձագանքի համար և ասեք, որ կմտածեք նրա ասածների շուրջ։ Գտեք մի վստահելի գործընկերոջ, մարզչի կամ հասակակցի` փաստերն ու կարծիքները քննարկելու համար: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ նոր տեսակետներ կբացահայտվեն, թեև դրանց հասնելու համար գուցե որոշակի աշխատանք պահանջվի:

Ահա և վերջ

Հետադարձ կապի շուրջ զրույցի ընթացքում կարող է թվալ, թե շատ բան է վտանգված: Որպես մարդ՝ մենք մեկնաբանություններ ենք անում մեր պատկերացրած աշխարհի մասին՝ հիմնվելով դիտարկելու, գործելու, կշռադատելու և ընկալելու մեր սեփական մոդելների վրա: Քանի որ մեզ փաստերի մի փոքր խումբ է հասանելի միայն, մենք ստեղծում ենք ընկալման մեր մեխանիզմները՝ հիմնված անձնական աշխարհայացքի վրա: Հետադարձ կապի ընթացքում բազմաթիվ մեկնաբանություններ են փոխազդում միմյանց հետ: Վերջինիս շուրջ արված արդյունաավետ խոսակցությունները սա փաստում են և փնտրում ընդհանուր վերջնարդյունքներ և փոխըմբռնում: Կենտրոնացած լսելը, հետադարձ կապը ափսեի մեջ դիտարկելը և որպես փաստ ներկայացված կարծիքների նկատմամբ ուշադիր լինելը կարող է շատ ավելի հեշտ, ավելի բովանդակային և, ի վերջո, ավելի սահուն դարձնել հետադարձ կապ ստանալու արվեստը: Այսպիսով՝ հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկը կարծիք կհայտնի, փորձեք սա և տեսեք, թե ինչ կլինի: Հաջողություն եմ մաղթում։

Ծանոթագրություն

[1] Թարգմանչի կողմից՝ գլխուղեղի հատված, որ պատասխանատու է վախի և այլ հույզերի ձևավորման համար։

Բնօրինակի հեղինակ՝ Andrea Mignolo, Method&Matter


Թարգմանիչ՝ Ինեսա Ավագյան (Inesa Avagyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։